HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի 215 անօթեւանի համար կմեկնարկի Բնակարանների գնման վկայագիր ծրագիրը

2013 թ-ից Գյումրու Մուշ-2 թաղամասում 430 անօթեւանների համար կառուցվող բնակելիների շինարությունը «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ն այդպես էլ չավարտեց՝ բավարարվելով միայն մի քանի շենքերի հիմնային աշխատանքներով:

26-րդ տարին տնակային անտանելի պայմաններում իրենց բնակարաններին սպասող անօթեւան գյումրեցիներին խոստումներով կերակրող իշխանություններն ի վերջո որոշեցին հարցի լուծումը տալ` բնակարանների գնման համար գումար տրամադրելով:

Նմանատիպ փորձ Շիրակի մարզի անօթեւանների համար կիրառվել էր դեռեւս 2005 թ-ին: Ծրագիրը մեծ հաջողություն չէր ունեցել: Անօթեւաններից շատերը կեղծ առք ու վաճառքի պայմանագրեր կնքելով՝ ստացած գումարները ծախսել էին ոչ նպատակային: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի հավաստամամբ` այս անգամ որոշակի մեխանիզմներ են մշակվել այդօրինակ ձախողումներից խուսափելու համար:

2014 թ-ի հոկտեմբերի 2-ին կառավարությունը որոշում կայացրեց եւ հստակեցրեց Բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) ծրագրի կարգը: 1,5 մլրդ դրամ է տրամադրվել ծրագիրն իրականացնելու համար: Գործընթացը վստահվել է Շիրակի մարզպետարանին եւ անձամբ վերահսկվելու է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից: Մի քանի օրից կսկսվեն ԲԳՎ-ի տրամադրման աշխատանքները: Ծրագրի առաջին էտապում վկայագիր կտրամադրվի 215 անօթեւանի: Շահառուները կծանուցվեն, որից հետո պարտավոր են եռօրյա ժամկետւոմ ներկայանալ մարզպետարան եւ կնքել պայմանգիր: Ծրագիրը գործելու է 8 ամիս: Կմեկնարկեւ դեկտեմբերի 26 –ին եւ կավարտվի օգոստոսին:

Պայմանագիր կնքած շահառուին երկու ամիս ժամանակ է տրվում փաստաթղթային հարցերի կարգավորման եւ վեց ամիս՝ բնակարան գտնելու համար: Նախորդ ծրագրի փորձը հաշվի առնելով` այս անգամ վերահսկվելու է բնակարանի գնման գործընթացն ամբողջությամբ: Նախատեսված գումարի 60 տոկոսը կփոխանցվի գնորդի հաշվին միայն այն դեպքում, երբ մարզպետարան կներկայացվի նոտարով հաստատված առք ու վաճառքի պայմանագիրը: Այդ պահից սկսած` գնված բնակարանը գրանցվելու է շահառուի անվամբ եւ համարվելու է նրա սեփականություն: Գումարի 40% -ը բնակարանը վաճառած անձին փոխանցվելու է միայն այն ժամանակ, երբ կհաստատվի, որ գնորդը քանդել է իրեն պատկանող տնակը:

«Այդպիսով կփորձենք խուսափել կեղծ գործարքներից,- ասում է Ալբերտ Մարգարյանը,- նախորդ ծրագրի ժամանակ 20-80 տոկոս հարաբերությամբ էր եւ շատերը, հրաժարվելով 20 տոկոսից, գործարքն անում էին, վերցնում գումարի 80 տոկոսն ու դա իրենց բավարարում էր: Մեխանիզմը, որով առաջնորդվելու ենք այս անգամ, նպատակ ունի կանխելու հենց կեղծ գործարքները եւ վստահություն տալու, որ անօթեւանն իրոք բնակարան է գնել»:

Ախուրյանի կիսատ բնակելիները

Մեկ սենյականոց բնակարանի համար (45 քմ) նախատեսված է շահառուին տրամադրել 4մլն 900 հազար դրամ, երկսենյականոցի (55 քմ) արժեքը՝ 6 մլն դրամ է, 3  սենյականոց բնակարան (65 քմ) ձեռք բերելու համար հատկացվել է 7 մլն 100 հազար դրամ, իսկ 4 սենյականոց բնակարանի (75 քմ) համար տրամադրվելու է 8 մլն 200 հազար դրամ: Բնակարանների արժեքը հաշվարկվել է 1 քմ-ը 109 հազար 300 դրամով: Շահառուն կարող է ցանկության դեպքում հավելյալ գումար ներդնել եւ գնել իր ցանկացած բնակարանը: ԲԳՎ-ն չի սահմանփակվում Շիրակի մարզով: Անօթեւանը բնակարան կարողէ ձեռք բերել հանրապետության ցանկացած բնակավայրում:

ԲԳՎ ծրագրից հրաժարվողների նկատմամբ այս ծրագրի շրջանակներում պետության պարտավորությունը կհամարվի ավարտված: Անօթեւանն այդ դեպքում պետք է սպասի մեկ այլ պետական ծրագրով իրեն բնակարանով ապահովելու տարբերակին: Ալբերտ Մարգարյանի փոխանցմամբ` հաջորդ տարի կավարտվեն Ախուրյան համայնքի երեք կիսակառույցների շինարարական աշխատանքները, գյուղական մյուս համայնքների անօթեւանների համար դեռ որոշակիացված ծրագիր չկա: ԲԳՎ ծրագրով նախատեսված է Գյումրիում բնակարանով ապահովել 444 անօթեւան ընտանիքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter