HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի փաստաբանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության որոշման

Օգոստոսի 1-ին, ժամը 11-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում կլսվի ազատամարտիկ, 1995 թ-ին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի փաստաբանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության որոշման: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Բողոքը լսելու է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Հիշեցնենք, որ 19 տարի անց նոր երևան եկած հանգամանքի հիմքով 1995 թ-ի գործով նոր վարույթ սկսելու խնդրանքով Գլխավոր դատախազություն էր դիմել «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիրը: Իսկ դիմումի համար հիմք էր հանդիսացել 1995 թ-ին Սողոմոն Քոչարյանի գործով մեղադրանքը Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի հայտարարությունը, ըստ որի Գլխավոր դատախազության վրա 19 տարի առաջ ճնշում է գործադրել Իրանի դեսպանը: Նա պահանջել է մահապատժի դատավճիռ, հակառակ դեպքում` սպառնացել քաղաքական սկանդալ բարձրացնել: Այսպիսով՝ 1995 թ-ին դատախազ Ժիրայր Խառատյանը, դեմ գնալով իր համոզմունքին, ենթարկվելով վերադասի ճնշմանը, իսկ վերադասն էլ այլ երկրի՝ Իրանի քաղաքական ճնշմանը, դատարանից պահանջել է մահապատժի դատապարտել Սողոմոն Քոչարյանին:

Սակայն Գլխավոր դատախազությունը Ժիրայր Խառատյանի հայտնածի մեջ նոր երևան եկած հանգամանք չի տեսել ու մերժել է նոր վարույթ սկսել 19 տարի վաղեմության գործով: Գլխավոր դատախազության մերժման որոշումը օգոստոսի 1-ին վիճարկվելու է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում: Փաստաբանը խնդրում է դատարանին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության 2014թ.-ի մայիսի 31-ի մերժման որոշումը և պարտավորեցնել նոր երևան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ:   

Ճնշում է եղել, ոչ միայն Գլխավոր դատախազության, այլև դատարանի վրա: Այսպես՝ «Հետքին» տված հարցազրույցում ինքը՝ Սողոմոն Քոչարյանը, հիշելով մահապատժի դատավճռին նախորդող պահերը, պատմեց հետևյալը.

«Երբ 1995թ.-ին դատախազը պահանջեց մահապատժի դատավճիռ, դատավոր Մհեր Խաչատրյանը հայտարարեց ընդմիջում: Ինձ հանեց խցից Արարատ  անունով (ազգանունը չեմ հիշում) կանվոյների ղեկավարը ու իր ուղեկցությամբ, երկուսով գնացինք դատավորի սենյակ: Երբ մտնում էինք, նա հեռախոսով խոսում էր, բայց չգիտեմ, թե ում հետ: Դրեց հեռախոսը, հրավիրեց մեզ նստելու: Արարատը զրույցը բացեց ու ասեց. «Հարգելի դատավոր, Դուք լավ գիտեք, թե Սողոմոնը ով ա, մեր ազգի համար ինչքան գործ ա արել: Գոնե բավարարվեք սրոկով՝ 10 տարի, 12 տարի, 15 տարի, որ մարդը հույս ունենա ապագայում ազատվելու»: Դատավորն էլ ասեց, որ սկզբում կասկածել է, բայց հիմա ապացույցներ ունի, որ ես մեղավոր չեմ: Ասեց, որ իրեն քիչ առաջ զանգել են Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ու հրաման են տվել՝ մեղավոր է, մեղավոր չի, կարևոր չի, պիտի տաս մահապատիժ: Դատավոր Մհեր Խաչատրյանը ասեց, որ ոչինչ չի կարող անել, քանի որ հրամանը գալիս է նախագահականից՝  Լևոն Տեր-Պետրոսյանից»:

«Գժվելու բան է. եղբայրս պատիժը կրելու ընթացքում կորցրեց ամբողջ ընտանիքը»

Դատարանում օգոստոսի 1-ին կլինեն նաև Սողոմոնի մայրն ու քույրը՝ Զինա և Անժելա Քոչարյանները: «Հետքի» հետ զրույցում Սողոմոնի քույրը՝ Անժելան կոչ արեց դատարանին ու դատախազությանը վերանայել դատավճիռը, հնարավորություն տալ եղբորը գոնե 19 տարի անց վերադառնալ ազատություն:

«Մեր հույսը դատավճռի վերանայումն է, նախագահի ներումը: Զարմանում ենք, որ թուրքերը կարողանում են շանս տալ իրենց քաղաքացուն, իսկ Հայաստանում ազատամարտիկին, իր ազգին պաշտպանած մարդուն բանտում ուզում են ոչնչացնեն: Սողոմոնի առողջությունն էլ քայքայվեց պատերազմում ու բանտում: Սիրտը լավ չի, 2-րդ կարգի հաշմանդամ է: Բայց անգամ իրեն հասանելիք թոշակը 19 տարի չեն տվել: Դա դեռ մի կողմ… Գժվելու բան է. եղբայրս պատիժը կրելու ընթացքում կորցրեց ամբողջ ընտանիքը: Ի՞նչի համար, չգիտեմ: Կինը՝ Ստելլան մահացավ ծանր հիվանդությունից, աղջիկը՝ Սյուզին ինքնասպանություն կատարեց: Շատ էր սպասում հորը, որ պիտի տեսնի ազատության մեջ: Իսկ հիմա մնացել ենք քույրերով ու մայրս: Մորս եմ խղճում, գոնե վերջին տարիներն անցկացնի որդու հետ: Մայրս չորս երեխա է պահել-մեծացրել. հայրս մահացել է երիտասարդ տարիքում: Հիմա ամեն 10-15 օրը մեկ գնում է բանտ, որ Սողոմոնին տան ճաշ տանի, նորմալ ուտելիք հասցնի, որ առողջությունը վերջնականապես չքայքայվի»,-ասաց Սողոմոնի քույր՝ Անժելա Քոչարյանը:  

1995 թ-ին կայացված դատավճռում, որով Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է պատժի առավելագույն չափի՝ մահապատժի, որևէ հիշատակում չկա այն մասին, որ նա ազատամարտիկ է եղել, կամավոր մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, մի շարք բնակավայրերի ազատագրմանը: 

«Մխիթար Սպարապետ» ինքնապաշտպանական ջոկատի կամավորական Սողոմոն Քոչարյանը 1966 թ-ին ծնվել է Բաքվում, Սումգայիթյան ջարդերից հետո ընտանիքով տեղափոխվել է Գորիս, մասնակցել է Շուռնուխի,Կոռնիձորի, Հորադիզի, Քարվաճառի, Միրքենդի, Ջեբրայիլի մարտերին,  Կուբաթլու-Լաչին օպերացիայում վիրավորվել, ապա բուժումն անավարտ թողած նորից կռվի դաշտ վերադարձել, երկու անգամ կանտուզիա է ստացել, 1994-ին ձեռքի ծանր բեկորային վնասվածք:  Այս ամենի մասին քրեական գործում հիշատակումներ էր արել հասարակական պաշտպան, գրող-հրապարակախոս, «Կալանավորված ազատամարտիկների պաշտպանության խորհրդի» նախագահ Մառլենա Ավդալյանը, կեղծանունը՝ Վանե: Իր ճառում նաև փաստաբան Ալբերտ Թումանյանն է անդրադարձել իր պաշտպանյալի անցած ճանապարհին, սակայն դատարանը որևէ կերպ չի արձանագրել Սողոմոն Քոչարյանի վաստակը Ղարաբաղյան պատերազմում: 

Մեկնաբանություններ (1)

Մարատ
Ալիեվը Սաֆարովին ազգային հերոս սարքեց, հիմա` Սարգսյանի հերթն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter