HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզպետարանի ու քաղաքային համայնքների պաշտոնական կայքերում «ժամկետանց» տեղեկություններ են

2014թ. հուլիսի 1-ից կիրարկման մեջ է մտել «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1521 որոշումը, ըստ որի «վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեով համապատասխան մարմինների պահպանման համար նախատեսված միջոցների շրջանակներում  պաշտոնական կայքերը պետք է համապատասխանեցնել այդ  որոշման պահանջներին»: Պաշտոնական կայքի բովանդակությանը ներկայացվող պահանջները վերաբերում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Այս առումով վերանայման անհրաժեշտություն ունի նաեւ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» 2014թ.-ին իրականացրած` Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերում տեղեկատվական թափանցիկության մակարդակն ուսումնասիրող մոնիտորինգի արդյունքներով  www.syunik.gov.am-ն ինֆորմացիայի մատչելիության առումով գտնվում է վերջին տեղում:

Հետազոտության քանակական եւ որակական բնութագրիչների համաձայն, որով հաշվի են առնվել «պահանջված տեղեկության առկայությունը, տեղեկության ամբողջականությունը, hրատապությունը, մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես)» մարզպետարանի պաշտոնական կայքի տեղեկատվական թափանցիկության գործակիցը կազմել է 50,1%: Համեմատության համար նշենք, որ 2013թ. նույն հետազոտության արդյունքներով այդ ցուցանիշը նվազել է 3%-ով, մինչդեռ 2012թ. իրականացված մոնիտորինգի առաջին փուլի արդյունքներով՝ առաջատար դիրքում Սյունիքի մարզպետարանի կայքն է եղել:                                                                                        

Թե բովանդակային կամ տեխնիկական ինչ չափորոշիչներով է իրականացվել հետազոտությունն, ըստ էության նվազ էական է, քանի որ առանց «պաշտոնական կայքերի պարբերաբար կատարվող վերլուծության», դրանց տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակների կազման, հրապարակման էլ, դիտարկելով ոչ միայն Սյունիքի մարզպետարանի, այլեւ մարզի քաղաքային համայնքների պաշտոնական կայքերն, ակնհայտ է, որ դրանք բավարար չափով հանրային նշանակության տեղեկություններ չեն ապահովում:

Մարզպետարանի պաշտոնական` http://syunik.gov.am կայքում, այցելուները կարող են ծանոթանալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք տեղեկությունների` մարզպետարանի կառուցվածքին, ստորաբաժանումներին, հաստիքացուցակներին, թափուր աշխատատեղերին, քաղաքացիների ընդունելության կարգին, ինչպես նաեւ՝ պաշտոնատար անձանց անուն, ազգանուններին, աշխատանքի վայրի կոնտակտային տվյալներին: Բացի այդ, մի շարք հղումներ վերաբերում են մարզի զարգացման ծրագրերին, միջազգային կառույցների ներդրումներին: Առանձին հղումներով ներկայացված են մարզի համայնքները:

Առաջին հայացքից թվում է, թե syunik.gov.am-ն ապահովում է պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, սակայն ուսումնասիրելով այն, պարզվում է, որ բազմաթիվ տեղեկություններ,  այսպես ասած, «ժամկետանց են», թարմացման կարիք ունեն, կամ կիսատ են: Բացի մարզպետի աշխատանքային այցերից, հանդիպումներից, մարզային կյանքին վերաբերող այլ իրադարձությունների մասին տեղեկություններ չկան  կայքում, քննարկումներ  չեն ծավալվում մարզի օրակարգային տարբեր խնդիրների շուրջ, չկան մեխանիզմներ` բնակչության հետ կայքի միջոցով երկխոսություն ապահովելու համար:

Սյունիքի զարգացման ծրագրի տարբեր ոլորտների աշխատանքային խմբերի կազմում շարունակվում են ներկայացվել այնպիսի անուններ, ովքեր վաղուց արդեն որեւէ առնչություն չունեն այդ բնագավառի հետ:

Առանձին հղումով, կայքի էջերում տեղադրված են նախորդ տարիների իրադարձություններին վերաբերող տեղեկություններ, ինչպես, օրինակ` «ՀՀ Սյունիքի մարզում ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը»: Անճշտություններ են նկատվում մարզի տարբեր կազմակերպությյունների, ինչպես նաեւ առանձին աշխատակիցների տեղեկատվական բազայում: Որոշ դեպքերում կադրերի փոփոխության դեպքում շարունակում են մնալ նախկին աշխատակիցների մասին տեղեկությունները:

Հանրության համար մատչելի ձեւով տեղեկություններ չեն ներկայացվում մարզի համայնքների բյուջետային եկամուտների, ծախսերի մասին: Կցկտուր են տեղեկություններն այն մասին, թե պետական բյուջեից մարզպետարանին հատկացվող միջոցներն ինչ չափորոշիչներով են ուղղվում այս կամ այն խնդրի լուծմանը:

Տարբեր հարցերի մասին հանրային կարծիքի ուսումնասիրման նպատակով չեն կատարվում օնլայն հարցումներ:

Տեղեկատվական ռեսուրսները քաղաքացիներին մատչելի դարձնելու խնդրի լուծման գործում կարեւոր դերակատարություն կարող է ունենալ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, որի  պետի հաստիքն արդեն երկու տարի թափուր է:

Մարզպետարանի կայքում օպերատիվ տեղեկություններ չեն տեղադրվում մարզի համայնքների մասին. մարզի 109 համայնքների ղեկավարների կեսից ավելիի որոշումները չեն հրապարակվում, կանոնակարգված չէ նաեւ ավագանիների որոշումների ամբողջական նյութերի հանրայնացումը, մասնավորապես, գյուղական համայնքների դեպքում ավագանու ոչ  բոլոր որոշումներն են  տեղ գտնում կայքում, մի քանի դեպքերում 2011-12թթ.-ից հետո չեն թարմացվել: Մինչդեռ, մարզպետարանի կայքը կարող է լավագույն հարթակ հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը թափանցիկ դարձնելու համար, քանի որ գյուղական համայնքները չունեն ինտերնետային կայքեր: Բնականաբար, այստեղ խնդիր է նաեւ համայնքային իշխանությունների աշխատակազմում առանձին մասնագետների կարողությունների զարգացմանն աջակցելը:

Նույն խնդիրն առկա է նաեւ մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում. Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի ստեղծած Սյունիքի քաղաքային համայնքների ինտերնետային կայքերը, որոնք ոչ միայն նույն դիզայնն ունեն, այլեւ դրանցում տեղ գտած տեղեկությունները, մասնավորապես մի շարք հղումների դեպքում գրեթե կրկնվում են: Անհասկանալի է, թե  որքան պահանջված ու կարեւոր են «իրադարձություններ» հղման տակ տոնական օրերի մասին տեղադրված  տեղեկությունները, մանավանդ, որ դրանց մեծ մասը հիմնականում վերաբերում են տվյալ համայնքի ղեկավարի այս կամ այն միջոցառմանը մասնակցությանը: Որոշ դեպքերում այդ մասին նշված տեղեկատվությունը գրեթե հումորային ժանրից է, ինչպես, օրինակ, գրեթե բոլոր կայքերում «Ամանոր» հղման տակ կարդում ենք, որ այն նշվում է «ողջ աշխարհում»:

Մեկ այլ դեպքում, խոսելով նախատեսվող միջոցառման մասին, նշվում է.«Փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ականատես լինելու թթի օղու թորման ողջ գործընթացին եւ, իհարկե, տեղում վայելելու այդ հոգեթով խմիչքը http://goriscity.am/»,  կամ` քաղաքապետը թխվածքներ բաժանեց հաշմանդամներին:

Քաղաքային համայնքների կայքերում բացակայում են լիարժեք տեղեկություններ  համայնքների ընթացիկ գործունեության բյուջեի, ֆինանսների, կազմակերպվող մրցույթների, աճուրդների, ինչպես նաեւ համայնքային բյուջեների ծախսերի մասին մատչելի հաշվետվություններ, պետական տուրքի եւ գանձման ենթակա վճարների վճարման ռեկվիզիտներ, ինչը հնարավոր կդարձներ նաեւ դյուրացնել բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացը:

Չի գործում համայնքների բնակիչների համար նախատեսված էլեկտրոնային նամակագրության մեխանիզմը, ինչպես նաեւ նշված չէ օրենքով կանոնակարգված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները: Այս առումով, մարզում մարզպետարանի կամ համայնքների ղեկավարների մամուլի ասուլիսները կամ մամլո հաղորդագրությունների տարածումը որպես հրապարակայնության ապահովման միջոց, չեն կիրառվում, եւ պաշտոնական կայքերը նաեւ լրատվամիջոցների համար են մնում տեղեկատվության սուղ աղբյուրներից մեկը:

Տեղեկատվության տարածման օպերատիվության եւ բովանդակային առումով որոշակի դրական միտումներ կան Կապանի եւ Սիսիանի քաղաքապետարանների կայքերում:  Համացանցը որպես տեղեկատվության տարածման միջոց,  չեն օգտագործում մարզի 103 գյուղական համայնքները, որոնցից մի քանիսի համար տարբեր կազմակերպություններ ստեղծել են բլոգներ, որոնք, սակայն հիմնականում սահմանափակվում  են տվյալ համայնքի մասին ընդհանուր տեղեկություններով:

Սյունիքի մարզպետարանի հղումների ցանկում, ի թիվս այլ մարզպետարանների, նշված է նաեւ syunik.gov.am հասցեն, որը թույլ է տալիս ենթադրելու, որ պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվությունը բովանդակային առումով չի կարեւորվում: Վիճարկելի է նաեւ դրամական օգնություն, սոցիալական նպաստ ստացող քաղաքացիների անունները կայքում հրապարակելու նպատակահարմարությունը, այն դեպքում, երբ  մշտապես ընտրությունների մասնակիցների անունների հրապարակման հարցը քննարկելիս մատնանշվում է անձնական տեղեկությունները չհանրայնացնելու իրավունքի խախտման փաստարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter