HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապահ մարմինները բռնաբարության գործը միահամուռ կերպով մտցնում են փակուղի

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժեց բռնաբարության գործով տուժող Հասմիկի՝ (անունը փոխված է) ընդդեմ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշման բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ Հասմիկը դիմել էր ՀՔԾ՝ բռնաբարության գործի նախաքննության ընթացքում քննիչների միակողմանի եւ շահագրգիռ մոտեցման վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար: Հատուկ քննչականը կատարել էր նախաքննություն եւ մերժել Հասմիկի պահանջը:

Նախորդ դատավարության ժամանակ Հասմիկի փաստաբանները ներկայացրին փաստարկներ, որ գործը քննող քննիչ Ա. Կավեյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել բռնաբարության մեջ կասկածվող Արմենի (անունը փոխված է) հետ: Արմենը մեքենայի եւ ավտոմասերի առքուվաճառքի ծառայություններ է մատուցել քննիչին, ինչի մասին վկայում են միմյանց ուղարկված sms հաղորդագրությունները:

Բողոքաբեր Հասմիկի փաստաբանները դատարանում հայտնել էին, որ ՀՔԾ վարույթում գործի քննության ժամանակ ՀՔԾ հատուկ կարեւորության գործերով քննիչ Արշալույս Մինասյանը չի փորձել ճշտել անգամ, թե որտեղից է 135.000-200.000 դրամ աշխատավարձ ստացող քննիչ Կավեյանը ձեռք բերել մոտ 8մլն. դրամ արժողության մեքենան՝ այն էլ բռնաբարության մեջ կասկածվողի օգնությամբ:

ՀՔԾ քննիչ Արշալույս Մինասյանը որպես հակափաստարկ ներկայացրել էր, որ քննիչ Կավեյանն ավտոմեքենան ձեռք է բերել բանկից վարկ վերցնելու միջոցով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժման որոշման մեջ նշել է, որ ՀՔԾ քննիչը կատարել է բազմակողմանի քննություն եւ ինքն է որոշել իր գործողությունների ծավալը: Հասմիկի փաստաբան Նոնա Գալստյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գործողությունների ծավալի մասին խոսք գնալ չի կարող, քանի որ ՀՔԾ քննիչն ընդհանրապես էական գործողություն չի կատարել. «Երբ քննիչ Արշալույս Մինասյանը նշում է, որ թանկարժեք ավտոմեքենան Կավեյանը ձեռք է բերել բանկից վարկ վերցնելու միջոցով, նա հիմնվում է միայն վերջինիս բացատրության վրա: Որեւէ փաստաթուղթ չկա բանկից, ինչը կհաստատի Կավեյանի բացատրության ճշմարտացիությունը: Այսինքն՝ հատուկ քննչականի քննիչը հիմնվել է միայն Կավեյանի եւ բռնաբարության մեջ կասկածվող Արմենի բացատրությունների վրա՝ համարելով այն ճշմարտություն եւ որոշման հիմք»,- ասում է Նոնա Գալստյանը:

Քննիչի եւ բռնաբարության մեջ կասկածվողի միմյանց ուղարկված մտերմիկ հաղորդագրությունները ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը հանցագործություն չեն համարում՝ նշելով, որ քննիչն անձնական շահագրգռվածություն չի ունեցել եւ եթե ունենար էլ, դա դեռ չի նշանակում, որ պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել:

Փաստաբան Նոնա Գալստյանը համարում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը խեղաթյուրում է փաստերը. «Դատարանն իր մերժման որոշման մեջ նշում է, թե նախորդ դատական նիստերի շրջանակներում տուժողի բերած փաստարկները մերժվել են եւ հաստատվել է, որ քննիչ Կավեյանի կայացրած որոշումը օրինական է եւ հիմնավոր: Դատարանն ուղղակի խեղաթյուրում է փաստերը, քանի որ բռնաբարության գործը քննել են 3 քննիչներ: Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները օրինական են համարել գործը քննած վերջին քննիչի՝ Մանուկյանի գործողությունները, իսկ Կավեյանի քննությունը, ճիշտ հակառակը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը համարել է միակողմանի եւ թերի»,- ասում է Նոնա Գալստյանը:

Արդար դատավարության պահանջով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դիմաց հավաքվել էին մի շարք քաղաքացիներ: «Անգործ ոստիկան՝ սեռական բռնության դեպքերի աճ», «Պահանջում ենք արդար դատավարություն», «Ոստիկանությունը պաշտպանում է բռնաբարողներին» գրություններով պաստառները մոտ 30 րոպե իրարանցում էին առաջացրել դատարանում:

Բողոքաբեր Հասմիկի փաստաբան Նոնա Գալստյանը նշեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել ՀՔԾ-ի դեմ բողոքի որոշումը ավելի բարձր ատյաններում, ինչպես նաեւ պատրաստվում են քննարկել բռնաբարության գործը կարճելու որոշման դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հեռանկարները:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Պիտի գործը դրան չհասներ: Նաեւ աղջկա դյուրահավատության ու, թող ներվի ասել՝ հիմարության պատճառով, բայց եղել, պրծել է արդեն: Հիմա ինչ պետք է պահանջել, դրամական փոխհատուցում, էդ անպետք տղային նստացնեն, թե զոռով ամուսնացնեն այդ աղջկա հետ? - իրոք դժվար հարցեր են!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter