HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վերանորոգվում է Հայրենյացի սուրբ Աստվածածին եկեղեցին

Մոտ 10 մետր բարձրության վրա՝ եկեղեցու կամարների ներքո, սրբապատկերներ վրձնող անձնավորության ով լինելը պարզվում է, երբ նա սկսում է զգուշորեն իջնել աստիճաններով՝ ընթացքում ուղղելով ջեմպրի (առանց կոճակների և առանց օձիքի հյուսածո շապիկ- հեղ.) տարուբերվող փեշերը: 

Պարզվում է, ոչ թե նկարչի, այլ նկարչուհու հետ է հանդիպումը: Գյումրեցի գեղանկարիչ Ժակլին Սարգսյանը խոստովանում է, որ երբեւէ մտքով չի անցել, թե մի օր առաջարկ կստանա սրբապատկերներ նկարելու:

«Դա իմ ոճը չէ՝ նկատի ունեմ եկեղեցական կանոններով արվող նկարները, բացի այդ էլ՝ երբեք չեմ լսել, որ կին նկարիչը զբաղվի եկեղեցիներում սրբապատկերներ նկարելով, դրա համար էլ, երբ առաջարկ եղավ եկեղեցին նորոգող բարերարից, նախ անակնկալի եկա, հետո համաձայնվեցի»,- պատմում է Ժակլինը:

Նկարչուհին խոստովանում է, որ հոգեկան անդորրը կրկնապատկվել է Հայրենյաց գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցում աշխատելու օրերին: Սկզբում դժվարություն է ունեցել կամարների տակ բարձրանալիս: Վախը, որ կարող է աստիճանահարթակը շրջվի, նույնպես առկա է եղել: Մեկ-երկու փորձից հետո հաղթահարել է թե աստիճանների ճոճքի, թե բարձրության նկատմամբ ունեցած տագնապը: «Առաջին անգամ, որ բարձրացա, ասի էլ չեմ իջնի,- Ժակլինը ծիծաղում է,- հետո, որ արդեն սկսեցի նկարել, լարվածությունն անցավ: Ուղղակի վստահ էի, որ Աստծո օգնությամբ դա կանեմ»:

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1881 թ.-ին: Պատկանում է կենտրոնագմբեթ եկեղեցիների դասին: Անաստվածության տարիներին ծառայել է որպես պահեստ: Երկրաշարժի ժամանակ (հավանաբար1926 թ.-ի Լենինականի երկրաշարժի- հեղ.) եկեղեցու գմբեթը վնասվել է: Գյուղացիները անվտանգության նկատառումով գմբեթը քանդել են՝ փոխարինելով այն փայտե ծածկով:

Նորոգչական աշխատանքներն եկեղեցում սկսվել են տասը տարի առաջ: Բարերար Սոս Անդրեասյանն, ում աջակցությամբ նախ կառուցվել է եկեղեցու գմբեթը, ծնունդով Հայրենյաց գյուղից է: Նրա միջոցներով են կատարվում նաեւ ներքին հարդարման աշխատանքները: Դրանք ամբողջությամբ ավարտված չեն: Եկեղեցում աշխատող շինարար երիտասարդները պատմեցին, որ առաջադրանք են ունեցել պատերն ու սյուները մաքրել սվաղից: Խորհրդային տարիներին պահեստի վերածված եկեղեցու պատերը գաջապատել են՝ նպատակ ունենալով թաքցնել քարերի վրա փորագրված խաչերը:

«Ըստեղ առաջ ցորեն, գարի է լցած եղել: Գյուղի կոլխոզի պահեստն էր: Հետո մեծ կշեռք էր դրած, անասուն օր կմորթեին, կբերեին ըստեղ կկշռեին,- պատմում է մոմավաճառ Գայանե Ղարոյանը,- ես 1993 թ.-ին եմ Սարալանջ գյուղից հարս եկել Հայրենյաց: Տունս եկեղեցու կողքին է: Միշտ նեղվել եմ էն մտքից, օր եկեղեցին իրա նպատակին չի ծառայե: Տաս տարի առաջ, օր գմբեթի քարը օծեցին, դրեցին, գյուղին քահանա նշանակվավ, ես էլ դարձա մոմավաճառը: Էդ օրվանից ես ամեն օր դռները կբացեմ, մոմ կվառեմ, կաղոթեմ: Հիմի էլ շինարարություն կերթա, ես բանվորներ հետ հավասար գործերը կենեմ: Գմբեթի վրա ես ուստի (որմնադիր-վարպետի) հետ ելե, գործ եմ էրել, օգնել եմ»:

Ամեն հինգշաբթի սուրբ Աստվածածին եկեղեցում գյուղացիները երեկոյան ժամերգության են մասնակցում: Հայրենյացի հոգեւոր հովիվ տեր Եղիշե քահանա Նազարյանն ասում է, որ ինչ սկսվել է նորոգվել եկեղեցին, գյուղացիներն իրենց կնունքն ու պսակն այստեղ են կատարում:

«Եկեղեցին զանգակատուն չուներ, հետեւաբար եւ զրկված էր զանգերից, սակայն դրսում ապրող բարերարների շնորհիվ երկու զույգ զանգ է նվիրաբերվել եկեղեցուն ու ամրացվել եկեղեցու պատին,- ասում է տեր Եղիշե քահանա Նազարյանը,- հիմա արդեն սուրբ սեղանն է բարեկարգվել, գետինն է սալապատվել, բավականին գործեր են կատարվել, եւ Աստծո կամոք հույս ունենք շուտով ամբողջովին նորոգված ու բարեկարգված տեսնել սուրբ Աստվածածինը»:

Տեր Եղիշեն եկեղեցում սրբապատկերներ նկարելու առաջարկը նկարչուհուն ուղղելն անպատեհ չհամարեց: «Լավ մասնագետի պարագայում սեռի պատկանելիությունը չի կարեւորվում: Մենք Հառիճավանքում ունեցել ենք միանձնուհի, որ ուներ նկարելու ձիրք ու շնորք, սրբապատկերներ էր նկարում ու բավական հաջողված: Այնպես, որ Հայրենյացի եկեղեցում Ժակլին Սարգսյան նկարչուհու ներկայությունը պայմանավորված է նրա շնորհքով: Աստված, որ շնորհը տալիս է, չի նայում՝ կին է, թե տղամարդ: Միայն քահանայի շնորհն է, որ տրվում է տղամարդուն»,- նկատում է Հայրենյացի հոգեւոր հովիվը:

Նախքան եկեղեցում աշխատանքները սկսելը Ժակլինը խորհրդակցել է առավել փորձառու նկարիչների հետ: Նրան խորհուրդ են տվել պատկերները թղթից տպել պատին ու գույներով աշխատել, սակայն նկարչուհին որոշել է նման մոտեցում ցույց չտալ, թեկուզ դժվար, սակայն փորձել է շատ չհեռանալով՝ շունչ հաղորդել նկարներին:

«Ուզեցի որպես նկարիչ իմ դրոշմը, իմ հոգու մասնիկը թողնել այս եկեղեցում, չուզեցի գնալ տրաֆարետային ճանապարհով, որքան էլ որ դժվար լիներ իմ համար դա, չուզեցի հեշտացնել առաջադրանքս,- խոստովանում է նկարչուհին,- համարում եմ, որ ոչինչ պատահական չի լինում, եւ ամեն մեկին չի տրված եկեղեցում նկարել: Ես մեծ ցանկություն եմ ունեցել, գուցե դրա համար էլ այս առաջարկը հենց ինձ արվեց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter