HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինեիդ Օ’Քոնըր. Nothing Compares 2 U

Նաիրա Հայրապետյան

1990թ. երաժշտության պատմությունը համալրվեց ևս մեկ էջով, որը լսարանի պատկերացումներում շատ բան պետք է փոխեր` ինչպիսին կարող է կատարվել երգը, որքան պարզ և ազդեցիկ կարող է լինել տեսահոլովակը և, վերջապես, նաև ինչպիսին կարող է լինել կինը:

Աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր մարդիկ` երաժշտասերներ և հեռուստադիտողներ, պետք է հայացքներով գամվեին էկրանին` հասկանալու, թե ինչ աշխարհից է հնչում կամ երևում արտասովոր, բայց չափազանց գեղեցիկ պատկերը: Նրանց նայող մեկ զույգ խոշոր, կյանքի բոլոր մութ ու լուսավոր պատմություններով լի աչքեր, կարճ մազերով, համարյա սափրած գլուխ, աննկարագրելիորեն ճշմարիտ ապրումներ։

Երգը առանց ավելորդ կասկածի ներխուժեց բոլորի տները, դարձավ ոչ միայն միջազգային հիթ, այլ ամենաքննարկվող թեմա: Իսկ արտասովոր արտաքինով երգչուհին շրջապատվեց աներևակայելի լեգենդներով: Նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, նրա անձնական կյանքից փախցրած կցկտուր տեղեկությունները միախառնվեցին նոր պատմություններով, թե իբր երգչուհին սովորական մի հանցագործ-բանտարկյալ էր` օժտված երգելու մեծ տաղանդով, և տեսահոլովակում հենց այդ պատճառով էր նա հայտնվել սափրված գլխով: Նա երբեմն նաև մութ անցյալով նախկին միանձնուհի էր, ով, շատերի համոզմամբ, այդ տարածքում էր հայտվել ոչ ուրախ կյանքի և հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով:

Նա Շինեիդ Օ’ Քոնըրն (Sinéad O'Connor) էր, և դրանով ասված էր ամեն ինչ. իռլանդացի երգչուհին և երգահանը, ով իր հայրենիքում և նրա սահմաններից դուրս հասցրել էր ներկայանալ ոչ միայն իր կատարումներով, այլև կյանքի ու նրանում առկա մի շարք երևույթների հանդեպ կտրուկ, սկանդալայինի հասնող կեցվածքով:

Նրա դեբյուտային ալբոմը կոչվում էր «The Lion and the Cobra», այն թողարկվեց 1987թ.-ին և անսպասելի հաջողություններ ունեցավ և՛ քննադատների շրջանում, և՛ կոմերցիոն բնագավառում: Օ’Քոնըրի կարիերայի գագաթնակետը եղավ և մինչ օրս մնում է 1990թ․-ը, որը նշանավորվեց «I do not want what I haven’t got» ալբոմով և, հատկապես, «Nothing compares 2 U» երգով: Հենց այս երգով սկսվեց նրա համաշխարհային աստեղնային ուղին:

«Nothing compares 2 U»-ն միջազգային հիթ դարձավ: Այն հնչում էր տաքսիներում, խանութներում, լոնդոնյան, նյույորքյան, բեռլինյան բնակարաններից: Երգը անցավ օվկիանոսներ` հասնելով Սիդնեյ և, իհարկե, մշտապես հաստատվեց երգչուհու հայրենիքում` Դուբլինում, որտեղ նրան արդեն հասցրել էին ճանաչել և ընդունել նույնիսկ իր անընդունելի կողմերով: Բոլոր թվարկված քաղաքներում այն թիվ մեկ հիթն էր, իսկ ԱՄՆ-ում` տարվա ամենավաճառված սինգլը:

Երգի այս կատարման մասին քիչ է ասել, թե հանրաճանաչ էր. այն բեկումնային եղավ երգչուհու ստեղծագործական կյանքում` միաժամանակ փոխելով երաժշտության մեջ կին կատարողների հանդեպ ունեցած որոշ կարծրատիպեր: Այստեղ լսելի են ոչ միայն լավագույն վոկալը, տաղանդավոր մտքերը, այլև դիմախաղ՝ հուշող համարձակ դիրքորոշումներ, որոնք հաճախ ապտակի նման էին հնչում սեփական փառքը հյուսող հանդիսատեսի դեմքին:

Քչերը գիտեն, որ իրականում երգի հեղինակն ու առաջին կատարողը ամերիկացի երգիչ Փրինսն էր, ով դեռևս հինգ տարի առաջ` 1985թ.-ին, այն ձայնագրեց  «The  Family» խմբի առաջին և միակ ալբոմի համար: Ալբոմը թողարկվեց, սակայն առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ, իսկ երգի հայտնությունը սահմանափակվեց այդքանով: Հետագայում` արդեն ուշացած, բայց ձայնագրվեց դուետային տարբերակով` 1993թ. հավաքածուներից մեկի կազմում, ինչպես նաև 2002թ-ին` արտիստի համերգային ալբոմում: Երաժշտագետները վկայում են, որ երգի հեղինակային տարբերակը ևս հետաքրքիր է, սակայն Օ’Քոնըրի կատարումն ամբողջովին ստվերել, նույնիսկ մոռացության է դատապարտել այն:

 

Շատերի համոզմամբ` օրիգինալը cover-ի կողքին շատ տկար, միանգամյա օգտագործման ազդեցություն ունի, մինչդեռ Օ’Քոնըրի կատարումը ափսոսանքի և կորստի հիմն է անվանվում` իր վեհության մեջ անգերազանցելի:

Խոսքը երգչուհու մատուցմամբ մերթ որպես աղոթք, մերթ որպես բողոքի ճիչ էր հնչում: Ոմանց կարծիքով այն կատարյալ է, քանի որ երգչուհին իրեն է ներդրել երգի մեջ: Պրոդյուսերներից մեկի՝ Քրիս Բըրքիթի բնութագրմամբ, Շինեիդի կատարման հզորությունը բխում է նրա կյանքում ընթացող իրադարձություններից։ Երգչուհին այդ փուլում կրում էր բաժանման դժվարություններն ու հոգեվիճակը: Նա պնդում է, որ երգչուհին նոր էր խզել հարաբերությունները մենեջերի հետ, և դա համընկավ ձայնագրության հետ:

«Թերևս սա էր պատճառը, որ կատարումը նրան ներկայացրեց իր վոկալի լավագույն դրսևորմամբ,- ասում է Բըրքիթը ,- նա ստուդիա մտավ և ձայնագրվեց մեկ փորձով, և այն կատարյալ ստացվեց, որովհետև Շինեիդն ամբողջովին երգի մեջ էր: Այն արտացոլում էր նրա հոգեվիճակը»:

Շինեիդ Օ’ Քոնըրի կենսագրությանը հպանցիկ հայացք նետելիս անգամ նրան վստահաբար կարելի է համարել այն արտիստներից, ում մանկությունը տրավմատիկ էր, ինչը ներգործել է ողջ կյանքի ընթացքի վրա: Նա ութ տարեկան էր, երբ բաժանվեցին ծնողները: Շինեիդը մյուս երեխաների հետ մնաց մոր մոտ, քանի որ կաթոլիկ համայնքի մթնոլորտում ձևավորված իռլանդական օրենքն արգելում էր առհասարակ բաժանություններն ու դրանց հետևանքում երեխաների՝ հոր հետ ապրելը:

Մանկության այդ տարիները նրա կյանքի ամենադաժան հիշողություններն էին, քանի որ հաճախ էին ուղեկցվում բռնություններով: Նա մշտապես լարված հարաբերությունների մեջ էր: 13 տարեկանում նա տեղափոխվեց հոր մոտ, ով արդեն նոր կին ուներ:

Կաթոլիկ եկեղեցու բարքերով, դաստիարակությամբ ներծծված դպրոցում նա, մեղմ ասած, իրեն այնքան էլ հանգիստ չէր զգում: Շուտով հեռացվեց դպրոցից, ապա ոստիկանությունում հայտնվեց՝ խանութի կողոպուտի մեջ բռնվելով:

Այս փորձություններին հաջորդեց տեղափոխումը «ուղղիչ տուն»՝ Մագդաղենացու ապաստան-մանկատուն (Magdalene Asylum), ուր նա ապրեց ութ ամիս: Այստեղ միանձնուհիներից մեկը, ով նկատել էր աղջկա մեջ երաժշտության հետ կապը, նվիրեց նրան առաջին կիթառը: Այսպես սկիզբ դրվեց մի նոր ճանապարհի, որով փոխվեց Շինեիդի կյանքը:

Ծննդավայրում, ապա շուտով Անգլիայում նոր երգչուհին ուշադրություն գրավեց իր առանձնահատուկ վոկալով և օրիգինալ երգերով: Բացի այդ, երաժշտասերների համար անակնկալ էր նրա տարբերվող տեսքը՝ կարճ մազեր, հետագայում սափրված գլուխ, հաճախակի զայրացած դեմքի խիստ արտահայտությամբ և, ի տարբերություն աստղային թանկարժեք ճոխության, հասարակ, անսովոր հանդերձանքով:

Մի առիթով Օ’ Քոնըրը ասել է, որ սկզբում սափրում էր գլուխը, որ տարբերվի մորից: Եվ իր կարիերայի հիմնական մասը տրամադրությամբ կրում է պայքարի ուրույն արտահայտություն՝ հաշտության գալու մանկության հետ: Այս հանգամանքն առավելապես արտացոլված էր բանաստեղծություններում և հարցազրույցներում, որտեղ սովորաբար նա շատ անկանխատեսելի էր՝ մերթ զայրույթով լի, մերթ շատ ագրեսիվ և տարօրինակ, ու երբեք ոչ մի լրագրող մինչև վերջին վայրկյանը վստահ չէր՝ կկայանա՞ խոստացած զրույցը, թե՞ ոչ, իսկ եթե այո, ապա ի՞նչ ընթացքով:

«Nothing compares 2 U » երգը NME-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ալբոմը, միևնույն ժամանակ անգլիացի պրոդյուսեր Դեյվիդ Քինգի կողմից անցկացված հարցումների արդյունքում այն համարվում է աշխարհի ամենադեպրեսիվ երգերից մեկը: Տպավորիչ խոսքերից զատ, Օ’Քոնըրի կատարման ինքնատիպությունը՝ ապշեցուցիչ իրական և սրտառուչ զգացմունքայնությամբ, այն կատարյալ է դարձնում: Այս ամենը շուտով համալրվում է նույքան կատարյալ և ազդեցիկ պատկերով՝ երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակով: Այն գլխավորում է աշխարհի ավելի քան 15 երկրի հորիզանականներ` ներառյալ երաժշտական Անգլիան և Ամերիկան, որտեղ «Billboard Hot 100»-ում չորս շաբաթ անընդմեջ առաջին տեղը զբաղեցնելով՝ պլատինե կոչմանն արժանացավ: Մերթ ագրոսիվ, մերթ պահանջող և մերթ զիջող Շինեիդին բացահայտող կադրերն ամենաշատը տպավորում են վերջում՝լացի տեսարանով: Նկարահանումների ժամանակ այն անակնկալ ստացվում է, երբ նա երգում է հետևյալ տողերը՝ "All the flowers that you planted, Mama, in the back yard, all died when you went away.” … Ինչպես հետագայում ինքն է վկայում հարցազրույցներից մեկում, այդ պահին իսկապես հիշել էր մորը, ով 1985թ. զոհվել էր ավտովթարից:

 

Իր ինը սոլո ալբոմներից բացի, Շինեիդի երաժշտական կարիերան ընդգրկում է բազմաթիվ սինգլներ, ֆիլմերի համար գրված երգեր, փայլուն մասնակցություններ տարբեր բարեգործական համերգների և համագործակցություններ երաժիշտների հետ, ովքեր համարվում են ժամանակի դեմքեր՝ Փիթեր Գեբրիել, Ռոջեր Ուոթերս, Ռիչարդ Ռայթ, Ոիլլի Նելսոն… և, այնուամենայնիվ, Շինեիդ Օ’Քոնըրը մինչ օրս աշխարհին հայտնի է մնում մի երգով, որը թեև ուրիշին էր պատկանում, սակայն անբաժանելիորեն վերագրվեց իրեն՝ դառնալով լավագույն բնորոշումն ու վկայությունը նրա արտասովոր անհատականության:

Երգչուհուն քիչ թե շատ ծանոթները կվկայեն, որ երաժշտական աշխարհում նա առհասարակ հայտնի է իր ոչ միայն անսովոր, այլև սկանդալային կերպարով: 1991թ. «I do not want what I haven’t got» ալբոմը միանգամից Գրեմմի չորս անվանակարգում ընդգրկվեց և շահեց՝ Best Alternative Music Performance –ը: Սակայն երգչուհին դեմոնստրատիվ կերպով հրաժարվեց նրանից՝ բոյկոտելով մրցանակաբաշխությունը և պահանջելով ցուցակից ջնջել իր անունը: Օ’Քոնըրը շարունակում էր հանրությանը ձեռնոց նետել. դեռ նոր ճաշակած համաշխարհային փառքի առաջին դափնին, նա իր իսկ ցանկությամբ հայտնվեց ոչ միայն քննադատների, այլև գործընկերների և, նույնիսկ, իրեն շատ սիրող հանդիսատեսի քննադատության թիրախում: 1990թ. Նյու Ջերսիում համերգից առաջ հայտարարեց, որ ելույթ չի ունենա, եթե շոուն բացվի Միացյալ Նահանգների հիմնով: Այս հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց և մեծ հիասթափություն, նույնիսկ Ֆրենկ Սինատրային հունից հանելով: Վերջինս սպառնաց «քացով հետույքին տալ» այդ արտահայտության դիմաց։

Բայց սա դեռ ամենը չէր…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter