HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայկական ուշացած դեմարշ, կամ Ղարաբաղը ինչո՞ւ է դեմ Մադրիդյան սկզբունքներին

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը times.am-ին տված առցանց հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂՀ-ի համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքները, և, որ եթե Արցախը լիներ բանակցող կողմ, դրանց շուրջ բանակցություններ չեն վարի:

Վարչապետ Հարությունյանն, իհարկե, նորություն չի ասում: Պաշտոնական Ստեփանակերտը նախկինում ևս բազմիցս առիթ ունեցել է խոսելու ԼՂՀ-ի համար մադրիդյան սկզբունքների անընդունելի լինելու մասին: Սակայն նախկինում ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ ուղերձը երբեք այսպիսի համոզվածությամբ, հստակությամբ և միարժեքությամբ չեն արել, ինչը խոսում է այն մասին, որ թե նման շեշտադրումներ կատարելը, թե դրանց ինտենսիվացումը համաձայնեցված է Երևանի հետ և կազմում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի որդեգրած նոր ռազմավարության մի մասը:

Երևանը Ստեփանակերտի բերանով պարզապես ասում է, որ չի պատրաստվում շարունակել բանակցություններն առանց դրանց Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի լիարժեք մասնակցության: Այլ կերպ ասած՝ Հայաստանը անուղղակի ասում է, որ ոչ մի արժեք չունեն այն համաձայնությունները, որոնք ինքը տվել է այդ սկզբունքների շրջանակում, քանի որ հիմնական շահառուն՝ Ստեփանակերտը, դրանց դեմ է: Հայաստանը պարզապես փորձում է դուրս գալ Մադրիդյան աքցանից այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում դրանից դուրս պրծնել՝ զիջումների պատրաստակամության փոխարեն ավելի ու ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը, մեծացնելով ախորժակը ընդհուպ Հայաստանի տարածքների նկատմամբ և հայ-ադրբեջանական շփման գծում բոլոր հնարավոր միջոցներով թեժացնելով իրավիճակը:

Երբ բանակցող կողմերից մեկը հայտարարում է, որ բանակցում է միմիայն ամեն ինչ միանգամից և ամբողջությամբ վերցնելու հարցի շուրջ, Մադրիդյան սկզբունքներն ընդունելի լինելու մասին պնդումները դառնում են կապիտուլյացիայի հավասարազոր: Որովհետև դա նշանակում է բանակցել միակողմանի զիջումների պայմանների շուրջ: Հայաստանյան դիվանագիտությունը մինչ այսօր գործել է հենց այս տրամաբանությամբ: Երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ԼՂՀ-ն Հայաստանի համաձայնությամբ դուրս մղվեց բանակցություններից, իշխանությունը դա բացատրում էր նրանով, որ Ադրբեջանը սպառնում է հակառակ դեպքում բանակցություններից հրաժարվելով, նույնն է թե՝ պատերազմի ուղին ընտրելով: Հետո շրջանառության մեջ դրվեցին Մադրիդյան սկզբունքները, և պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ԼՂ կարգավիճակի դիմաց տարածքներ զիջելը նախընտրելի է, քանի որ Ադրբեջանը միայն այդ դեպքում է պատրաստ նստել բանակցությունների:

Հիմա արդեն մեզ առաջարկում են տարածքային զիջումներ ընդամենը խաղաղության խոստման դիմաց, քանի որ իրենց նախկին պարտվողական, փոխզիջումային դիվանագիտությամբ Երևանը Բաքվին և միջազգային հանրությանը համոզեց, որ ցանկացած փուլում պատրաստ է զիջումների:

Երևանը բոլորին սովորեցրեց իր կողմից միակողմանի զիջումների՝ շարունակ առաջնորդվելով պատերազմը հետաձգելու կամ կանխելու տրամաբանությամբ: Բայց հստակ մի օրինաչափությամբ, դիվանագիտության ու քաղաքագիտության տարրական չգրված օրենքների համաձայն, հենց այսպիսի քաղաքականությամբ Երևանն ամենաշատը իրեն մոտեցրեց պատերազմը: Այն, ինչ տեղի է ունենում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմի փոքրիկ մոդելավորում: Այս պրոցեսը զուտ տեղեկատվական պատերազմից արդեն վերաճում է դիվերսիոն պատերազմի: Թե ինչ է հետևելու դրան, մնում է միայն եզրակացնել:

Եվ ահա Հայաստանը կարծես թե ուշացած ուշքի է գալիս ու դա հասկանալի է դարձնում ԼՂՀ վարչապետի միջոցով: Հայաստանը պարզապես այլընտրանք հիմա չունի, քանի որ չնայած պատերազմը հրահրում է Ադրբեջանը, սակայն միջազգային հանրությունը, այդ թվում նաև՝ իր ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանը, Ադրբեջանին զսպելու բանալին կրկին տեսնում են հայկական կողմից նոր զիջումների պատրաստակամություն հայտնելու մեջ: Հայաստանն այս իմաստով հայտնվել է ցայտնոտի մեջ. որ ուղղությամբ գնում է՝ հանգում է կապիտուլյացիայի: Ռուսաստանը փորձում է ստիպել տարածքներ զիջել՝ Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու, հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու և այդպիսով Հարավային Կովկասում վերջնական տիրապետություն հաստատելու իր տարածաշրջանային շահերից ելնելով: Դրա համար էլ շարունակ, ցինիկաբար զինում է իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին, որպեսզի կործանարար պատերազմով Հայաստանին ահաբեկելու միջոցով նրան ստիպի կատարել այդ զիջումներն առանց մեկ կրակոցի: Արևմուտքը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի, հասկացնում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում ռուսական այդ էքսպանսիայի արդյունքում կորցնել նաև Ղարաբաղն ամբողջությամբ, ապա պետք է համաձայնի Մադրիդյան սկզբունքներին, որոնք ԼՂ-ին, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շրջանակում, գոնե անորոշ կարգավիճակ են խոստանում: Եթե Հայաստանը համաձայնում է դրան, ապա գործիք է տալիս Արևմուտքին՝ Ռուսաստանին աստիճանաբար դուրս մղելու հենց Հայաստանից և տարածաշրջանից ընդհանրապես: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բոլորը միահամուռ կերպով ահաբեկում են Հայաստանին և ԼՂ-ին:

Այս պայմաններում հարց է առաջանում. ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանի և ԼՂՀ-ի այս հանկարծակի, հուսահատ դեմարշը Մադրիդյան սկզբունքներին: Դրա իմաստն այն է, որ Հայաստանը և ԼՂՀ-ն պատերազմի սանձազերծումից չեն վախենում և չեն ենթարկվելու այդ համակողմանի ահաբեկմանը: Այս ուշացած «հետողորմիան», իհարկե, իր մեջ ռիսկ պարունակում է, որովհետև չի բացառվում, որ զիջումների չգնալու դեպքում Հայաստանին իր դառը ապագան ցույց տալու նպատակով ահաբեկումները զուտ ուղերձներից կամ սահմանային թեթև կրակոցներից աստիճանաբար հանգեցնեն ավելի մասշտաբային ռազմական բախումների: Բայց ընդհանուր առմամբ այսօր ոչ Ռուսաստանը և ոչ էլ Արևմուտքը շահագրգռված չեն ԼՂ-ում վերահսկողությունից դուրս եկած հակամարտության նոր օջախ ունենալուն: Առանց Ուկրաինան մարսելու՝ ԼՂ-ում նոր ու շատ ավելի մասշտաբային պատերազմը հղի է անկանխատեսելի գլոբալ զարգացումներով: Նրանք այս հակամարտության պարագայում առայժմ բավարարվում են դիրքային պայքարով՝ հասկանալով, որ ցանկացած արկածախնդրություն կարող է ճակատագրական լինել ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհաքաղաքական հարաբերություններում իրենց հավակնությունների համար:

Եվ սա, թերևս, ամենահարմար պահն է սրբագրելու համար 1998-2001 թթ. կատարված կոպտագույն սխալը՝ վերադարձնել նախկին բանակցային ձևաչափը նույնպիսի շանտաժային քաղաքականություն որդեգրելու միջոցով: Եթե Ադրբեջանը չի ցանկանում մասնացկել բանակցություններին, ուրեմն դրանից կառչած մնալու իմաստ այլևս չկա:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն եմ հոդվածի հետ: Նախ՝ հային թվում է,թե ինքը այս աշխարհի «ամենաքաջ ու ամենախելացի» ազգն է: Երկրորդ՝ ՔԱՆԻ ԴԵՌ Արևմուտքը Ադրբեջանից նավթ/գազ է ներկրում (լայնա-ու միջնամասշտաբ) պատերազմ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Գումարած՝ Իրանից ապագա հնարավոր նավթ-գազի ուղին տարածաշրջանով: Արցախի ԱՄԲՈՂՋ ՊՐՈԲԼԵՄՆ այն է,որ արդեն 20 տա՛րի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի մի՛ջև հարաբերությունները de jure (այսինքն՝ թղթի վրա. իրավաբանորեն) կարգավորված չեն: Սա ԿՈՊԻՏ սխալ է(ր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter