HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ազատազրկման վայրում խախտվում է երեխայի կրթություն ստանալու իրավունքը

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պատիժը կրող անչափահաս երեխաների իրավունքները ամենաշատը խախտվում են կրթական ոլորտում: Այս մասին «Հետքին» ասում է հասարակական դիտորդների խմբի անդամ Լաուրա Գասպարյանը: 

«Էնտեղ 4 դասատու կա եւ հիմնականում արվեստ են անցնում, մաթեմատիկայի դասատու չկա,- ասում է նա,- ես այնտեղի կրթությունը համարում եմ զրո»: Աբովյան ՔԿՀ-ում գործում է հանրակրթական դպրոց, որի միակ դրական կողմն ավարտական վկայականի հանրակրթական դպրոցի վավերականությունն է. վկայականում չի նշվում ՔԿՀ-ի տարածքում գտնվելու փաստը:

Անչափաս եւ չափահաս դատապարտյալները «արվեստ» անցնում են Թեմիկ Խալափյանի հիմնած «Տրտու» մշակութային ՀԿ-ի ծրագրով նախատեսված ավանդական արհեստների ուսուցման կենտրոնում, որը գործում է ՔԿՀ-ի կաթսայատան նախկին շենքում: Սակայն, եթե ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներն ինչ-որ կերպ օգտվում են կրթության իրավունքից, ապա մեկուսարանում գտնվող կալանավորվածներն ամբողջովին զրկված են դրանից: «Դա շատ մեծ հիմնախնդիր է,- ասում է Միջազգային բանտային բարեփոխումների գրասենյակից` Հայկ Խեմչյանը,- կալանավորված երեխաների մեղքը դեռեւս ապացուցված չէ, եւ չկա այն պահովելու որեւէ մեխանիզմ»:

Լաուրա Գասպարյանի հաջորդ մտահոգությունը հոգեբանական մթնոլորտի բացասական երանգն է: «Այնտեղ պետք է որակյալ հոգեբաններ աշխատեն,- ասում է նա,- երեխաների հետ պետք է ամենօրյա աշխատանք տարվի, մինչդեռ շատ հիմնարկներում որպես հոգեբան ֆիզիկոսներ ու մաթեմատիկոսներ են աշխատում»:

Հոգեբանական վատ մթնոլորտի պատճառով է, որ Աբովյան ՔԿՀ-ում ծեծկռտուքներ են լինում, թեպետ այդ մասին խուսափում են խոսել բոլորը, այդ թվում` երեխաները: «Մենք այդ մասին ահազանգեր ենք ստանում կանանցից,- պատմում է Լ.Գասպարյանը,- իհարկե, երբ մենք գնում ենք, բոլոր հետքերը վերացված են լինում, բայց մենք պետք է հետեւողական լինենք եւ խոսենք այդ մասին»: Նա ասում է, որ երեխաներն այդ մասին լռում են եւ չեն բողոքում, իսկ մեր իրավական դաշտը թույլ չի տալիս, որպեսզի նրանց փոխարեն իրենք բողոքեն:

Աբովյան ՔԿՀ-ն կառուցվել է 1958 թ. եւ սկզբնապես նախատեսված է եղել միայն անչափահաս դատապարտյալների համար: 1991 թ.-ից սկսած՝ այնտեղ պահվում են նաեւ կին կալանավորներ եւ դատապարտյալներ: ՔԿՀ-ն նախատեսված է 250 անձի համար: 2008 թ. այստեղ կառուցվել է մեկուսարան, որը գտնվում է անչափահաս դատապարտյալների գոտում: 2010 թ. Հելսինկյան ասոցիացիայի կատարած ուսումնասիրության համաձայն` անչափահաս դատապարտյալների մասնաշենքը գտնվում է անմխիթար վիճակում եւ ամբողջությամբ վերակառուցելու անհրաժեշտություն կա: Անչափահասները սնվում, լոգանք են ընդունում եւ քնում են բացարձակ հակահիգիենիկ պայմաններում: Նրանք բոլորը մնում են բարաքային պայմաններում եւ քնում են մինչեւ վեցհարկանի մահճակալների վրա: Բարաքային պայմաններ կոչվածը մի մեծ կիսախարխուլ տարածք է, որտեղ խցային պայմաններ չկան: Հայկ Խեմչյանը նշում է, որ Աբովյան ՔԿՀ-ում որեւէ պայման ապահովված չէ, որպեսզի մենակ մնալու ցանկությունը բավարարվի:

«Պատժի կրումը բարաքային պայմաններում չի կարող դիտարկվել որպես դրական հանգամանք,- ասում է նա,- մի կողմից երեխաների միջեւ պետք է լինի շփում, սակայն դա կարող է ապահովվել ճաշարան գնալիս կամ այլ դեպքերում, սակայն պետք է խցեր լինեն, որտեղ երեխան ցանկության դեպքում կարողանա մենակ մնալ»:

Լ. Գասպարյանը փոխանցում է երեխաների գնահատականները մատուցված սննդի մասին. «Նրանց մեծ մասը գերադասում է օգտվել հանձնուքներից, քանի որ սնունդը լավը չէ»: Յուրաքանչյուր երեխայի սննդի համար նախատեսված է 600 դրամ: Հ. Խեմչյանը նշում է նաեւ, որ դատապարտյալների ժամանցը ապահովված չէ, իսկ  18 տարեկանը լրացած երեխաները ձգտում են տեղափոխվել մեծահասակների համար նախատեսված ՔԿՀ, չնայած որ մինչեւ 21 տարեկան կարող են մնալ: «Սա խոսում է այն մասին, որ հանցագործ կյանքի ռոմանտիկան ՔԿՀ-ում տեղ ունի»,- ասում է նա:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտից Տաթեւիկ Ղարիբյանը «Հետքին» ասաց, որ անչափահասների գործերով որպես հիմնախնդիր դիտարկվում է  մասնագիտական դատարանների բացակայությունը: «Չկա դատախազության համապատասխան բաժին, չկան մասնագիտացած փաստաբաններ,- ասում է նա,- իսկ անչափահասների գործերը ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնցով պետք է զբաղվեն մասնագետները»: Ղարիբյանը նշում է ոստիկանության համապատասխան բաժինը, որը զբաղվում է զանցանքներ գործած անչափահասների իրավախախտումների կանխարգելմամբ, եւ համայնքային կենտրոնները, որոնք հուշագրի հիման վրա աշխատում են ոստիկանության հետ:

«Որոշ դեպքերում ոստիկանությունը որոշում է, որ անչափահասների գործերը պետք է ուղղորդել այդ կենտրոններ,- ասում է նա,- սակայն սա իրավական կարգավորում չէ, եւ անհասկանալի է, թե ոստիկանությունը ինչպես է որոշում, թե որ դեպքերն այնտեղ ուղղորդել, որոնք` ոչ»:

Հայաստանում գործում են 8 վերականգնողական համայնքային կենտրոններ, որոնք աշխատում են ոստիկանության հետ: Այս կենտրոնները ներդրվել են  «Project Harmony» միջազգային կազմակերպության «Համայնքային կապեր» ծրագրով եւ փորձում են երեխաներին հեռու պահել քրեական արդարադատության համակարգի հետ առնչվելուց, աշխատում են ինչ-որ լուծումներ գտնել:

Այս հարթությունում առկա ամենամեծ բացը, ըստ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանի, այն է, որ պետք է հնարավորինս նվազագույնի հասցնել անչափահասների գործերը դատարան մտցնելու հարցը:

«Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ անչափահասների գործերը պետք  է քննվեն մինչեւ դատական վարույթ մտնելը,- «Հետքին» ասում է նա,-  իսկ մենք նոր-նոր ենք փորձում ինչ-որ համակարգերի մասին մտածել»:

Դանիելյանը դրա իմաստը  հետեւյալ կերպ է պատճառաբանում. դատարանը պետք է պարզի երեխայի կատարած հանցագործության պատճառը:

«Զարգացած երկրներում դատարանն ունի հատուկ ներկայացուցիչ, որը գնում եւ ուսումնասիրում է այդ երեխայի հետ կապված սոցիալական պայմանները` ընտանիքը, դպրոցը, շրջապատը եւ այլն,- ասում է նա,- ըստ այդմ փորձում են հասկանալ այն հանգամանքները, որոնք հանգեցրել են հանցագործություն կատարելուն, որովհետեւ հնարավոր է, որ պետք է ընդամենը ինչ-որ բան փոխել երեխայի սոցիումում եւ բոլորովին կարիք չկա նրան բանտ ուղարկելու»:

Հայաստանում այդպիսի պրակտիկա չկա: Դանիելյանի խոսքով` մեր մոտ զանցանք կատարելու դեպքում երեխային առաջարկվում է մեղքն ընդունել` փոխարենը դատի չտալու խոստումով: «Եվ հենց այդպես էլ լինում է,- ասում է նա,- արագացնում են, կես ժամանոց նիստ են անում, երեխային չեն էլ հարցաքննում, տալիս են պայմանական, որից հետո երեխան վերադառնում է նույն միջավայրը: Եվ եթե զանցանքը կրկնվեց, կրկնակի կդատապարտվի` մի հատ էլ նախորդ չնստածի համար»:

Իսկ Հայկ Խեմչյանն էլ նշում է խնդրի մեկ այլ կողմը՝ ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 30 եւ 93 հոդվածները չեն կիրառվում այն պատճառով, որովհետեւ չկան այն հաստատությունները, որոնք նախատեսված են ուսումնադաստիարակչական մեթոդներ կիրառելու համար:

Այս հոդվածները նախատեսում են պատժից ազատում՝ դաստիարակչական բնույթի մեթոդների կիրառմամբ: «Այդ պատճառով էլ ստիպված նշանակում են այլընտրանքային պատժատեսակներ կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատում»,- ասում է նա:

Հայաստանում անչափահաս անձանց կողմից տարեկան միջին կտրվածքով կատարվում է 500-550 հանցագործություն, իսկ Աբովյան ՔԿՀ-ում դատապարտյալների ու կալանավորների թիվը չի գերազանցում 50-ը:  

Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter