HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը մտահոգված Կարեն Պետրոսյանի աճյունի հանձնումից

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Ադրբեջանի փոխվարչապետի «վճռական բողոքը», որի պատճառը օգոստոսի 8-ին Ադրբեջանում խոշտանգմամբ սպանված Կարեն Պետրոսյանի աճյունն ու տարիներ առաջ Բաքվի իշխանություններին ինքնակամ հանձնված 5-հոգանոց հայ ընտանիքին ԼՂՀ-ում ձերբակալված ադրբեջանցի 3 դիվերսանտի (մեկը՝ սպանված) դիմաց փոխանակելու «սակարկության» գործում «միջնորդական առաքելությունից» ԿԽՄԿ-ի փաստացի հրաժարումն էր, օգոստոսի 22-ին Ալիեւի վարչախմբի միակ նյարդային նոպան չէր: 

Դրանից ժամեր անց ադրբեջանական կայքերում հայտնվեց Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ կապված Կարեն Պետրոսյանի սպանության հանգամանքների հետաքննության ու նրա մարմնի հայրենադարձման պահանջով ԱՄՆ պետքարտուղարության ու Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունների հետ:

Բաքվին հատկապես մտահոգել էր այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկիր նշված միջադեպի կապակցությամբ եզակի անգամ խախտել են կողմերի միջեւ հավասարության սկզբունքը, մեղադրանք ու պահանջ ներկայացրել Ադրբեջանի իշխանություններին եւ վերջիններիս զրկել քարվաճառյան դիվերսանտներին «փոխանակությամբ» վերադարձնելու եւս մեկ հնարավորությունից: 

Մինսկի խմբի համանախագահող երկու երկրի պահանջն ու մեղադրանքը Բաքվին

Օգոստոսի 16-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան եւ այն պնդումների վերաբերյալ հաղորդագրություններով, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով»:

Անկեղծ ցավակցություններ հղելով Պետրոսյանի ընտանիքին, Վաշինգտոնը նշել էր. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անցկացնել դեպքի խոր եւ թափանցիկ հետաքննություն եւ հրապարակել արդյունքները: Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին իրենց պարտավորությունները ըստ միջազգային մարդասիրական օրենսդրության, հատկապես ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու հանձնառությունը: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին եւ թե՛ Ադրբեջանին երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը հակամարտության հետ կապված պատճառներով ձերբակալվածների եւ ազատազրկվածների մոտ»:

Իսկ օգոստոսի 21-ին էլ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը, պատասխանելով Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին, հայտարարել էր. «Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով: Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը եւ ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»:

Ուշագրավ են թե պաշտոնական Վաշինգտոնի, թե Փարիզի տեքստերում գործածված որակումները. նրանք երկուսն էլ «խորապես մտահոգված» կամ «խորապես ցնցված են» ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահվան փաստից, որը «ոչ բնական պատճառներ» ունի, ինչպես Վաշինգտոնն է ակնարկում: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկու երկրները նաեւ կոչ են անում «ամբողջովին լույս սփռել» ու «խորը եւ թափանցիկ» հետաքննել Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները, «հրապարակել արդյունքները», ինչպես նաեւ՝ պահանջում են «արագորեն վերադարձնել նրա մարմինը»: 

Թերեւս, սա չէր կարող հունից չհանել Ալիեւի վարչախմբին, ով այդ տեքստերում ոչ միայն տեսնում է գործված հանցագործության համար իրեն ուղղված մեղադրանքի սլաքը, այլ նաեւ զրկվում է Կարեն Պետրոսյանի մարմինը իր դիվերսանտների հետ փոխանակելու հնարավորությունից: Այսինքն, Բաքուն հասկանում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը արգելում են Պետրոսյանի աճյունի շուրջ սակարկելն ու այդ նպատակով այն պատանդ պահելը մինչեւ «Հայաստանի ՊՆ կընդունի ԿԽՄԿ-ի միջոցով Ադրբեջանի ՊՆ-ի արած առաջարկությունը»:

Ուշադրություն դարձնենք եւս մեկ հանգամանքի վրա: Որքան էլ ժամանակագրական առումով Բաքվում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը ծանոթ էին դեռեւս օգոստոսի 16-ին, իսկ Ֆրանսիայի ԱԳՆ պահանջին՝ օգոստոսի 21-ին, այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները օգոստոսի 22-ին նախընտրեցին առաջինը ոչ թե դրանց արձագանքել, այլ մի վերջին անգամ էլ փոխվարչապետի շուրթերով շարունակել Կարեն Պետրոսյանի մարմնի շուրջ սակարկությունը, որը, ինչպես նախորդ վերլուծության մեջ ենք նշել, միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ պահանջով պարտավոր են վերադարձնել առանց նախապայմանների:

Եվ միայն այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն տարածվածը անմիջապես «գռեհիկ ապատեղեկատվություն» որակեց ու հրաժարվեց «սակարկել», իսկ ԿԽՄԿ-ն էլ նույն  օրը հայտարարեց, որ ինքը նման սակարկությունների չի մասնակցում՝ Բաքվին վերստին բացատրելով միջազգային իրավունքի պահանջը, Ադրբեջանի ԱԳՆ-ն այս անգամ պոռթկաց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա:

Ալիեւն իր գեներալի համար մտահոգվելու լուրջ հիմքեր ունի

Բաքվի վախերը Կարեն Պետորսյանի աճյունի վերադարձի դեպքում միանգամայն հիմնավոր են, իսկ դիակի հանձնումը՝ իր համար լուրջ հետեւանքներով հղի, քանի որ միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, իրենց հայտարարություններով ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի հանրությանը, այլ նաեւ իրենց են համարել Պետրոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքների պահանջատեր ու հասցեատեր: Իսկ ՀՀ քաղաքացու աճյունի վերադարձնելուն անմիջապես հաջորդելու են փորձաքննություններ, չի բացառված նաեւ՝ միջազգային:

Այսպես, ՀՀ Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը չի բացառել, որ Ադրբեջանը փորձում է ձգձգել Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը, որպեսզի մարմնի վրայից բռնության հետքերը վերանան. «Ժամանակի ընթացքում հնարավոր է որոշ արտաքին նշաններ, հետքեր ավելի վատ տեսանելի կամ հայտնաբերման համար ավելի դժվար դարձնել, սակայն 21-րդ դարում ենք ապրում, վերջիվերջո ժամանակակից տեխնոլոգիաներ կան։ Մենք անցկացնելու ենք մեր դատաբժշկական փորձաքննությունները, ինչո՞ւ չէ՝ հարկ լինելու դեպքում նաեւ չեզոք կամ միջազգային դատաբժշկական փորձաքննություններ»:

Կապրիելյանը հիշեցրել է, թե ինչպես նախկինում գերեվարված ու հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջայանի դեպքում նշանակված փորձաքննությունները ցույց տվեցին, որ նա խոշտանգվել ու ծեծի է ենթարկվել, ծերունու մարմնում ներարկված է եղել դիզելային վառելիք, գլխի ծոծրակի հատվածում եղել են մահմեդականությունը խորհրդանշող կիսալուսնաձեւ դաջվածքներ:

Ի տարբերություն Մանվել Սարիբեկյանի, Մամիկոն Խոջայանի ու այլոց դեպքերի, Կարեն Պերոսյանի պարագայում միայն ադրբեջանական կողմի հրապարակած փաստերն ու տեղեկատվությունը բավարար է Ալիեւի վարչախմբի կատարած ոճրագործությունը վեր հանելու ու պատասխանատվության հարց բարձրացնելու համար:

Նախ, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերն են ի ցույց դնում Ալիեւի վարչախմբի կեղծիքը Կարեն Պետրոսյանի շուրջ «դիվերսանտի» կերպար ստեղծելու կապակցությամբ: Մինչ Ադրբեջանի ՊՆ-ն դրա վերաբերյալ հաղորդագրություն էր տարածում, այդ երկրի TTV տարածաշրջանային հեռուստաընկերությունը տեսանյութ հեռարձակեց (որն այժմ բացակայում է նրա կայքում, ենթադրաբար, իշխանությունների ցուցումով, թեպետ նույն տեսակադրերը լայնորեն տարածված են), ներկայացնելով, որ Կարեն Պետրոսյանը անզեն թակել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակիչներից մեկի դուռը, թեյ եւ ծխախոտ խնդրել. այդ մասին տեսավկայություն են տալիս հենց տանտիրուհին ու նրա որդին:

Այդտեղից էլ նրան ուղեկցել են գյուղի թեյարան, գարեջուր հյուրասիրել, Կարենը զրուցել է գյուղի բնակիչների հետ մինչ ազերի զինվորականների կողմից գերեվարվելը, ինչին, հանուն արդարության պետք է ասել, դիմադրում են գյուղի բնակիչները: Անգամ տեսանյութերում է ակնհայտ, որ գյուղացիների հարցերին պատասխանող Կարենը մարզական կոշիկներով է ու քաղաքացիական հագուստով:

Չնայած այդ վավերագրված փաստին, զինվորականների ձեռքն ընկնելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն զինատեսակների տպավորիչ արսենալ հրապարակեց` ինքնաձիգներ, նռնականետներ եւ այլ զենքեր ու հայկական դրոշ, որոնք իբր առգրավել են Կարեն Պետրոսյանի մոտից: Դրանք նույնությամբ կրկնում էին Քարվաճառում ձերբակալված Շահբազ Գուլիեի եւ Դիլհամ Ասկերովի մոտից առգրավվածը՝ դրոշով հանդերձ:

Իսկ Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութում Կարենը ոչ միայն «հայտնվեց» զինվորական բաճկոնով (որը հայկական զինված ուժերում չի գործածվում) ու կոշիկներով, այլեւ նվաստացված, բռնության ակնհայտ հետքերով: Ադրբեջանցի երկու հատուկջոկատայինների խոշտանգիչ մեթոդներից կքանստած Կարենը «հավանություն է տալիս» իր՝ դիվեսանտ լինելու, դիվերսիոն խմբի անդամ լինելու ու դիվերսիոն նպատակներով Ադրբեջան ներթափանցելու մասին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Թելման օղլի Աքպերովի հարցերին:

Տեսանյութում ոչ միայն ակնհայտ է ադրբեջանցի զինվորականների հակասպայական ու հակամարդկային պահվածքը, այլեւ Կարեն Պետրոսյանի համար նրանց ստեղծված ֆիզիկական-հոգեբանական ահաբեկման ու խոշտանգման իրավիճակը: Եվ ահա հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե Կարեն Պետրոսյանը «ըստ նախնական տեղեկությունների, հանկարծակի մահացել է սիրտ-անոթային սուր անբավարարությունից», իսկ մահվան պատճառները «պարզվում են դատաբժշկական փորձաքննության Գյանջայի տարածաշրջանային կենտրոնում»:

Օգոստոսի 11-ին, ՌԴ նախագահ Վ.Պուտինի հովանու ներքո Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատասխանելով Կարեն Պետրոսյանի վերաբերյալ հարցին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասներ պատմեց ՌԴ նախագահի ներկայությամբ Ալիեւի հետ այդ առնչությամբ ունեցած զրույցից. «Բոլոր դեպքերում այդ մահը ադրբեջանցիների խղճի վրա է, եւ այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ եւ մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»»:

Սերժ Սարգսյանը եւս մեկ հայտարարություն արեց նույն հարցազրույցում, որին Բաքվում վստահաբար հետեւել են, եւ որը վերաբերում է հրադադարի ռեժիմի ու սահմանային միջադեպերի հետաքննությանը, բացահայտմանն ու կանխարգելմանը, որոնց մեջ մտնում է նաեւ Կարեն Պետրոսյանի ողբերգական դեպքը. «Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձեւավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում եւ դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք»:

Երեւանը չպետք է կորցնի պահը եւ հնարավորությունը. Ռովշան Աքպերովը շարքային հանցագործ է

Եթե հայկական կողմը հետեւողականություն ցուցաբերի Կարեն Պետրոսյանի դեպքի կապակցությամբ, ապա Իլհամ Ալիեւը հարկադրված կլինի զոհաբերել իր գեներալ Ռովշան Թելման օղլի Աքպերովին, ով տեսանյութերով արդեն իսկ «անմահացել» է որպես Կարենի խոշտանգումների ուղղակի կազմակերպիչ: Ի վերջո, դրանից զատ, այդ ողբերգական գիշերը Կարեն Պետրոսյանը պահվել եւ սպանվել է նրա անմիջական հսկողության ներքո:

Ռովշան Աքպերովի անունը ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Ուկրաինայում ու ՄԻԵԴ որոշումներում նունպես հոլովվում է այլ ծանր հանցագործությունների հետ կապված: Մասնավորապես, 2001 թ. Կիեւում ուսանելիս նա սպանել է ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւին եւ անպատիժ է մնացել Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւի շնորհիվ, ով նրան նաեւ շնորհել է հերոսի կոչում:

Նրա անունը կապվում է նաեւ ադրբեջանցի զինվորների օրգանների վաճառքի հետ կապված պատմություններում: Ալիեւների ժառանգական իշխանության կողմից լավագույնս հովանավորվելու դրսեւորումներից է այն, որ Ռովշան Աքպերովը Հեյդար Ալիեւի կողմից «ազգային հերոս» կոչումը ստացած ամենարիտասարդ զինվորականն է: Սրանով թերեւս ամեն ինչ ասված է այդ վարչախմբի համար Աքպերովի արժեքի մասին:

Կարեն Պետրոսյանի հանդեպ նրա հանձնարարությամբ կատարվածը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի բազում սկզբունքների ու կոնվենցիաների խախտում է, այլեւ պատերազմի հանցագործություն: Որքան էլ միջազգային դատարաններում ղարաբաղյան հակամարտության հետ կապված պատերազմի հանցագործություններ չեն քննվել, այս մեկն իր բնույթով այդպիսին լինելով, «քաղաքացիական է»:

Այդ հանցագործության հետ կապված լրջագույն քննությունը կարող է ավելի հեռուն տանել, քանի որ Ռովշան Աքպերովը ինքնագլուխ եւ միանձնյա չէ սպանել ՀՀ քաղաքացուն: Խնդիրն այն է, որ Կարեն Պետրոսյանին «դիվերսանտ» ներկայացնելուց հետո նույն Բաքուն հարկադրված էր նրան արագ վերացնել, որպեսզի թե ադրբեջանական հասարակության, թե միջազգային հանրության առջեւ չխայտառակվի (որ Կարեն Պետրոսյանը ոչ միայն դիվերասանտ չէ, այլեւ մտավոր թերզարգացման որոշակի խնդիրներ ունեցող, մոլորված մեկն է), իսկ նրա աճյունն էլ հնարավոր լինի փոխանակել սեփական դիվերսանտների հետ:

Սեփական դիվերսանտներին «հայրենադարձելու» տարբեր փորձերում ձախողվելուց հետո Բաքվի համար կատարյալ պատուհաս է դարձել Կարեն Պետրոսյանի աճյունը: Այն հանձնելուց հետո հայկական կողմի փորձաքննությունն ու միջազգային հանրության պահանջած հետաքննությունը սպառնում են կատարելապես ավարտուն տեսք հաղորդել Ռովշան Աքպերովի, եթե ոչ նաեւ այլոց դեմ քրեական գործի ապացույցների բազային:  

Հայաստանը չպետք է բավարարվի սոսկ «միջադեպի» մասին իրականությունը միջազգային հանրությանը հասցնելով, ինչպես հայտարարել է Հայաստանի նախագահը: Երեւանը պարտավոր է Կարեն Պետրոսյանի սպանության գործով ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հասնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից դրա դատապարտմանը, ԵԽԽՎ-ում դրա կապակցությամբ բանաձեւերի ընդունմանը: Հատկապես՝ երբ վերջերս այդ կառույցի կողմից դատապարտվեց Ռամիլ Սաֆարովի՝ միջազգային իրավունքին հակասող արտահանձնումը, Բաքվում Ալիեւի կողմից նրան ներում շնորհելը, հերոսացնելը:

Թերեւս հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսող Բաքվի պաշտոնական քաղաքականության հաջորդ դրսեւորումը Կարեն Պետրոսյանի սպանությունն էր, եւ այն մեծագույն զուգահեռ ունի Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ տակավին շարունակվող հենց այդ նույն պաշտոնական քաղաքականության համատեքստում: Այդպիսի բանաձեւերի ընդունումը առավել մեծ արժեք կունենան նաեւ այն պատճառով, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկիրն Ադրբեջանն է:

Դրանից բացի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, օրերս նաեւ Ռուսաստանը, որի հայտարարությանը դեռ կանդրադառնանք) պահանջատեր են դարձել Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների հետաքննության գործում, պետք է հասնել ԵԱՀԿ-ում հետաքննության մարմնի ձեւավորմանը: Այն ոչ միայն անհրաժեշտություն է ճշմարտությունը միջազգայնորեն բացահայտելու, հանցագործին պատժելու տեսանկյունից, այլեւ լուրջ լծակ կդառնա Ալիեւի վարքագծի վրա ազդելու, նրա արակածախնդիր նոր մտահղացումները կանխարգելելու առումով: Կարծես թե այս հանգամանքը հրաշալի հասկանում են նաեւ Վաշինգտոնում ու Փարիզում, որի արդյունքը այդ հարցով պարիտետի խախտումն է

Զոհասեղանին ոչ միայն ադրբեջանական բանակի գեներալի գլուխն է դրված, այլեւ՝ Ալիեւի վարչախմբի ստեղծած մի շարք «արժեքներ».  (1) ադրբեջանցի սպայի «պատիվը», երբ անհերքելի ու ապացուցված կդառնա, թե ինչպես են նրանք վերաբերում ռազմագերիների, պատանդների հետ. Երեւանից ու Ստեփանակերտից նրա հրապարակային նվաստացումները բավարար չեն, (2) ադրբեջանական բանակի հերոսի կերպարը, որի համար բավարար է կամ գիշերով քնած հայ սպա սպանել՝ ինչպես Ռամիլ Սաֆարովը, կամ դիվերսոն գործողությամբ հասնել հայկական խրամատ ու այնտեղ ոչնչանալ՝ ինչպես Մուբարիզ Իբրահիմովը, կամ սպանել մոլորված, մտավոր խնդիր ունեցող հայ գերուն՝ ինչպես Ռովշան Աքպերովը. նրանք երեքն էլ «ազգային հերոս» են Ադրբեջանում, (3) Բաքվի պրոպագանդան «դիվերսանտ» վնասազերծելու ադրբեջանական բանակի կարողության մասին, (4) Ալիեւի կողմից խրախուսվող հայասպանության եւ հայատյացության քաղաքականությունը, երբ ադրբեջանցի զինվորականները կհամոզվեն, որ Ռովշան Աքպերովի նման մի օր իրենք էլ անպաշտպան կլինեն ու «ալիեւյան տանիքը եւ թիկունքը» բավարար չի լինի:

Վերստին ընդգծենք, որ Ռովշան Աքպերովը հայր եւ որդի Ալիեւների սիրելի, նրանց հովանավորչությունը վայելող բարձրաստիճան սպաներից է, ում անունը պարբերաբար շրջանառվում է որպես հնարավոր պաշտպանության նախարար: Ուստի Երեւանը եւ Ստեփանակերտը հավուր պատշաճի պետք է գնահատեն թիրախի իրական արժեքը ոչ միայն Ալիեւի, այլեւ հայկական երկու կողմերի համար:

Բաքվում էլ գիտակցում են, թե ինչով կարող է ավարտվել այս պատմությունն իր համար, որը հենց իր իսկ լրատվամիջոցների օգնությամբ արձանագրվել, վավերագրվել է: Ոչ միայն Ադրբեջանի օգոստոսյան արկածախնդրության ու դրա հետեւանքների՝ հայկական կողմի համամետությամբ տասը անգամ ավել շատ մարդկային կորուստներ տալն ու այդ օրերին ադրբեջանական գյուղերում տիրած խուճապը, այլ նաեւ Կարեն Պետրոսյանի հետ կապվածը անաչառ լուսաբանելը չափազանց լուրջ մտահոգել է Բաքվին: Ի վերջո՝ առաջինը ԶԼՄ-ները բացահայտեցին Ադրբեջանի ՊՆ կեղծիքը Կարեն Պետրոսյանի՝ դիվերսանտ չլինելու մասին:

Ադրբեջանում այդ նկատելի մտահոգության հետեւանքն է այն, որ օգոստոսի 14-ին Բաքվում կայացած «Արդի իրավիճակը եւ ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը» թեմայով կոնֆերանսի ժամանակ գնդապետ Աբդուլա Գուրբանին եւ Միլի մեջլիսի պատգամավոր Խանհուսեյն Քյազիմլին դժհգոհեցին, թե ի տարբերություն առաջնագծում, սահմանամերձ տարածքներում եւ բանակում տիրող «մարտական բարձր ոգու, որից հայերը վախենում են», Ադրբեջանում «ռազմական լրագրության մակարդակը ցածր է, եւ պաշտպանության նախարարությանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ թրեյնինգներ կսկսի»:

Սակայն, հասկանալի է, որ ոչ բոլոր լրատվամիջոցները կհամաձայնեն աշխատել Ադրբեջանի ՊՆ ինստրուկտաժով: Ուստի, Ալիեւի վարչախումբը նրանց լռեցնելու համար պատրաստվում է դիմել նաեւ այլ քայլերի: Օգոստոսի 23-ին իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության, Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Սիավուշ Նովրուզովը ավետեց, որ հնարավոր է տուգանքներ ու պատիժներ սահմանվեն այն ԶԼՄ-ների հանդեպ, ովքեր ոչ ճիշտ տեղեկություն են տարածում երկրի անվտանգության եւ բանակի մասին, եւ այդ առնչությամբ ինքը աշնանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա:

Նա դրա պատճառ է համարել այն, որ վերջին ժամանակներս առանձին ԶԼՄ-ներ ոչ հավաստի տեղեկություններ են տարածում Ադրբեջանի բանակի ու անվտանգության մասին, եւ «առանց ստուգելու տեղեկությունների տարածման այդ ձեւը» թե անհանգստացնում է հարազատներին, թե նաեւ ապատեղեկացնում է հասարակությանը. «Ընդհանրապես աշխարհի երկրներում ցանկացած տեղեկատվություն բանակի մասին պետք է ճշգրտվի, կամ էլ պետք է հղում կատարել պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը: Առանձին դեպքերում դա լուրջ իրավախախտում է համարվում: Այդ տեսակետից համարում եմ, որ քանի որ Ադրբեջանը գտնվում է պատերազմի վիճակում, որեւէ լրատվամիջոցի կողմից բանակի կամ անվտանգության մասին չստուգված տեղեկատվության տրամադրումը անթույլատրելի է»:

Միջազգային խորհրդարանական ձեւաչափերում ու կառույցներում Հայաստանը պետք է հստակ դարձնի, որ Ադրբեջանի իշխող կուսակցության այս մտադրությունը ոչ միայն ազատ խոսքի ու տեղեկատվության ազատ տարածման ակնհայտ սահմանափակում է, այլեւ ուղղակի առնչություն ունի Ադրբեջանի օգոստոսյան լայնամասշտաբ սադրանքի եւ Կարեն Պետրոսյանի ողբերգական դեպքի անաչառ լուսաբանման հետ: Ի վերջո, Բաքուն գիտակցում է, որ Պետրոսյանի մարմինը վաղ թե ուշ հանձնելու է, փորձաքննություններն անխուսափելի են, եւ այդ կերպ արդեն նախապատրաստվում է դրա արդյունքները սեփական հասարակությունից թաքցնելուն

Իսկ ՀՀ քաղքացու աճյունի հետ կապված պատմությունը լավագույնս լակմուսի թղթի դեր է կատարում՝ ի ցույց դնելու թե Բաքվի վախերը, թե իրադարձության կարեւորությունը նրա համար: Դրա անհերքելի ապացույցը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեմ: Այն աննախադեպ է ու կատակների շարքից չէ, նաեւ ցույց է տալիս Արեւմուտք/ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերությունների լարվածության ներկայիս պիկային մակարդակը: Իսկ դրան կանդրադառնանք առանձին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter