HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թաղիքե հողաթափերն ու բրդե բարձերը՝ առողջության գրավական

Բրդե անկողինը, թաղիքե տաք գուլպաները, հողաթափերն ու գլխարկները արհեստածին նյութերով պատրաստված համարժեք իրերով փոխարինած տանտիրուհիներին «Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն առաջարկում է վերադառնալ արմատներին: Այսօր, Գյումրու «Բեռլին-արթ» հոթելի փոքրիկ սրահում կազմակերպվել էր կենտրոնում մեկ տարվա ընթացքում ստեղծված թաղիքե իրերի ցուցադրություն-վաճառք, որտեղ ներկայացվել էին թաղիքե հողաթափեր, պայուսակներ, բրդի եւ մետաքսի համադրությամբ ստեղծված շարֆեր, բարձեր, վզնոցներ եւ այլն:

«Մենք առաջարկում ենք գործածել թաղիքե գեղեցիկ, հարմարավետ, տաք եւ էկոլոգիապես մաքուր իրեր,-ասում է «Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Նարինե Խաչատրյանը,- մենք ունենք հատկապես մանուկների համար պատրաստված հողաթափեր, որոնք առողջարար են եւ երեխաների նոր ձեւավորվող ոտնաթաթերի համար շատ հարմար: Եթե նկատեցինք, հետաքրքիր գունավորում ունեն կանանց եւ փոքրերի համար նախատեսված ոտնամանները, որ զարդարված են տարբեր երանգների նրբաբրդով, քուղերով ու այլ աքսեսուարներով»:

Թաղիքե իրերի պատրաստման գաղափարը «Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Մելիքյանինն է: Իրականացմանն աջակցել է միջազգային «Care» կազմակերպությունը: Կենտրոնը գործում է Շիրակի մարզի Ամասիա գյուղում: Ամասիայի տարածաշրջանն, ինչպես հայտնի է, գտնվում է ալպիական գոտում, այստեղ դեռեւս խորհրդային տարիներից զարգացած է եղել անասնապահությունը: Վերջին 10-15 տարիներին Ամասիայի տարածաշրջանի գյուղերում ոչխարաբուծությամբ զբաղվողները խստորեն կրճատել էին ունեցած անասնագլխաքանակը: Պատճառներից մեկն էլ բրդի իրացմանը կապված խնդիրներն էին:

«Մարդիկ բուրդը պարզապես թափում են, որովհետեւ չկա տեղ, որ հանձնեն: Հիմա օժիտի համար, ինչպես գիտեք, անկողնային պարագաներ գնելիս նախապատվությունը տալիս են ոչ թե բնականին, այլ՝ արհեստականին: Ոչխարը խուզելուց հետո մարդիկ կանգնում են խնդրի առաջ՝ ուր տանել, ում առաջարկել, ով կգնի: Սրանք հարցեր են, որ վերջին տարիներին պատասխաններ չունեին: Այս ծրագրի շնորհիվ, թեկուզ փոքր չափով, սակայն որոշակի հարցեր են լուծվում»,- ասում է Նարինե Խաչատրյանը:

Մերի Մելիքյանը թաղիքե իրերի պատրաստման ծրագրի աջակցության համար նախ դիմել էր «Կարիտաս» բարեգործական կազմակերպությանը, ստացել աջակցություն եւ մեկ ամսով մեկնել Ավստրիա՝ բրդի մշակման տեխնոլոգիան յուրացնելու նպատակով: Կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանում վաղուց է մոռացվել արհեստի այս տեսակը: Գորգագործությունն ու կարպետագործությունը շատ տեղերում պահպանվել են, սակայն բրդի մշակության, թելերի ստացման գործընթացը վաղուց մոռացության է մատնված: Ծրագրի շրջանակներում մասնակիցները ձգտում են հիմնականում տեղական բուրդը գնել, որը կոպիտ է եւ հիմնականում օգտագործում են հողաթափեր պատրաստելիս: Նրբաբուրդը դրսից են ներկրում՝ մետաքսե շարֆերի հետ համադրելու համար:

Իրացման կոնկրետ շուկա կազմակերպությունը չունի: Հասկանում են, որ քչերն են ձգտելու 10-ից 17 հազար դրամի սահմաններում գնել ձեռագործ մի շարֆ, այն դեպքում, երբ ներկրվող նույնանուն չինական կամ թուրքական ապրանքն արժե 1,5-ից 3 հազար դրամ: Նույնը վերաբերում է հողաթափերին, որոնք տատանվում են 4 հազարից 9 հազար դրամի սահմաններում: «Իհարկե մենք շեշտը դնում ենք այն գնորդների վրա, որոնք ձգտում են տարբերվել, ձգտում են առողջ ապրելակերպ վարել եւ հակված են տանն ունենալ էկոլոգիապես մաքուր իրեր՝ լինի դա պայուսակ, գլխարկ, թե հողաթափ»,- նկատում է Նարինե Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter