HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթցի հովիվն այս տարի 40 գառ է վաճառել

Մղարթի «Չալին տակ» հանդամասը «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող Մղարթի ոսկու հանք գնացող ճանապարհին հարող տարածքում է: «Չալին տակը» Մղարթի խոտհարքներից է: Այստեղ երեկ արածում էին  մղաթցիների`  600-ից ավելի ոչխարներ: Ընդամենը 500 բնակիչ ունեցող Մղարթում 800 գլուխ ոչխար կա: Ոսկու հանքից իջանք «Չալին տակ»` հովիվների հետ զրուցելու: Հանքից նկատել էին հովիվներին մոտենալս: Մեկը  հանքին հարող ժայռի գլխից բջջայինով զգուշացնում էր հովիվ Մանվել  Խաչատրյանին` ոսկու  հանքի մասին մեզ տեղեկություն չհաղորդել:

«Չէ, ոչխարներից է հարցուփորձ անում»,- պատասխանեց Մանվելը և ձեռքով  ողջունեց իր հետ խոսող, ժայռի գլխին կանգնած հանքափորին: Մանվել Խաչատրյանը 60-ն անց տղամարդ էր: Ասաց, որ իր կողմից հսկվող 300 ոչխարներից 18-ն է իր սեփականը: «Թողլի էլ ունեմ, ուղղակի թողլին առանձին եմ պահում»,- ասաց  նա: Արածող մի քանի ոչխարների վրա կարմիր ներկ էր քսված: «Էդ նոր են  խառնել հոտին, թողլենի են, ներկել են, որ հեշտ ջոկեն: Եթե հոտի մեջ 10 հատ ոչխար ունես, ամսվա  մեջ մեկ օր ես չոբան լինում, 20 հատ ունես` երկու օր ես չոբանություն անում: Սա 22 մարդու ոչխար է»,- բացատրեց  Մանվելը:

Մղարթում  ոչխարի կաթից համեղ պանիր են պատրաստում: Գարնանը   ոչխարի 1կգ պանիրը վաճառում են 1000 դրամով,  աշնանը գինը բարձրանում է` 2000-2500 դրամ: Գյուղացիներից ոմանք ամռանը պանիրը փոխանակում են բանջարեղենի ու մրգի հետ: Մանվելի ասելով` Մղարթում ոչխար առնող չի լինում: Էդ պատճառով ով ինչ գնով կարողանում է, այն գնով էլ վաճառում է:

«Անասունի վաճառքի մի կետ չեն ստեղծում, որ ապրանքդ տանես ծախես:  Ասին Սիսիան ա, որտեղ ա` անասունների մթերակայան են բացել, ասենք` ոչխար ունես, կով ունես` ստեղից Սիսիան ո՞նց կարաս անասուն տանես, ծախես: Գալիս են գյուղից 30-35 հազար դրամով մեր ոչխարն էժան տանում: Գառան միսը ամենահամով միսն է, բայց առնող չկա: Պատահական մարդ, ասենք, գալիս է, մատաղի համար առնում»,- դժգոհեց Մանվելը:

3 տարի առաջ Երևանից եզդիները եկել են Մղարթ կով ու ոչխար են  տարել, բայց հիմա այլեւս չեն գալիս: «Էն ժամանակ  մեկ ոչխարը 25 հազար դրամով ծախելն էլ մեզ ձեռք տեր: Մենք էլ մեր ոչխարի մեջի տուկատն էինք տալիս, հո լավ չտեինք: Գիտեինք, որ գարունքը էդ ոչխարը էլ չի ապրելու»,- իրենց գաղտնիքը հայտնեց Մանվելը:

Մղարթցիների  մյուս 300 ոչխարն էլ «Չալին տակ» հանդամասում արածեցնում էր 38-ամյա Մելիք Գրիգորյանը: Մելիքն ասաց, որ 50 ոչխար ունի: «Հա դե, գեղի գործը սա է:  Ձի էլ ունեմ, 3 հատ կով էլ ունեմ, մի 2 հա էլ հող եմ մշակում»,- թվարկեց նա: Ըստ Մելիքի`ոչխար պահելը շատ ձեռնտու է: Միսը, պանիրը , բուրդը եկամուտ են բերում: Մելիքը պանիրն իրացնելու խնդիր չունի. «Կլիենտներ ունեմ` 10-20 կգ-ով առնում են, տանում»: Վատն այն է, որՄղարթի սարերից գայլերը հաճախ իջնում են գյուղ` ոչխար տանելու: Էս տարի Մելիքի ոչխարներից երկուսին գայլերը տարել են: Ոչխարը մղարթցիները մորթում ու կգ-ը 2800 դրամով տալիս են Ալավերդու կամ Օձունի մսավաճառներին: Մի ոչխարը 35, 40, 45 հազար դրամով են վաճառում:

«Ես գիտեմ, որ կամ ինձ համար եմ աշխատելու, կամ ուրիշի: Ավելի լավ չի՞ ինձ համար աշխատեմ: Ռուսաստան չեմ գնացել, չեմ էլ գնա: Ես Ռուսաստան գնալը չեմ ընդունում, գնալու եմ Ռուսաստանում ուրիշի համար նոքար աշխատեմ, էնա ինձ համար կաշխատեմ, էլի»: Մղարթից, սակայն, Ռուսաստան գնացողներ կան: «Ես էս տարի 40 հատ գառն եմ ծախել: Հիմա  դեռ մի 5-6 հատ գառն ունեմ, չի ծախվում: Վատն էդ ա, որ չի ծախվում: Մեր չարչարանքի դիմաց 2800 դրամ գինը շատ էժան է: Գալիս են տավարի միսը մեզանից կգ-ը 700 -1000 դրամով տանում: Երեկ եզդիները գյուղն էին եկել, 1000 դրամով տավարի միս ուզեին: Այ, գեղացին էստեղ է քաշվում»,- խոսքը շարունակեց Մելիքը: Այնուամենայնիվ, Մելիքը  դժգոհ չէ իր կյանքից ու ապրելակերպից, ասաց, որ երկու տղա, սեփական ավտոմեքենա և տուն ունի. «Լավ ա, փառք Աստծո: Հացն արտադրում եմ, կարտոֆիլն արտադրում եմ, միսն էլ  ունեմ, ինձ համար նորմալ ապրում եմ»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը անասունների վաճառքի շուկայի վերաբերյալ «Հետքի» հարցին ի պատասխան` ասաց. «Մենք Ստեփանավան- Վանաձոր ճանապարհի վրա ունենք անասունների վաճառքի շուկա: Այնտեղ  տարածաշրջանի գյուղացիները անասունների վաճառքով են զբաղվում: Թումանյանի տարածաշրջանում գյուղապետերը կարող են հավաքվել, շուկայի տեղն ընտրել և այնտեղ շաբաթ, կիրակի օրերին վաճառել անասուններ: Մենք Օձունում մոտ օրերս բացելու ենք  սպանդանոց, որտեղ նույնպես կարող են մղարթցիները և մյուս գյուղերի գյուղացիները իրենց անասունները հանձնել: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Գյուղապետերը կարող են Թումանյանի տարածաշրջանում միջհամայնքային միավորում ստեղծել և կազմակերպել գյուղացիների անասունների վաճառքը»:

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter