HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գլենդել հիլզի» կառուցածը փլվում է գյումրեցիների գլխին

Մուշ - 2 թաղամասում «Գլենդել հիլզ» կազմակերպության կառուցած բազմաբնակարաններում արձանագրվող փլուզումները  վերածվել են օրինաչափության: Բնակիչների մեծ մասը վախով է շրջում բնակարանում, առավել եւս վախով անցկացնում գիշերները՝ սպասելով առաստաղի գահավիժմանը: Թիվ 17 շենքի 25 բնակարանի 80-ամյա բնակչուհի Հրաչուհի Առաքելյանի համար օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը մղձավանջային էր: Ծեր կինն արթնացել էր տարօրինակ ձայներից եւ առաջին միտքն եղել էր , թե հավանաբար երկրաշարժ է:

«Խշխշոցի, ճաքելու նման ձեներ առա, ըսի վայթե երկրաշարժ է: Ուզեցա տեղիցս ելնեի, օր լույսը վառեի, էն էլ չհասցրեցի: Վերեւից էդ ծանդր բաները թափան վրես, գոռացի աղջկաս, թե Սուսան, Սուսան հըլը արի տես ի՞նչ էղավ»,- պատմում է Հրաչուհի տատը: Նա ցույց է տալիս մեկ շաբաթ առաջ փլուզված առաստաղի բեկորներից վնասված թեւն ու ուսի հատվածը:

Կեսգիշերն անց մայր ու աղջիկ հայտնաբերել են մեկ սենյականոց բնակարանի բնակելի հատվածի առաստաղի մասնակի փլուզում: Բեկորներից տուժել էր միայն տանտիրուհին, աղջիկը քնած էր եղել խոհանոցում: Սթրեսից բարձրացել էր ծեր կնոջ ճնշումը, աղջիկը՝ Սուսաննան, շտապօգնություն էր կանչել, այնուհետեւ Հրաչուհի տատին տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն՝ համոզվելու, որ կոտրվածքներ չունի:

Առաստաղի վերանորոգման ծախսերը հոգալու պարտականություն շինարարությունն իրականացրած կազմակերպությունն այլեւս չունի: Որոշակի օգնություն ծեր կնոջը ցուցաբերել է «Կարին» համատիրությունը՝ տրամադրելով 4 պարկ շինանյութ: 35 հազար դրամ թոշակով ապրող ծեր կնոջ բնակարանի վերանորոգման մյուս ծախսերը ստիպված է հոգալ աղջիկը: Ացելության պահին առաստաղն արդեն ամբողջությամբ վերանորոգված էր: «Ճիշտ է մի մասն էր փլուզվել, բայց վերանորոգելու համար շինարարը ստիպված էր լրիվ քանդել, օր նորից սարքեր»,- ասում է Սուսաննան:

Հրաչուհի Առաքելյանը երկրաշարժին կորցրել է երեք սենյականոց բնակարան: Երկու աղջիկները ամուսնացել եւ դուրս են եկել հայրական տան գրանցումից: Արդյունքում՝  Առաքելյան ամուսինները երկրաշարժից 22 տարի անց ստացել էին մեկ սենյականոց բնակարան: Սուսաննան ասում է, որ բնակարան տեղափոխվելու օրվանից իր ծնողները բախվել են բազմաթիվ խնդիրների՝ պատերի խոնավություն, զուգարանակոնքի անսարքություն եւ այլն: Մեկ տարի շարունակ փորձել են ի հայտ եկած թերությունները վերացնել «Գլենդել հիլզ»-ի աշխատակիցների միջոցով, սակայն ապարդյուն:

«Ոչ եկան, ոչ տեսանք, էդքան էլ ընկանք հետեւներից, բայց հեչ մեկը չեկավ, օր մե բանմ սարքեին էս տան մեջ»,- ասում է Հրաչուհի տատը: Հարեւանների խորհրդով միջանցքի պատը ծակել են, որ հավաքված ջուրը դուրս գա:

Առաջին հարկում գտնվող բնակարանում տիրող մշտական խոնավությունը հաղթահարելու համար ձմռան ամիսներին որոշել էին չխնայել գազն ու ամիսը մինչեւ 40 հազար ջեռուցման դիմաց վճարելու գնով չորացնել պատերը:

«Ըսին, օր տունը լավ տաքցնեք, էդ խոնավությունը կքաշվի: Ըշտը չորնալուց հետո էլ բլավ գլխներիս,- եզրակացնում է Սուսաննան,- թե օր ըսպես բդի սարքեին, թող մենակ չորս պատը տային, մնացածն էլ մենք էնեինք, գոնե կիմանայինք նամուսով գործ ենք էրել: Բայց դե ըստեղ սվաղի կամ ռեմոնտի հարցը չէ, շենքն իրանով թերություններով է սարքած»:

Նույն մուտքի 4-րդ հարկի 35 բնակարանում եւս առաստաղի փլուզում արձանագրվել էր, միան թե երեք տարի առաջ: Տանտիրուհին՝ տիկին Թամարան համաձայնեց պարզապես զրուցել՝ ասելով, որ չի ցանկանում հիշել այդ օրերը, իրենց վախերը, վերանորոգման աշխատանքների հետ կապված քաշքշուկները: Նա միայն նշեց, որ դեպքը տեղի էր ունեցել իրենց բնակարան տեղափոխվելուց 3 ամիս անց՝ հունվարի 28-ին: Փլվել էր երկսենյականոց բնակարանի հյուրասենյակի առաստաղը: Երբ վերանորոգման համար քանդել էին ամբողջը, տեսել էին, որ ծածկ ծառայող պանելները անհավասար են տեղադրված:

«Էդ եղած տարբերությունը ծածկելու համար տնաշեններն էնքան գաջ էին լցել, օր հետո ծանրությունից ու խոնավությունից չդիմացավ, բլավ գլխներիս»,- նկատեց տիկին Թամարան: Այն ժամանակ թերությունները վերացրել են «Գլենդել հիլզ» կազմակերպության տրամադրած շինանյութով, որն անորակ է եղել: Գրանցվել է կրկնակի փլուզում: «Ստիպված նորից դիմեցինք, նորից շինանյութ տրամադրեցին, երկու անգամ ռեմոնտ ենք էրել, բայց հմի արդեն էլի թեթեւ ճաքեր կնկատեմ»,-ասաց զրուցակիցս՝ կատակով նշելով, թե հարազատներն ովքեր փոքր երեխա ունեն, խուսափում են իրենց տուն գալ. «Էս տների մեջ ինչի ձեռք կուդաս՝ կպոկվի, հեչ մե բանմ նորմալ էրած չէ, դռան բռնակը քիչմ ուժեղ սղմիր կմնա ձեռքիդ մեջ, բաղնիքի կռանտը քիչմ ուժեղ փակիր՝ պատից պոկվի, կընգնի վար, ո՞ր մեկն ըսեմ»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բառիս բուն իմաստով խայտառակություն ու հանցագործություն: «Գլենդել հիլզը» հանցագործ կազմակերպությու՞ն է: Հայաստանում միայն 100 դոլարանոց գործերի մարդկանց են բռնու՞մ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter