HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Շինեիդ Օ’Քոնըր. Պայքարիր իրակա՛ն թշնամու դեմ

Սկիզբը

1992թ. հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի հայտնի «Madison Square Garden»-ում  տեղի ունեցավ Բոբ Դիլանի ստեղծագործական 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Համերգին մասնակցում էին  ժամանակի ամենահայտնի և հեղինակավոր արտիստները՝ Ուիլի Նելսոն, Ջորջ Հարիսոն, Էրիկ Քլեփթոն, Քրիս Քրիստոֆերսոն, Նիլ Յանգ, Ջոնի Քեշ, Լու Ռիդ և ուրիշներ: Եվ այս ազդեցիկ անունների մեջ արդեն ներգրավված էր 26-ամյա Շինեիդ Օ՛Քոնըրը: Բոբ Դիլանը երգչուհու երաժշտական հայացքների ձևավորման մեջ կարևոր անուն էր, ինչպես և Բոբ Մառլին, ուստի այդ համերգին մասնակցելը Շինեիդի համար մեկ այլ խորհուրդ ուներ: Երգիչներից ամեն մեկը ներկայացնում էր Դիլանի հայտնի երգերից, և Շինեիդը այդ երեկո  որոշել էր երգել « I Believe in You»-ն « Slow Train Coming»  ալբոմից:   «Ես իրոք հպարտ եմ, որ հնարավորություն է ընձեռվել անձամբ ներկայացնելու հաջորդ արտիստին,- հնչեց Քրիս Քրիստոֆերսոնի ձայնը,- նրա անունը հոմանիշ է դարձել խիզախություն և ազնվություն բառերի կողքին »:

Սակայն երբ Շինեիդը բեմ դուրս եկավ, հասկացավ, որ իրեն նայող հանդիսատեսի  հսկա բազմությունն ամենևին էլ չի կիսում այդ կարծիքը: Երգի առաջին նոտաներն արդեն խլացան ամբոխի սուլոցներից և բղավոցներից:  Երաժիշտները դադարեցրին նվագն ու շփոթահար սպասում էին: Աղմուկը գնալով ուժեղանում էր և թվում էր՝ այլևս իմաստ չկար երգը նորից սկսելու: Թեև դահլիճի հեռավոր անկյուններից սուլոցների միջից հնչում էին նաև «I Believe in You»-ն երգելու  կոչերը, ոմանք փորձում էին ծափահարելով խլացնել խանգարողների ձայնը, Շինեիդը շարունակում էր լռել: Նա դեռևս նույն դիրքով կանգնած էր միկրոֆոնի առջև՝ հանգիստ, զուսպ, երբեմն՝ ամբոխին նայող գնահատող հայացքով: «Թույլ մի տուր, որ այս խառնածին բազմությունը կոտրի քեզ»,- շշնջաց իրավիճակը շտկելու համար բեմ վերադարձած Քրիստոֆերսոնը: «Ես կոտրված չեմ» ,- լսվեց Շինեիդի  պատասխանը՝ իրեն բնորոշ վստահությամբ: Ապա դաշնակահարին նվագի փորձը դադարեցնելու նշան տվեց, որից հետո նախատեսված երգի փոխարեն անսպասելիորեն հնչեց հատված Բոբ Մառլիի հայտնի «War»  երգից.

 until there are no longer first class
And second class citizens of any nation
Until the color of a man's skin
Is of no more significance than the color of his eyes
I’ve got to say  (me say) war …

Նա կատարում էր ակապելա, երբեմն իմպրովիզներով և համարյա գոռալով ամբոխի վրա, հատկապես, երբ շեշտում էր՝ Everywhere is war… Հետո  համարյա մեկ վայրկյանի չափով հաղթական նայեց ամբոխին և հեռացավ բեմից: Կուլիսներ չհասած՝ Շինեիդին դիմավորեց Քրիստոֆերսոնը, ով անմիջապես գրկեց ու փորձեց սփոփել արտասվող երգչուհուն:

Ի՞նչ տեղի ունեցավ համերգի ընթացքում և ինչու՞ էր ընդամենը շաբաթներ առաջ նրա  համաշխարհային փառքը մեծագույն սիրով պահպանող հանդիսատեսը սուլում՝ պահանջելով հեռանալ բեմից, ինչո՞ւ Շինեիդը երգեց «War» -ը, վերջապես ի՞նչ պատերազմ էր սկսվել երգչուհու և հանրության միջև: Հասկանալու համար երկու շաբաթ ետ գնանք:

Հոկտեմբերի 3-ին  Շինեիդ Օ’ Քոնըրը հրավիրվել էր  NBC հեռուստաընկերություն՝ մասնակցելու ամերիկյան ամենահայտնի և հեղինակավոր «Saturday Night Live » հումորային-երաժշտական շոուին: Հենց այդ երեկոն ճակատագրական դարձավ երգչուհու հետագա կարիերայում և, նույնիսկ, կյանքում: Այն ամենահիշարժանն էր նաև հեռուստաշոուի կենսագրության մեջ՝ միաժամանակ վերահաստատելով Շինեիդի  սկանդալային պատմություններով լի կերպարը: Նախ՝ նա խմբի նվագակցությամբ մի երգ կատարեց  իր նոր՝ «Am I Not Your Girl? » ալբոմից, իսկ երկրորդ երգը կատարեց ակապելա: Դա Բոբ Մառլիի «War»-ն էր՝ ժամանակին արգելված երգ, որտեղ երգիչը ակնհայտորեն անդրադառնում էր դեռևս շարունակվող բռնություններին՝ ցույց տալով  պատերազմի իրական դեմքը: Այս երգի ընտրությունն արդեն ռիսկային էր հեռուստահաղորդման համար, ուստի բնական էր՝ պատասխանատուները փոքր-ինչ լարվեցին: Շինեիդը փոխադրել էր որոշ բառեր՝  որտեղ ի տարբերություն Մառլիի, նա բողոքն ուղղեց ոչ թե ռասիզմի, այլ երեխաների հանդեպ բռնության և, ի սարսափ ներկաների, կաթոլիկ եկեղեցու կողմից սեռական բռնությունների  դեմ: Ուղիղ եթերում իրավիճակը որքան անհասկանալի, նույնքան էլ՝ անկանխատեսելի, միևնույն ժամանակ հետաքրքիր ընթացք էր ստանում: Ամբողջովին սպիտակ հագնված, առանց մազերի Շինեիդը շրջապատված էր մոմերով, ինչպես միշտ անսովոր ու գեղեցիկ: Եվ մինչ այդ տեսարանից տպավորված, ճիշտ կադրեր որսացող տեսախցիկները ավելի խոշոր պլանում էին ընդգրկում նրան, Շինեիդը երգն ավարտեց հետևյալ խոսքով՝ «Fight the real enemy! » – Պայքարիր իրակա՛ն թշնամու դեմ,- գոչեց նա՝ իր խոշոր ու արտահայտիչ աչքերով  նայելով ուղիղ  տեսախցիկին: Ապա շատ անսպասելի  պարզեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի լուսանկարն ու պատռելով կտորների բաժանեց այն

Ողջ անձնակազմը կարկամել էր. « այս ի՞նչ էր»՝ լսվում էր նրանց դեմքերից ու ապշած հայացքներից: NBC հեռուստաընկերության փոխնախագահը հետագայում պատմել է, որ տեսնելով երգչուհու այդ քայլը, նա տառացիորեն վեր էր թռչել բազմոցից: Նկարահանումը կառավարող խցիկում անմիջապես որոշվեց տեսախցիկները հեռացնել Շինեիդից և ընդմիջել գովազդով: Չգիտես ինչու՝ հանդիսատեսը հանգիստ էր, իսկ հաղորդման պրոդյուսերը ( Lorne Michaels), ում  այդ պահին թվում էր՝ ստուդիայում օդ չկար կամ ամեն ինչ կանգ էր առել, արագ կարգադրեց չծափահարել՝ երգչուհու տարօրինակ քայլն անվանելով «ինչ-որ առումով դավաճանություն», բայց նաև «հավատի լուրջ դրսևորում»:  Վայրկյաններ անց հեռուստաընկերության հեռախոսները պայթում էին զանգերից. գրոհում էին կատաղած  հեռուստադիտողները: Շինեիդի բողոքն ընդդեմ բռնությունների մեծ իմաստով չընդունվեց հանրության կողմից, իսկ թերթերից մեկը` «New York Daily News»-ը իր անդրադարձը վերնագրեց ահաբեկչություն, ավելի կենկրետ՝  «Holly Terror».

Շինեիդն այլևս խնդիրներ պետք է ունենար իր հանդիսատեսի հետ, և առաջին լուրջ բախումը երկու շաբաթ անց «Madison Square Garden»-ում Բոբ Դիլանի այդքան սպասված երեկոյի ընթացքում տեղի ունեցավ: Այդ դեպքերից հետո նա  ժամանակավորապես դուրս մղվեց շոու-բիզնեսի մեծ դաշտից, երաժշտական լսարանը, այլ կերպ ասած, մեկուսացրեց նրան, թեև շարունակում էր ստեղծագործել և ընդգրկվել հայտնի երաժիշտների համերգային նախագծերում: Իրադարձությունների ընթացքը լուրջ հետևանքներ ունեցավ նրա առողջական կյանքի վրա և 1995թ. նա հրապարակավ հայտարարեց, որ այլևս ոչ մի շփում չի ունենալու լրագրողների հետ: 1997թ. մամուլը սկսեց քննարկել նոր պատմություն՝ երգչուհին թողնում է երաժշտությունը և անցնում հոգևոր ծառայության: 

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter