HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի «Ավագ ամին»

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, կապանցի Ղարիբ Հովհաննիսյանի՝ Օխտար գյուղի տան պատշգամբից լեռները երկշերտ են երևում՝ կանաչ ու կապույտ: Շոգ եղանակին լեռների կապույտն այնքան է բացանում, որ, թվում է, կորցնում է սահմանազատումը երկնքի հետ: Ձորերի հատակին գտնվող գյուղն օրն սկսում է եղնիկների «հավաքույթով»: Տեղացիները պատմում են, որ ամեն առավոտյան սարի լանջին եղնիկներ են հավաքվում, փոխարենը՝ գյուղից հեռանում են մարդիկ:

Ղ. Հովհաննիսյանը գյուղում ապրում է 1998 թ.-ից՝  զինվորական ծառայությունից ազատման դիմում գրելուց հետո: Հիմա աշխատում է գյուղի դպրոցում, ռազմագիտության ուսուցիչ է: «Էսօր քաղաքի բնավորությունը փոխվել է, չեմ կարողանում հաշտվել դրա հետ: Պեպոն ասում էր՝ «Դիփ խաբում են»: Ինչ ասում ես, ասում են՝ հա, ցավդ տանեմ, հա, ցավդ տանեմ, կանեմ, բայց չեն անում, խաբում են… Գյուղում ազնվությունը կա, հարգանքը կա»,- ասում է պատերազմի «Ավագ ամին»:

Կապանում շատերը նրան հենց այդ մականունով են դիմում, որը կնքել են ընկերները պատերազմի դաշտում: Ասում է՝ գնդակները դիպուկ էին լինում, դրա համար էլ «Ավագ ամի» էին ասում, հետո հանկարծ որոշում է չխոսել պատերազմից, որովհետև անցած պատմություն է: Հայացքը թեքում է դեպի հողատարածքը, որ ձգվում է ցանկապատի ձողերի մոտ: Արևն ընկնում է դեմքին, աչքերը չի կկոցում, մտքերը ցրվում են դեմքով մեկ: Լռում ենք: Աքլորի ձայնն է լսվում: «Ախր, ես ի՞նչ պիտի պատմեմ..»,- ձեռքը դնելով կզակի տակ՝ աչքերը հառում է գետնին:

«Հիասթափվել էիք զինվորական ծառայությունից, դրա համա՞ր դիմում գրեցիք»: Հանկարծ հարցս դուրս է թռչում, նա նայում է ինձ ու կտրուկ պատասխանում. «Հա, բայց դա ի՞նչ կարևոր է»: «Էսօրվա պատմության համար, մեզ համար կարևոր է»,- պատասխանում եմ: Համաձայնում է, ասում է՝ այսօր պատերազմի մասին գրքեր են գրում մարդիկ, որ կռվի դաշտից հեռու են եղել, իսկ հերոսները եղել են առաջնագծում: «Իմ կռիվը հիմա արդարության, ճշտության համար է»,- նշում է նա:

Գողական աշխարհը ներթափանցել է բանակ

Ղ. Հովհաննիսյանը 1988 թ.-ից եղել է Շարժան մեջ: Մինչ 1992 թ. զինվորական շարասյուներ էին փոխադրում Կապանից Գորիս: Այդ ժամանակ արդեն զոհեր կային: Իսկ լայնամասշտաբ հարձակումն սկսել են 1992 թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի առավոտը: Դրան նախորդող օրը պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Մանուկյանը գնացել էր Կապան, որտեղ էլ անտառտնտեսության հիմնարկում ժողով էին արել և որոշել հարձակում սկսել Կովսականի (Զանգելան) ուղղությամբ: Ազատամարտիկի խոսքով՝ մի քանի ժամվա ընթացքում իրենց հաջողվել էր միանգամից 17 գյուղ ազատագրել:

«Էն ժամանակ վախ չկար, մենակ էս վերջին տարիներին է, որ վախ կա... Հակառակը՝ ի՞նչ վախ, ումի՞ց վախենաս, եթե վախենաս, կորցնում ես ամեն ինչ: Հետո գիտես, էդ թուրքերը մարդակեր մարդիկ են, էսպիսի մի բան կա, նրանք եթե երեխա են սպանում, կամ մարդու ատամ են աքցանով հանում, դա մարդկային տեսակ չէ, մարդկային տեսակն այն է, որ խրամատում ունես թշնամի, եթե չխփես, ինքն է քեզ խփելու: Դա պատերազմական օրենք է, մնացածը ոչ մարդկային օրենքներ են: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ, օրինակ, Շարափլուում տան հատակի տակից երեխաներ են դուրս եկել, չթողեցի խփեն, ասացի՝ գնացեք: Որ լացում էին, քիչ էր մնում սիրտս բերանովս դուրս գար»,- ասում է նա:

Թեժ մարտերից մեկն էլ, ըստ ազատամարտիկի, 1994 թ. հունվարի 23-ին էր Հորադիզի ուղղությամբ, երբ իրենք ստիպված էին մի քանի կիլոմետր նահանջել: Դա նմանեցնում է ձեռնամարտի, որտեղ, սակայն, հայկական կողմը 6 զոհ և 17 վիրավոր ունեցավ: Ասում է, որ թերություններից մեկը, որի համար չի ներում իրեն, կանոնակարգված բանակի բացակայությունն էր, եթե պրոֆեսիոնալիզմ լիներ, զոհերն ավելի քիչ կլինեին:

«92 թ. դեկտեմբերի 10-ին 3 ինքնաթիռ մտավ Կապան, շիկացած գնդիկներ էին թափում՝ օդանավակայանից սկսած ռմբակոծեցին քաղաքը... Ռմբակոծեցին, բեննամուս ձևով: Ուրիշ բան, որ ռմբակոծես հակառակորդի դիրքերը, զրահամեքենան, հրետանին, քան ռմբակոծես միամիտ, խաղաղ բնակչությանը: Էն տարիներին ամեն ինչ սպասելի էր: Հացի հերթին 27 հոգի զոհվեցին Շահումյան փողոցում: Դա կանոնակարգվածության բացակայության հետևանք էր»,- վերհիշում է Ղ. Հովհաննիսյանը: Նրա մտահոգություններից մեկն այն է, որ գողական աշխարհը ներթափանցել է բանակ: Դրանից էլ, նրա խոսքով, բխում են զինվորների սպանությունների դեպքերը: «Էսօր հրամանատարը փոխանակ հրաման տա, ասում է՝ ապե ջան, հասկանո՞ւմ ես»,- նշում է Ղ. Հովհաննիսյանը: Հետո՝ ավելի ուշ, ասում է, որ հենց այդ բարքերի պատճառով էլ ինքը հրաժարվեց զինծառայությունից:

Կոլխոզի չափ մեր պետությունը

Զրուցակցիս ասելով՝ հայն այսօր դարձել է փողասեր: Իշխանավորներն ագահության տենչից, ըստ նրա, քիչ է մնում խեղդվեն:

«Չգիտես՝ ինչի՞ վրա են դրել հույսը, մեր թագավորը, մեր չգիտեմ ինչը... Ընդամենն ունենք 2,5 միլիոն մարդ, այսինքն՝ մեր պետությունը մի մեծ կոլխոզ է, մեզ ոչ 17 նախարարություն է պետք, ոչ վարչապետ է պետք իր տեղակալներով ու աշխատակազմով, ոչ էլ պրեզիդենտ է պետք՝ էդքան իր աշխատակազմով, ոչ էլ խորհրդարան է պետք… Մեզ ընդամենը պետք է 15 մասնագետ՝ տնտեսագետներ, հոգեբաններ, իրավաբաններ, ռազմագետներ և գյուղատնտեսներ… Մենք էդ ի՞նչ տարածք ունենք, որ գյուղատնտեսության նախարարություն ունենանք, Սերգո չգիտեմինչյանը հեռուստատեսությամբ գյուղացուն խնդրում է, որ ծխեն իրենց ծիրանենիները, գյուղացին չի հասկանում, էլի, որ իր 50-60 տարեկան ծիրանենին պիտի ծխեցնի, որ ցուրտը չտանի, ախր ամենախելոքը գյուղացին ա»,- ասում է նա:

Զարմանում է, որ մի տարվա վարչապետը կամ նախարարը դառնում է աշխարհի հարուստ մարդկանցից: Օրինակ է բերում, որ Ամերիկայում հարուստ է դառնում երրորդ սերունդը, այսինքն՝ պապը գործարան է կառուցում, որդին աշխատեցնում է այն, իսկ թոռը հարստանում է: «Էնտեղ մի դոլարով են աշխատում, իսկ էստեղ՝ բյուջեով, ու միանգամից հարստանում են: Բյուջեի 90 տոկոսը թալանում են, գռփում, լափում»,- նշում է նա:

Քիչ հետո լռում է, ասում է՝ այլևս չի ուզում խոսել, որովհետև եթե շարունակի խոսել, վատ բաներ կասի: «Փողի տենչով տառապում ենք, վաղը մյուս օր թուրքը ոտքով ընկնելու է ճանապարհ, գա»,- նշում է նա, հետո տեղից վեր է կենում, նայում լեռներին, ձեռքով սրբում ճակատը:

Պատերազմի ժամանակ տղերքի համար մեկ-մեկ դուդուկ էր նվագում, ասում է, տխուր երգեր էին սիրում լսել: Դուդուկ նվագել ինքնուս է սովորել, հիմա էլ երկու որդիներն են նվագում: Բարձրանում ենք տուն, հարցնում եմ՝ դուդուկ կնվագի՞: Ժպտում է: Թոռը դուդուկի պայուսակն է բերում, պիպիչը ծորակի ջրով թրջում է ու տալիս պապիկին: Պատշգամբից դեպի լեռները, որ երեկոյան արդեն դարձել են մուգ կապույտ, հասնում է «Ավագ ամիի» «Կռունկը»: Ասում է՝ կյանքի ամենամեծ ձեռքբերումը պատերազմում տարած հաղթանակն էր: «Ի՞նչ իմանամ՝ ճակատագիրը օվկիանոսի ալիքի պես բան ա, գցում-տանում է, չես իմանում՝ ո՞ւր ես գնում, ինչի՞ ես գնում»,- ասում է նա՝ կարծես, ավելի շատ դառնացած ու մտահոգ:

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Փառք քեզ իսկական զինվոր
Լյուսվա
Ղարիբը կռվեց ու պայքարեց, որ հայը ղարիբությունից /Ադրբեջանի կազմից/ տուն դառնա, և ոչ թե ավելի հեռու՝ օվկիանոսը կտրի ու անցնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter