HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Սվարանցը երիտասարդների համար հեռանկարային գյուղ չէ

Սյունիքի մարզի Սվարանց գյուղի բնակիչ, 36-ամյա Ռազմիկ Մաթևոսյանը, ով մոտ 5 տարի Ռուսաստանում եռակցող է աշխատել, հասկացել է, որ սեփական երկրում փողի արժեքն ավելի շատ է գնահատվում: 

«Դու էստեղ քո 1000 դրամի տեղը գիտես, իսկ էնտեղից որ գալիս ես, կարող ա ձեռքի հետ 10000 դրամ խարջես ու չիմանաս, թե ինչքան փող է դա»,- ասում է նա:

Ռազմիկը համոզվել է. ավելի լավ է քիչ աշխատել, բայց՝ լինել ընտանիքի կողքին: «Ճիշտ է, ես էնտեղ ավելի շատ փող էի աշխատում, քան էստեղ, սակայն էստեղ փողի գինը լավ է երևում, որովհետև Ռուսաստանում աջ ու ձախ ես անում ու չի երևում ծախսածդ»,- ասում է նա:

Սվարանցը Սյունիքի ամենահեռավոր ու բարձրադիր գյուղերից մեկն է, ծովի մակերևույթից բարձրությունը 1750մ է: Գորիսից մոտ 40 կմ հեռավորությունից՝ Արամազդ լեռան փեշին սփռված գյուղը կարծես թաքնված լինի ամպերի տակ, որտեղ տանող ճանապարհը մի քանի տարի առաջ դժվարանցանելի էր, սակայն Տաթևի ճոպանուղու գործարկումից հետո մինչև Հալիձոր ասֆալտապատված է, իսկ դրանից հետո՝ ամբողջությամբ խճապատված: Այս ուղղությամբ դասավորված է 5 գյուղ՝ Հալիձոր, Տաթև, Տանձատափ, Սվարանց ու Քաշունի:

«Ցանկացած մեքենա էլ մինչև մեր գյուղ կգա,- ասում է Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանը,- ճոպանուղու միակ օգուտը մեր գյուղին էս ճանապարհն է»:

Մարգարյանն ասում է, որ ճոպանուղու ազդեցությունն իրենց գյուղում աննշան է, քանի որ իրենց գյուղից ոչ ոք այնտեղ չի աշխատում, իսկ Տաթև ժամանած տուրիստներն էլ իրենց գյուղ չեն գալիս, քանի որ կոյուղի չկա, ու բոլոր զուգարանները դրսում են:

«Տարածքային զարգացման հիմնադրամի» նախագահ Վարազդատ Կարապետյանն ասում է, որ Տաթևի վերածննդի ծրագիրը անուղղակի ազդեցություն է ունեցել հարակից գյուղերի վրա, քանի որ ներսից ծնված չէ, ու գյուղի բնակիչները իրենց առօրյա կյանքով մասնակից չեն ծրագրին:

Կարապետյանի կարծիքով՝ եթե գյուղացին գյուղում իրականացվող ծրագրին մասնակից չլինի, լավ արդյունք չի ստացվի, որովհետև Խորհրդային Միությունն այլևս չկա, երբ մարդկանց գիտակցությունում ամրագրված էր վերևում կայացված որոշումների հետ հաշվի նստելը, ու այդ ձևով շարունակել չի կարելի:

Գյուղապետ Մարգարյանը, սակայն, ասում է, որ գյուղի կոյուղու հարցը շուտով լուծվելու է, ու թե́ խմելու, թե́ ոռոգման ջրի խնդիր չկա: Սվարանցը հարմար դիրք ունի անասնապահության համար, ու բոլորն էլ անասուն են պահում:

«Հիմա ամեն մեկն իր համար 2 կով է պահում, բայց եթե մեկն էստեղ ֆերմա բացեր, շատ լավ կլինի»,- ասում է Ռազմիկ Մաթևոսյանը:

Կարապետյանն ասում է, որ 2000-ից ավել բնակչություն ունեցող գյուղերում ֆերմերներ են ձևավորվել, որոնք ինտերնետից օգտվում են, տեղյակ են նոր տեխնոլոգիաներին ու հնարավորինս կիրառում են նոր գիտելիքներն իրենց գործում:

«Պետք է ամեն գնով նպաստել, որպեսզի այդ պրոցեսը ձևավորվի, որովհետև իրենք են գյուղ նորարարություն բերողը, հետևաբար գյուղացիների մի մասն էլ նրանց մոտ է աշխատելու, ավելի լավ է, որ դա ներքին զարգացում ունենա, քան Երևանից մեկը գնա մի քանի հազար հա հող առնի, ու գյուղացին դառնա այդ հողի ստրուկը»- ասում է նա:

Կարապետյանը ֆերմերին բնորոշում է որպես մեկը, ով վերջին 10 տարում իր ունեցած 5 կովը դարձրել է 50, իսկ մյուսները իրենց ունեցած 5 կովն էլ են մորթել կամ թողել են մեկ-երկուսը:

«Բարեբախտաբար, ցանկացած մեծ գյուղական համայնքում քիչ, բայց ձևավորվում են այդ առողջ օջախները, իսկ փոքր գյուղերում այլ պատկեր է, այդպիսի օրինակներ չկան ու այնտեղ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ զարգացում կարող է լինել, հետևաբար այստեղ պետք է ագրեսիվ լինի պետությունը»,- ասում է նա:

Քանի որ Սվարանցում մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, խոտհարքն այստեղ շատ կարևոր է, իսկ գյուղը տեխնիկայի պակաս ունի, և աշխատանքներն իրականացնելու համար հարևան գյուղից են տեխնիկա բերում:

Մաթևոսյանն ասում է, որ այս տարի Սվարանցում հավաքել են 5000 տուկ խոտ. յուրաքանչյուր տուկը 20-25 կգ է. «Բայց որ հավաքելու լինեինք՝ ավելի շատ կհավաքվեր»:

Նախորդ տարվա դեկտեմբերին «խոպանից» հետ գալով՝ նա տեղեկացել է, որ «People in Need» չեխական կազմակերպությունը վերադարձած միգրանտներին փոքր դրամաշնորհներ է տրամադրում: Նա մասնակցել է կազմակերպության անցկացրած բիզնես թրեյնինգին, ապա դիմելով մրցույթին՝ շահել գյուղտեխնիկա գնելու` իր ներկայացրած ծրագիրը:

Մաթևոսյանի ծրագիրը ներառում է չինական արտադրության 4 տարբեր գործիքներ՝ գութան, խոտհնձիչ, տրակտոր և կալսիչ՝ 4մլն 600 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, որից 20 տոկոս դրամային համաֆինանսավորմամբ հանդես է եկել ինքը:

Սվարանցում արտագաղթը մեծ չէ, թեպետ գյուղի 360 բնակչի համար 10 ընտանիքն էլ կարող է մեծ թիվ համարվել: 4 մլն դրամ բյուջե ունեցող Սվարանցի դպրոց հաճախում է 21 երեխա. այս տարի ընդամենը երկու երեխա է գնացել առաջին դասարան: Սվարանցի մանկապարտեզը 1994թ. փակվել է:

Գյուղապետ Մարգարյանի խոսքով՝ կա նաև ներքին միգրացիա` որոշ ընտանիքներ աշխատում են Սյունիքի հանքարդյունաբերական ոլորտում:

Թեպետ Սվարանցում գյուղտեխնիկայի մուտքով մեկ խնդիր ևս կլուծվի, այդուհանդերձ, Սվարանցը երիտասարդների համար հեռանկարային վայր չէ: Գյուղապետն ասում է, որ բնակչությունը հիմնականում բաղկացած է մեծահասակներից. երիտասարդները շատ քիչ են, փակ դռներ էլ կան:

Ռազմիկ Մաթևոսյանը 36 տարեկան է, ունի մեկ երեխա: «Երկրորդ երեխան ունենալու համար նորից պիտի մի քանի տարի Ռուսաստան գնամ»,- ասում է նա՝ նկատի ունենալով, որ գյուղի վաստակով երեխա պահելը դժվար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter