HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստելան հույս ունի, որ որդիներն առաջին ու վերջին անգամ են խոպան գնում

Կեսօր է. Արմավիրի մարզի Արազափ գյուղի փողոցներում դատարկություն է, չկա գյուղին բնորոշ աշխուժություն, երեխաների ճիչ: Շոգից պաշտպանվելու համար մարդիկ քաշվել են իրենց տները: Ամառվա տապը չէր խանգարում միայն Ստելա Հախյանին: Նա իր փոքր տան բակում, երկաթյա ցանցավոր մահճակալի վրա բուրդ էր չփխում:

Նա պատմեց, որ տանն ապրում է կրտսեր որդու հետ, չի հասցնում տան գործերը, ուստի ստիպված է նաեւ շոգին աշխատել: Նրանք փախստական են, 1990-ականների սկզբին են Ադրբեջանից տեղափոխվել Հայաստան: «Արդեն հարմարվել ենք այս գյուղին, որ ասեմ շատ լավ ա՝ չէ, ամուսինս արտագնա  աշխատանքի է գնում, այս տարի երկու տղաներս էլ են միացել հորը, գյուղում մնացել ենք ես ու փոքր տղաս, նա էլ մի հին ավտո ունի, թեթեւ առեւտուր է անում»,- պատմում է Ստելան:

Ընտանիքը սեփականաշնորհված հող չունի, մի փոքր տնամերձ հողակտոր է գյուղապետարանը հատկացրել ու հին շինություն: Շենքը, որտեղ ապրում են Հախյանները, նախկինում պահեստ է եղել, թեթեւ վերանորոգել են, սենյակներից մի քանիսը դարձրել բնակելի եւ մոտ 20 տարի ապրում են այնտեղ:

Ստելա Հախյանն ասում է, որ ընտանիքի կարիքները հոգալու համար խոզ է պահում, մշակում է նաեւ տան դիմացի հողակտորը, սակայն դրանից այնքան էլ օգուտ չկա:

«Գյուղացիների վիճակն այնքան էլ լավ չի, մեծամասնությունը վարկերի տակ է, չեն կարողանում փակվել: Մյուս կողմից էլ կարկուտն ու բնական աղետներն են վնաս հասցնում: Միայն այս գյուղից քանի-քանիսն են վարկերի պատճառով թողել իրենց տունը ու հեռացել: Մանավանդ մեր գյուղացիները ահավոր վարկերի տակ են: Դե որ եկամուտ չկա, գյուղացին ինչո՞վ պիտի վարկը փակի: Մի տարի կարկուտն է վնասում, մի տարի ջուր չի լինում ու այդպես մնում են վարկերի տակ»,- նշում է Ստելան եւ հավելում, որ կառավարությունը, շուկայականից էժան պարարտանյութ հատկացնելով, աջակցում է գյուղացուն, սակայն դա քիչ է եւ շոշափելի արդյունք չի տալիս:

Ստելա Հախյանն իրենց փողոցի օրինակով է ցույց տալիս, որ կյանքի որակը չի լավացել եւ այդ իսկ պատճառով մարդիկ լքում են երկիրը: Ըստ նրա՝ իրենց փողոցի տղամարդիկ, երիտասարդ տղաների մեծ մասը մեկնել են արտագնա աշխատանքի: Իր տղաներն էլ այս տարի առաջին անգամ են գնացել խոպան: Մայրն ասում է, որ նրանց ամուսնացնելու ժամանակն է, սակայն սոցիալական պայմանները թույլ չեն տալիս տղաներին նոր ընտանիք կազմել:

«Դրա համար են գնացել, որ մի քիչ աշխատեն, իրենց համար մի բան ստեղծեն: Արտագնա աշխատանքն էլ ամեն տարի լավ չի լինում, դրա վրա էլ հույս չենք կարող դնել: Արդեն մի անգամ արմատախիլ ենք եղել, զրկվել ենք ամեն ինչից, ինչի՞ պիտի մի անգամ էլ լքենք մեր տունը, ո՞վ կցանկանա նորից տեղահանվել: Մի կերպ, շատ քիչ մի բան ստեղծել ենք, որ պիտի մանրից ավելացնենք: Եթե լավ լինի երկրի վիճակը, մեր ջահելներն էլ կմնան այստեղ, դրսում, օտարության մեջ ի՞նչ կա: Իմ ցանկությունն է, որ իմ տղաները մնան այստեղ, բայց եթե եկամուտի աղբյուր չկա, երիտասարդին դժվար է այստեղ պահելը, կամուկացի մեջ են՝ մնա՞ն, թե՞ գնան, իսկ ես չեմ ուզում, որ գնան: Թող մնան իրենց հայրենիքում, ընտանիք կազմեն»,- ասում է Ստելա Հախյանը:

Նա հույս ունի, որ իր որդիների խոպան գնալը առաջին ու վերջին անգամն է լինելու եւ մշտապես մնալու են հայրենիքում:

Լուսանկարները՝ Մերի Մամյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter