HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոսը. արջ որսացող հետախույզը պատերազմից

Ղարաբաղի Ակնաբերդ գյուղի ավազոտ ճանապարհով բարձրանում ենք դեպի «Եղնիկների» Բոսենց տուն: Ոչ միայն այդ գյուղում, այլև Ղարաբաղում նրան անունով չեն դիմում, գիտեն, որ նա Բոսն է՝ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հետախուզության պետը: Շահումյանի սարերն ու ձորերն անգիր իմացողն է Բոսը, որ կարող է աննկատ թափանցել հակառակորդի դիրքերը ու երբեք չբռնվել: Եվ ոչ միայն: Բոսը հայտնի արջ որսացող էր: Մինչ նրան հանդիպելն ինձ թվում էր, թե նա հաղթանդամ մեկը պիտի լինի, ում արտաքին տեսքից մի քիչ էլ պիտի վախենաս: Նույնիսկ դեմքի արտահայտությունն էի պատկերացնում՝ խստահայաց ու հնարավորինս քիչ ժպտացող: Երբ դարպասը բացվեց, մեզ ընդառաջ եկավ մեկը, ով ոչ հաղթանդամ էր, ոչ էլ քիչ ժպտացող, հակառակը՝ մեզ այնպիսի ջերմությամբ բարևեց, որ շփոթվեցի, մտածեցի, որ երևի Բոսը չէ, բայց երբ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը նրան բարևեց, անունն էլ նշեց, հասկացա, որ հաստատ ճիշտ ենք եկել:


Բացօթյա պատշգամբում էլ Բոսի՝ Յուրա Հախունցի հետ սկսեցինք խոսել կորցրած Շահումյանի, կառուցվող երազների ու արջերի մասին: «Ինչո՞ւ Բոս»,- միանգամից հարցնում եմ: Ժպտում է: Ասում է՝ դե կռվի տարիներին ամեն մեկին մի ածականով էին դիմում, օրինակ, հրամանատարին՝ Սերգեյ Չալյանին, «Պրիզրըկ» էին անվանում, մեկին՝ «Կոճակ», իրեն էլ՝ «Բոս»: «Երևի շեֆությո՞ւն էիք անում»,- հակադարձում եմ նրան: Ծիծաղում ենք: Հետո ավելացնում է, որ ինքն էլ չգիտի, թե ինչու «Բոս» անվանեցին, բայց գիտի, որ մինչ օրս Ղարաբաղում ու Հայաստանում եթե Յուրա ասես, չեն իմանա, պիտի Բոս ասես:

Արջի ուժեղ մասնագետը

Արջը վտանգավոր կենդանի չէ, որսալն էլ սովորական բան է, կարևորը գլխավոր սկզբունքին հետևելն է՝ չվախենալ: Այս մասին նշում է արջի որսորդի համբավ ունեցող զրուցակիցս: Ասում է՝  ժամանակներ են եղել, երբ ընկերներով գնում էին եղնիկի որսի, իրեն նորից արջ էր հանդիպում: Ինքն էլ չգիտի՝ ինչի՞ց է: Հակոբը լրացնում է նրա խոսքը, նշում, որ եթե Ղարաբաղում մեկը արջ էր խփում, ասում էին՝ Բո՞սն է խփել: «Ինչքան մեծ կենդանի, էնքան լավ: Փոքրերի հետևից չեմ ընկնել: Իսկ մեր անտառներում ամենամեծ կենդանին արջն էր, դրանից մեծ չկար»,- բացատրում է Բոսը: Որսորդությամբ զբաղվել է այնքան, ինչ իրեն հիշում է: Համենայն դեպս, այսպես է ձևակերպում, հետո աչքերը կախում սեղանին փռված մոմլաթին, թե ինչ իմանար, որ կռվի ժամանակ էլ որսորդությունը պետք է գալու:

Օրինակ, հետախուզության համար առանձնացնում է տեղամասերը ճանաչելու հմտությունը, իսկ ինքը դա ստացել էր որսորդությունից: Հակոբը հարցնում է նրան, «Արջ բռնե՞լն է հեշտ, թե՞ թուրք խփելը»: Մտածում է, հետո թե. «Համարյա նույն բանն ա, մենք սովոր ենք: Ընդհանրապես, մարդ խփելը շատ դժվար է, բայց, Աստված չտա, սովորեցիր, սովորական է դառնում... Առաջ հիշում եմ, ջահել տղա էի, մի տխուր դեպք էր լինում, չէի գնում, եթե գնում էի թաղման, մի շաբաթ հաց չէի ուտում, իսկ պատերազմը սովորեցնում ա դիակի վրայով հացը կծելով վազել»:

Հետախույզը

Յուրա Հախունցը 63 տարեկան է, ծնվել է Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղում: Շրջանի մեծ գյուղերից էր՝ 1200 բնակիչ ուներ: Երբ կռիվը սկսվեց, 1989 թ. էր, գյուղի տղերքով ինքնապաշտպանություն էին իրականացնում: Ասում է՝ կռիվը, լարվածությունն իրենց մոտ շուտ եկավ: Մինչև Շահումյանի գրավման օրը՝ 1992 թ. հունիսի 13-ը, մյուս շահումյանցիների պես չէր պատկերացնում, որ շրջանը կարող էին կորցնել: Իսկ կորցրեցին, որովհետև ուժերն անհավասար էին: Նրա ասելով՝  հակառակորդը վարձել էր Կիրովաբադի խորհրդային զորքը: Մինչ գրավման օրը գյուղում բնակիչների 90 տոկոսը չէր հեռացել, մի տեսակ հավատ կար, որ կարող էին հաղթել, բայց հետո այդ հավատն էլ կորավ, ստիպված դիմեցին փախուստի: Իր աղջիկն էլ ծնվել է անտառում փախուստի ժամանակ:

Շահումյանը գրավեցին, բայց անտառները մնացին իրենց: Այսպես է նշում շահումյանցի հետախույզը ու նայում բացօթյա պատգշամբից դեպի հեռավոր կետերը: «Շահումյանի գրավումից հետո տղերքով մտանք անտառներ, ձևավորեցինք «Եղնիկներ» ջոկատը, որի հիմնադիրներից մեկն եմ: Էն ժամանակ 17 հոգով էինք, շահումյանցիներ էինք՝ մեր գյուղից, Կարաչինարից: Ամառ-ձմեռ անտառում էինք, մեր շտաբն էլ եղել է «Էրեբունի» օդանակավակայանում: 8 ամիսը մեկ 5 օրով սմեն ենք փոխել, ուղղաթիռով տանում էին, հանգստանում էինք... Ոնց ասեմ, 8 ամիս շոր չէինք հանում»,- աչքերն այդ հեռավոր կետերից մեկին հառած՝ պատմում է հետախույզը: 1989 թ. մինչ 2008 թ. զինվորական համազգեստ է կրել: 

«Երբ քեֆներս տվել ա, գյուղ ենք մտել»

Խոսում ենք իրենց կատարած դիվերսիոն գործողությունների մասին: Հարցնում եմ գյուղը վերջին անգամ ե՞րբ է տեսել: Պատասխանում է շատ համառոտ. «Երբ քեֆներս տվել ա, մտել ենք»: 17 ժամում սարերով մտնում էին Շահումյան և դեռ որևէ անգամ չեն ընկել ծուղակի մեջ: Իսկ Շահումյանի գրավումից հետո առաջին անգամ Վերինշեն էին մտել 1992 թվի սեպտեմբերի 5-ին: 11 հոգով մտել էին և ոչ մի շունչ չէին թողել. 37 թուրք էին խփել: Դրան հաջորդել էր Շահումյանի ճանապարհը փակելը, ավտոաշարասյուներ խփելը: «Մեր ցանած կարտոֆիլն էին տանում»,- նկատում է նա: «Ձեր տունը գտա՞ք գյուղում»,- հետաքրքրվում եմ նրանից: Ի պատասխան՝ նշում է. «Խե կորած ա լա՞, որ գտնենք... Հիմա կամ մըր գյուղը, կամ Աղդամը, եթե տեսել եք , այ, էդ աստիճան ավերել են: Սաղ քանդել են՝ անապատ ա, արոտավայր»: «Իսկ եթե ազատագրվի, կապրե՞ք այնտեղ»,- հարցնում եմ: Մինչ մեր զրույցի այդ կետը զրուցակցիս հայացքում նկատելի հանգստություն կար, որը դժվարացնում էր հասկանալ նրան, թե ընդհանրապես պատերազմից խոսելն ինչ է արթնանցում նրա մեջ:

«Հերս, մերս էնտեղ են ապրել: Երբ թուրքերը եկան վերցրին մեր բարձունքները, գիշերը սկսեցին ռմբակոծել, վեր կացա, զենքը վերցրեցի, որ վազեի, տեսա մայրս վեր էր կացել, հարցեց, թե ուր եմ գնում, հետո թե՝ մի գնա, թուրքերը կրակում են: Չլսեցի, դուրս եկա տնից, համարյա 1 կմ-ի չափ վազեցի, մեկ էլ հետևիցս ավտո եկավ, ասացին՝ մորս ինֆարկտ ա խփել... Իմ մորը ես սպանել եմ... Հազիվ քառասունքը նշեցինք, քար էլ չկարողացնաք դնել, դուրս եկանք գյուղից: Բա չե՞ս գնա ապրես էնտեղ»,- նշում է Բոսը, ում աչքերի մեջ ուրվագծվում էին հուզմունքից առաջացած կարմիր նուրբ գծերը: Հայացքը կախեց սեղանի մոմլաթին:

Մենք բոլորս լռեցինք: Մի քանի վայրկյան անց մեզ խնդրեց սուրճը խմել: Հուզական մթնոլորտը ցրելու համար հետաքրքրվում ենք, թե քանի արջ է խփել մինչ օրս: Ժպտում է՝ հասկանալով մեր «խորամանկ» քայլը: Ասում է՝ մի անգամ նստել-հաշվել է. 21 արջ է խփել, 3 քոթոթ է բռնել: Քոթոթները հետո նվիրել է ընկերներին: «Արջը բույնի մեջ էլ եմ խփել: Հետո տղերքը կաշին հանել էինք, հագնում-նկարվում էին: Մոմենտ ա եղել, որ մենակ միս ենք կերել: Սովել էինք, ուտելու բան չունեինք, Շուրան մոշի տերև էր ուտում, ասում էր՝ քաղցր ա, բայց ահավոր աղի բան ա: Ստիպված կենդանի էինք խփում»,- պատմում է արջի որսորդը:

Կորուստների մասին

«Ե՞ս... Ես պատերազմում շատ բան եմ կորցրել... Երեք ախպեր էինք, մեծ ախպերս անհայտ կորավ, միջնեկ ախպերս վախից էր, ինչից էր, հիվանդացավ, գնաց Սարատովում մահացավ,- ասում է ազատամարտիկը, հետո շարունակում,- Դաստագիրը գրավելուց 10 թուրք էինք բռնել, ռացիայով խոսեցի, ասացի՝ ինձ մի թուրք ա պետք, ամենահարուստ թուրքին ջոկել էի, բերել էի էստեղ, երեք ամիս պահել, որ փոխանակեին ախպորս հետ: Էդ թուրքի ծնողները Բաքուն քանդեցին, բայց ախպորս չկարողացան գտնել: Մինչ օրս ախպորս մասին լուր չունեմ»: Հետո քույրերի մասին է խոսում, նշում է, որ 5 քույր ունի, բայց նրանք էլ ցրված են աշխարհով մեկ, 3 որդի և մի աղջիկ ունի, ովքեր նույնպես ցրված են, լավ ընկերներ ունի… «Բայց ոչ մի տեղ չեմ կարողանում մնալ, սարերն ինձ կանչում են»,- նորից ժպտում է՝ նայելով մեզ:

2004-05 թթ. Յուրա Հախունցի ջանքերով ստեղծվել է Ղարաբաղի ամենաբարձրադիր մարտական դիրքը, որը գտնվում է Գյամիշ լեռան՝ 3724 մետր բարձրության վրա: Այդ կետից, նկատում է, երևում է նաև Շահումյանը: Դիրք կառուցելու օրերին կրակոցներ են եղել, բայց դրանք էլ չեն խանգարել:

Յուրան այն քիչ ազատամարտիկներից է (մինչ օրս ինձ հանդիպած), ով չի դժգոհում որևէ բանից, հակառակը՝ ասում է իրենց գյուղում այնքան վատ ապրող մարդիկ կան, որ ինքն էլ ուզում է օգնել նրանց ինչքանով կարող է:

Հարցնում եմ՝ գյուղացիները ճի՞շտ են ասում, որ թուրքական կողմից անասուններ էր բերում-բաժանում գյուղում:

Պատմում է, որ հաճախ էր բերում անասուններ այն կողմից, օրինակ, 2007 թ. Օմարից Քյափազ էր անցել, անասուններ բերել ու բաժանել տղերքին, մի ուրիշ դեպք է հիշում, երբ 40 անասուն և 5 մարդու էր բերել՝ թուրք գյուղապետին էլ հետները: Ասում է՝ մարդկանց էլ բերել էր, որ անասունները պահեին:

«Ինձ կրակ էլ տան, մեդալ չեմ կպցնի»

Իր արարքների մասին սակավախոս ազատամարտիկի կենսագրությունը գիտեն ոչ միայն Ակնաբերդում, այլև Ղարաբաղում: Նրան շնորհել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Արիության համար», «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներ, բայց երբեք չի կրել: «Մեդալ չեմ ուզել, իրենք են տվել: Ինչի՞, մեդալներո՞վ են գնահատում: Ինձ կրակ տան, մեդալ չեմ կպցնի… Ես կյանքում չեմ կպցնի, մեր տղերքից ոչ մեկը չի կպցնի»,- ասում է նա, հետո ավելացնում, որ իրենց բոլորն էլ ճանաչում են, և մեդալով չէ, որ լավ զինվորին իմանում են: 

Բոսը հիմա Ակնաբերդի անտառապահն է: Նախկին որսորդն այսօր պահպանում է անտառը: Իր աճեցրած խաղողից պոկում է մի ողկույզ, ասում է՝ դրա համն ուրիշ է, փորձեք: Մենք հրաժեշտ ենք տալիս նրան դարպասների մոտ, իսկ ճանապարհին լուռ քայլում ենք: Բոսն այն քիչ ազատամարտիկներից է, ովքեր առհասարակ մեծ գործ են արել պատերազմի ժամանակ, բայց չեն սիրում խոսել այդ մասին: Ու հետաքրքիր է՝ պատերազմը նրա մեջ չի կոտրել բարությունը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Գայանե Դավթյան
Շնորհակալություն Հետք-ին, այս շարքի հեղինակներին և լուսանկարիչ Հակոբին չափազանց կարևոր ու հետաքրքիր նյութերի համար։ Այս պատմությունները անգնահատելի արժեքներ են։
ընթերցող
Գրավիչ պատմություն է համեստ ու հերոսական մարդու մասին! Հեղինակին շնորհակալություն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter