HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խղճիս վրա բաներ մնացին, որոնք պիտի չանեի»

Արթուր Հարությունյանն Արցախյան պատերազմի ազատամարտիկներից է: 11 տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա, բնակվում է Մոնրեալ քաղաքում: Հարցնում եմ՝ ինչո՞ւ է գնացել Հայաստանից, ժպտում է. «Ճիշտն ասե՞մ, թե՞ քաղցր սուտը»: Հետո երկուսս էլ լռում ենք: Հյուրասենյակի տոթ օդը խցկվում է մեր լռության մեջ, ազատամարտիկի դեմքից կորում է քիչ առաջվա ժպիտը: «Հենց որ հավատը մեռավ ապագայի հանդեպ, գնացի: Հիմա կարող ա ասեք՝ սխալ եմ, բայց երբ մեռնում ա, մեռնում ա»,- պատասխանում է նա:

3 անչափահաս երեխաների կարիքները հոգալու համար է գնացել Կանադա: Հպանցիկ է ասում սա, կրկնում, որ չնայած հավատն ապագայի հանդեպ մեռավ, բայց սերը հայրենիքի հանդեպ մնաց: «Ինչո՞ւ, Կանադայում հե՞շտ է կյանքը»,- դիմում եմ նրան: Նա ավելի հանգիստ տոնով, քան դրանից առաջ էր, պատասխանում է. «Վիճակն էնպես էր, որ նախընտրեցի համբալ լինել էնտեղ, քան մեծապատիվ մուրացկանի պես լինել, ու շատ ուրախ, երջանիկ ապրում ենք: Տարբեր գործեր էի անում՝ ավել բռնելուց մինչև սեփական բիզնես ունենալուն եմ հասել: Էնտեղ չկա հեշտ գործ, բայց երբ աշխատում ես, ապրում ես: Հիմա չեմ ուզում գովել Կանադան»:

Արթուրը Կանադայում զբաղվում է ավտոմեքենաների ապակիների տեղադրման աշխատանքով: Կենցաղային խոսակցությունն աստիճանաբար տարրալուծվում է, երբ Արթուրը հիշում է պատերազմական տարիները: Աշոտ Նավասարդյանի ջոկատում էր, եղբոր հետ էր գնացել: Եղբայրը՝ Գևորգը, իրենից մեկ տարով մեծ էր, Աֆղանստանում էր ծառայել: 1990 թ.-ին եղել է Մեղրիի շրջանում՝ մասնակցելով Նյուվադիի գործողությանը, այնուհետ՝ եղել Շուռնուխում (գտնվում է Գորիս-Կապան հատվածում- հեղ.), այդտեղից էլ ուղղաթիռով տարել են Ղարաբաղ՝ Բերդաձոր:

«Ով զենք էր գտնում, պատերազմ էր գնում»,- կարճ ասում է Արթուրը: Պատերազմին մասնակցելու մասին հիշում է. սկզբից թաքցնում էր ընտանիքից, բայց հետո ընտանիքը հարմարվեց: «Ո՞վ էր հարցնում, չէին էլ իմանում, 90-ականներին խաբում էինք, ասում էինք՝ Ռուսաստանում ենք և այլն: Եղբայրս 2 տարի Աֆղանստանում էր ծառայել, իրեն բան ասող չկար, պրոֆեսիոնալ մարտիկ էր, ես էլ պոչից կպած գնացի»,- ծիծաղում է նա, հետո հայացքն աննկատ թեքում դեպի եղբոր լուսանկարը՝ պատին փակցված:

Արթուրն ասում է, որ պատերազմում կամաց-կամաց մեռնում են զգացմունքները: Ժամանակ է հարկավոր, որ դրանք վերականգնվեն: «Տուտուլը (ազատամարտիկ Արթուր Ղարիբյան- հեղ.) ձեռքերիս մեջ զոհվեց: Իր մահից հետո ոչ ուտելդ էր գալիս, ոչ քնելդ էր գալիս, բայց զգացմունք, որ նստես, լացես, չկար»,- վերհիշում է նա:

Պատերազմից վերցրածի ու տվածի մասին ենք խոսում: Ասում է՝ կարող է գեղեցիկ բառեր շարել, նշել, որ իրեն հաղթանակ, քաջություն տվեց, բայց իրեն պատերազմը հիշողություններ է տվել: «Խղճիս վրա բաներ մնացին, որոնք պիտի չանեի: Լավ բաներ չտվեց, էլի: Բայց դա հետագայում ես զգում: Մենք հաղթեցինք, բայց ես դրանով չեմ հպարտանում»,- ասում է նա:

«Մարդ սպանե՞լը նկատի ունեք»,- հարցնում եմ նրան: Դառնության մի գիծ է հայտնվում դեմքին, 20 տարիների միջով այն ծակում-անցնում է. «Նրան, ում սպանում ես, գիտես, ինչ-որ մեկի զավակն է եղել, կամ ծնողն է եղել, ինչ-որ մեկի տունն ես քանդել, ինչ-որ մեկի տունն ես վառել: Ինչքան էլ թուրքը մնում ա թուրք, ես իմ խղճի բանն եմ ասում: Լավ չէր ինձ համար, էլի»: Մի պահ նորից լռում է, հետո թե. «Մենք հաղթեցինք, բայց ես այդ հաղթանակով չեմ հպարտանում»: Իր ամենամեծ կորուստը համարում է ընկերներին կորցնելը: Հետո օրինակ է բերում, թե երբ Աստծուն մատաղ են անում, ամենալավ գառն են ընտրում, իսկ վատերը մնում են: «Այդ նույն ձևով էլ մենք մատաղ արեցինք ամենալավերին: Լավ տղերք կորցրեցինք, մենք բալանսը կորցրեցինք, բարու և չարի բալանսը կորցրեցինք, բարին գնաց, չարը բարձրացավ, հիմա էդ չարի մթնոլորտի մեջ ենք: Էդ բարին գնաց, զոհվեց»,- ասում է ազատամարտիկը:

20 տարիների ընթացքում, ըստ նրա, նախընտրել է չխոսել պատերազմից, բայց մեր զրույցի պահին այդ լռությունը նմանվում էր հիշողությունների՝ խնամքով փակված պահածոյի: Լռելու հանգամանքն էլ կամաց-կամաց հասկանալի էր դառնում: Իր ամենամաքուր տարիների՝ 92-94 թթ. մասին խոսում է ժպիտով, որովհետև, ըստ նրա, այդ ժամանակ կար միասնությունը, երբ «գիտեիր, որ բացի քեզնից, կռվող շատ տղերք կան»:

«Երբ հետ եկանք, ասացին՝ էս հողը մերն ա, էս ծառը մերն ա, մի տեսակ սկսեցին հիասթափությունները, տեսանք, որ, չէ... Արթուր ջան, իջիր երկնքից, էդ երազանք ա»,- ասում է զրուցակիցս: 2002 թ.-ին Երևանում եղբոր` Գևորգի սպանությունից հետո հիասթափությունն այնքան էր խորացել, որ երկրից գնալը, թերևս, ամենաճիշտն էր համարել: Ասում է՝ եղբորը սպանել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնոջ վարորդը՝ կենցաղային հողի վրա: Կանադա տեղափոխվելուց հետո երկու անգամ է եկել Հայաստան: Երկրորդ գալը պայմանավորված էր անձնական մի քանի հարցերով: Նրա խոսքով՝ թերևս այլևս չգա Հայաստան, բայց կապը չի կտրելու հայրենիքի հետ:

Չնայած հեռվում է, ասում է, բայց հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Նախ գոհունակությամբ է խոսում այս տարվա օգոստոսին Ղարաբաղի առաջնագծում տեղի ունեցածի և հայ զինվորների մարտական պատրաստվածության մասին: Ասում է՝ այդ օրերին սահմանին մի շուն է օգնել սահմանապահներին, որին կրակել էին: Այդ դեպքից հետո որոշել է հովվաշներ գնել, ուղարկել թե՛ ղարաբաղաադրբեջանական, թե՛ հայ-ադրբեջանական սահմանապահ զինվորներին: «Եթե համայնքը միանա, կարելի է բուծարան բացել, որը անձնական կլինի, այլ ոչ թե ՊՆ-ին կպատկանի: Մենք կաճեցնենք, կտանք: Լսել եմ նաև, որ սահմանամերձ գյուղերում գայլերը շատ են հոշոտում ոչխարներին, իրենց էլ պետք է բաժանենք»,- ասում է Արթուրը:

Նրա խոսքով՝ երկրի վիճակի մեջ մի լավ բան կա, որն իշխանություններն անկախ իրենց կամքից են արել. երկրում 90-95 տոկոսով հայեր են ապրում: «Եթե լավ լինի, ուրիշ ազգեր էլ կգան: Երկիրն էնքան վատ վիճակի մեջ է, որ ոչ մեկը չի ուզում գալ էստեղ ապրելու»,- նշում է նա:

«Ի՞նչ պիտի կատարվի երկրում, որ ցանկանաք ապրել այստեղ»,- հարցնում եմ նրան: «Վախենալու հարց եք տալիս: Իշխանակործանում պիտի լինի, որ վերադառնամ, ուրիշ ձև չկա: Իրենք, ասես, մի ձևով շնչավորներ են, որոնք հոգին ծախել են սատանային: Էս մարդիկ չեն հասկանում, իրենց մոտ էդ խղճի զգացումը մեռել է, թե թմրած լինի, կարթնանա: Ղարաբաղում մերն էլ էր կորում, բայց ինչ-որ ձևով արթնանում էր»,- պատասխանում է զրուցակիցս՝ նորից անդրադառնալով սահմանապահներին հովվաշներ ուղարկելու իր նախաձեռնությանը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter