HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Մեդովկա. նախկինում մալականներով բնակեցված գյուղում մնացել է 5 ընտանիք

Նրանք այժմ նաև օղի են խմում և խոզի միս ուտում. նրանց հայրենիքը Հայաստանն է:

«Երբ քեռիս ասաց, թե հետ եմ ուզում վերադառնալ հայրենիք, ես հարցրի, թե ոնց եմ ախր քեզ թաղելու,- ժպտալով ասում է 57-ամյա Միխայիլ Վասիլևիչը,- նա էլ ասաց, թե դու հայավարի թաղիր, մենք էնտեղ Աստծու հետ մի բան կանենք: Ու այդպես էլ արեցի, և նույնիսկ իր զոքանչին էլ կողքն եմ թաղել, և Աստված, ինչպես հասկացա՝ ընդունեց, քանի որ հետ չեն եկել»:

Նրանք մալականներն են, որոնք տոնելով ուղղափառ եկեղեցու բոլոր տոները, այդուհանդերձ, չեն մկրտվում և չեն ընդունում Աստծո և մարդկանց միջև մարդկային միջնորդությունը: Ծիսական արարողությունները սահմանափակվում են նրանով, որ ժամանակ առ ժամանակ հավաքվում են ինչ-որ մեկի տանը, որտեղ բավականաչափ տեղ կա, հետո իրենց միջից ավագը Աստվածաշունչ է կարդում, մնացած մեծերը օրհնում են:

«Ինչի՞ համար է տերտերը, եթե կա Աստված,- հարցնում է Միխայիլ Վասիլևիչն ու ինքն էլ պատասխանում,- տերտերն իմ գործած մեղքը չի կարող ներել, իմ մեղքն իմ մեղքն է»:

Մալականները թաղման ծիսակարգ ունեն, որի ժամանակ հատուկ տեսակի լապշա են սարքում, մսով բորշ, ինքնաեռով եփած կոմպոտ և այլն: Սեղանին օղի կամ գինի չի դրվում. մալականները ոգելից խմիչքներ չեն օգտագործում:

«Բայց դա առաջ էր, մեր գյուղի ավագը՝ Պավել Գրիգորևիչ Վոլկովը, որ 90 տարեկանում մահացավ, ասում էր, որ եթե մարդու բերանը մի բանը գնում է՝ մեղք չէ, մեղք է դրանից դուրս եկածը»,- կատակում է Միխայիլը՝ նկատի ունենալով վիրավորական խոսքերը:

Մալականների անվան առաջացման հետ կապված մի քանի մեկնաբանություն կա, որից ամենատարածվածն այն է, որ նրանք պասի օրերին կաթ և կաթնամթերք են գործածել, որն արգելվում է պասի ժամանակ:

Տաշիր քաղաքից 6 կմ հեռավորությամբ գտնվող Մեդովկայում այսօր ապրում են ընդամենը 5 մալական ընտանիքներ, որոնցից մեկն էլ Միխայիլի ընտանիքն է: Նրա դուստրը նոր է ավարտում դպրոցը, և Մեդովկայի մալականների վերջին երիտասարդ շառավիղն է. մնացածները տարեց մարդիկ են, որոնք չկարողացան թողնել գյուղը:

Միխայիլի համար Մեդովկան իր հայրենիքն է, ասում է, որ, ի տարբերություն շատ ազգակիցների ու բարեկամների, չի ցանկանում գնալ:

«Երբ ես գնում էի մերոնց մոտ՝ Ուկրաինա, բոլոր գնացածների աչքերում կարոտ էի տեսնում հայրենիքի հանդեպ, իսկ այնտեղ ինձ հայ էին ասում,- պատմում է նա,- Մենք արդեն ծանր տարիներն անցել ենք (նկատի ունի 90-ականները), ինչ վատ բան որ լինելու էր՝ եղավ, էլ ինչու գնամ: Իմ եղբայրը Գուդաուտայում է ու կանչում է, բայց ոչ այնտեղ եմ ուզում գնալ, ոչ էլ Ուկրաինա»

Մալականները հնադավաններ են, ռուս էթնիկական մի խումբ, որ Ցարական Ռուսաստանում մշտապես հետապնդվել և աքսորվել են տարբեր վայրեր՝ համարվելով «հերձվածողներ», քանի որ մերժում են եկեղեցու մշակույթը: Այս խմբի մեջ մտնում են նաև դուխոբորները, իսկ իրենք մալականները՝ նույնպես բաժանված են տարբեր ենթախմբերի՝ մալական-թռչկոտողներ, մալական-շաբաթականներ և այլն:

Միխայիլը

Միխայիլն այս հարցում ունի իր մոտեցումը: «Սա եկեղեցու ու պետության միջև գործող մի մաֆիա է, որ իրար միացան ու կարգեր սահմանեցին,- մեկնաբանում է նա,- բոլոր այս խմբերը՝ ստարավերը, մալականն ու դուխոբորը, թե ուղղափառն ամեն մեկն իր համար մեկնաբանություն ունի, այնինչ Աստվածաշունչը մեկն է»:

Մալականները Կովկաս են եկել 19-րդ դարի սկզբին, երբ Ցարական Ռուսաստանը սկսեց հաստատվել այստեղ: Նրանք Կովկասում բնակեցվեցին 1830-ականներից հետո՝ Նիկոլայ Առաջին ցարի հրամանով, և իրենց ունեցվածքով հաստատվեցին Հայաստանի լեռնային շրջաններում, ինչպես նաև Վրաստանում, Ադրբեջանում և Արևմտյան Հայաստանի՝ Կարս, Էրզրում նահանգներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանք Կարսից տեղահանվեցին:

Միխայիլն ասում է, որ Կալինինոյի շրջանի՝ այժմ Տաշիր, հինգ գյուղերը՝ Սարատովկա, Նովոսելցովո, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Բլագադարնոյե, մալականներին է հատկացրել Կովկասի կառավարիչ Վորոնցովը: Ի դեպ, Տաշիրը նախկինում կոչվել է Վորոնցովկա, և մինչև հիմա էլ գյուղի մեծերը խոսակցության մեջ օգտագործում են Վորոնցովկա անվանումը: Լոռու շրջանում՝ այս գյուղերից բացի՝ մալականի գյուղեր են նաև  Պետրովկան, Պուշկինոն, Սարատովկան և Ֆիոլետովոն:

«Մալականները հետո աշխատեցին ու Վորոնցովին վճարեցին այդ հողի գինը, որպեսզի այն լինի իրենց սեփականությունը,- հպարտորեն նշում է Միխայիլը,- այնպես որ, այս հողը, որի վրա մենք գտնվում ենք՝ մալականների հող է»:

Մեդովկայի բնակիչները նշում են, որ նախկին Մեդովկան այսօրվա Մեդովկայից շատ է տարբերվում: Այն այսօրվա տեսքով ոչնչով չի տարբերվում մեկ այլ հայկական գյուղից, մինչդեռ ժամանակին շատ խնամված և մաքուր է եղել:

«Մալականների համար էսթետիկ տեսքը շատ կարևոր է, ես հիշում եմ փայտե տնակները, որոնց շուրջը ծաղիկներով շրջափակված պարտեզներ էին, ու փողոցներն էլ շատ մաքուր ու սիրուն էին,- ասում է Անահիտ Սահակյանը,- հետո նրանք երեկոները շատ էին սիրում զբոսնել ու գարմոշկա էին նվագում, ինձ էլ հրավիրում էին, որ մասնակցեի»: Անահիտ Սահակյանը Մեդովկա գյուղի նախկին բնակիչներից է, ապրում է Երևանում, ամառները միշտ գալիս է գյուղ:

Միխայիլը պատմում է, որ 50-ականներին Մեդովկայում և հարակից մալականների գյուղերում ոչ մի հայ և ադրբեջանցի չի եղել, դրանք ունեցել են միասեռ մալական բնակչություն, սակայն հետո տարբեր հանգամքների բերումով եկել են 2-3 հայ և մոտ 10-15 ադրբեջանցի ընտանքիներ: Վերջիններս  70-ականների վերջում բավական շատացել են:

«Թուրքերը 80-ականների մոտ արդեն զբաղեցնում էին շրջանի մոտ 30 տոկոսը,- հիշում է  Միխայիլը,- այստեղ ադրբեջանական դպրոց կար ու ադրբեջանական մանկապարտեզ, նրանք շատ արագ էին տարածվում, ու եթե ղարաբաղյան շարժումը չլիներ՝ մի տասը տարուց էս կողմերը ադրբեջանցիները հայերին կբնաջնջեին»:

80-ականների վերջերին ադրբեջանցիները գյուղից գնացել են. նրանք իրենց տները վաճառել են, Միխայիլի խոսքով, կոլխոզը բոլորին էլ վճարել է: «Հետո ժամանեց Ադրբեջանի հավաքականը»,- ժպտալով ասում է նա՝ նկատի ունենալով Ադրբեջանի հայ փախստականներին: Մեդովկա եկել են մի քանի ընտանիքներ Բաքվից, իսկ հիմնականում՝ Շամքորի շրջանի Բադա գյուղից:

Միխայիլը շատ է սիրում կատակել ու խոսել քաղաքականությունից, ասում է, որ Թուրքիայի կազմավորման համար մեծ նշանակություն է ունեցել 1917թ. հեղափոխությունը:

«Եթե չլիներ հեղափոխությունն ու Լենին պապին, ապա թուրքերը մինչև հիմա դեռ բաշմակների մեջ կլինեին»,- ասում է նա՝ չհիմնավորելով, թե ինչու:

Հետո սկսվեց մալականների արտագաղթը, որը, Միխայիլի խոսքով, սկիզբ էր առել դեռևս 80-ականների սկզբից, սակայն գորբաչյովյան ռեֆորմներից հետո սկսեցին ավելի շատ գնալ: Մինչ այդ՝ գնում Ռուսաստանում սովորում և հետ էին գալիս. ասում են գյուղացիները:

Անահիտ Սահակյանը պատմում է, որ մալականները գյուղն սկսեցին լքել 2002-2003թթ. ակսած, երբ փակվեց դպրոցի ռուսական սեկտորը: «Դրանից նրանք վախեցան, ներքին տագնապ կար ու սկսեցին տեղափոխվել,- ասում է նա,- բայց մեծերը շատ ծանր էին տանում ու չէին ուզում գնալ»:

Գյուղի դպրոցի շենքը, ի դեպ, փլվել է, ու դասերն այժմ անում են մանկապարտեզում, ինչպես նաև կցված դոմիկներում: Գյուղում գրադարան չկա, դպրոցի շատ աղքատիկ գրադարանում ոչ մի հայ հեղինակ չկա, որովհետև դպրոցը նախկինում ռուսական է եղել:

Մեդովկայի փողոցներով քայլելիս երեխա չես հանդիպի, թեպետ գյուղական վայրերում երեխաները պետք է, որ բակերում խաղան: Երբ Անահիտը Երևանից երկու երեխաների հետ ամռանը գալիս է գյուղ, իրենց հարևանի տղան՝ Էրիկը խաղընկերներ է ունենում, իսկ սեպտեմբերի 1-ից հետո Էրիկը մնում է մենակ:

Մեդովկա համայքնի կազմում ըդնգրկված է նաեւ Կրուգլայա Շիշկա գյուղը:  Ըստ Վիճակագրական վարչության տվյալների, այս համայնքի բնակչությունը կազմում  է 458 մարդ, սակայն բնակիչներն ասում են, որ այնտեղ փաստացի ապրում է 224 մարդ:

Համայնքում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և խոտհարքով: Միխայիլն Արմավիրում է սովորել, մասնագիտությամբ մեղվաբույծ է, սակայն խորհրդային տարիներին տարբեր գործեր է արել, այժմ, սակայն, զբաղվում է անասնապահությամբ. 4 կով ունի, երկու խոզ և հավեր, ինչպես նաև՝ 11 մեղվի փեթակ:

Ամսական մեկ կով կթելն արժե 4000 դրամ, խոտի մեկ՝ 20 կգ կապը՝ 1000 դրամ, իսկ մեկ կովը ձմեռվա ընթացքում՝ մոտ 6 ամիս, ուտում է 2.5-3 տոննա խոտ, խոտհունձն էլ փողով է:

«Ծերը ծերին հազիվ են հասցնում,- ասում է դպրոցի ուսուցչուհի Անահիտ Հովսեփյանը,- Տարվա մեջ երկու անգամ ենք էքսկուրսիա անում՝ ասենք Գառնի-Գեղարդ կամ Եղեռնի հուշահամալիր, բայց դպրոցի 53 աշակերտից ընդամենը 8-9 հոգին են կարողանում մասնակցել»:

Կրուգլայա Շիշկայի երեխաները հաճախում են Մեդովկայի դպրոց, թեպետ նախկինում այնտեղ դպրոց եղել է: Հովսեփյանի խոսքով՝ դեռ մինչև 4-5 տարի առաջ էլ այնտեղ տարրական դասարան եղել է:

«Բայց դա էլ փակվեց, ու բոլորը գալիս են մեր մոտ, իսկ ով էլ հնարավորություն ունի՝ Լեռնահովիտ»,- ասում է նա:

Լեռնահովիտը Սամվել և Կարեն Կարապետյանենրի գյուղն է, որին տեղացիներն անվանում են Եվրահովիտ: Գյուղի դպրոցը պալատի տեսք ունի, իսկ փողոցներն էլ շատ մաքուր ու հարթ ասֆալտած են:

Կարապետյանը սեպտեմբերի 1-ին շրջանի բոլոր առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով պայուսակներ է բաժանում, Նոր տարուն՝ չիր ու չամիչով կուլոկներ, իսկ իր գյուղում՝ «Եվրահովիտում», պարապ մարդ չկա, քանի որ Կարապետյանն իր գյուղի ժողովրդին տանում է իր բիզնեսներում աշխատեցնելու:

Անահիտի ասած «ծերը ծերին հասցնող» Մեդովկայի ժողովուրդը, սակայն, տարօրինակ մոտեցում ունի որոշակի աշխատանքների նկատմամբ: Գյուղապետի եղբայր, ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանի ֆերմայում, որտեղ պահվում է մոտ 200 կով, բնակիչներից ոչ ոք կով չի կթում: Ու շրջակա գյուղերից անտուն և գործ չունեցող մարդկանց հրավիրում են ֆերմայում աշխատելու՝ առաջարկելով մնալ այն տներում, որտեղ ոչ ոք չի բնակվում ու ամսական էլ 120 հազար դրամ աշխատավարձ են վճարում:

«Իրենց համար էլ կողքից անասուն են պահում, ու ստացվեց, որ դրանով ապրում են»,- ասում է Հովսեփյանը:

Գյուղի չոբանը նույնպես գյուղից չէ, թեպետ բավականին փող է վաստակում. մեկ կովը մեկ ամիս արածեցնելու համար 3000 դրամ են վճարում չոբանին, իսկ գյուղում մոտ 200 կով կա, ստացվում է, որ հովիվը կես տարի՝ ամսական 600 հազար դրամ գումար է վաստակում:

«Ստեփանավանից են բերել, տուն տեղ չուներ, փոխարենն ուներ  կնիկ ու 3 երեխա, էստեղ տուն են տվել, լույսն ու վարձերը մուծում ա ու էստեղ էլ ապրում ա,- ասում է Հովսեփյանը,- բայց չոբանության վատն էլ էն ա, որ կովը սատկում ա՝ մնում ա չոբանի վրա, անցյալ տարի երեք կով մնաց խեղճի վրա, ամեն կովն էլ 1000 դոլար է»:

Անահիտը մանրամասնում է, որ խորհրդային տարիներին  Մեդովկայում չոբանությունն ու կթվորությունը արել են ադրբեջանցիները, ու տեղացիներն այդ գործը չեն արել. գյուղում մինչև հիմա այդ գործերը համարվում են ամոթալի:

«Աղքատ ու հպարտ են. գյուղի տղամարդիկ կգնան Ռուսաստանում ինչ գործ ասես՝ չեն անի, բայց իրենց գյուղում չոբանություն չեն անի,- բացատրում է Հովսեփյանը,- ոնց որ մի տեսակ հպատակային գործ լինի, ոնց որ մեկի ծառան. այդպես է ընկալվում: Բայց, օրինակ, Սարչապետը մոնոէթնիկ գյուղ է եղել ու տեղացիներն են այդ գործերն արել, օրինակ, իմ սկեսրայրը չոբան եղել է»:

Գյուղի մի ծայրին գերեզմանոցն է՝ ցանկապատված ու ծառերով շրջափակված: Այն շատ մաքուր է ու խոտով առատ: Մեդովկան լքած մալականները, ժամանակ առ ժամանակ գալիս են, ինչպես իրենք են անվանում՝ «հայրենիք», որովհետև, բացի ամեն ինչից, նրանց ընտանեկան գերեզմաններն այստեղ են:

Երբեմնի մալականի գյուղից մնացել է միայն գյուղի ծայրին՝ դեպի Լեռնահովիտ տանող ճանապարհի սաղարթաշատ ծառուղին, որից այն կողմ արդեն սարերն են. Բլուկ և Լոք սարերը, որոնց մեջտեղում Կարճադոշն է: Ասում են՝ նրանք քույրեր և եղբայր են եղել, որոնց աքսորել են այս կողմերը, և նրանք դարձել են սարեր:

«Բլուկն ու Լոքը աղջիկներ են,- պատմում է Անահիտ Հովսեփյանը,- նրանք երկու քույրերով մեջտեղ են արել Կարճադոշ եղբորը, որպեսզի իրենց ձեռքը միշտ եղբոր գլխին լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter