HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու առևտրի կենտրոնի բացմանը սպասելիս

Արտաշատում պատրաստվում են հոկտեմբերի 30-ին մեծ շուքով բացել քաղաքի ամենամեծ բիզնես կենտրոնը՝ «Արտաշատ պլազան»: Բիզնես կենտրոնի սեփականատերը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը:

Բացման մեծ ցուցանակն արդեն փակցված է, իսկ բիզնես կենտրոնի տարածքը՝ ասֆալտապատված: Աբրահամյանների «աչքը մտնելու» համար  նրանց մերձավորները ջանում էին հնարավորինս ցույց տալ, որ իրենք մեծ ներդրում ունեն բիզնես կենտրոնը հավուր պատշաճի բացելու գործում: Այդ աշխատանքներում ներգրավված է նաև Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհու՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսինը՝ Ռոբերտ Գասպարյանը:

Նա էր վերահսկում, որպեսզի տարածքի ասֆալտի վերջին քառակուսիները որակով արվեն: Ռոբերտ Գասպարյանը ներկայացավ որպես «պրարաբ»: «Եթե ինձ արդարացնեմ, կարող ա վերցնեն աշխատանքի»,- ասում էր պատգամավորի ամուսինը:

Նշենք, որ առևտրի կենտրոնի առաջին հարկում լինելու է մեծ սուպերմարկետ, երկրորդ հարկում՝ հագուստի և այլ իրերի տաղավարներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առիթը բաց չի թողնում փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին ելույթներ ունենալու համար: Դեռևս հունիսի 11-ին՝ կառավարությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ «կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»:

Հովիկ Աբրահամյանի խոսքերը իրականություն են դառնում միայն իր ազգականների բիզնեսի բարգավաճման առումով: Վարչապետը հնարավորություն է տալիս զարգացնել իր որդու, եղբոր, եղբորորդու և այլոց բիզնեսը՝ ճնշելով նրանց ճանապարհին հայտնված փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին:

Արգամ Աբրահամյանի բիզնես կենտրոնի հարևանությամբ կան բազմաթիվ փոքր խանութներ, առևտրի տաղավարներ: Վերջիններիս սեփականատերերը մտահոգված էին, որ վարչապետի որդու սուպերմարկետի և առևտրի այլ տաղավարների բացումը վնասելու է իրենց բիզնեսին և իրենք հոկտեմբերի 30-ից հետո ստիպված են փակել խանութները՝ մրցակցությունից դուրս մնալու պատճառաբանությամբ:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Այս մարդոցմով ու հոգեբանութեամբ՝ ինչպէ՞ս կարելի է հայրենիք կերտել և ժողովուրդ պահել հայրենի հողի վրայ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter