HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բարեգործական 65 վիրահատություն՝ երկու շաբաթում

Հերթական վիրահատությունն ավարտվում է կեսգիշերն անց, սակայն բուժանձնակազմը չի պատրաստվում հեռանալ վիրահատարանից:

Պիտի նախապատրաստեն հաջորդ հիվանդին անոթային բաց վիրահատության: Մի պահ միջանցքում հայտնվում է վիրաբույժ Գեւորգ Մութաֆյանը: Հոգնածության ոչ մի նշույլ չի զգացվում դեմքին, թեպետ արդեն գիշերվա ժամը 1-ն է ու նրան նայելով դժվար է անգամ գլխի ընկնել, որ պատրաստվում է 9-րդ վիրահատությանը: Հետո արդեն՝ պատասխանելով «Հետքի» հարցին, նա խոստովանում է, որ Լոս Անջելեսում, որտեղ ինքն ապրում ու աշխատում է, վիրահատությունները պլանավորում են հենց գիշերային ժամերին:

Գյումրու բժշկական կենտրոնում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ժամանած բժիշկների հինգ հոգանոց խումբը բարեգործական ծրագրի շրջանակներում հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը վիրաբուժական եւ խորհրդատվական ծառայություններ էր մատուցում տեղի եւ հարեւան մարզերից ժամանած բնակիչներին: Ամերիկահայ բժիշկների մասնագիտական հմտություներից օգտվելու համար Գյումրի էին հասել նաեւ մայրաքաղաքից:

Երկու շաբաթում մոտ  400 խորհրդատվություն եւ 65 վիրահատություն հասցրեցին իրականացնել «Glendale Adventist Medical Center» եւ «Glendale Memorial Hospital»-ի բժիշկներ անոթային վիրաբույժ Սիմեոն Քոշկարյանը, լապարասկոպիկ եւ ընդհանուր վիրաբույժ Գեւորգ Մութաֆյանը, թերապեւտ՝ Ծովինար Թեքելյանը, ուրոլոգ՝  Լեո Դումանյանը, ծագումով ամերիկացի բժիշկ-անեստեզիոլոգ Էմիլ Սաֆին: Խմբի հետ Գյումրիում աշխատում էին նաեւ երիտասադ բժիշկներ Երեւանից:

«Դիմողները շատ էին,-ասում է ծագումով գյումրեցի, լոսանջելեսաբնակ վիրաբույժ Գեւորգ Մութաֆյանը,-մի մասին, եթե մեր պրոֆիլով չի եղել, ուղղորդել ենք երեւանյան կլինիկաներ, որոշների համար բուժում ենք նշանակել տեղում, իսկ ովքեր ունեցել են վիրահատության կարիք, բնականաբար, վիրահատել ենք: Կատարել ենք հիմնականում լեղապարկի եւ անոթային վիրահատություններ: Մի շաբաթ աշխատել է նաեւ ուրոլոգը»:

AAMM՝ «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» բարեգործական ծրագիրը հիմնվել է 2013թ.: Նպատակը՝ զարգացնել Գյումրիում բժշկության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են լապարասկոպիկ եւ ընդհանուր վիրաբուժությունը, անոթային վիրաբուժությունը, ուրոլոգիան եւ այլն:

Գեւորգ Մութաֆյան Արմեն Իսահակյան

«Անցած տարի, երբ մեր համաքաղաքացի Գեւորգ Մութաֆյանը, որ արդեն երկար տարիներ է՝ ապրում եւ աշխատում է Ամերիկայում, անձնական այցով Գյումրի էր եկել, եղավ մեր նորաբաց հիվանդանոցում, ծանոթացավ պայմաններին ու իր իսկ ցանկությամբ 10 օր աշխատեց՝ կատարելով մոտ 60 վիրահատություն,-պատմում է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը,-հետո որոշեցինք, որ ակցիան պիտի դարձնել շարունակական: Գյումրիում, որտեղ մարդիկ ապրում են ծանր սոցիալական պայմաններում, շատ դժվար է, ասենք, վճարել 400 հազար դրամ եւ կատարել անոթային վիրահատություն: Մարդիկ շատ անգամ հասարակ վիրահատության համար գումար չեն ունենում: Հատկապես տուժում է արտոնություններից չօգտվող գործազուրկ խավը, իսկ նման բարեգործական ակցիաներն ուղղակի փրկություն են նրանց համար»:

2012թ. շահագործման հանձնված Գյումրու բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը, հագեցած լինելով բժշկական ժամանակակից սարքավորումներով, ունի մեկ շատ կարեւոր բաց՝ մասնագետների պակաս: 

 «Գերմանական «Շտորց» ֆիմայի վերջին սերնդի լապարասկոպիկ սարք ունենք, սակայն չունենք թեկուզ մեկ մասնագետ, որ այդ սարքավորումով կարողանա վիրահատություն իրականացնել,-ասում է Արմեն Իսահակյանը,-հիվանդանոցն ունի 11 վիրաբույժ, սակայն ոչ մեկը լապարասկոպիկ վիրահատության մասնագետ չէ: Անցած տարի այդ բացը փորձում էինք լրացնել բժիկներ հրավիրելով «Էրեբունի» եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններից: Բայց ճիշտն, իհարկե, սեփական մասնագետն ունենալն է»: 

«Glendale Adventist Medical Center» եւ «Glendale Memorial Hospital»-ի բժիշկների հետ համագործակցությունը հնարավորություն կտա հետագայում տեղի մասնագետներին արտերկրում վերապատրաստվել: Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենն անչափ դրական է համարում նաեւ տեղի մասնագետների եւ ամերիկահայ բժիկների կողք կողքի տեղում աշխատելը: 

Բժշկական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Անուշավան Սաֆարյանը Գյումրիում իրականացվող բարեգործական ծրագրի մասին տեղեկացել էր կազմակերպիչներից մեկից՝ Հարություն Դավթյանից եւ որոշել անպայման մասնակցել: 

Անուշավան Սաֆարյան Սիմեոն Քոշկարյանը՝ կնոջ Ծովինար Թեքելյանի հետ

«Երբ իմացա, որ կամավորներ են պետք՝ օգնելու ԱՄՆ-ից ժամանած բժիկներին, ցանկություն հայտնեցի մասնակցելու: Սա լավագույն հնարավորությունն էր մոտիկից ծանոթանալու ամերիկյան բժշկական դպրոցին,-ասում է Անուշավան Սաֆարյանը,- մեր մոտ, դե հայտնի է, որ բժշկության մեջ իշխում է ռուսական դպրոցը: Ամերիկյանն իր կատարողական տեխնիկայով շատ տարբերվում է ու շատ դեպքերում առավել էֆեկտիվ է: Սա մեծ փորձ էր իմ համար: Երբ ազատ ժամեր էինք ունենում բժիշկ Մութաֆյանը լեկցիաներ էր կարդում, դե իսկ անմիջական մասնակցությունը վիրահատություններին փորձի տեսանկյունից անգնահատելի էր»: 

Անցած տարի բարեգործական ակցիայի շրջանականերում հիմնականում իրականացվել են լեղապարկի, ճողվածքների եւ թութքի վիրահատություններ: Այս տարի, շնորհիվ անոթաբան Սիմեոն Քոշկարյանի, ավելացավ անոթային վիրահատությունների թիվը: Գյումրի բժշկական կենտրոնում նման վիրահատություններ շուրջ մեկ տարի է՝ իրականացվում էին, սակայն նորարարությունն այս դեպքում լազերն էր: «Վիրահատված հիվանդներին անմիջապես տուն կուղարկեինք: Ստացիոնար բուժման կարիք լազերի դեպքում չի առաջանում»,-բացատրում է անոթային վիրաբույժ Սիմեոն Քոշկարյանը: 

Ամերիկայից ժամանած բժիշկներին ապշեցրել էր տեղի հիվանդների բարձիթողի վիճակը: Լեղաքարային վիրահատությունները ԱՄՆ-ում բարդ վիրահատություն չի համարվում, սակայն Հայաստանում դրան այլ կերպ են վերաբերում, որովհետեւ մարդիկ վիրաբույժին դիմում են արդեն բարդացված, ծայրահեղ վիճակով: Քչերն են գնում պլանավորված վիրահատության: 

Վիրահատարանի լուսանկարը`
Անուշավան Սաֆարյանի

«Եթե Ամերիկայում մեզ պատահող դեպքերից 10-ից երկու-երեքն է լինում բարդացված, այստեղ հակառակ պատկերն է՝ տասից մեկ-երկուսն է, որ հեշտ էր ու շատ քիչ դեպքեր տեսանք, որ մարդը գիտակցաբար, պլանավորված դիմել է բժիշկին իր առողջական խնդիրները լուծելու համար, նաեւ այստեղ ինֆորմացված չեն՝ ի տարբերություն ամերիկացիների»,-նկատում է Գեւորգ Մութաֆյանը՝ նաեւ հասկանալով, որ նշված բարձիթողի վիճակը պայմանավորված է հիմնականում ֆինանսների բացակայությամբ: 

«Այս երկու շաբաթը, որ անցուցինք Գյումրիի մեջ մեզ համար թե հետաքրքրական էր, թե ուսուցողական,-խոստովանում է Սիմեոն Քոշկարյանը,-մեր հիվանդները, որ տեսանք կլինիկայում, ավելի ծանր վիճակի մեջ էին, քան որ կտեսնենք Ամերիկայի մեջ: Ամերիկայում, եթե պզտիկ հարցեր կունենան, անմիջապես բժշկի կվազեն, իսկ հոս մինչեւ ստիպված չըլլան ինչպես հասկացանք, չեն էլ դիմե: Հետո, որքան որ զարմանալի էր, այստեղ շատ գեր մարդկանց տեսա, որ ինձ զարմացրեց: Կմտածեմ, թե գիրությունը Ամերիկայեն արդեն հոս է հասել: Ինչ վերաբերում է կենտրոնի աշխատակիցներին, ապա շատ հոգատար ու համբերատար էին: Ամերիկայի մեջ, եթե իրանց աշխատանքի ժամն անցնի, անմիջապես կգանգատվին, թե ութ ժամն անցավ, պիտի գնան: Իսկ հոս որեւէ մեկը ձայն չհանեց: Օրեր է եղած, որ մինչեւ գիշերը ժամը 4-ը գործողություններ ենք ըրած, եւ ոչ մեկը չդժգոհեց, թե իրանց ժամն անցած է»: 

Բարեգործական ծրագրի շրջանակներում Գյումրի բժշկական կենտրոնը կստանա 17 արկղ բուժսարքավորում եւ այլ անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաեւ 5 անվասայլակ: Հաջորդ տարի կատարվելիք այցի հետ կապված հավանաբար կլինեն փոփոխություններ: Գեւորգ Մութաֆյանի փոխանցմամբ, հաջորդ անգամ կգան ավելի մեծ խմբով եւ կաշխատեն երկշաբաթյա հերթափոխով: 

«Ի վերջո, շատ դժվար է օրվա մի կեսը զբաղվել խորհրդատվությամբ, շփվել 30-40 հոգու հետ, հետո օրվա երկրորդ կեսից սկսել վիրահատություններ կատարել: Կփորձենք հարցն այնպես կարգավորել, որ հաջորդ տարի մի խումբը գա երկու շաբաթ աշխատի, հետո մյուս խումբը եւ էլի մեկ խումբ, որ ծանր չլինի ոչ մեզ համար, ոչ հիվանդների»,-ասում է վիրաբույժը: 

Թեպետ ծրագիրը բարեգործական էր, սակայն որոշ դեպքերում հիվանդները վճարումներ էին կատարել: «Դա սիմվոլիկ վճար էր, որ կապ չուներ ամերիկահայ բժիշկների հետ, այլ մտնում էր մեր կենտրոնի բյուջե եւ այդտեղից վճարվելու էին մեր հիվանդանոցի աշխատակիցները, նաեւ բուժանյութերի ձեռք բերման վրա է ծախսվել,-բացատրում է կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը,-լազերային վիրահատության համար ընդամենը 100 հազար դրամ, իսկ լապարասկոպիկ վիրահատության դեպքում՝ 50 հազար դրամը մեծ գումար չէ, եթե հաշվի առնենք, թե նմանատիպ վիրահատությունները որքան արժեն երեւանյան կլինիկաներում: Արտոնությունից օգտվողները, ուղեգրվածները, սոցիալապես անապահով խավը լիովին անվճար են վիրահատվել, սա միանշանակ»: 

Այս ծրագրի շնորհիվ Գյումրի բժշկական կենտրոնում կզարգանա լապարասկոպիկ ուղղությունը եւ անոթային վիրաբուժությունը: Ապագայում այս կենտրոնում հնարավոր կլինի իրականացնել ստամոքսի, հաստ աղիի, քաղցկեղի վիրահատություններ, խոստացան ամերիկահայ բժիշկները: «Կուզենայինք, որ այստեղ այդ վիրահատությունները դառնան հասարակ բան, բայց դրա համար էլ պետք է, որ կենտրոնի սարքավորումները հնարավորինս նորացվեն, ինչպես նաեւ բժիշկներ վերապատրաստվեն,-նկատում է Գեւորգ Մութաֆյանը,-հույս ունենք, որ քիչ-քիչ այդ հարցը լուծում կստանա մեր եւ առողջապահության նախարարության աջակցությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter