HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արեւային էներգիայի կիրառումը հասել է հոգեբուժարան

Կապանի հոգեբուժարանի տաք ջուրն այսուհետ կապահովվի արեւային էներգիայի միջոցով: Հիվանդներն ու անձնակազմը, որոնց ընդհանուր թիվը շուրջ 100 է, բաղնիքում եւ խոհանոցում առանց խնդրի կարող են օգտվել տաք ջրից:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Վարդանյանը կոմունալ ծախսերի վճարման խնդրի առաջ է կանգնել: Ինժեներների խորհրդով էլ որոշել է կիրառել արեւային էներգիան՝ հոգեբուժարանի ծախսերը կրճատելու համար: ՓԲԸ-ն եւ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ն ԵԱՀԿ-ի միջնորդությամբ դիմել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին, որն 1992-ից ֆինանսավորում է Փոքր դրամաշնորհների ծրագիրը (վերջինս իրականացվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի՝ ՄԱԶԾ-ի կողմից): Ստանալով ֆինանսական աջակցություն՝ անցյալ տարվա դեկտեմբերից սկսվել է նախագծի իրականացումը:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Արմեն Փարսադանյանը պատմում է, որ հոգեբուժարանի տանիքին տեղադրվել են երկաթե կոնստրուկցիաներով հարթակներ, որոնց վրա էլ մոնտաժվել են 20 մարտկոցներ՝ համապատասխան միացումներով: Արեւային այս ջրատաքացուցիչ համակարգերի համար որոշիչը արեւային ճառագայթների ինտենսիվությունն է, եւ էական չէ, թե դրսում որքան է ջերմաստիճանը: Համակարգը տանիք մղվող ջուրը ճառագայթների միջոցով տաքացնելուց հետո ուղղում է դեպի բոյլեր, որը թերմոիզոլացված է: Բոյլերում եղած ջուրն էլ օգտագործվում է ցանկացած պահի:

Ծրագրի շրջանակներում ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղին տրվել են մի քանի ցուցանմուշային մոդելներ՝ ուսանողներին արեւային ջրատաքացուցիչների աշխատանքին մոտիկից ծանոթացնելու համար: Բացի դրանից՝ բուհին հանձնվել են նաեւ ֆոտոէլեկտրական արեւային երկու մարտկոցներ, որոնք, ի տարբերություն ջրատաքացուցիչների, արեւային էներգիան վեր են ածում էլեկտրաէներգիայի: Սակայն Ա. Փարսադանյանը նշում է, որ այս պարագայում անհրաժեշտ են կուտակիչներ՝ ստեղծված էլեկտրաէներգիան հավաքելու համար, որպեսզի հնարավոր լինի օգտագործել նաեւ օրվա մութ ժամերին:

Ըստ Փարսադանյանի՝ ջրատաքացուցիչների ՕԳԳ-ն 75-95 տոկոս է, իսկ ֆոտոէլեկտրական համակարգերինը կոնկրետ Հայաստանում՝ 12-25 (այսինքն՝ եթե ֆոտոէլեկտրական մարտկոցի 1 քմ մակերեսին ընկել է 1000 կՎտժ էներգիա, ապա համակարգը կարտադրի 120 կՎտժ էներգիա): Վերջերս, սակայն, Գերմանիայում նոր տեխնոլոգիաների միջոցով ֆոտոգալվանական համակարգերի օգտակար գործողության գործակիցը կարողացել են հասցնել 42-43 տոկոսի: ՀԿ-ի նախագահն ասում է, որ այս սարքերից օգտվել ցանկացողները պետք է ուշադրություն դարձնեն ինքնածախսման գործակցին, այսինքն՝ թե որքան ժամանակում է սարքը ծածկում, հետ բերում ինքնարժեքը: Ջրատաքացուցիչների գործակիցը 3-5 տարի է, ինչը, մեր զրուցակցի կարծիքով, երկար չէ, քանի որ մարտկոցները շահագործվում են 15 տարի, կան նաեւ 25-30 տարվա կյանք ունեցողներ:  

Ֆոտոէլեկտրական համակարգերի ստեղծած էլեկտրաէներգիան, ըստ Փարսադանյանի, բավականին թանկ է. 1 կՎտժ-ն արժե 1000 դոլար: Մաժամանակ նշում է, որ եթե ստեղծվի տեղական արտադրություն, ու հիմնական դետալները չներկրվեն դրսից, ապա հնարավոր կլինի ինքնարժեքը նվազեցնել: Այդուհանդերձ, նա շեշտը դնում է ջրատաքացուցիչների վրա, որոնք, փաստորեն, առավել օգտակար են, չնայած սրանց դետալները նույնպես ներկրվում են ու միջին խավի համար առայժմ դժվար հասանելի են: Այնինչ եթե լինեն մասնավոր խոշոր ներդրումներ, պետական վերաբերմունք, հենց Հայաստանում կարելի է համապատասխան համակարգերի արտադրություն հիմնել, ինչը կթեթեւացնի տաք ջրի համար ծախսվող գազի եւ էլեկտրաէներգիայի բեռը: Օրինակի համար՝ Կապանի հոգեբուժարանը նոր ջրատաքացուցիչների հաշվին տարեկան խնայում է ավելի քան 2 մլն դրամ, որը նախկինում ծախսվում էր գազի եւ հոսանքի համար:

Արմեն Փարսադանյանն ասում է, որ արեւային էներգիայից պոտենցիալ օգտվողը մասնավոր սեկտորն է. այժմ Երեւանի Հյուսիսային պողոտայում, մասնավոր առանձնատներում եւ մի շարք շենքերի տանիքներին կան արեւային էներգիայի համակարգեր: Ոլորտը քիչ թե շատ զարգացած է, մասնավորապես, Գյումրիում, որը ծովի մակերեւույթից շատ ավելի բարձր է, քան Երեւանը: Մեծ հնարավորություններ կան լեռնային գոտի համարվող Սյունիքում՝ Սիսիանում, Գորիսում, Կապանում եւ հատկապես Քաջարանում: Եթե Կապանի բարձրությունը շուրջ 1000 մ է, ապա Քաջարանինը՝ 1800 մ: Հաջողության հասած բնապահպան Փարսադանյանն ասում է, որ իրենց ծրագիրը Կապանում յուրովի է նրանով, որը համակարգերը մոնտաժել են սեփական ուժերով, միայն տեխնիկական խորհրդատուն է եղել Գյումրուց: Նրա փոխանցմամբ՝ արեւային էներգիան ժամանակին կիրառել են նաեւ քաղաքի խնամքի կենտրոնում, սակայն հետո վթար է եղել, ու համակարգն այժմ չի շահագործվում:   

Մեր զրուցակիցը հավելում է, որ Համաշխարհային բանկի ու ՎԶԵԲ-ի (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ) կողմից էներգիայի ստացման 5 ինքնավերականգնվող ոլորտների (արեւային, ջրային, երկրաջերմային, կենսաքիմիական, հողմային) ուսումնասիրություն է կատարվել Հայաստանում, եւ պարզվել է, որ ակտիվորեն միայն ջրայինն (հիդրոէլեկտրակայանները) է զարգանում, ինչն աղետալի բնապահպանական հետեւանքներ  է ունենում այսօր:

Մյուս կողմից, սակայն, ամբողջությամբ անվտանգ չէ նաեւ արեւային էներգիայի կիրառումը: Մասնավորապես, ֆոտոմարտկոցների մեջ որոշ թունավոր (օրինակ՝ սնդիկ) տարրեր կան: Ավելին՝ նույնիսկ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ստեղծված ամենամեծ արեւային էլեկտրակայանը, որը ոչ թե ֆոտոգալվանական մարտկոցով է, այլ սովորական ապակիով, առաջացրած ջերմային ֆոնի պատճառով վնաս է տվել շրջակայքի կրիաներին, որոնք վերացել են այդ հատվածից: Շահագործողներն էլ փոխարենը սկսել են բնապահպանական ծրագիր իրականացնել:

«Իմ կարծիքով՝ Հայաստանը չունի այդպիսի մեծ, հարթ տարածքները, որտեղ կարող ենք մեծ էլեկտրակայաններ տեղադրել: Դրանք կարող ենք կիրառել մասնավոր օբյեկտներում: Ոլորտը անհատական պիտի զարգանա: Սակայն պետական ներդրումը պետք է, որ սարքերի ինքնարժեքը նվազի»,- ասում է Ա. Փարսադանյանն ու ավելացնում, որ նպատակ ունի տեղական արտադրություն կազմակերպել, ինչի համար փորձում է բանակցել որոշ գործարարների հետ:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նույնիսկ Հոլանդիայի պես հարուստ ու պրոգրեսիվ երկրում այս արևային էներգիայի/մարտկոցների գործը առաջ չգնաց: Արտադրողների կողմից հսկա՛ ռեկլամ եղավ, հետո պարզվեց,որ սա թանկ «հաճույք» է ու այդքան էլ անվտանգ չէ (մի քանի տուն այրվեցին մարտկոցներիի պայթյունից): Հիմա այստեղ էլ՝ ՓՈՔՐ մասշտաբով՝ հարուստնե՛րը սա դնում են. ավելի շուտ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ ելնելով:.............................Այսօր Կապանում (և Սյունիքում) ԹԻՎ ՄԵԿ հրատա՛պ խնդիրը սա չէ, այլ մահաբեր ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԸ և ագրեսի՛վ հանքարդյունաբերությունը,որի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը օրինախախտ հանքատերերին ԴԱՏԻ ՏԱԼՆ է: Իսկական բնապահպանը (նաև) սա՛ պիտի ԱՆԻ:
Արմեն Փարսադանյան
Չնայած երբևէ լուրջ չեմ վերաբերվել անհայտ ծագման կենդանու /որը իրեն վարազ է կոչել/ մեկնաբանություններին, բայց գրված մեկնաբանությունը վարազին չճանաչող ընթերցողների համար կարող է թյուրըմբռնման առիթ հանդիսանալ, որի համար գրեցի այս մեկնաբանությունը: Հայաստանի դիրքը և բնակլիմայական պայմանները թույլ են տալիս արևային էներգիայի օգտագործումը մասսայականացնելու: Եթե Եվրոպայում /որտեղ մասսայականացվել է արևային էներգիայի օգտագործումը/ ք/մ մակերեսի վրա ընկնում է 800-1200Կվտ/ժ էներգիա, ապա Հայաստանում ք/մ-ի վրա ընկնում է 1700-2400Կվտ/ժ էներգիա: Իսկ անվտանգության ապահովումը անհրաժեշտ է գրեթե բոլոր բնագավառներում: Իրականում կան այլ խոչընդոտներ, որը նշել եմ, դա խոչընդոտ չէ... http://news.armeniatv.am/hy/news/3745 http://californista.livejournal.com/16377.html Հ.Գ. Ինֆորմատորիդ փոխիր, սխալ տեղեկատվություն է տալիս ... ))
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ծախվա՛ծ «բնապահպանի» բլեֆը. փողի ու սուբսիդիաների որս:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես գտնում եմ, որ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանին «բնապահպան» այլևս չպիտի՛ անվանել: Բացատրեմ թե ինչու. Արմեն Փարսադանյանը նախկինում (իրավացիորեն) պայքարել է Կապանում Շահումյանի բաց հանքի բացման դեմ, որ պատկանում է «Դանդի փրեշս մետալզ Կապանին»: Բայց հետո՝ նույն այս Արմեն Փարսադանյանը «Դանդի փրեշս մետալզ Կապանից» փող է վերցրել՝ մեղվաբուծություն զարգացնելու համար,որից հետո՝ տարբեր առիթներով՝ ինքը հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել «Դանդի փրեշս մետալզ Կապանի» տնօրեն Ջաբրայան Հրաչին՝ «թափանցիկ աշխատելու... ու նման բաների» համար, երբ ԲՈԼՈՐԻՆ հայտնի է,որ «Դանդի փրեշս մետալզ Կապանին » է պատկանում 5 մլն տոննա մահացու թունավոր մետաղներ/պոչանքներ պարունակող, ՍԽԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾ ու Կապան քաղաքի գլխին գտնվող ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ: .........................................................Հարց՝ «Կապանի փրկիչ» Ջաբրայան Հրաչը եթե իրոք Կապանի շրջանում մեղվաբուծության զարգացմանն ուզում է(ր) օգնել,Ի՞ՆՉՈՒ է հատկապես ընտրել իր նախկին քննադատ Արմեն Փարսադանյանին,երբ տարբեր մեղվաբուծակա՛ն հ/կ-ներ կան Կապանի շրջանում: ...................................................ՆՈՒՅՆ մեթոդով՝ Կապանի «Խուստուփ» TV-ի տնօրեն Սասուն Մանուկյանը պայմանագրո՛վ «Դանդի փրեշս մետալզ Կապանի» տնօրեն Ջաբրայան Հրաչի ՔԱՂԱՔԱԿԱՆ (ուշադրություն՝քաղաքական) խորհրդատուն է,իսկ syunik.am կայքի ադմինիստրատորն էլ աշխատում է նաև «Դանդի Կապանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter