HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տեղական ինքնակառավարման ոլորտի համար նոր ժամանակներ են սկսվում

Հետաքրքիր զուգադիպությամբ իրար հաջորդող երկու օրերին տեղական ինքնակառավարման ոլորտում իրենց գործունեությունն ավարտելու մասին հայտարարեցին այս ոլորտի երկու բարեփոխիչները` սկզբում «Քաունթերփարթ ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ապա Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրանց գործունեությունն ընդհատվում է մի ժամանակաշրջանում, երբ լայնածավալ փոփոխություններ էին նախապատրաստվում տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում:

Միացյալ Նահանգները եւ Եվրոպան վերջին տարիներին ներդրումներ են կատարում նախագծված փոփոխություններն իրականություն դարձնելու համար: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը հոկտեմբերի 15-ին, «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հրավիրած համաժողովում  հայտարարեց տեղական ինքնակառավարման ոլորտում ներդրվող նոր, մեծածավալ գումարային հոսքերի մասին:

«Քաունթերփարթ ինթերնեշնլը» տեղական ինքնակառավարման ոլորտում լայնածավալ աշխատանք սկսեց 2010թ·-ին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Օրերս՝ հոկտեմբերի 15-ին, կազմակերպությունը «Հանրային երկխոսություն եւ համայնքային զարգացում. հետագա քայլերը` համատեղ ջանքերով» վերնագրված համաժողովում ազդարարեց քառամյա ծրագրի, ինչպես նաեւ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու մասին: Կազմակերպությունը ներկայացրեց իր 4 տարիների ձեռքբերումները: Տեղական ինքնակառավարման ոլորտում, ինչպես շեշտվեց, իրենց հաջողվել է ամենակարեւորը՝ կառավարման մշակույթ ձեւավորել, որի շատ էլեմենտներ միանգամայն նորություն էին մեր երկրի համար:

«Քաունթերփարթ ինթերնեշնլը» Սոցներդրումների հիմնադրամից հետո երկրորդն էր, որ համայնքներում զարգացման ծրագրեր ֆինանսավորելու համար կարեւոր նախապայման համարեց համայնքների մասնակցությունը՝ համաֆինանսավորումով, եւ այն տոկոսային առումով շատ ավելին էր, քան Սոցներդրումների հիմնադրամի պահանջն է: Համայնքների ներդրումների ծավալը, բացարձակ թվերով, քիչ էր զիջում «Քաունթերփարթ ինթերնեշնլի» ներդրած գումարին: Կազմակերպությունն իր գործընկեր համայնքներում ներմուծեց տեղական ժողովրդավարության գաղափարը՝ իրականություն դարձրեց մասնակցային կառավարումը՝ նպաստելով նաև դրա օրենսդրորեն ամրագրմանը: Պատահական չէ, որ Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակի «Լավագույն գործելակերպի ծրագրին» հանրապետության 915 համայնքներից հայտ էին ներկայացրել 48-ը, որոնք, մի քանի բացառություններով, «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հետ համագործակցած համայնքներն էին:

Նախարար Արմեն Գեւորգյանն իր պաշտոնն ստանձնեց 2008թ.-ին եւ աշխատանքային 6 տարիների ընթացքում նրա ջանքերն ուղղված են եղել տեղական ինքնակառավարումը` որպես համակարգ կայացնելուն: Նա նախարար նշանակվեց մի իրավիճակում, երբ համայնքների 95%-ի բյուջեն կալանքի տակ էր գտնվում՝ աշխատավարձերի եւ այլ հիմնարկներին ունեցած պարտքերի պատճառով: 2008թ.-ին հաջորդող յուրաքանչյուր տարին ամփոփելուց հետո հայտարարվում էր մարվող պարտքերի տոկոսային ցուցանիշների եւ հետագա պարտքերի կուտակումը բացառող քաղաքականության մասին: Բացի այդ, խնդիր դրվեց համայնքներում բարձրացնել հարկերի հավաքագրման ցուցանիշը· 2013թ.-ի ավարտին նախարարությունը հայտարարեց, որ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 107.4 մլրդ դրամի դիմաց կազմել են 105.7 մլրդ դրամ (98.4%): 2012 թվականի համեմատությամբ եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 10.8 %-ով կամ 10.3 մլրդ դրամով:

Նախարարին դա հաջողվում էր հստակ նախանշված քաղաքականության շնորհիվ՝ համայնքները պարտավոր են հավաքագրել սեփական եկամուտները եւ ծառայություններ մատուցել բնակչությանը: Համակարգային մյուս՝ ամենակարեւոր ձեռքբերումը տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովումն էր: Ոլորտում ներդրվեց էլեկտրոնային կառավարման համակարգը, բարձրացվեց ոլորտի հաշվետվողականությունը, պատասխանատվության մակարդակը·  ոչ միայն մարզերի համար մշակվեց սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, այլեւ համայնքների համար ամենկարեւոր փաստաթղթերից մեկը դարձավ համայնքի քառամյա զարգացման ծրագիրը եւ այլն: Պետական բյուջեի միջոցներով համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելը դարձավ պարբերական՝ նպատակ ունենալով երկրում իրականություն  դարձնել տարածքային համաչափությունը:

Շարունակաբար բարեփոխվող համակարգը նոր թափ էր ստանում· մի կողմից՝ օրենսդրական դաշտի բարելավում, մյուս կողմից` դոնոր կազմակերպությունների ներմուծած համայնքային կառավարման նոր մշակույթ, որոնք կարող էին արդյունք տալ համընթաց զարգացնելու պայմաններում:

Մասնավորապես տարեսկզբին տարածքային կառավարման նախարարությունը հայտարարել էր վարչատարածքային բարեփոխումների նոր փուլ թեւակոխելու՝ համայնքները խոշորացնելու մասին: Մասնավորապես Եվրոպան խիստ այժմեական է համարում վարչատարածքային բարեփոխումները մեր երկրում՝ չընդունելով ոչ մի հակափաստարկ, քանի որ այսքան փոքր երկրի համար նույնիսկ տարօրինակ է համարվում համայնքների թիվը` 915 համայնք: Եվրոպայում կարեւորում են վարչատարածքային այնպիսի մոդելի ներդրումը, որը հնարավորություն կտա գործնական հիմքերի վրա դնել համայնքների համագործակցությունը, մարդկային ու ֆինանսական ներուժի արդյունավետ ու նպատակային օգտագործումը։ Սակայն, դրան հասնելու համար տեղական ինքնակառավարման մարմինները, որպես հանրային իշխանության տեղական անկախ մարմիններ, սահմանադրական հստակ կարգավիճակ պետք է ստանան նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների նախագծում։

Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացումն ու իշխանության ապակենտրոնացումը իրականություն դարձնելը շատ ուղղակի կապված է նոր նախարարի պատկերացումներից, նրա ունեցած արժեհամակարգից, ինչպես նաեւ ոլորտի գործընկերների՝ հասարակական կազմակերպությունների մոտեցումներից: Կկարեւորե՞ն նրանք տեղական իշխանության ապակենտրոնացմանը եւ տեղական ժողովրդավարության գաղափարի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, թե՞ ոլորտի համար կսկսվի փորձությունների մի նոր շրջան, պարզ կլինի մի քանի ամսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter