HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգ նախագահի խորհրդականին, կամ Մովսիսյանին սպասելիս

Այսօր «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողները առավոտյան ժամը 10-ին իրենց 11 ամիսների աշխատավարձի պահանջով բողոքի երթ էին կազմակերպել դեպի Լոռու մարզպետարան: Երթի մասին նախապես տեղեկացված Վանաձորի ոստիկանությունը գործարանի բակում փորձել էր խանգառել քիմպրոմցիների երթը: «Բայց մենք մնացինք անդրդվելի»,- ասաց «Քիմպրոմի» ամոնիակի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:

Աշխատողներին գործարանին հարող փողոցում սպասում էին ոստիկանների այլ խմբեր, ովքեր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Կարապետյանի ղեկավարությամբ սկսեցին երթի մասնակիցների նկատմամբ կիրառել ճնշումներ` պարտադրելով մարդկանց քայլել անանցանելի մայթով, որը դժավարեցնում երթի ընթացքը: Ոստիկանները սկսեցին հատուկ աշխատանքներ տանել գործարանի առանձին աշխատողների հետ: «Մենք հասարակական կարգ ենք պաշտպանում»,- «Հետքին» փորձեց բացատրել ոստիկանության վարչության պետի տեղակալը: Իսկ աշխատողները հասարակական կարգ չէին խախտում:

Լրագրողների ճնշմամբ ոստիկանները անցան իրենց օրինական պարտականությունների կատարմանը: Աշխատողները քայլեցին մինչև Լոռու մարզպետարան: Պարզվեց՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը աշխատավայրում չէ առողջական խնդիրների պատճառով: «Քիմպրոմի» աշխատակից Հովիկ Ստեփանյանը հեռախոսով մարզպետին տեղեկացրեց երթի և իրենց պահանջների մասին:

Մարզպետը երթի ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հեռախոսահամարը: Հովիկ Ստեփանյանը զանգահարեց նախագահի խորհրդականին. ««Քիմպրոմի» հարյուրավոր աշխատողներ հիմա հավաքված են Լոռու մարզպետարանի առաջ, ես Ձեզ հետ խոսում եմ ժողովրդի անունից, եթե ուզում եք մարդիկ հիմա կարող են գոռալ: Պահանջում ենք, որ հիմա Դուք գաք Վանաձոր: Աշխատողները հիմա դուրս են եկել երթի և պատրաստ են նույնիսկ անօրինական քայլերի: Հիմա մենք ուղղակի պահանջում ենք, որ Դուք գաք Վանաձոր և հանդիպեք մեզ հետ»,- Արմեն Մովսիսյանին հայտնեց Հովիկ Ստեփանյանը: Նախագահի խորհրդականը Հովիկ Ստեփանյանին խնդրեց աշխատողներին փոխանցել, որ եկող շաբաթ նրանց կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ: Քիմպրոմցիները չընդունեցին Ա. Մովսիսյանի առաջարկը և կրկին պահանջեցին, որ նա գա Վանաձոր և հանդիպի իրենց հետ: «Պարոն Մովսիսյան, մեր պահանջը ինձ թվում է հասկացաք, խնդրում ենք 2 ժամվա ընթացքում լինեք Վանաձորում»,- ասաց Հովիկ Ստեփանյանը: Արմեն Մովսիսյանը համառորեն պնդեց, որ այսօր չի կարող գալ Վանաձոր:


«Արմեն Մովսիսյանը անընդհատ մեզ խոստանում է աշխատավարձ: Ինչու՞ չի վարչապետը կամ պրեզիդենտը խոստանում: Հետևությունը թողնում եմ Ձեզ»,- նկատեց Հովիկ Ստեփանյանը: «Այսինքն՝ ենթադրում եք, որ «Քիմպրոմի» սեփականատերը Արմեն Մովսիսյանն է»,- հարցրի Հովիկին: «Հիմնական սեփականատեր չենք կարող կոչել, բայց այն, որ ինքը փայ ունի, դա 100 տոկոս է»,- բացատրեց Հրաչիկ Մարտիրոսյանը: «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար եղած ժամանակ Արմեն Մովսիսյանը կարողանում էր նախարարությունից փող հանել և մեր աշխատավարձը տալ: Երբ նախարարի պաշտոնից հանեցին, փողերի դոստուպը վերջացավ, էլ չկա»,- ասաց գործարանի աշխատակից Կարեն Շեկոյանը:


Քիմպրոմցիների մոտ նաև շրջանառվում էր, որ գործարանի գլխավոր սեփականատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Արմեն Մովսիսյանը ընդամենը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի դերում է: Երթի մասնակիցները որպես բողոքի նշան 5 անգամ պտույտ կատարեցի մարզպետարանի մերձակա հրապարակով: Ապա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հեռախոսով նրանց տեղեկացրեց, որ վաղը կեսօրին Արմեն Մովսիսյանը Վանաձորում կրկին կհանդիպի քիմպրոմցիների հետ: Քիմպրոմցիները որոշեցին վաղը` սեպտեմբերի 12-ին՝ ժամը 2-ին, կրկին հավաքվել Լոռու մարզպետարանի բակում` Արմեն Մովսիսյանին հանդիպելու ակնկալիքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter