HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականի լիցքը հերիքեց միայն մեկ խաղակես

Հայաստան-Ֆրանսիա (0-3) ընկերական հանդիպումից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հայտատարել էր, որ ֆուտբոլիստները նոր մարտավարությանը հարմարվելու խնդիր ունեն, այսինքն՝ դա նշանակում էր, որ տակտիկայի փոփոխություն չէր լինելու:

Պաշտպանության բացթողումները լուծելու համար վերջին խաղերում Շալանդը օգտագործում է 5 պաշտպան, որոնցից 2 եզրայինները գրոհի ժամանակ գործում են առաջ քաշված՝ կիսապաշտպանական գծին մոտ, այդպես նաեւ մասնակցելով գրոհներին, իսկ պաշտպանվելիս նահանջում են: Երեկվա խաղում կազմի փոփոխություն էլ չկար. միայն «Զենիթի» խաղացող Արտյոմ Սիմոնյանն էր փոխարինել վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանին: Միանգամից ասենք, որ Սիմոնյանը լավ տպավորություն թողեց. տեխնիկապես զարգացած, արագ կողմնորոշվող ֆուտբոլիստ է, բայց երբեմն չարաշահում է անհատական խաղը, որը թիմային ֆուտբոլի ձգտող թիմի ուղեծրից դուրս է մնում:

Ֆրանսիացիները համաշխարհային դասակարգման ցուցակում 9-րդն են, ինչն արդեն խոսուն փաստ է Դիդյե Դեշամի թիմի ուժի մասին: Այս հանդիպումից 3 օր առաջ մերոնք ծանր մրցավեճ էին անցկացրել սերբերի հետ (1-1), իսկ ֆրանսիացիները ընկերական խաղում իրենց հարկի տակ 2-1 հաշվով հաղթել էին պորտուգալացիներին:

Բայց կար մի մեծ տարբերություն. Ֆրանսիան, ինչպես աշխարհի մյուս հզոր հավաքականները, իրար հավասար երկու կազմ ունի, եթե չասենք ավելի: Հենց պահեստայինների նստարանի երկարությունն ու որակը առաջին հերթին զգալ տվեց երեկվա մրցավեճում:

Առաջին կեսում մեր խաղացողները ստեղծեցին երկու վտանգավոր պահ, երկուսն էլ՝ Մարկոսի կատարմամբ: Մի դեպքում դարպասապահ Սթիվ Մանդանդան հետ մղեց գնդակը, իսկ մի դեպքում էլ մատների ծայրով հանեց անկյունային: Ֆրանսիացիներն էլ երեք շատ լավ պահեր ունեցան, որոնցից մեկն ավարտվեց գոլով: 7-րդ րոպեին մեր ձախ թեւում միայնակ հայտնված Ժինյակը լայնակի փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ Ռեմին դիպուկ գտնվեց: Սխալվեցին ձախ եզրային Հայրապետյանն ու կենտրոնականները: Ռեմին եւս մի դրվագում հարվածեց դարպասաձողին, իսկ մեկ անգամ էլ Ժինյակի հարվածից հետո կտրուկ ռեակցիա դրսեւորեց Բերեզովսկին: Առաջին 45 րոպեներին մեր թիմը պարբերաբար անցնում էր հակագրոհների, եւ այնպես չէր, որ ֆրանսիացիները կիպ էին խաղում, շնչելու հնարավորություն չէին թողնում: Խաղը դիտարժան էր երկուստեք գրոհների, գործողությունների շնորհիվ:

Սակայն երկրորդ խաղակեսում ֆրանսիացիները շարունակեցին նույն տեմպով, իսկ հայ ֆուտբոլիստները սեղմվեցին սեփական տուգանայինի մատույցներում: Սարկիսովի փոխարինումից հետո սրությունը գրոհի եզրում, կարելի է ասել, մարեց: Շալանդը փորձում էր հագեցնել միջին գիծը՝ դաշտի կենտրոնը չհանձնելու համար, սակայն մեր թիմի պահեստայինների նստարանն անհամեմատելի է ֆրանսիացիների հետ: Փոխարինման դուրս եկած Պոլ Պոգբան, որն աշխարհի ամենախոստումնալից երիտասարդներից մեկն է համարվում, մեր տուգանայինում միայնակ շրջանցեց 3 խաղացողի ու ստիպեց խախտել խաղի կանոնները՝ վաստակելով 11-մետրանոց 55-րդ րոպեին: Ժինյակը դիպուկ գտնվեց:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականում կաղում էր համակցվածությունը, փոխգործակցությունը: Փոխանցումների խոտանը մեծ էր, պարզ իրավիճակներում տղաները երբեմն սխալվում էին: Երկու-երեք խաղացողի հարեւանությամբ գտնվող մրցակիցն ավելի շուտ էր հասնում գնդակին, քան հայերը: Ընդհանրապես, տպավորիչ էր ֆրանսիացիների արագ, մեկ հպումով փոխանցումներով խաղը գրոհի անցնելիս: Դեշամի թիմը առաջին կեսում շեշտը դրել էր եզրային անցումների վրա, իսկ երկրորդում՝ Հայաստանի հավաքականի հոգնածության ֆոնին, արդեն բզկտում էր կենտրոնական դիրքերը: Փոխարինման մտած Գրիզմանը 84-րդ րոպեին մերոնց բռնեց խաղից դուրս ստեղծելու փորձի վրա ու մեն-մենակ դուրս եկավ Բերեզովսկուն փոխարինած Կասպարովի դեմ՝ հաշիվը դարձնելով 0-3: Փաստորեն, ֆրանսիացիների փոխարինումները արդյունավետ ստացվեցին, իսկ մերոնք ոչինչ չկարողացան անել, գոնե մի լուրջ վտանգ ստեղծել, ինչպես առաջին կեսում: Սա խոսում է մեր թիմի երկու կազմերի ընդգծված տարբերության մասին:

Հետխաղյա մամուլի ասուլիսում Շալանդը գովեց իր թիմին. «Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել...»: Առաջին կեսում, չնայած բաց թողած գոլին, մեր թիմն իսկապես գրագետ ու դիտվող խաղ ցուցադրեց, բայց զարմանալի է, որ շվեյցարացի մասնագետը շեշտում է, թե տղաները նույնիսկ գոլային պահեր ստեղծեցին: Ինչ է, չէի՞նք սպասում նման բան, անակնկա՞լ էր: Այո, չկար գրոհային քառյակը, նաեւ Մանուչարյանը, բայց դա չի նշանակում, թե գոլային պահեր ստեղծելը պիտի խոսակցության թեմա դառնա: Սա այլեւս այն թիմը չէ, որը նման կարգի մրցակցիների հետ խաղերում մտածում է միայն պաշտպանվելու մասին ու 90 րոպեների ընթացքում մի քանի անգամ է կարողանում հատել կենտրոնական գիծը: Անկեղծ լինենք, Ֆրանսիան չէր խաղում իր ամենաուժեղ կազմով ու ամբողջ ուժերի ներդրմամբ, սակայն այնպես էլ չէր, որ մերոնց մատների արանքով էր նայում. հատկապես առաջին կեսում նկատելի էր զգուշավորությունը հայերի հակագրոհների ժամանակ: Մեր թիմն էլ խաղում էր մեծ կորուստներով, բայց այս նույն կազմը մի քանի օր առաջ սերբերին հաղթելու եզրին էր:

Հայաստան-Ֆրանսիա խաղը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ առանց արժանի փոխարինողների հաջողությունները կարճաժամկետ են: Մինչ այս ամենագլխավորը, թերեւս, պաշտպանության օղակն ամրապնդելն էր, իսկ հիմա Շալանդի համար, ըստ էության, առաջնահերթություն պիտի դառնա փոխարինող կազմի որակների բարելավումը: Բայց նաեւ ասենք, որ դրա համար Շալանդի, ինչպես հավաքականի ցանկացած այլ մարզչի, հնարավորություններն այնքան էլ մեծ չեն. խաղացողներն ազգային ընտրանի են գալիս ակումբներից, եւ հավաքականի մարզիչը նրանց փոխանցում է որոշակի գիտելիքներ ու տալիս խաղաժամանակ: Իսկ խաղացողը ֆուտբոլիստ դառնում է ակումբների մանկապատենական դպրոցների ստեղծած հիմքի վրա: Հայաստանում այս դպրոցների կայացման առումով, կարելի է ասել, անցումային փուլ է: Եվ եթե տեղական ակումբները չեն բավարարում հավաքականի պահանջները, մնում է արտերկրում փնտրել հայազգի խաղացողներ, ինչպես եղավ Յուրայի ու Արասի պարագայում: Արդյո՞ք մոտակա տարիներին Հայաստանում կամ արտերկրում կհայտնվի նրանց կամ Հենրիխին հավասար մեկը, ժամանակը ցույց կտա: 40-ամյա Բերեզովսկին, որն «անփոխարինելիներից» առաջինը  կհեռանա թիմից, առայժմ չունի իրեն հասավարը:    

Հ.Գ. I խմբի ընտրական խաղերում Դանիան սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է Պորտուգալիային: Հանդիպման ամենավերջում Ռոնալդուն կարողացել է հաղթանակ բերել իր թիմին: Սերբիա-Ալբանիա մրցավեճն ընդհատվել է 44-րդ րոպեին: Ալբանացի երկրպագուները փոքրիկ անօդաչու ինքնաթիռով ստադիոնում օդ են բարձրացրել մի դրոշ, որի վրա Կոսովոյի տարածքն է պատկերված եղել՝ Ալբանիայի դրոշի գույներով ներկված: Սերբերից Միտրովիչը իջեցրել է դրոշը, ինչը զայրացրել է մրցակցին, սկսվել է քաշքշոց: Մարզադաշտում վիճակն այնքան է լարվել, որ մրցավարն ընդհատել է խաղը: ՈւԵՖԱ-ն այս հարցով պետք է որոշում կայացնի: Մրցաշարային աղյուսակում 4-ական միավոր ունեն Ալբանիան ու Դանիան, 3՝ Պորտուգալիան, 1-ական՝ Սերբիան ու Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter