HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ յուրացնելու մեղադրանք` «Սիսիանի լրատուի» տնօրենին, Սիսիանի քաղաքապետին ու նրա աշխատակազմին

2012թ.-ին Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Դրանց հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) քրեական գործ էր հարուցվել այն ժամանակվա համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ եւ վերջինս ազատազրկվել էր երեք տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալն ազատվել է պատիժը կրելուց: Անփոփոխ է մնացել որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում Աշոտ Գրիգորյանից հօգուտ տուժողի 11 մլն 250 հազար դրամ բռնագանձման մասին դատարանի որոշումը:

Նույն հսկողության արդյունքներով 2014թ. մայիս-հունիս ամիսներին «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով քրեական գործ է հարուցվել լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի նկատմամբ:

Աղասի Հակոբջանյան

Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի  քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Ընդ որում, ըստ նախաքննության, վերջիններիս արարքը գնահատելիս նշվում է, որ պատշաճ չի կատարվել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս, իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի աշխատակիցների դեմ քրեական գործը հարուցված է  այն հիմքով, որ  կեղծվել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար:

Նշված քրեական գործով առաջին դատական նիստը, որը նշանակված էր օգոստոսի 8-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, հետաձգվել էր դատավորի հիվանդության պատճառով: Սեպտեմբերի 5-ին նշանակված երկրորդ դատական նիստը, որը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սիսիանի նստավայրում, հետաձգվել է քաղաքապետ Ա. Հակոբջանյանի եւ մյուս մեղադրյալների՝ պաշտպան ունենալու եւ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու միջնորդությամբ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին՝  Կապանում (ընդդատության կարգով դատաքննությունը պետք է տեղի ունենա Սիսիանում):

Արմեն Հովակիմյան

2014թ. օգոստոսի 26-ին Սիսիանի լրատու ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանը, ում դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, դիմում բողոք  է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ իր նկատմամբ ակնհայտ, ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին: Դիմումում Արմեն Հովակիմյանը մասնավորապես նշել է, որ շուրջ 20 տարի է լրագրող է աշխատում եւ այդ տարիներին բարեխղճորեն կատարել է իր մասնագիտական պարտականությունները:

2008թ.-ից նա աշխատում է որպես Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն, միաժամանակ իրականացնում է ստեղծագործական աշխատանք: Ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ 2011թ. մարտի 18-ին, ապա նաեւ դեկտեմբերի 29-ին կնքվել է 6 մլն 950 հազար դրամ ընդհանուր արժեքով «Սիսիանի քաղաքային համայնքի կարիքների համար լրատվական ծառայության ձեռքբերման» վերաբերյալ երկու պայմանագիր, որոնցով ընկերությունը պարտավորվել է 2011-2012թթ. ընթացքում Սիսիանի քաղաքապետարանին մատուցել ծառայություններ՝ տպագրել 500-ական օրինակ  տպաքանակով, ընդհանուր 22.000 տպագիր մամուլ ծավալով թերթ, ինչպես նաեւ պատրաստել հեռուստահաղորդումներ:

Մինչեւ պայմանագրերի կնքումը ընկերությունը 2011թ. հունվար-փետրվար ամիսներին շարունակել է իր աշխատանքները: Ըստ Արմեն Հովակիմյանի` այս ընթացքում բազմիցս բանավոր դիմել են հիմնադրին՝ պայմանագրերի կնքման գործընթացն արագացնելու համար,  եւ 2011թ.-ի մարտի 18-ին «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի եւ Սիսիանի քաղաքապետարանի միջեւ կնքվել է ՍՄՍՔ-ԾՔԲ-1/2 գնման պայմանագիրը՝ վերոնշյալ պարտականություններով: Պայմանագրով 2011թ. Սիսիանի լրատու ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնելու համար յուրաքանչյուր եռամսյակ բաշխվել է հավասարաչափ 4 եռամսյակների միջեւ՝ 763.750 դրամ յուրաքանչյուրի համար:

Ընկերությունը մարտ ամսին ստանալով նշված գումարը, վճարումներ է կատարել նաեւ նախորդ 2 ամիսներին իրականացրած աշխատանքների, այդ թվում նաեւ փետրվարին հրատարակված 3 տպագիր մամուլ ծավալով թերթի տպագրության համար,  ինչը, սակայն նախաքննական մարմինը որպես կատարված աշխատանք (մատուցված ծառայություն) չի համարել, նշելով, որ «թերթը նախընտրական է եւ չի բխում համայնքի շահերից»: Արդյունքում` հիմնադրից ստացված գումարը, ինչպես նաեւ ընկերության այդ ընթացքում ստացված այլ եկմուտները` 180 հազար դրամ (գովազդ, բաժանորդագրություն), դարձել են «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով  քրեական գործի հիմք:

Գլխավոր դատախազին գրված դիմումում «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրենն իր մտահոգությունն է հայտնում այն մասին, որ նախաքննական մարմինը պայմանագրային պարտավորությունների թերի կատարման մեջ անտեսում է հեռուստահաղորդումների պայմանագիրը եւ որեւէ կերպ չի հիմնավորվում այն հանգամանքը, որ որպես մատուցված ծառայություն չի համարում օգոստոսի 27-ին տպագրված # 7/245 համարի թերթը: «Որքան էլ հիմնավորվում է, թե թերթը նախընտրական է եւ չի բխում համայնքի շահերից» անհասկանալի է, քանի որ բացի այն, որ թերթում ոչ միայն նախընտրական» այլեւ համայնքային խնդիրներին վերաբերող այլ նյութեր են ընդգրկված, ընկերության եւ պատվիրատուի միջեւ եղած  պայմանագրում նշված չէ, որ չեն կարող մասնակցել քաղաքական արշավների, հրատարակել քարոզչական նյութեր, ինչպես նաեւ հնարավոր չէ չհաշվարկել սույն համարի հրատարակման համար ներդրված խմբագրակազմի աշխատանքը: Բացի այդ, 2012թ.-ին պայմանագրով նախատեսված 500 օրինակ 2 տպագիր մամուլ ծավալի փոխարեն քաղաքապետարանի պատվերով գունավոր հրատարակվել են կրկնակի տպաքանակով համարներ, որոնց համար սակայն, ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորում չի ստացել:

Քրեական գործում առկա փասթաթղթեր կեղծելու մեղադրանքի առթիվ Ա. Հովակիմյանը նշում է, որ հանձնման-ընդունման արձանագրությունները ոչ թե կեղծվել են գումար հափշտակելու նպատակով, այլ պայմանագրին համապատասխան են ձեւակերպվել: «Եթե կա բացթողում, ուրեմն երկկողմանի բացթողում է: Ես հանձնել եմ, քաղաքապետարանն ընդունել է»,- նշված է նամակում: Ըստ նամակագրի, իրեն խարդախության մեջ մեղադրելն անհիմն է, քանի որ ստացված ֆինանսական միջոցներն օգտագործվել են ընկերության կարիքները հոգալու համար եւ չկան ապացույցներ, որ գումարներ հափշտակելու դիտավորություն է ունեցել:

Գլխավոր դատախազին հղված նամակում Արմեն Հովակիմյանն անդրադարձել է նաեւ 1963թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից թիվ 4 արձանագրության 1-ին հոդվածին, որին միացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որում մասնավորապես սահմանված է.  «Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որեւէ պարտավորություն»: Բացի այդ, ըստ նրա «Մասնավոր շահերի պաշտպանությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է կատարվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական եւ քաղաքացիադատավարական միջոցներով։ Տվյալ պարագայում քաղաքապետարանի եւ ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի պայմանների  պաշտպանությունն ստանձնել է դատախազությունը եւ դա կատարվում է  ամենածայրահեղ դրսեւորումներով»,- ասվում է նամակում:

Սեպտեմբերի 5-ին վերոնշյալ նամակը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Դ. Մելքոնյանը վերահասցեագրել է Սյունիքի մարզային դատախազությանը: «Ձեր քննարկմանն ենք ուղարկում ՀՀ գլխավոր դատախազին հասեագրված թիվ 51102913 քր գործով մեղադրյալ Արմեն հովակիմյանի դիմումը՝ ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրեն անհիմն մեղադրանք առաջադրելու, իր արարքում խարդախության հանցակազմի հատկանիշների բացակայության եւ այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Արդյունքների մասին խնդրում եմ հայտնել դիմումատուին»:

Մեկնաբանություններ (3)

Larisa
Արմեն Հովակիմյանը իմ ճանաչած ամենաազնիվ մարդն է. առաջադրված մեղադրանքը ուղղակի անհեթեթություն է: Դա կհաստատի ցանկացած մեկը, ով երբևէ շփվել է նրա հետ:
Հայկ
օֆշորում խոշոր չափի դոլլարներ են, սրանցը խոշոր չափի դրամ է: վաղը կզեկուցեն, որ խոշոր հափշտակումներ են բացահայտել:
Սուսաննա
Բա որ 1,2 միլիոնը խոշոր չափերի յուրացում ա, բա էն օֆշորներով ֆռռացող գումարներին ինչ են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter