HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինքնախոստավանական ցուցմունքը տվել եմ գլուխս դիսկիի տակ դնելուց հետո»

Զարուհի Մեջլումյան
Էդիկ Բաղդասարյան 

Սպանված կինը բռնաբարված չի եղել

Այնթափ գյուղի բնակիչ Աշոտ Շահզադյանը 2011 թ-ից` 23 տարեկանից, անազատության մեջ է: Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է նրան 20 տարվա ազատազրկման` մեղադրելով համագյուղացի` 58-ամյա Գայանե Ասոյանի սպանության ու բռնաբարության փորձի մեջ (ՔՕ 104 հոդվածի 2-րդ մաս, 12 կետ, 34-138 հոդվածի 1-ին մաս): Սկզբում 23-ամյա տղային մեղադրել են բռնաբարություն կատարելու մեջ, սակայն դիակի փորձաքննությամբ սերմնահեղուկ չի հայտնաբերվել, դա է պատճառը, որ բռնաբարությունը դարձել է փորձ:

Աշոտ Շահզադյանը նախաքննության վերջին փուլից պնդում է, որ անմեղ է, չի կատարել այն հանցանքները, որոնցում իրեն մեղադրել են: Նա իր լրացուցիչ ցուցմունքներում անգամ նշել է սպանություն կատարողի անունը`  նույն գյուղի բնակիչ Թեմուր Ջավոյան: Աշոտը Թեմուրի անունը տվել է դեպքից 3 ամիս անց, երբ մորից իմացել է, որ նա մեկնել է Գերմանիա: Ցուցմունքում նշել է, որ վախեցել է Թեմուրից, դա է պատճառը, որ սկզբում չի տվել նրա անունը, քանի որ վերջինը սպառնացել է հարցերը լուծել Աշոտի ընտանիքի, եղբոր երեխաների հետ: Թեմուրը, սակայն, դուրս է մնացել պատասխանատվությունից:

Այսպիսով, նախաքննության առաջին ցուցմունքում Աշոտ Շահզադյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք` գրելով, որ 2011 թ-ի մայիսի 26-ին ժամը 22:00-ի սահմաններում ինքն է բռունցքով 2 անգամ հարվածել Գայանե Ասոյանին, քանի որ վերջինն իրեն «լրբի տղա» է անվանել, երբ ինքը Գայանե Ասոյանի տան մոտով անցնելիս բջջային հեռախոսով բարձր ձայնով խոսելիս է եղել ընկերոջ` Էդգարի հետ:

Ինչպիսի՞ խոշտանգումների հետևանքով է կորզվել ինքնախոստովանական ցուցմունքը

«Հետքը» «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպեց Աշոտ Շահզադյանին ու հարցազրույց վարեց: Աշոտը պատմեց երեք տարի առաջ մայիսի 26-ի ու դրան հաջորդած օրերի մասին: Նա ասաց այն, ինչ պատմել էր իր լրացուցիչ ցուցմունքում` նախաքննության վերջում, դեպքից 3 ամիս անց: Ասաց, որ ինքը չի սպանել տիկին Գայանեին:

«Մասիսի քննչական տարան մայիսի 28-ին: 12 հոգի օպերներով ծեծում էին ինձ, սկզբից 3-ով էին, հետո տեսան, որ չեն կարում ինձ ծեծեն, էլի 8 հոգի եկան: Լսեցի, որ պետի ասածով են եկել, որ պիտի իմ վրա վերցնեմ սպանությունը: Չեմ ուզում ասեմ, թե ինչ էին ուզում անեին: Բայց եթե էդ բանը անեին, ես էլ ստեղ չէի լինի: Դրանից հետո դու արդեն փչանում ես, էլի: Հասկանո՞ւմ եք` ինչ եմ ուզում ասեմ…: Ուզում էին էդ բանը անեին 12 հոգով: Հետո դիսկի բերեցին ու էդ դիսկիով սեղմում էին գլուխս: Ասում էին` ձերոնց, տնեցիներին բերել ենք, կողքի սենյակում են, եթե չգրես մեր ուզածով, լավ չի լինի իրանց հետ: Ես ինքնախոստովանական ցուցմունքը գրել եմ ծեծի ու սպառնալիքի տակ: Դուք չգիտեք, թե ինչ դաժան են վարվում: Մեկը գնա ուղղակի նայի էլի»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց 20 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Շահզադյանը` ավելացնելով, որ դա դեռ ամենը չէ:

«Ուզում էին մի քանի գողություն էլ իմ վրա գրեի: Ասում էին` մի 6 չբացահայտված գողություն կա, դրանք էլ գրի, էղածը մի բան չի, մի 2 տարվա պատիժ  կավելանա: Ես էլ ասեցի` հիմա ինձ կփրթեմ, էլ մոտիկ չեկան»,- ասաց դատապարտյալը:  

 

Աշոտ Շահզադյանին այլ հանցանքներ վերագրելու մտադրության մասին վկայություններ կան նաև քրեական գործում:

Ո՞վ է Աշոտ Շահզադյանը

Աշոտը մեծացել է Այնթափում, ստացել միջնակարգ կրթություն, 18 տարեկանում զորակոչվել բանակ, ծառայել է Նոյեմբերյանում, որտեղից վերադառնալուց հետո, ըստ մոր` Լյուդմիլա Շահզադյանի ցուցմունքի` 3 ամիս տնից դուրս չի եկել, դարձել է ինքնամփոփ ու տարօրինակ, անընդհատ թափահարել է գլուխը: Զորամասում զինվոր է սպանվել, ու Աշոտը սթրես է տարել: Հետո մահացել է Աշոտի հայրը, և նա սկսել է չարաշահել խմիչքի օգտագործումը: Դեպքի օրը Աշոտը օգտագործել է գարեջուր Այնթափի գարեջրատանը, հետո դուրս է եկել ու գնացել կովին արոտավայրից բերելու: Ըստ իր լրացուցիչ ցուցմունքի` երբ անցել է Գայանե Ասոյանի տան մոտով, տան ներսից ձեռքով իրեն կանչել է Թեմուր Ջավոյանը: Երբ մոտեցել է տան մուտքի դռանը, Թեմուրը, կիսաբաց անելով դուռը, իրեն հայտնել է, որ տեղափոխելու բան կա, խնդրել է օգնել իրեն: Առանց հետաքրքրվելու, թե ինչ կա տեղափոխելու` Ջավոյանին ասել է, որ շտապում է, սակայն խոստացել է օգնել կովին անասնագոմ տանելուց հետո: Քսան րոպե հետո գնացել է Գայանե Ասոյանի տուն, Ջավոյանը ներսից բացել է դուռը: Երբ ներս է մտել, Թեմուրը ներսից փակել է դուռը, ապա ցույց տվել ննջասենյակում մահճակալին պառկած Գայանե Ասոյանին, որը եղել է մերկ, դեմքը` արյունոտված:

Ջավոյանը Աշոտին ասել է, որ բակում այդ կինն իրեն վիրավորել է, որի պատճառով նյարդայնացել է, խփել նրան: Ստուգել է այդ կնոջ սրտի աշխատանքը, սակայն կենդանության նշաններ չեն եղել: Թեմուրի պահանջով բռնել է կնոջ թևի և գոտկատեղի տակից և մահճակալի աջ մասից քաշել է ձախ մասը: Այդ ժամանակ լսվել է դռան թակոցի ձայնը: Մոտենալով պատուհանին` տեսել է մուտքի դռան մոտ կանգնած մի երիտասարդի: Թեմուրն ասել է, որ Գայանեի տղան է: Այդ ժամանակ բացել են մյուս ննջասենյակի պատուհանը, դիմել փախուստի:

Հ.Գ. «Հետքը» եղավ Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, որտեղ պահպանվում է Աշոտ Շահզադյանի քրեական գործը: Ուումնասիրեցինք երեք հատորանոց գործն ու կատարեցինք լուսանկարահանում: Ո՞վ է եղել հանգուցյալ Գայանե Ասոյանը, ի՞նչ գույքային խնդիրներ է ցանկացել լուծել, ինչո՞ւ և ինչպե՞ս է քննչական խումբը պատասխանատվությունից դուրս թողել Գերմանիա մեկնած Թեմուր Ջավոյանին, ի՞նչ ճանապարհով է նա կարողացել դեպքից 10 օր հետո մեկնել Հայաստանից, ի՞նչ փորձաքննություններ են կատարվել այս գործով, ի՞նչ է հաստատվել կամ հերքվել դրանցով, պահպանվե՞լ են արդյոք իրեղեն ապացույցները, ինչո՞ւ է Աշոտը 40 օր հացադուլ հայտարարել: Այս ամենը կներկայացնենք հաջորդ հրապարակումներով:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter