HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ու՞մ անունով է գրանցված դատավոր Լևոն Արազյանի ունեցվածքը

Դատելով դատավորների (այդ թվում՝ փոխկապակցված անձանց) ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերից` նրանք սոցիալապես «խոցելի» խմբին պատկանող պաշտոնյաներ են: Դատավորները ո́չ բիզնես ունեն, ոչ եկամտի այլ աղբյուր և բավարարվում են միայն «չոր» աշխատավարձով:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, ևս միայն աշխատավարձով ապրող դատավորների թվին է պատկանում: Մինչդեռ Արտաշատում բնակվող Արազյանի ունեցվածքին քաղաքում բոլորն են քաջատեղյակ:

Իհարկե, Լևոն Արազյանն այնքան էլ միամիտ չէ, որ իր ունեցվածքը գրանցի իր կամ իր հետ բնակվող ընտանիքի անդամների անուններով. դրանք գրանցված են հոր՝ Ռուբեն Արազյանի անունով:

Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհի վրա է գտնվում կիսամերկ աղջիկների նկարներով պատված «Չոռնի Անգել» գիշերային ակումբը: Այն պատկանում է  Ռուբեն Արազյանին, բայց քաղաքում երբ հարցնում էինք, թե որն է դատավորի գիշերային ակումբը, ցույց էին տալիս հենց «Չոռնի Անգելը»՝ նշելով, որ այն Լևոն Արազյանինն է:

Քաղաքային լճի հարեւանությամբ` Երևանյան փողոցում, վեր է խոյանում դատավորի կնոջ՝ Կարինե Միքայելյանի երկհարկանի գեղեցկության սրահը՝ «Beaty Ri Ki Salon»-ը: Երբ զանգահարեցինք գեղեցկության սրահ, աշխատակցուհին տրամադրեց հենց Կարինե Միքայելյանի բջջային հեռախոսի համարը՝ նրան ներկայացնելով որպես պատասխանատու մենեջեր:

Գեղեցկության սրահից մի քանի մետր հեռու՝ Օգոստոսի 23 փողոցի վրա, Արազյանների դեղատունն է:

Դեղատան վաճառողուհին հաստատեց, որ այն դատավորինն է, սակայն տրամադրած ՀԴՄ կտրոնի վրա գրված էր «Գալստյան Մարիաննա» ԱՁ, որը հաշվառված է Մասիսում և զբաղվում է դեղատներում դեղերի մանրածախ առևտրային գործունեությամբ:

«Արտաշատի ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ-ն, որն ավտոմեքենաների վերանորոգմամբ է զբաղվել, պատկանում է Ռուբեն Արազյանին: Ըստ հարկային ծառայության տվյալների՝ ԲԲԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, իսկ գործունեության տեսակը նշված է «հագուստի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում»:

«Ներսիկ» արտադրական կոոպերատիվը ևս Ռուբեն Արազյանինն է: Այն ակտիվ գործունեությամբ չի զբաղվում և տիրապետում է 1հա  հողատարածք, որը  նախկինում եղել է լողավազան:

Նշենք, որ Ռուբեն Արազյանի անունով գրանցված է մի քանի հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք Արտաշատ քաղաքում:

Քաղաքապետարանի մեր աղբյուրների հավաստմամբ` դատավորի հոր անունով գրանցված հողերի և գույքի մասով կուտակվել են ապառքներ: Միայն լողավազանի սեփականատեր «Ներսիկ» ԱԿ-ն 205 հազար դրամ հողի և 372 հազար դրամ գույքահարկի ապառք ունի: 100 հազար դրամից ավել գույքահարկի ապառք ունի նաեւ Կարինե Միքայելյանի գեղեցկության սրահը:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք դատավոր Արազյանի կնոջը՝ Կարինե Միքայելյանին: Վերջինս լսելով իրենց ունեցվածքի մասին հարցը` պատճառաբանեց, թե բանկում է, հարմար չէ խոսել: Ճշտող հարցին` հարմա՞ր չէ, թե՞ չի ցանկանում խոսել, Կարինե Միքայելյանը պատասխանեց. «Երևի չէ, հետո զանգեք»: Մեր հետագա զանգերին նա այդպես էլ չպատասխանեց:

Մեկնաբանություններ (1)

Վանիկ Ալեքսանյան
Հարգելի Գրիշա Բալասանյան, խնդրում եմ հաջորդ հրապարակումը նվիրել Շենգավիթի առաջին ատյանի դատավոր Արմեն Չիչոյանին։ Եվ եթե հնարավոր է, անդրադառնալ նրա գործունեությանը որպես դատավոր, հատկապես այն դեպքերում, երբ նա քննում է ոստիկանության կամ դատախազության որոշումները բողոքարկող դիմումները։ Ուղղակի հետաքրքիր է, թե քանի՞ բողոքարկվող դիմում է բավարարվել, եթե ասենք դրանք ուղղված են եղել դատախազության դեմ, քանի որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազը դատավոր Արմեն Չիչոյանի հարազատ եղբայրն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter