HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քայլ». ցուցահանդես լայն ընդգրկումով

Նունե Հախվերդյան

Հայաստանի Հանրապետության անկախության 23 տարիները կերպարվեստի լեզվով ի մի բերելու փորձ արեցին հայ արվեստագետները: Նկարիչների միության սրահում բացված «Քայլ. ձեւափոխության ու ձեւաստեղծման միջեւ»  խորագիրը կրող ցուցահանդեսը ֆիգուրատիվ արվեստի ծավալուն ներկայությունը ապահովեց:

Տրանսֆորմացիայի (ձեւափոխման) ու նոր ֆորմաների արարման (ձեւաստեղծման) այս փուլն ինքնին բավականին ընդգրկուն ու բազմատարր է, եւ բնական է, որ ուրույն ձեռագիր ու տեխնիկա ունեցող մի քանի տասնյակ արվեստագետներին դժվար է համախմբել մեկ կոնցեպտի շրջանակում, այսպես ասած` ֆորմաները ֆորմատի բերել: Ճիշտ այնպես, ինչպես դժվար է ձեւակերպել անկախության հանրային ընկալումը, որը վերամբարձ բառերի ու սոցիալական բեռի տակ տարեցտարի խամրում ու լղոզվում է: Կամ էլ` վերաիմաստավորվում զարմանալի պարզությամբ:

Ցուցահանդեսի նախաձեռնողներ Արարատ Սարգսյանն ու Սարգիս Համալբաշյանը, համադրողներ Արման Գրիգորյանն ու Արեւիկ Արեւշատյանը ակտիվ աշխատող արվեստագետներ լինելով` ցանկացել են ներկայացնել մեր ունեցած ֆիգուրատիվ արվեստի գրեթե ամբողջական դաշտը: Այն դաշտը, որտեղ օբյեկտները տրանսֆորմացվում են, բայց չեն վերածվում աբստրակցիայի:

«Ես եմ տերը իմ մարմնի», 2014 թ, Արման Գրիգորյան

Որպես ընդհանուր միավորող գաղափար ընտրվեց Հայաստանի պետականության ու անկախության գիտակցումը, որը ոչ միայն քաղաքական ու սոցիալական, այլեւ մշակութային կախյալ վիճակից ազատ լինելն է ենթադրում: Այսինքն` համընդհանուր քայլելը, որպեսզի ոչ մի ուղղություն եւ տեխնիկա արտառոց ու զարմացնող (հետեւաբար նաեւ օտար ու վանող) չթվա: Ի վերջո, ազատությունը պատրաստ լինելն է:

Հիմա թերեւս զարմացնելու ժամանակը չէ, ավելի շուտ տեղյակ լինելով դիմադրելու պահն է: Ինչպես ասում է Արման Գրիգորյանը` տեր լինելու: Տեր լինելու քո մտքերին, քո անկախությանը, քո մարմնին, քո որոնումներին, քայլերին:

Նեոգաղութացման այս դարաշրջանում տիրոջ կեցվածքը (թեկուզ շատ փոքր տարածքի) երբեմն ամենաարդյունավետ դիրքորոշումն է: Հայ արվեստագետներից յուրաքանչյուրը փորձում է գտնել կամ վաղուց գտել է այն խորշն ու ոճը, որտեղ հարմարավետ ու պետքական է զգում իրեն:

Ցուցահանդեսի այցելուներին առաջինը դիմավորում է Արտո Չաքմաչյանի նրբիկ, բայց մոնումենտալ «Քայլող մարդը», մի քանդակ, որն ի սկզբանե պետք է տեղադրվեր Երեւանի նորակառույց Հյուսիսային պողոտայում որպես դեպի առաջ քայլ անելու խորհրդանիշ: Հետագայում քաղաքի իշխանությունները հրաժարվեցին այդ մտքից` պատճառաբանելով, որ դա նպատահարմար չէ: Հաշվի առնելով պողոտայի սալահատակի քայքայման կայծակնային տեմպերը, դա իրոք նպատակահարմար չէր լինի: Թե չէ կստացվեր, որ քայլող մարդը ինքնակործանման է հրավիրում:

Ազատականացումը շատ արվեստագետների համար հավասարությունն է, հիերարխիայից պոկվելը, միջավայրը դեմոկրատացնելը: Կարեն Բարսեղյանն իր «Հայկական ջինս» շարքում խաղում է ջինսե գործվածքի հետ, որին ունիվերսալ նշանակություն է տալիս: Ջինս հագած մարդիկ հավասար են, քանի որ գոնե արտաքնապես նման են իրար: Արման Գրիգորյանը հրաժարվում է ամեն տեսակի հագուստից ու առաջարկում ազատությունը փորձակել սեփական մաշկի վրա` վերադառնալով մերկ մարմնին:

«Հեծանիվով աղջիկը», 2014թ, Տիգրան Մուրադյան

Վերածննդի այս գաղափարը շարունակում է քանդակագործ Տիգրան Մուրադյանը, ում համար իրականությունն ինքնին այնքան ուշագրավ է, որ այն ձեւախեղելու ու ձեւերի հետ խաղալու կարիք չկա: Հեծանիվին հանգսիտ թիկնած նրա մերկ կինը այսօրվա երևանուհին է: Կինը դասական է, հեծանիվը` անհրաժեշտ ֆրագմենտ, քանի որ բոլոր դասական կանայք տրանսպորտի կարիք ունեն: Հեծանիվը նաեւ հավասարություն է, այսպես ասած` էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց, ազատում ավտոմեքենայի գերին լինելուց: Եվ այո, հեծանիվ վարում են մերկ, այդպես հարմարավետ է:

Սոնա Աբգարյանը գրաֆիկական նովելների` պատկերապատումների ոճով փորձում է ստանալ իր շրջապատի վավերացումը: Նրա ստեղծած դիմանկարները իրար լրացնելով են սյուժե ձեռք բերում:

Անշուշտ, «Քայլ» ցուցահանդեսը դեռ 30 տարի առաջ մեծ արձագանք ստացած «3-րդ հարկ» արտիստական շարժման յուրատեսակ շարունակությունն է: Փորձ` վերսկսել ընդհատված զրույցը: Այդ զրույցում իր հստակ թեման է շարունակում Կարինե Մացակյանը, ում համար պոպ-արտը լավագույն լեզուն է ազատագրման ուտոպիան տեղ հասցնելու համար: Գովազդի եւ մեդիայի զանգվածային ռմբակոծումը այն նյութն է, որից նկարիչը ստեղծում է իր կտավները` «Երեկվա թերթերը», «Կինը մամուլում»: Այսօրվա ու երեկվա միջեւ շատ նեղ լուսանցք է, իսկ երազանքերը նույնքան անհաս են, որքան անցյալում:

Մետաֆորիկ սկիզբն ու վերջն իր ինստալյացիայում փորձել է հստակեցնել Արեւիկ Արեւշատյանը: Նրա չափման գործիքը խաղալիք է, բայց շատ տագնապալի, երկակի իմաստ ունեցող բյուրոկրատական մի խաղալիք: Ինչպես նաեւ նրա «Հավատարմության գոտի» աշխատանքը, որտեղ հավաքված խոհանոցային պարագաները կնոջը սահմանափակող ու խոհանոցին գամող են, բայց միաժամանակ` իսկական զենք են: Բավականին ծանր, շատ սուր եւ պետք եղած պահին` մահացու զենք (գրտնակ, սղոց, դանակ, տարբեր կոտրիչներ ու ջարդիչներ):

«Մոդել», 2014, Արեւիկ Արեւշատյան

Ռուբեն Գրիգորյանի «Ուրիշները» շարքում ինքնին մարդն է գործիք դառնում: Ասենք` մուրճ: Փոխակերպելով քաղաքի հայտնի պաստառների կարգախոսը, կարելի է ասել. «Ես ինքս եմ իմ գենքը»:

Զենք է նաեւ «Ջուր ծեծիչը» (կարկառուն ու միշտ թարմ Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործությունը), որը հեգնանքի հետ մեկտեղ խորոմանկ լավատեսություն է պարունակում:

Քանդակագործ Սահակ Պողոսյանի «Իրականացման միֆականացում» հսկա գործի կենտրոնում ռումբ հիշեցնող մզկիթանման (նաեւ ֆալիկ) աշտարակ է` որի չորս կողմերում Քրիստոսներ են: Այս քայլը, որը կրոնի ու կիչի խորշում է, նույնպես խաղալիք-զենքի տիրույթում է (համենայդեպս, հիմա այն հենց պաթետիկ խաղ է հիշեցնում):

«Քայլ» ցուցահանդեսը մի հարկի տակ հավաքեց տարբեր սերնդի արվեստագետների մեծ ու փոքր, վստահ (անգամ կարկառուն) ու վարանող (տեղում դոփող ու ինքնակրկնվող) քայլերը, այն իղձերն ու ուտոպիաները, որոնք Խորհրդային կայսրության տարիներից եկել-հասել են մինչեւ մեր օրեր գրեթե չհաղթահարված: Անկախություն ունենք, բայց շարունակում ենք ձգտել անկախության:

«Երկրի վրա», 2007թ, Ռուբեն Գրիգորյան

Հիմա էլ, ինչպես տարիներ անց, արվեստը ինքնադրսեւորման կարիք ունի, սակայն նվազել է նրա դիմադրության, լարման, կռվի աստիճանը: Ռեզոնանսն է պակասել:

Այս ցուցահանդեսը ավելի շուտ լրացրեց ոչ թե ակտուալ ցուցահանդեսի, այլ թանգարանային ֆորմատով գործերի ներկայացման բացը: Իսկ այդ բացն այսօր առավել, քան ակտուալ է: ԽՍՀՄ գոյության վերջին ու Հայաստանի անկախության առաջին տարիներին ցուցահանդեսները ոչ միայն ավելի բազմազան էին, այլեւ ավելի սպասված: Նորի խմորման էներգիան նոր կոմունիկացիայի ձեւեր էր ստեղծում ու հաճախ հայտնության էֆեկտ ունենում: Հիմա շատ արվեստագետներ արդեն դասական են, սակայն 20-30 տարի անց էլ ստիպված են խոսակցությունը նորից սկսել զրոյից, քանի որ անկախ Հայաստանում գրեթե չկան ինքնուրույն գրաֆիկով ու ճաշակով աշխատող ցուցադրման հարթակներ (ունեցածն էլ ավելի շատ ծառայում է ոչ այնքան ցուցահանդեսներ, որքան պետպատվերին միջոցառումային տեսք տալուն):

Հպարտությամբ նշում ենք, որ ԽՍՀՄ  ժամանակակից արվեստի առաջին թանգարանը բացվեց Երեւանում 1972 թվականին, սակայն այդ թանգարանը հիմա բոլորովին այլ տեսք, շենք ու բովանդակություն ունի, Թանգարանն ավելի շատ կարծրացած փոքր միֆ է, քան կենդանի օրգանիզմ, անգամ թանգարանի կայքը երկու տարուց ավել չի թարմացվել:

«Քայլ» ցուցահանդեսը մեր ունեցած վիզուալ արվեստը տեսանելի դարձնելու փորձ էր, իսկ Մշակույթի նախարարությունն իր աջակցությամբ երաշխավորեց այդ փորձը: Կարելի է ասել` տեր կանգնեց: Եվ տեր կկանգնի մինչեւ սեպտեմբերի 27-ը: Այդքան ժամանակ է հատկացված «Քայլին», որը բացվեց Հայաստանի անկախության տոնից մի քանի օր առաջ, իսկ կփակվի մի քանի օր հետո:

Առաջին լուսանկարում՝ «Ազատը կախված ազատության հրապարակում Անկախության օրը» 1996թ, փերֆորմանս, Ազատ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter