HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վաղարշ Աբրահամյանի «բլոկադան». նա հանգիստ չի թողնում Խորենացի 1-ին նրբանցքի բնակիչներին

Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը սպառնում է ոչ միայն իր աշխատողներին, այլ նաև շուկայի հարեւանությամբ ապրողներին:

Ալեքսանդր Ղասաբյանն ավտոլվացման կետ է աշխատեցնում Երևանի Խորենացի1-ին նրբանցքում գտնվող իր սեփական տան մի հատվածում: Ասում է՝ օրվա հացը վաստակելու միակ միջոցն է: Մինչև Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ ունեցած միջադեպը, նա հանգիստ կարողացել է օգտագործել ավտոլվացման կետին հարող տարածքը: Այնտեղ կայանում էին իր հաճախորդների մեքենաները: Սակայն այժմ, ասում է, հնարավոր չէ գործ անել, քանի որ Վաղարշ Աբրահամյանը իր բարեկամների, ծանոթների մեքենաներով շրջափակել է տարածքը:

«Վերջերս` գիշերվա ժամ էր, Վաղարշը, տղաները, ախրանան, բոլորով կանգնած էին էստեղ: Զարմացա: Դու մի ասա, ժամը մեկից հետո, բերում սաղ տարածքում էդ ավտոները լցնում են: Մի գիշերում են արել: Որտեղ որ մեքենաները ամբողջ տեղը չեն զբաղեցրել, մեքենաները ոչ թե ուղիղ էին կանգնեցնում, այլ թեք, որ ամբողջ տարածքը զբաղեցվի»,- ասում է Ալեքսանդր Ղասաբյանը: 

Վաղարշ Աբրահամյանի վրեժխնդրության պատճառները

Նրբանցքի բնակիչները Ոսկու շուկայի տիրոջ թշնամանքը վաստակել են նրա նախորդ երկու օրինազանցությունների դեմ պայքարելու պատճառով:

Երեք տարի առաջ Վաղարշ Աբրահամյանը նրբանցքում սկսել է դուռ ու պատուհան արտադրող իր բիզնեսը՝ բնակելի տների հարևանությամբ աշխատեցնելով փայտամշակման հաստոց:

«Տունը էդ ձայնից դողում էր, տանն էլ փոքր երեխաներ կան: Քանի անգամ դիմեցինք իրեն, որ հանի էդ ֆուգանը, որովհետև չէր լինում էստեղ ապրել, բոլոր բնակիչներին խանգարում էր»,- պատմում է Ալեքսանդր Ղասաբյանը: Վաղարշ Աբրահամյանը հաստոցը դադարեցնում է աշխատեցնել միայն այն ժամանակ, երբ բնակիչները ձայնագրում են հաստոցի ձայնը և դիմում քաղաքապետարան:

Նրբանցքի բնակիչների և Ոսկու շուկայի տիրոջ միջև երկրորդ բախումը վերջերս է տեղի ունեցել:

«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն տրանսֆորմատորային ենթակայան է տեղադրել Խորենացի 1 նրբանցքում՝ բնակելի տների հարևանությամբ: Բնակիչները ընկերությունից պահանջել են ցույց տալ տրանսֆորմատորի տեղադրման թույլտվությունը:

«Բերեցին մի հատ գծագիր, ինձ ցույց են տալիս, թե տարածքն իրենցն է, ասեցի՝ ես անգրագետ եմ,  քսերոքս արեք, տվեք, տանեմ քաղաքապետարան, թող իրենք ասեն՝ եթե ձեր տարածքն է, վերցրեք: Էդ գծագրում չէր երևում, որ տարածքը իրենցն է»,- պատմում է Ալեքսանդր Ղասաբյանի հայրը՝ Սերգեյ Ղասաբյանը:

Գծագրի պատճենը չի տրամադրվել: Վաղարշ Աբրահամյանի թիկնապահներից մեկն էլ՝ Մաթոս անունով, սպառնացել է Սերգեյ Ղասաբյանին, թե «տղա ունես, տղուդ մասին մտածի»:

Այս վիճաբանությունից երկու օր հետո՝ առավոտյան, Սերգեյ Ղասաբյանի տուն են այցելել ոստիկանները և նրան ու որդուն բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ առանց որևէ ծանուցման: Այստեղ էլ պարզվել է, որ ոմն Մարտին, ով Վաղարշ Աբրահամյանի աշխատողներից է, ցուցմունք է տվել Սերգեյ Ղասաբյանի դեմ, թե երկու օր առաջ ինքն էլ է եղել վիճաբանության տարածքում, և Սերգեյ Ղասաբյանը մետաղաձողով ցանկացել է հարվածել իրեն:

«Էդ Մարտինը Վաղարշի պրարաբն է, գալիս, մեր տնից գործիքներ էր վերցնում, ոսկու շուկայի իննսուն տոկոսը սարքվել է մեր գործիքներով: Գալիս, վերցնում էր, հետը շատ լավ էինք: Ու էդ մարդը մեր վրա գրել էր, թե պապան տրուբով իրեն սպառնացել է հարվածել, ընկել է հետևից, ուզել է խփել: Գործը քաղմասում է, մինչև հիմա ոչ պատասխան ունենք, ոչ մի բան: Մեզ տարան, գրեցին, ու վերջ, մնաց օդում»,- ասում է Ալեքսանդր Ղասաբյանը:

Դեպքի վայրում գտնվող հարևանները գրավոր վկայությամբ հերքել են Մարտինի ցուցմունքը: Նրանք վկայել են, որ Մարտինն այդ օրը նույնիսկ դեպքի վայրում չի եղել:

Այնուհետև նրբանցքի 23 բնակիչները դեպքից հետո գրավոր դիմում են գրել Երևանի քաղաքապետարան, տեղեկացրել, որ «Վաղարշ և որդիներ» ընկերությունը իրենց բակում տեղադրել է մեծ հզորության տրասֆորմատոր, որը բացօթյա է, առանձնացված չէ շրջապատող տարածքից: Խնդրել են ուղարկել մասնագիտական խումբ՝ գնահատելու՝ արդյո՞ք տրանսֆորմատորը տեղադրվել է օրենքով սահմանված նորմատիվների և անվտանգության կանոնների պահպանմամբ: Բնակիչները պահանջել են նաև տեղեկացնել՝ արդյոք ինչ իրավունքներ ունի Վաղարշ Աբրահամյանը նշված տարածքի նկատմամբ, սեփականաշնորհե՞լ է այն, թե՞ վարձակել:

Միայն բնակիչների գրավոր այս դիմումից հետ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տրանսֆորմատորը տեղադրվել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացողհողամասում՝  առանց համապատասխան թույլտվության: «Տրանսֆորմատորային ենթակայանը, Երևանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում տեղափոխվել է»,- նշված է քաղաքապետարանի՝ հոկտմեբերի 2-Ին բնակիչներին ուղղարկված նամակում:

Տրանֆորմատորի դիրքը նախկինում, լուսանկարը` Շ. Ղասաբյանի

Բնակիչների բողոքի արդյունքը. տրանսֆորմատորը տեղափոխվել է Վ. Աբրահմյանին պատկանող տարածք

«Վաղարշ և որդիներ ՍՊԸ»-ի նոր հաշվեհարդարը` դարձյալ ապօրինի

Վաղարշ Աբրահամյանը տրանսֆորմատորը տեղափոխել է պատի մյուս կողմ՝ իրեն պատկանող տարածք: Փոխարենը սկսել է հաշվեհարդար տեսնել Սերգեյ Ղասաբյանի որդու հետ: 

Լուսանկարում երևում է, թե ինչպես են Վաղարշ Աբրահամյանի թիկնապահները տարածքում փակցնում «անվճար կանգառ» գրությունը: Այս գործողությունը կատարելու համար նրանք պետք է ունենային քաղաքապետարանի` ավտոկայանտեղ կազմակերպելու թույլտվություն:

Լուսանկարները` Շ. Ղասաբյանի

Խորենացի 1-ին փակուղու այս տարածքում ավտոկայանտեղ կազմակերպելու թույլտվություն «Վաղարշ և որդիներ» ընկերությանը տրված չէ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

Երևանի ավագանու 2014թ. մայիսի 30-ի 179 Ա որոշմամբ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին ավտոկայանտեղ կազմակերպելու թույլտվություն է տրվել մեկ այլ տարածքում` Խորենցու փողոցի հ.24 հասցեի շենքի հարակից ճանապարհատվածում: Այնպես որ, Վաղարշ Աբրահամյանը ինքնուրույն է ընդլայնել իր իրավասությունները:

«Իմ կլիենտուրայի իննսուն տոկոսը ոսկու շուկայի աշխատողներն էին, նրանք էստեղ կանգնում էին, համ էլ օգտվում էին մոյկայից, հիմա նրանց էստեղից հանել են ու բերել իրենց անձնական և պետական համարներով մեքենաներն են կանգնեցրել: Բոլոր ոսկերիչներին ասել է՝ չմտնեք մոյկա: Շատ ոսկերիչների հետ լավ հարաբերությունների մեջ էի, գալիս, ասում են՝ կներես, մեզ գործից հանում է »,- ասում է Ալեքսանդր Ղասաբյանը:

Տարածքում այդ օրը մեքենա կայանելու որևէ տեղ չկար, Շ. Ղասաբյանի ավտոլվացման կետ այցելած մեքենան մնացել էր ներսում

Ա. Ղասաբյանն ավելացնում է, որ եթե հանկարծ տարածք է ազատվում, հսկող թիկնապահները ռացիաներով իրար հետ կապվում են, և դուրս եկող մեքենայի փոխարեն կանգնեցնում իրենց պատկանող մեկ այլ մեքենա:

Ավտոլվացման կետ այցելած մեքենան տարածքում տեղավորելու` Ղասաբյանների վերջին փորձն ավարտվել է ավտովթարով:

«Իրենց մեքենաներից մեկը դուրս եկավ, էն մյուսը չէր հասցրել մտնել, ուզեցինք մեր մոյկի մեքենան մտցնենք: Իր ախրանայի պետի տեղակալ` Սաքո անունով անձնավորությունը մեքենայով գալիս էր, չգիտեի, որ ինքն է, որովհետև իր մեքենան ուրիշ մեքենա էր, այդ օրը ուրիշ մեքենայով էր: Ասեցի` մի քշի, քշեց վրես, էդ պահին պապան եկավ, մի հատ էլ երկաթ էի պահել, որ չքշի մեր վրա, էդքանից հետո մի հատ լավ գազ ա տալիս ու պապային գցում է գետնին: Բախտներս բերեց, որ ոտքը չէր ջարդվել»,- պատմում է Ալեքսանդր Ղասաբյանը:

Դեպքը հոկտեմբերի 15-ին է եղել, այն արձանագրել են շտապօգնությունն ու ոստիկանությունը:

Փորձաքննության են տարվել Սերգեյ Ղասաբյանի շորերը, սակայն դեռևս չեն ծանուցել, թե ինչ ընթացքում է գործը:

Ալեքսանդր Ղասաբյանը նշում է, որ եթե ազատ տարածք է մնում, Վաղարշ Աբրահամյանի ծանոթ-բարեկամությունը մեքենաները թեք են կանգնեցնում, որպեսզի այլ մեքենա չկարողանա կայանել:

 Ա. Ղասաբյանը նկարահանել է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան զբաղեցնում մի քանի մեքենայի տարածք:


Կայանած մեքենաներից մի քանիսն առհասարակ չեն տեղաշարժվում, դրանք տարածքը զբաղեցնելու համար են: «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող 1969թ. արտադրության «Լինկոլն» մակնիշի ավտոմեքենան, օրինակ, միշտ կայանած է այդտեղ:

Վաղարշ Աբրահամյանի հետ հնարավոր չեղավ կապվել: Ոսկու շուկայի աշխատակիցն ասաց, որ նա շուկայում չէ, չգիտի` երբ կլինի, իսկ փոխարինող չունի:

Հ.Գ. «Վաղարշ և որդիներ» ընկերությունը ֆինանսների նախարարության՝ դրական կարծիք չստացած պարտադիր ֆինանսական աուդիտ անցած խոշոր կազմակերպությունների 2014թ. ցանկում է: Պատճառներից մեկը երևի այն է, որՎաղարշ Աբրահամյանը զբաղված է նրբանցքներում փոքր բիզնեսը ճնշելով և ժամանակ չունի կարգավորելու իր բիզնեսը:

Առաջին լուսանկարը` replik.am-ի

 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Իմ՝ սփիւռքահայի տպաւորութիւնս ա՛յն է, որ հայուն մեծագոյն թշնամին ուրիշ հայ մըն է, և Հայաստանի մէջ ամէն հայ՝ հայու ոխերիմ թշնամին է: Այս ի՜նչ հրէշային բարքեր են այս բոլորը, և ո՞վ ու ինչպէ՞ս պիտի կոտրէ այս հրէշներուն ձեռքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter