HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ առանց փորձաքննության արդյունքների

2014 թվականի սեպտեմբերի 27-ին Գորիսի Գետափնյա փողոցի 4-րդ շենքի բակում՝ մուտքից մի քանի մետր հեռավորության վրա, «Օպել Վեկտրա» մակնիշի 29-SO-689 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 15-ամյա Արսեն Վարդանյանին: Տղային տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո նրան ուղեգրել են Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Այստեղ ախտորոշվել է աջ սրունքի զույգ ոսկրերի բեկորային բաց կոտրվածք՝ ոսկրաբեկորների տեղաշարժով եւ տղային վիրահատել են (աջ սրունք օստեոսինթեզ Իլյիզարովի ապարատով):

Սեպտեմբերի 16-ին, վերադառնալով Գորիս, Արսենի հայրը՝ Վարդան Վարդանյանը, դիմել է Գորիսի ոստիկանություն, տեղեկանալու համար, թե ինչ ընթացք է ստացել տղային վթարի ենթարկած վարորդի գործի քննությունը:

Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Մանուչարյանը նրա դիմումին պատասխանել է. «Օգոստոսի 27-ին Արթուր Եղոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 29-SO-689 համարանիշի ավտոմեքենայով Ձեր որդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով սեպտեմբերի 6-ին որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Արթուր Եղոյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:

Որոշման մեջ նշված է նաեւ, որ «Արսեն Վարդանյանն աջ ոտքի կոտրվածքն ստացել է սեփական անփութության հետեւանքով ավտոմեքենային բախվելու արդյունքում, եւ Արթուր Եղոյանը ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ թույլ չի տվել: Ավտոմեքենան վարելով 10 կմ ժամ արագությամբ, իրականացրել է ավտոմեքենայի պատշաճ երթեւեկություն, շենքի կառուցվածքից ելնելով չէր կարող նկատել բակում գտնվող երեխաներին, եւ վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել»:

«Հետքի» հետ զրույցում տղայի հայրն իր վրդովմունքը հայտնեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի կայացրած որոշման դեմ, նշելով, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 6-ին, իսկ այդ մասին տեղեկացել է միայն իր դիմումից հետո՝ սեպտեմբերի 16-ին: Այսինքն՝ հնարավորություն չի ունեցել քրեական գործ հարուցելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում սահմանված ժամկետում բողոքարկել այն:

Բացի այդ, որոշման մեջ նշված է, որ «սեպտեմբերի 27-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Այդ դեպքում, ի՞նչ հիմքով է մերժման որոշում կայացվել, մանավանդ որ, ըստ Վ. Վարդանյանի, բացի բժշկի տված ախտորոշման թղթերից, տղան որեւէ փորձաքննության չի ենթարկվել: Նրան անհասկանալի է նաեւ, թե ինչու են հոկտեմբերի 2-ին զանգահարել իրեն եւ հայտնել, որ տղան պետք է փորձաքննության ենթարկվի, երբ սեպտեմբերի 6-ի որոշումով քննիչը մերժել է քրեական գործի հարուցումը:

Տղայի հայրը համաձայն չէ, որ քննիչի որոշումը կայացվել է «ճանապարհատրասնպորտային դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննության արդյունքերով»: Նա նշեց, որ հիվանդանոց է այցելել մեքենայի վարորդը՝ Արթուր Եղոյանը, եւ վստահեցրել, որ ԱՊՊԱ-ն կփոխհատուցի բուժծառայության ծախսերը, սակայն մինչեւ այժմ որեւէ գումար չեն ստացել, ստիպված է եղել ինքը վճարել մոտ 1,5 մլն դրամը: Այժմ, երբ քրեական գործի հարուցումը մերժվել է, ինքը հնարավորություն չունի նաեւ ծախսերը փոխհատուցելու պահանջ ներկայացնել:

Այս մասին տղայի հայրը  սեպտեմբերի 29-ին նամակներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, մարդու իրավունքների պաշտպանին եւ պատրաստվում է նաեւ դիմել դատարան:

Քննիչի կայացրած (որն ի դեպ, թվագրված է ոչ աշխատանքային օրվա ամսաթվով- հեղ.) որոշման հետ կապված մի շարք հարցերով փորձեցինք տեղեկություններ ստանալ նաեւ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Արման Մանուչարյանից: Նա սկզբում համաձայնվեց տեղեկություններ տրամադրել, սակայն խորհրդակցելով բաժանմունքի պետի հետ, մերժեց՝ պատճառաբանելով, որ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատուին:

Մեկնաբանություններ (2)

Արսեն
Ինչ էլ որ որոշած լինի քննիչը դեպքը կատարվել է փողոցի բակում, որը և տալիս է ամեն ինչի պատասխանը:
Վեհարի
Միայն Հայաստանում է, որ եթե 10 կմ ժամ արագությամբ ընթացող մեքենան հնարավոր չէ արգելակել, ապա վարորդի մեղավոր կամ մեղավոր չլինելը քննիչի դատավճռից է կախված: Միայն մեր երկրում է, որ երբ մարդ են սպանում քննիչն իրավունք ունի քրեական գործը առանց դատարանի, անօրինաբար կասեցնել կամ կարճել: Մեքենան խաչմերուկում ետընթաց տալով ճանապարհի կենտրոնում բախվել է այլ մեքենայի և կան զոհեր, այդ դեպքում ևս քննիչի` թե որտեղ է տեղի ունեցել բախումը վերնագրով դատավճիռն է հիմք ընդունում քաղաքական պատվեր կատարող դատարանը և ամիսներով կամ տարիներով վարկաբեկում անմեղ Մարդու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter