HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաքարային դիաբետով հիվանդները դժգոհում են, նաեւ վերադարձնում անվճար դեղորայքը

Գորիսի բժշկական կենտրոնում սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է շաքարային դիաբետով 930 հիվանդ, որից 96-ն օգտագործում է ինսուլին, 834-ը՝ դեղահաբեր:

Էնդոկրինոլոգ Մերի Խուրշուդյանի խոսքով իրական թիվն ավելի մեծ է, քանի որ, մանավանդ փոքր քաղաքում, որոշ մարդիկ խուսափում են գրանցվել:

«Դեպքեր գիտեմ, երբ փորձում են ինքնաբուժմամբ զբաղվել, մասնավորապես դիետաներով են բավարարվում, բայց մեզ չեն դիմում: Որոշներն էլ, եթե գանգատներ են ունենում, կասկածելով, որ կարող է շաքարային դիաբետ լինել, հնարավորության դեպքում Երեւանում են ստուգվում եւ ախտորոշվելուց հետո նախընտրում դեղատնից ինսուլին կամ դեղահաբեր գնել, քան գրանցվել անվճար դեղորայք ստանալու համար»,- ասում է բժշկուհին: Նա անբնական է համարում այն, որ որոշ ընտանիքներում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մասին անգամ մանկական կոնսուլտացիաներում ծնողները չեն ուզում նշել, որպեսզի ծանոթ-բարեկամները չիմանան:

«Յուրաքանչյուր եռամսյակ 12-15 նոր հիվանդ է գրանցվում»,- ասում է Գորիսի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգիայի կաբինետի բուժքույր Սիրուշ Էկտիբարյանը: Նրա ասելով` վերջին ժամանակներում հիվանդների թվի աճ է նկատվում, բայց նա եւս հաստատում է, որ չգրանցվողներ էլ կան: «Քաղաքում մեկը մյուսին ճանաչում են: Ես, օրինակ, այս կաբինետում եմ աշխատում, գիտեմ մարդկանց, ովքեր նախընտրում են ամսական 5-10 հազար դրամ (նայած շաքարի քանակից) ծախսել, քան գրանցվել անվճար դեղորայք ստանալու համար»,- նշում է Սիրուշը:

Որոշ դեպքերում, խոսափելով բժշկին դիմելուց, հիվանդներից շատերը ձեռք են բերում շաքարի չափման սարք եւ ինքնուրույն կարգավորում իրենց բուժումը, անգամ, թե օրական քանի դեղահաբ օգտագործեն եւ այլն:

Այն, որ շաքարային դիաբետով հիվանդներից շատերը խուսափում են իրենց մասին տեղեկություններ տրամադրելուց, հաստատվեց նաեւ նրանց հետ ունեցած զրույցներում, երբ փորձեցի պարզել, թե որքանով են իրենք ապահովվում անհրաժեշտ դեղամիջոցներով, որոնք անվճար տրամադրում է պոլիկլինիկան եւ որքանով են այդ դեղամիջոցներն օգնում իրենց: Հարցված գրեթե բոլոր հիվանդները խնդրում են չհապարակել իրենց անունները, ասելով, թե ոչ միայն չեն ցանկանում, որ իրենց հիվանդության մասին ուրիշներն իմանան, նաեւ մտածում են, որ դժգոհության դեպքում դրանից էլ կզրկվեն:

Նաեւ նշում են, որ հիմնականում օգտագործում են այն դեղամիջոցները, որոնք անվճար են տրվում եւ այդ պարագայում արդեն հաճախ հաշվի չեն առնում ազդեցության աստիճանը, որոշ դեպքերում ստիպված են լինում ընդհանուր չափաբաժինն ավելացնել, օրական 1-2 հաբի փոխարեն երեքն են օգտագործում: Չեն թաքցնում, որ վերջին երկու տարում անվճար ստացված դեղորայքի մեծ մասը թույլ ազդեցություն ունի, եթե օրվա չափաքանակը չի օգնում, նաեւ դեղատնից են գնում: Ըստ նրանց, եթե նախկինում ֆրանսիական ծագումով «Դիաբետոն» էին ստանում, օրական 1-2 անգամ մեկական դեղահաբ էին օգտագործում եւ դա լավ արդյունք էր տալիս, իսկ այլ երկրի ծագմամբ դեղերի ազդեցությունը թույլ է:

«Դեղեր կան, որոնցից հիվանդները ոչ միայն դժգոհում են, անգամ վերադարձնում են, ասելով, թե տվեք ուրիշներին»,- ասում է Մերի Խուրշուդյանը:

Կան նաեւ հիվանդներ, ովքեր նախընտրում են միայն դեղատներից ձեռք բերել: Նրա խոսքով` հիվանդներն ավելի հաճախ դժգոհում են հնդկական ծագում ունեցող դեղերից՝ «Գլիկլազիտ Դիազոն M 2-500», որոշ դեպքերում էլ` «Մետաֆորմին 500» կամ «Մետաֆորմին 1000»  հայկական դեղամիջոցների անարդյունավետությունից: «Նախկինում, հիմնականում, ֆրանսիական ծագումով «Դիաբետոն» էինք ստանում, հիմա գրեթե միշտ հնդկական եւ հայկական դեղեր, որոնց ազդեցությունից հիվանդերից շատերը դժգոհում են, երբեմն փորձում են սահմանված չափաբաժինն ավելացնել,- նշում է էնդոկրինոլոգը: Վերջինս նշեց, որ դեղերի ազդեցությունը որոշ չափով կապված է նաեւ սննդակարգի պահպանման հետ: Հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել ածխաջրերով հարուստ սնունդ, սակայն շատերը, սոցիալական վիճակով պայմանավորված, հենց այդպիսի սնունդ են հաճախ օգտագործում, ինչպես օրինակ՝ մակարոնեղեն:

Մասնագետների կարծիքով` շաքարային դիաբետը սոցիալական ծագում ունեցող հիվանդությունների թվին է պատկանում, եւ փոքրաթիվ չեն այն հիվանդները, ովքեր հնարավորություն չունեն արդյունավետ ազդեցություն ունեցող դեղորայք ձեռք բերել, ինչպես նաեւ անհրաժեշտ սննդակարգ ապահովել՝ օրինակ, հաճախ մսեղեն օգտագործել:

Գորիսի պոլիկլինիկայում գրանցված 800-ից ավելի հիվանդներից ընդամենը 63-ը հաշմանդամության կարգ ունի, եւ հիմնականում նրանց 3-րդ կարգ է տրվում: Շաքարայի դիաբետ ունեցող հիվանդներին, բացառիկ դեպքերում, երկրորդ կարգ են տրամադրում, եթե ունենում են ուղեկցող այլ հիվանդություններ եւս. «Ինձ համար եւս անհասկանելի է, թե համապատասխան բժկական հանձնաժողովն ինչ չափորոշիչներով նրանց կարգ չի տրամադրում, չէ՞ որ այդ թոշակով նրանք կկարողանային նաեւ թույլատրելի սննդակարգ պահպանել, ոչ թե մի կողմից` անարդյունավետ դեղորայք ընդունել, մյուս կողմից` իրենց կյանքի համար վտանգավոր, հիմանականում էժան, մատչելի սնունդ օգտագործել»,- ասում է էնդոկրինոլոգ Մերի Խուրշուդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter