HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Վերադարձ. հայացք Հայաստանին դրսի աչքերով

29-ամյա Հայկ Աբգարյանը ցանկանում է մինչև տարեվերջ տեղափոխվել Հայաստան: Նա փոքր տարիքում՝ ծնողների հետ մեկնել է Մոսկվա, որից հետո՝ 1990թ. էլ Փարիզ: 

«Ես զգում եմ, որ շատ հայեր են վերադառնում ու ընկերներիս մոտ այդպիսի տրամադրություններ կան, ու ես էլ եմ ուզում գամ այստեղ»,- ասում է Հայկը: 

Երիտասարդը ցանկանում է Հայաստանում եկեղեցի կառուցելուց և պարզապես բարոգերծություն անելուց բացի, ինչ-որ բիզնեսներ հիմնվեն, որպեսզի տնտեսությունը զարգանա: «Ես միշտ էլ կարող եմ հետ գնալ Ֆրանսիա կամ Ռուսաստան, դա իմ համար խնդիր չէ,- ասում է նա,- բայց կուզեի գալ Հայաստան»: 

Հայաստանը՝ լինելով աշխարահասփյուռ հայության հայրենիքը, միշտ էլ ձգում է մեր հայրենակիցներին, սակայն նրանցից շատերն այստեղ գալով և տեղական իրականությանը բախվելով՝ շատ արագ հիասթափվում և հետ են գնում՝ չվերադառնալու հաստատակամ մտադրությամբ: 

Բացի սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերից, որոնք, հանրության շրջանակներում տարբեր բացասական արձագանքներ են առաջացնում, մոտ երկու տարի առաջ 12 սփյուռքահայեր և հայրենադարձներ որոշեցին ստեղծել մի պլատֆորմ, որի նպատակն է խրախուսել հայրենադարձությունը: 

Վարդան Մարաշլյան

«RepatArmenia» ՀԿ գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն ասում է, որ կազմակերպություն ստեղծելու միտքը ծագել է այն բանից հետո, երբ իրենցից շատերը, ժամանակին հետ գալով Հայաստան և փորձելով ինքնուրույն հաստատվել այստեղ, բազմաթիվ փորձությունների առջև են կանգնել, և շատերն են ընկրկել ու հետ գնացել: 

«Մենք տեսնում ենք, որ փոքր ծավալով, սակայն ներգաղթ կա, որը տարբեր ոլորտների զարգացման համար շատ կարևոր պրոցես է, ու այդ մարդիկ կարիք ունեն այստեղ զրոյից ստեղծել իրենց կենցաղն ու ինտեգրվել հայկական իրականությանը,- ասում է  նա,- Այդ պատճառով ստեղծեցինք մի պլատֆորմ, որը կարող է ծառայել փորձի փոխանակման համար: Մենք հասկացանք, որ այդ գաղափարը պետք է ինստիտուցիոնալիզացնել, որպեսզի հնարավորություն լինի պրոֆեսիոնալ ձևով զբաղվել հենց դրանով, այսինքն՝ ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը դրսում և ներսում»: 

Հայկը, օրինակ, նշում է, որ որոշակի գումար ունի և կցանկանար ներդնել Հայաստանում, սակայն անկեղծորեն խոստովանում է, որ վախենում է: 

«Պատմում են, որ որոշ մարդիկ Հայաստանը բաժանել են իրար մեջ ու մնացածներին էլ ճնշում ու չեն թողնում, որ բիզնես հիմնի,- ասում է նա,- ես նույնիսկ մարդ գիտեմ, որ որպես բարեգործությյուն հաշմանդամների համար անվասայլակներ է ուզեցել բերել, սակայն մաքսատանը խնդիր է ունեցել ու չի կարողացել բերել: Դա շատ ճնշող է»:

Վ. Մարաշլյանն ասում է, որ ներդրումների ոլորտում իրենց արած վերլուծությունը վեր է հանել երեք տիպի սխալներ, որոնք, սովորաբար, անում են ոչ տեղացի ներդրողները. ոչ ճիշտ գործընկերոջ ընտրություն, նորարարության բացակայություն և բիզնեսի ու բարեգործության համատեղում:

«Բիզնեսն ու բարեգործությունը տարբեր բաներ են, իսկ մեր սփյուռքահայերը փորձում են համատեղել, ինչպես նաև լավ բիզնես պլան չեն նախագծում և փորձառու բիզնես մենեջեր ընտրում,- մեկնաբանում է  նա,- Հայաստանի պես երկրի շուկայում տեղ զբաղեցնելու համար պիտի նոր բան ստեղծես, որովհետև այն, ինչ արվում է, արդեն արվում է.  որակյալ և նորարար ստարտափները քիչ են»:

Վ.Մարաշլյանը բանկային ոլորտի մասնագետ է, և 1980թ.՝ 5 տարեկանում ծնողների հետ մեկնել է Մոսկվա, բայց  2-3 տարին մեկ անգամ գնացել-եկել է, ու երեք տարի առաջ վերջնականապես հաստատվել այստեղ:  «Ռուսաստանն իմ համար օտար չէ, բայց Հայաստանն իմն է»,- ասում է նա:

Նա նշում է, որ Հայաստանը Սփյուռքում ոչ ճիշտ և աղավաղված պատկերով է ներկայացված, և երկրի հնարավորությունները դրսում ներկայացնելու խնդիր կա:

«Իհարկե կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք քաջ գիտակցում ենք, սակայն  կան առավելություններ, որոնց մասին ոչ ոք չի խոսում,- մեկնաբանում է նա,- այստեղ ժամանակ կա ապրելու, որը շատ մեծ քաղաքներում պակասում է, ես կարող եմ իմ երեխային ինչ-որ խմբակի տանել ու ժամանակ անցկացնել իմ ընկերների հետ, իսկ Մոսկվայում ես առնվազն երեք-չորս ժամ ղեկին էի անցկացնում, ու կյանքը շատ արագ իմ կողքով անցնում էր»:

Մեկ այլ առավելություն էլ ֆիզիկական անվտանգությունն է՝ նշում է Մարաշլյանը: «Երբ քո երեխան այստեղ դպրոց է գնում, դու չես մտածում, թե հասել է արդյոք՞ դպրոց, թե՝ ոչ, -մեկնաբանում է  նա,- ճիշտ է գումարային իմաստով մարդիկ, երբ տեղափոխվում են, զիջում են, բայց կարևոր է իմանալ, թե այդ գումարով մարդն ինչ տեսակի կյանք և ինչ տեսակի բովանդակություն կարող է ունենալ»:

Այդուհանդերձ, խնդիրներ կան, ու դրանից խուսափել չի լինում. Հայաստանը բաց չէ ներդրումների համար, իսկ որոշ ոլորտներում հաստատվելու համար պետք է սեղմել ատամներն ու զինվել քաջ համբերությամբ:

50-ամյա ճարտարապետ Վիգեն Հակոբյանը, որ Լոս-Անջելեսից է և երեք տարի է՝ բնակվում է Երևանում, պատմում է, որ Երևանի քաղաքային իշխանությունների հետ խնդիրներ է ունեցել շինարարական նախագծեր անելու կապակցությամբ: «Ես փորձեցի հոս գործ անել, բայց չստացվեց. քաղաքապետարանի և մեր գիտակցությունը տարբեր է,- ասում է նա,- թույլտվություն չեն տալիս: Ահա, իմ հորեղբոր երկու աղջիկները մեկ տարի է՝ մի խանութ են ուզում կառուցել՝ չի ստացվում, ամեն մի թուղթ ստորագրելու համար մեկ ամիս պետք է սպասել»: 

Վիգեն Հակոբյան Արտյոմ Թադևոսյան

Հակոբյանը բացահայտորեն ակնարկեց, որ, հավանաբար, հարցը կաշառք տալ-չտալու մեջ է, որին ինքը պատրաստ չէ: 

Սակայն մարդիկ կան, որոնց հայացքը դեպի հայկական իրականություն այլ է, ու նրանք կարողանում են ապրել իրենց հայրենիքում և գումար վաստակել: 

Մասնագիտությամբ տնտեսագետ 36-ամյա Արտյոմ Թադևոսյանը, որ երկու տարի առաջ կնոջ և երեք երեխաների հետ միասին Մոսկվայից տեղափոխվել է Երևան, ասում է, որ ամբողջ աշխարհում էլ մենաշնորհային ոլորտներ կան ու խելամիտ չէ Հայաստանում, օրինակ, բենզինի կամ շաքարի ներկրման ոլորտի հետ հույսեր կապել. «Սակայն կան սեգմենտներ, որտեղ կարելի է զարգացնել»: 

Ինքը՝ Թադևոսյանը, Մոսկվայում գյուղատնտեսական նախագծեր է իրականացնում ու այստեղ էլ երկու տարի է՝ չրագործության և կարտոֆիլի աճեցման ոլորտում ներդրումներ է անում:

«Շատ մարդկանց թվում է, որ եթե իրենք եկել են Հայաստանում բիզնես անելու, ուրեմն նրանց պետք է փայփայեն ու գուրգուրեն,- մեկնաբանում է նա,- ես շատ դժվար ճանապարհ եմ անցել Ռուսաստանում ու կարող եմ ասել, որ այնտեղ ավելի շուտ կխաբեն, կգցեն և նույնիսկ կվերացնեն»:

Մարաշլյանը նշում է «Թումո»-ի, «Այբ» դպրոցի, Ամերիկյան համալսարանի պես նախաձեռնությունների գոյությունը որպես փաստ, որ Հայաստանում կարելի է ապագա կառուցել:

«Բացի այդ Երևանը նաև բավական զարգացած է, որոշ ինֆրաստրուկտուրաներ կան ու շատ բաներ կարող ես քեզ թույլ տալ»,- ասում է նա:

«RepatArmenia»-ն պարբերաբար  կազմակերպում է հավաքներ, որտեղ մեկ կամ մի քանի խոսնակ ներկայացնում են իրենց փորձը, պատմում իրենց անցած դժվարությունների և նոր հնարավորությունների մասին:

Կազմակերպությունն ունի  մոտ  700-800-հոգանոց՝ տարբեր ժամանակներում, տարբեր երկրներից ու տարբեր ոլորտի մասնագետ, հայրենադարձ և սփյուռքահայ անձանց ցանց:

«Այդ մարդիկ պատրաստ են կիսվել իրենց փորձառությամբ այստեղ գալ ցանկացողների հետ, և  դա մեր լուրջ ակտվներից մեկն է,- ասում է Մարաշլյանը,- և մենք աշխատում են հանդիպել բոլոր այն մարդկանց հետ, որոնք Հայաստան գալու և այստեղ հաստատվելու մտադրություն ունեն»:

Երկու տարիների ընթացքում  այս կազմակերպության ջանքերով մոտ 170 մարդ տարբեր աշխատանք է գտել, մոտ 40 մարդ նոր բիզնես է հիմնադրել, և 8 ընտանիք տեղափոխվել է Արցախի տարբեր շրջաններում բնակվելու:

Գոյություն ունեցող բոլոր խնդիրներից, Մարաշլյանն առանձնացնում է մեկը, որի մասին ընդհանրապես չի խոսվում. բնակարանային ֆոնդ:

«Հայաստանի պես երկիրը, որն այսքան տրանսֆերտներ է ստանում, պիտի բնակարանային ֆոնդ ունենար, որպեսզի նրանք, որ ուզում են Հայաստան տեղափոխվել, գային ու 5-6 ամիս անվճար կարողանային ապրել, որից հետո արդեն կկողմնորոշվեին, թե ինչպես կազմակերպեն իրենց հետագա կյանքը»:

Սփյուռքից լավատեղյակ մարդիկ փաստում են հետևյալը. նոր գոյացած սփյուռքում  միտումներ կան, որ, ծնողները չեն ցանկանում, որպեսզի իրենց երեխաները հետ վերադառնան Հայաստան՝ ապրելու կամ բիզնես հիմնելու, որովհետև իրենք ժամանակին Հայաստանը թողնելուց հետո շատ մեծ ներդրումներ են արել, որպեսզի իրենց երեխաներն ինտեգրվեն ու հաստատվեն այդ երկրում:

Սակայն վերադարձողներից շատերը նշում են «արյան կանչը» որպես կողմնորոշիչ գործոն, թե ինչու են նրանք ցանկանում վերահաստատվել Հայաստանում:

Արտյոմ Թադևոսյանն ասում է, որ իր հետ վերադառնալու գլխավոր պատճառն այն է, որ ցանկանում է ֆիզիկապես ամեն օր գտնվել Հայաստանում:

«Որովհետև էս մի քանի հազար քմ կտորը հողի էն կտորն է, որի համար մեր պապերը դարերով պայքարել են, որպեսզի այն լինի մեր հայրենիքը,- ասում է նա,- կարելի է գնալ դրսում կրթություն ստանալ, նաև՝ աշխատել, բայց Հայաստանին չվերաբերել որպես մի տեղի, որտեղ կարելի է տուրիստ գնալ. շատերը Հայաստան գալիս են որպես տուրիստ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, գնում են Իսպանիա»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա լուրջ ու կարևո՛ր հարց է: Նախ՝ լավ է, որ այսպիսի ՀԿ-ներ կան: Բայց՝ ամենամեծ բացն այն է,որ ամե՛ն ինչ կենտրոնացած է Երևանում: Օրինակ՝ իմ օրինակով ասեմ. ես կցանկանայի վերադառնալ. բայց ես ՄԻԱՅՆ իմ ծննդավայր Կապանում (կամ շրջակայքում) պիտի ապրեմ: Այլապես՝ ինձ համար իմաստ չունի վերադառնալը,որովհետև Ամստերդամը ինձ համար ավելի հարազատ է,քան Երևանը: Ենթադրենք ես 50 հազար եվրո վերցնեմ ու գնամ Կապան. ես ի՞նչ պիտի անեմ այնտեղ. փոքր մթերային խանու՞թ բացեմ: Հետո՝ ես չե՛մ քծնում ու կաշառք չե՛մ տալիս/վերցնում:............................................... Դրա համար ես առաջարկել եմ Կապանը դարձնել ՀՀ 2-րդ մայրաքաղաք ու 2-րդ տնտեսա-մշակութային կենտրոն: Դա նորմալ ՉԷ,որ ՀՀ-ի բնակչության 1/3-ը Երևանում է ապրում (ինչպես աֆրիկյան երկրներում ): Մյուս ՇԱՏ ԱՆԱՐԴԱՐ գործոնն այն է,որ սփյուռքահայերը (այդ թվում՝ Հայաստանում ծնված-մեծացած) ՀՀ-ում հողի սեփականատեր չեն կարող լինել. սա իսկական նագլիություն է,որի խորքային նպատակն այն է,որ սփյուռքահայերը Հայաստանում ուժ չդառնան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter