HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահում եք դուք, շահում է ո՞վ. «Շահող կտրոնի» գլուխկոտրուկը

Անի Հովհաննիսյան,
Մարինե Մադաթյան

«Հետքն» ամիսներ առաջ նամակ էր ստացել ընթերցողից, ով կասկած էր հայտնել, թե «Շահող կտրոն» վիճակախաղում անհավանական պատահականություններ են տեղի ունենում: «Լեհեմջյան Հովսեփ, Լեհեմջյան Հարություն. նույն ամսում ավտոմեքենա շահած երկու քաղաքացիներ: Համաձայնեք, բավական հազվադեպ հանդիպող ազգանուններ են: Ամեն դեպքում, փորձեցի ստուգել http://www.elections.am կայքում. Հայաստանում միակն են, գրանցված են նույն հասցեում, ամենայն հավանականությամբ` հայր և որդի: Երկուսն էլ Նոր տարուց առաջ ավտոմեքենա են շահել «Շահող կտրոնով»: Այսպիսի դեպքերում ասում են «Հավանականության տեսության հերն անիծեցիք…»»,- գրել էր մեր ընթերցողն իր նամակում:

«Հետքը» պարզեց, որ իրականում հայր և որդի Հովսեփ և Հարություն Լեհեմջյանները 2013թ. նոյեմբերին, մեկ օրվա տարբերությամբ գնում կատարելով «Արամ Առաքելյան Ա/Ձ»-ին պատկանող խանութից, շահել են մեկական ավտոմեքենա: Ընթերցողի նամակում շարադրվածը մեզ նույնպես անհավանական էր թվում, մինչև որ կարողացանք պարզել «հրաշքի» մեխանիզմը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքերն իրենց համար սովորական են: Եղել է նաև այնպիսի խաղարկություն, երբ նույն մարդը մեկ ամսում շահել է երկու ավտոմեքենա և երեք հեռախոս:

«Բացառիկ» պատմությունները պատճառ ունեն

Մինչև մանրամասնելը, թե ինչպես կարող էր Լեհեմջյանների կամ փոխնախարարի նշած քաղաքացու բախտը այսպես բերել, նախ ներկայացնենք շահող կտրոնի մեխանիզմը:

Ենթադրենք որևէ ամսում վիճակահանությամբ պարզված շահող հատուկ համարն է հետևյալ ութանիշ թիվը 12456785: Կառավարության 2011թ. 1563-Ն որոշմամբ` մեքենաներ կարող են շահել առաջին կամ վերջին նիշից սկսած 8, 7, 6, 5 թվերի համընկնմամբ, բայց գործարքի առավելագույն արժեք ունեցող ՀԴՄ կտրոնները: Այսինքն` շահող կարող են համարվել այն կտրոնները, որոնց դարձերեսին տպված թվում առկա է 12456785,1245678, 124567, 12456 հաջորդական թվերը և նույնը` հակառակ հաջորդականությամբ` 58765421,5876542, 587654, 58765: 

Նույն պատմությունն է ոչ միան փոքր շրջանառություն ունեցող ԱՁ-ների, այլ խոշոր հարկատուների դեպքում: Մենք խոսել ենք «Շահող կտրոն» վիճակախաղի 2013թ. մեքենա շահած 73 անձանց հետ՝ պատահական ընտրությամբ: Պարզվեց, որ 2013թ. ապրիլին 15 շահողներից 8-ը շահող կտրոնը ձեռք էին բերել «Սաս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող Կոմիտասի «Սաս» սուպերմարկետից, իսկ հուլիս ամսին՝ 15 ավտոմեքենաներից 9-ը շահել էին «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետի Զեյթունի մասնաճյուղից: Մնացած ամիսներին «Ալեքս Գրիգ»-ն ու «Երևան սիթի»-ն շահող կտրոն տրամադրելու հարցում նման ակտիվություն չեն ցուցաբերել: 

Create Infographics

Ինչպե՞ս է ստացվում, որ խոշոր հարկատուներ «Սաս գրուպն» ու «Ալեքս Գրիգը» տարվա մեջ ընդամենը մեկ ամիս տրամադրում են գրեթե նույն քանակի մեքենա շահող կտրոններ, իսկ մնացած ամիսներին՝ առավելագույնը մեկ-երկու կտրոն:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը մեր այս դիտարկման մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում: «Դա նշանակում է, որ «Սասը» կամ մյուս ընկերությունը` «Սիթին», պարզապես շահող ռուլոնը հերթական համարներով տվել է մի մասնաճյուղի։ Եթե ստացվի այնպես, որ մեկ ամսվա ընթացքում նույն խանութից հինգ հոգի շահեն, դա լրիվ օրինաչափ է։ Բնականաբար, եթե սուպերմարկետ է, օրինակ, սուպերմարկետում առևտրային հոսքերը, բնականաբար, ավելի շատ են, և ավելի շատ են կտրոններ տպվում, քան մնացած խանութներում: Բնականաբար, այդ տնտեսվարող սուբյեկտի մոտ շահումների հավանականությունը ավելի է մեծանում»,- ասում է Վախթանգ Միրումյանը: Վերջինիս հիմնավորմամբ՝ նույն խանութից մի քանի շահող կտրոն տրամադրելը ունի հետևյալ երկու հիմնական պատճառները.

  • Շահող ռուլոնը հայտնվում է կոնկրետ ընկերությունում:
  • Որքան մեծ է այդ ընկերության առեւտրաշրջանառությունը, այնքան շատ շահող կտրոն այն կարող է տրամադրել:

Վ. Միրումյանի այս հիմնավորումները անտրամաբանական են հետևյալ պատճառաբանությամբ.

  • Շահող ռուլոնին միևնույն ամսում կարող են տիրապետել մի քանի հարկատուներ: Ութանիշ թվից առաջ կա նաև տառային կոդ, որը տարբերակում է դնում ռուլոնների միջև: Օրինակ` 2013թ. հոկտեմբերին «Արգոլի» ՍՊԸ-ն իր գնորդին տրամադրել է մեքենա շահող ԱԿ 48348179 Թ կտրոնը, նույն ամսում «Կանաչ սար» ՍՊԸ-ն ԱԿ 48348179 Է շահող կտրոնը: Ինչպես տեսնում ենք, երկու տարբեր հարկատուների մոտ հայտնվել է նույն ութանիշ կոդը:
  • Եթե նույն ամսում միևնույն ընկերության կողմից տրամադրվում է 8-9 կտրոն, նշանակում է, որ նույն պատկերը պետք է կրկնվի նաև մյուս ամիսներին:

Սրանից կարելի՞ է ենթադրել, որ որոշ ամիսների խոշոր հարկատուներ «Սասն» ու «Սիթին» կարողանում են ճողոպրել եւ քիչ թվով կտրոններ են տրամադրում:

Օրեր առաջ ինքներս ականատես եղանք, որ խոշոր հարկատու «Սաս գրուպ» ՍՊԸ-ի Թումանյան 31-ի մասնաճյուղը կտրոն չի տրամադրում: Օգոստոսի 20-ին ժամը 00:07-ին 650 դրամ արժողությամբ գնում կատարելով «Սասի» վերոնշյալ մասնաճյուղից՝ մենք ստացանք հաշիվ ապրանքագրի կտրոնը՝ առանց ՀԴՄ կտրոնի: Աշխատակցուհին արդեն սպասարկում էր հաջորդ հաճախորդին, երբ խնդրեցինք տրամադրել նաեւ ՀԴՄ կտրոնը: «Անպայման»,- ասաց աշխատակցուհին եւ մեր գնման դիմաց տրամադրեց 8 րոպե առաջ տպված, 760 դրամ արժողության մեկ այլ գնման չշահած կտրոն:  

Արդյո՞ք «Սաս գրուպը» ռիսկի կենթարկեր իրեն, եթե որոշակի պայմանավորվածություն չունենար Պետեկամուտների կոմիտեի հետ:

2010-2012թթ. Պետեկամուտների կոմիտեն ավտոմեքենաների գնման պայմանագիր է կնքել «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ի հետ, որը ամսական 15 մեքենա է մատակարարել՝ որպես վիճակահանության պարգեւավճար: «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ն այս պահին ֆինանսական խնդիրներ ունի, փակվել է ավտոսրահը, սակայն սպասարկման կետն ու գրասենյակը գործում են: Ընկերության փոխտնօրեն Լեւոն Մելիքյանը «Հետքին» հայտնեց, որ ֆինանսական դժվարությունները որեւէ կապ չունեն «Շահող կտրոն» վիճակախաղի հետ:

Սակայն վիճակահանության մեքենաներ ՊԵԿ-ին մատակարարելը ոչ միայն արդյունավետ գործարք չի եղել նրանց համար, այլ ինչ-որ առումով վնասել է ընկերության բիզնես շահերին. «Սկզբում շատ ուրախացանք, որ մրցույթը շահեցինք, բայց հետո տխրեցինք, որովհետև դա ինչքան օգտակար էր, նույնքան էլ` վնասակար: Այդ մեքենաները, որոնք մեր մոտից պետք է վաճառեինք, հայտնվում էին այն մարդկանց ձեռքում, ում մեքենա պետք չէ: Իրենք մեքենան վաճառում են ավելի էժան գնով, քան կար իրականում: Այդպիսով մեր մեքենայի գինն էին գցում, նաեւ` այդ մեքենան մեր մոտից չէր վաճառվում, որովհետեւ շահողը նույն մեքենան վաճառում էր շատ ավելի էժան գնով: Այնպես որ, մենք չենք նեղվել երբեք, երբ չենք շահել տենդերը: Հասկացանք, որ դա դրական բան չէ, այլ բացասական է»,- ասաց «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լեւոն Մելիքյանը:

Մեքենա շահած 73 հոգու շրջանոմ կատարած մեր հարցման արդյունքում պարզվեց, որ նրանց ճնշող մեծամասնությունը վաճառել է մեքենան: Եղել է դեպք, երբ շուկայական 5 միլիոն դրամ արժողությամբ «Դեվու Նեքսիան» վաճառվել է 1,5 միլիոն դրամով: Թե ինչու այդքան էժան, մեր զրուցակիցը պատասխանում է. «Պարտքեր ունեինք»: «Դեվու Նեքսիա» մեքենայի վաճառքի առավելգույն գինը եղել է 3,5 միլիոն դրամ:

Շահում եք դուք, շահում է ո՞վ

Թե ինչն է ստիպում ՊԵԿ-ին շուրջ 3 տարի շարունակ ամսական 15 մեքենա նվիրել քաղաքացիներին, «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լեւոն Մելիքյանը պատասխանում է. «Մարդկանց հարկերի հաշվին ստացած եկամուտով են փակում: Ճիշտ է՝ Ֆինանսների նախարությունն ինչ-որ գումար տրամադրում է դրան, այսինքն՝ եթե մարդ գիտի, որ կարող է շահել, պահանջում է կտրոնը: Ինձ թվում է՝ մի քանի անգամ ավել գումար է մտել բյուջե, որի հաշվին էլ ամսական տասնհինգ մեքենան տալիս են»:



Վարչապետի կնոջ
սուպերմարկետը

ՀԴՄ կտրոն չի տրամադրում 

Պետական բյուջեից ՊԵԿ-ի հայտի համաձայն դուրս գրված գումարը, որը նախատեսված է պարգեւավճարներ տրամադրելու համար, ոչ բոլոր ամիսներին է ամբողջությամբ սպառվել: Կառավարության որոշմամբ ՊԵԿ-ն ունի «Բազային պարգեւավճարների հիմնադրամ», որտեղ էլ կուտակվում են չշահած պարգեւավճարները:Երբ ուսումնասիրում էինք 2013թ. մեքենա շահած անձանց ցուցակները, որոնցում առկա էին նաեւ շահող կտրոններ տրամադրած հարկատուների մասին տվյալներ, պարզվեց, որ դրանց մի մասն այժմ լուծարված է: Եւ այդ չգործող հարկատուների մեծ մասը փոքր շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերեր են: Նրանցից մեկը` «Մարատ Եղիազարյան» ԱՁ-ն, մեկ ամսում տրամադրել էր երեք շահող կտրոն: Թե ինչու է փակվել Մարատի մթերային խանութը, նա չցանկացավ մանրամասնել: «Պարտքեր եմ ունեցել»,- ասաց նա` ավելացնելով, թե որոշել է ուրիշ բիզնես սկսել:

«Բազային պարգեւավճարների հիմնադրամի» կուտակումների եւ հոսքերի մասին կգրենք մեր հաջորդ հրապարակման մեջ:

Շարունակությունը

Մեկնաբանություններ (2)

Nelly Karimyan
ինչպես է արվել ձեր կայքը որ հնարավոր չէ գտնել անցյալ ամսվա , այսինքն հոկտեմբեր ամսվա խաղարկված շահող թիվը : ինչու եք խաբում մարդկանց խառնաշփոթ բառերով:դիմերեսին դարձերեսին:ուղիղ մեկ ժամ կորցրեցի որ իմանամ հոկտեմբեր ամսվա խաղարկության արդյունքում հանված շահող թիվը , ավաղ , ոչ մի կերպ չգտա:
Karen
Ուղակի շշմեցուցիչ է այս հոդվածի հեղինակների՝ Անի Հովհաննիսյանի և Մարինե Մադաթյանի մտքի թռիչքը ու կասկածամտությունը ամեն ինչում, կարծես հենց նրանց է միայն հասու ընբռնելու պետության կողմից կազմակերպված հասարակ միջոցառման բուն էությունը: Իսկ նրանց, ինչպես նաև կայքի ցավը տանողների ու նրանց մտքի թռիչքով հիացողների քանակը ի ուրախություն ինձ նոսր են: Ձեր նմաններն են, որ ամեն օր գնումներ կատարելիս չեն պահանջում ՀԴՄ կտրոն, նույնիսկ ուշադրություն չեն դարձնում տրամադրված ՀԴՄ կտրոնի շահած լինելու հանգամանքի վրա ու հետո զարմանում են, թե ինչպես մեկ տնից կարող է երկու անձ մեքենա շահել, կարող եմ ասել տարբերակներց առաջինը այն է, որ Ձեզ տրամադրված և Ձեր կողմից առհամարված ՀԴՄ կտրոնը շահել է և Ձեր փոխարեն դրանք ներկայացրել հայր և որդի: Տարբերակ է չէ, հո դեմ չեք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter