HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հայկական ինքնության փնտրտուքներով՝ դեպի Սեբաստիա

«Քանի՞ հայ կա աշխարհում,- հարցնում է Ստամբուլի բնակիչ, իսլամադավան հայ Շերեֆ Քարթալն ու լսելով պատասխանն՝ ասում,- ես ու իմ ընտանիքն այդ 13 միլիոնի մեջ ենք»:

50-ամյա Շերեֆի ինքնությունը հայկական է. նա իրեն ու իր երկու որդիներին հայ է համարում, սակայն Ստամբուլում թաքցնում է իր հայ լինելը, մինչդեռ հարազատ Էզբիդար գյուղում բոլորն էլ գիտեն, որ Քարթալները թեպետ մահմեդական, սակայն հայ են:

«Ես գյավուր եմ, գյավուր հայ»,- կատակով ասում է Շերեֆի միջնեկ եղբայր Շենել Քարթալը՝ նկատի ունենալով, որ ինքն այդ բառին այլևս նշանակություն չի տալիս: Բայց այն, որ հայ լինելը մինչև հիմա էլ Թուրքիայի գավառներում վտանգավոր է, ակներև է դառնում հենց այն փաստից, երբ ինձ խնդրում են չասել ազգությունս, և ներկայացնում են որպես ամերիկացի լրագրող:

Աքընջըլարում եմ, Քարթալ եղբայրների հայրական գյուղում, որի հին անունն Էզբիդար է: Քարթալների համար իրենց գյուղը մինչև հիմա էլ Էզբիդար է, իսկ իրենք՝ Հայրապետների ժառանգորդները:

Հայրապետների տան սենյակներից

Էզբիդարը Սեբաստիայի՝ այժմ Աքընջըլար անունով 17 գավառակներից մեկն է, բաղկացած է 30 մանր ու մեծ գյուղերից: Շերեֆ Քարթալի հետ երկար ուղևորություն ենք կատարում Ստամբուլ-Սեբաստիա, ապա երթուղայինով՝ Սեբաստիայից մոտ 150 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած Աքընջըլար: Ճանապարհին, երբ մի պահ երթուղայինը կանգնում է, Շերեֆը, մատնացույց անելով գավառակների անունները կրող ցուցանակները, ասում է. «Սրանք բոլորը հայկական գյուղեր ու բնակավայրեր են»:

Միմյանց են հաջորդում Զարա, Գյուրուն, Իշխան, Սուշեհրի (Էնդերես), Եշիլ-Յայլա (Փյուրք) գավառակներն ու գյուղերը, որտեղ Ցեղասպանությունից առաջ հայկական բնակչությունը եղել է գերակշռող: Եղել են, ասում է Շերեֆը: Այժմ, սակայն, չեն, որովհետև բոլոր այդ գյուղերում և բնակավայրերում ոչինչ այլևս հայկական չէ, ու հայկական ներկայություն գտնելու համար պետք է «միկրոսկոպով զինվել»: Այդպիսի մի նշան Էզբիդարի տներից մեկի հիմքում ընկած հայերեն արձանագրություններով մի քար է: «Եկեղեցու քարերից մեկն է»,- ասում է Շենել Քարթալը:

Եկեղեցիներ, բնականաբար, չկան: Միակը Աքընջըլարից 15 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած Գյոլուջե գյուղում, հին անունը՝ Աբանա, ճակատագրի կամքով պահպանված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակներն են, որոնք վերածվել են աղբանոցի:

Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները

«Տուրիստ է, թուրքերեն չգիտի»,- դուրս եկած գյուղացիներին ինձ կարճ ներկայացնում է Շենելի ավագ որդի Յադիգյարը, մինչ կլուսանկարեի եկեղեցու կանգուն մնացած մի քանի պատերն ու խորանները:

Շերեֆ Քարթալի հետ ծանոթացա անցյալ տարի՝ իսլամացված հայերին նվիրված առաջին կոնֆերանսում, ու ծանոթացա նրա գերդաստանի պատմությանը: Իսլամացված հայերի մասին ուսումնասիրությունների համաձայն՝ Քարթալների ընտանիքը կարող է դասվել ծպտյալ հայերի շարքին:

Հայրապետների տան բակում

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր «Իսլամացված հայերի խնդրի շուրջ» աշխատությունում իսլամացված հայերին բաժանում է երկու խմբի՝ ծպտյալ հայեր, որոնք, թեկուզև քողարկված, սակայն ունեն հայկական ինքնագիտակցության որոշակի տոկոս և ձգտում են պահպանելով այն փոխանցել իրենց սերունդներին, և հայերի սերունդներ, որոնց նախնիները բռնի իսլամացվել են, նրանց գերակշիռ մասը գիտի իր հայկական ծագման մասին, սակայն ավելի քիչ են պահպանել ազգային-կրոնական սովորույթների տարրերը:

Շերեֆի համար շատ կարևոր է իր հայ լինելն ու հողը: Իրենց պատկանած հողը, որը Ցեղասպանության ժամանակ նրանցից խլել են, նրանք աստիճանաբար նորից հետ են գնում: Շրջակայքում պտտվելիս, մատնացույց անելով այս կամ այն դաշտը, Շերեֆը հպարտորեն նշում է, որ դրանք այժմ պատկանում են իր եղբորը: Շենելը համարվում է Աքընջըլարի թվով երրորդ ունևոր ընտանիքը, իսկ Հայրապետները ժամանակին նույնպես եղել են Էզբիդարի հարուստ ընտանիքներից մեկը:

«Այս հողը, այս դաշտերն իմ եղբորն են»,- այս կամ այն դաշտի կողքին մեքենան կանգնեցնելով ու իրենց ընտանեկան հողի հետնապատկերին շարունակաբար լուսանկարվելով` հպարտորեն նշում է Շերեֆը:

Քարթալ եղբայրներն իրենց պատկանող հողում

Հետո իրիկնանում է, ու գնում ենք Էզբիդարով պտտվելու: Աքընջըլարն այժմ մոտ 3000 բնակչություն ունեցող գյուղաքաղաք է, որը հեռավոր հայկական գյուղի հետ, որտեղ մոտ 100 տարի առաջ մարդկանց խարույկի վրա վառել ու կոտորել են, ոչ մի աղերս չունի: Շենելը պատմում է, որ գյուղի հայկական գերեզմանները չկան, ու դրանց տեղում տներ են կանգնած:

Աքընջըլարի կենտրոնական մասում գտնվում է միակ հայկական տունը՝ Եղիայի որդի Սեֆեր Հայրապետի տունը, որտեղ էլ ծնվել են նրա հինգ զավակները՝ երեք որդիներ Շերեֆը, Շենելն ու Շիրինն ու երկու դուստրերը: Այն դեռևս վստահ կանգնած է. փոքր, նեղլիկ ու ցածր առաստաղներով սենյակներ, խոհանոց և սանհանգույց, իսկ առաջին հարկում պատի մեջ փորված օջախն է, որի շուրջ նրանք հավաքվել ու լսել են իրենց գերդաստանի պատմությունը: Շենելը, սակայն, տան որոշ հատվածներ վերածել է պահեստի պես մի շինության, իսկ ինքը դրանից քիչ հեռու կառուցել է չորս հարկանի մի շենք, որի երեք հարկերը բնակարան են՝ նախատեսված իր երեք որդիների համար, իսկ առաջին հարկում էլ խանութ-պահեստ է:

Հայրապետների տան սենյակներից

Երկրորդ հարկում գտնվող բնակարանում, որտեղ ապրում է Յադիգյարը՝ կնոջ և երկու երեխաների հետ, իդեալական մաքրություն է. կոշիկները պետք է հանել հենց շքամուտքին, և տանը բոլորը ոտաբոբիկ են: Բոլոր իրերը դասավորված են թանգարանային խնամքով և ունեն իրենց ճշգրիտ տեղը:

Սկսում ենք զրուցել Հայաստանից, դեսից-դենից: Իմացածս կիսատ-պռատ թուրքերենով քիչ ու միչ պատմում եմ Հայաստանից, իսկ իրենք հարցնում են. Հայաստանում թուրքերեն իմացող աղջիկ կա՞: Շենելի երեք որդիներից միայն Յադիգյարն է ամուսնացած: «Մեր նման հույնի հետ»,- ասում է Շերեֆը: Նկատի ունի՝ մահմեդականացված հույնի: Շենելի երկու որդիներն ամուրի են, սակայն արդեն ամուսնանալու տարիքն է:

Շերեֆն ու Յադիգյարն իրենց հողում

«Կուզեի՞ր տղաներդ հայ հարս բերեին»,- հարցնում եմ, ու հոգսաշատ Շենելի դիմագծերը հեզտհետե բացվում են, ու փոքրիկ մի ժպիտ սրտի ներսից կամացուկ ծնվում ու տարածվում է դեմքին: Իսկ Շերեֆն անմիջապես վրա է բերում. «Հայ աղջի~կ, փահ»: Նկատի ունի՝ հայ աղջիկը մուրա՛զ է, մուրա՛զ: Սելիմը՝ Շենելի փոքր որդին, լուռ և երանելի ժպիտով համաձայնվում է:

Շենելն աչքերը շողացնելով հարցուփորձ է անում Հայաստանից, հայ աղջիկներից, մտածում է, թե հայ աղջիկն, ախր, իրենց գյուղը չի գա: Հետո էլ լեզվի հարց կա: Ասում եմ, որ Ցեղասպանությունից հետո Կարսի կողմից Գյումրվա ու Ախալքալաքի կողմերում հանգրվանած գյուղերում մեծերը մինչև հիմա թուրքերեն են խոսում, ու փոքրերն էլ քիչ ու միչ գիտեն:

Խոսակցությունն ընդհատվում է, երբ մոտենում է Շենելի աշխատողներից մեկը՝ ծնունդով Թոքաթից Ջեմալը, որը էքսկավատորով վարում է նրանց հողերը: Յադիգյարը, որ մինչ այդ աշխույժ զրուցում և ժպտալով քննարկում էր Հայաստանից հայ հարս ունենալու հնարավորությունները, իսկույն խոժոռվում է ու աչք-ունքով նշան անում, որ թեման փակեմ:

Անցնում ենք այլ խոսակցությունների, երբ պարզում եմ, որ խորովածի համար 7 կգ միս են գնել. գնում ենք Հայրապետների հայրական տան բակում խորոված կամ, ինչպես իրենք են ասում, «շիշ-քեբաբ» ուտելու: Ցածր սեղանի շուրջ, որի վրա աստիճանաբար լցվում են հաց, հյութեր, միրգ և պարզ ափսեներ, հավաքված են ընդամենը 5 տղամարդ. Շերեֆը, Շենելը, նրա երկու որդիները, Ջեմալն ու ես: Կանայք ու երեխաները Ստամբուլում էին: «Կգրես 5 տղամարդով 7 կգ միս կերան,- ծիծաղելով ասում է Շենելը,- բայց սա մենք չենք,- ավելացնում է,- Ջեմալը ջանավար է»:

Հայրապետների տան բակում

Ջեմալը բարեսիրտ արտաքինով ու ժպտերես անձնավորություն էր, Շենելի աշխատողը, սակայն նրա մոտ խուսափում են արտասանել անգամ հայ բառը, թեպետ Քարթալներն այս գյուղի միակ մարդիկ են, որոնք բացեիբաց ասում են, որ հայ են: Շենելն ասում է, որ իրենց գյուղում ևս մի քանի ընտանիքներ կան, որոնց մասին բոլորը գիտեն, որ հայեր են, սակայն իրենք կտրականապես ժխտում են իրենց հայ լինելու մասին լուրերը: Նրանք մզկիթներում ամեն օր աղոթում են: Շենելը, թեպետ մահմեդական է, սակայն մզկիթ չի գնում, ասում է, որ դա իրեն չի հետաքրքրում, ու դրա կարիքը չունի:

Եկեղեցու քար գյուղի բնակիչներից մեկի տան հիմքում

Քարթալների նման շրջակա գրեթե բոլոր գյուղերում ու գավառակներում էլ մեկ-երկու ընտանիքներ կան, որոնք ընդունում են իրենց հայ լինելն ու այդ մասին բացեիբաց ասում:

12 հազար բնակչություն ունեցող Զարայում ապրող դարբին Համբարես Քյումուրջյուն ևս հայ է, իր խոսքով՝ Զարայի միակ հայը: Նա պատմում է, որ Ցեղասպանությունից առաջ Զարայում շատ քիչ թուրքեր են եղել, բնակչության մեծամասնությունը հայեր են եղել, իսկ վաճառականներն ու արհեստավորները բոլորը հայեր են եղել, սակայն հիմա նրանք չկան:

Համբարես Քյումուրջյու

«Սակայն այստեղ բազմաթիվ ծպտյալ հայեր կան,- ասում է նա,- նրանց որդիները չգիտեն, որ իրենց ծնողները հայեր են, բայց ես գիտեմ, որ այսինչի հայրն ու պապը հայեր են եղել»: Համբարեսի երկու որդիների կանայք թուրքեր են: Ասում է, որ սիրել են ու սիրով են ամուսնացել, երրորդ որդին արդեն նշանված է, դարձյալ՝ թուրք հետ: Ինքն էլ արդեն երկու թոռ ունի՝ աղջիկ և տղա:

Սակայն ի տարբերություն Քարթալների՝ Համբարեսը նաև քրիստոնյա է, անձնագրում կրոնական պատկանելության մասում գրված է քրիստոնյա:

Արևմտյան Հայաստանի՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող բազմաթիվ հայկական ինքնություն ունեցող մարդկանց կենցաղն ու իրենց հայ լինել-չլինելու մասին մոտեցումներն հասկանալու համար խորը ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Կարճ ուղևորության ընթացքում հանդիպեցի մարդկանց, որոնց կարելի է դասակարգել չորս խմբի. մարդիկ, որոնք բացեիբաց ասում են, որ իրենք հայ են, և նրանց անձնագրում գրված է քրիստոնյա, մարդիկ, որոնք թեպետ մուսուլման են, սակայն իրենց հայ են զգում և կենցաղավարությունում պահպանում են հայկական որոշ ավանդույթներ, բայց կախված դեպքից և տեղից՝ թաքցնում են իրենց հայ լինելը, մարդիկ, որոնք կտրականապես ժխտում և թաքցնում են իրանց հայկական արմատները, թեպետ շրջապատում բոլորն էլ գիտեն, որ նրանք հայեր են, և մարդիկ, որոնք ունեն թուրքական ինքնություն, սակայն նրանց՝ հիմնականում տատերը եղել են հայեր:

Իմանալով, որ հայկական ինքությամբ մարդկանց եմ փնտրում, Սվասում ինձ մոտեցավ ծնունդով Կանգալ գավառակից 21-ամյա մի երիտասարդ՝ Սեզար Չոբանն ու ասաց, որ իր մայրական տատը հայ է եղել: «Իմ հայրը թուրք է,- ասում է նա,- իսկ երբ մայրս 4 տարեկան էր, նրա մայրը մահացել է, ու բոլորն ասում էին, որ նա հայ էր»:

Սեզարի ինքնությունը թուրքական է, սակայն իր խոսքով նա ներքին մտերմություն է զգում հայերի հետ: Նա ասում է, որ Կանգալում երկու հայ ընտանիք կա, որոնց հետ իր ընտանիքը շփվում է: «Սակայն այստեղ (նկատի ունի Սվասում, այսինքն՝ նահանգում) Ստամբուլի և Անկարայի նման չէ, ժողովրդավարություն չկա, ու մարդիկ թաքցնում են իրենց ով լինելը»,- ասում է նա:

Ստամբուլի միջազգային կազմակերպություններից մեկում աշխատող մի թուրք աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ, ասում է, որ իր մայրական տատի մասին հայտնի է, որ 13 տարեկան հասակում նրան տվել են թուրք ընտանիքի խնամակալությանը:

«Մայրս մի քանի տարի առաջ միայն սկսեց խորհել այդ մասին ու մեծ վիշտ է ապրում, թե ինչու, երբ տատս կենդանի էր, նրան երբեք չտվեց այդ հարցը, թե ինչ պատճառով են նրան տվել թուրք ընտանիքին»,- ասում է նա:

Նրա մայրը, որն արդեն մեծահասակ է, մի քանի տարի առաջ որդուն խնդրել է տանել իր մոր գյուղը, որտեղ նա եղել էր ընդամենը մեկ անգամ, իսկ որդին՝ երբեք: Խոսքն Արևմտյան Հայաստանում գտնվող Էրզնջան (Երզնկա) գավառի Քեմահ գավառակի, ներկայում` Յուջուբելեն կոչվող գյուղի մասին է, որի հին անունը եղել է Ուսքյուբուրթ: Նա պարզել էր, որ գյուղի հայկական անունը Ոսկեպար է:

«Մայրս գլխի էր ընկնում, որ իր մայրը հայ է, ու մենք գնացինք այնտեղ՝ հարց ու փորձ անելու և որոշ տեղեկություններ պարզելու,- պատմում է նա,- ոչ մի փաստական տվյալ, բնականաբար, չհաջողվեց գտնել, մենք զրուցեցինք մարդկանց հետ, եղան մարդիկ, որոնք ժխտեցին, թե այնտեղ հայեր են ապրել, սակայն եղան մարդիկ, որոնք ասացին, որ Ցեղասպանությունից (նա օգտագործում էր Ցեղասպանություն բառը) առաջ տեղի բնակչության մեծամասնությունը հայեր էին: Մենք այլևս երբեք չենք կարող պարզել, թե արդյո՞ք իսկապես տատս հայ է եղել, սակայն միակ ապացույցը, որով կարելի է ենթադրություն անել, այն է, որ մայրս պատմում է, երբ ինքը փոքր է եղել, տատս ձու է ներկել»:

Վաղ առավոտյան, մոլլայի ձայնից արթնանալով, խորհում եմ այս ամենի մասին, երբ Շերեֆը ձայն է տալիս, որ գնալու ժամանակն է: Անցնում ենք նորից կանաչ ու խնամված դաշտերի միջով: Շուտով Յադիգյարը զանգում է՝ ասելով, որ տանն եմ թողել ֆոտոապարատս: Մինչ նա կբերեր, կանգնած ենք Հայրապետներին պատկանող մի դաշտի եզրին:

«Այստեղ օդը շատ մաքուր ու ջինջ է,- ասում է Շերեֆը,- որովհետև այդ դաշտերում հայի հոգի է թևածում»:

Ճանապարհորդությունը դեպի Սեբաստիա հնարավոր է դարձել «Հրանտ Դինք» հիմնադրամի ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter