HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ինչու են պատահում արյունալի ավտովթարներ

Ինչպես հայտնի է, երկուշաբթի երեկոյան Շիրակի մարզում Երևան-Գյումրի ուղևորափոխադրում իրականացնող «ԳԱԶել»-ը բախվել է մի բեռնատարի, ինչի արդյունքում 7 հոգի զոհվել է: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ «ԳԱԶել»-ի վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով բազմաթիվ ուղևորներ մահանում են: Միջքաղաքային ճանապարհներին դա բավականին հաճախ է լինում:

Ողբալով զոհերի հիշատակը՝ հարկավոր է հասկանալ, թե դեպքերի ինչպիսի շղթան է հանգեցնում հանրային տրանսպորտի այսպիսի մահաբերության:

«ԳԱԶել»

Որևէ մեկի համար գաղտնի չէ, որ ռուսական ավտոարտադրողները մեծ ուշադրության չեն արժանացնում ուղևորների անվտանգությունը: Բացառություն չէ նաև «ԳԱԶել»-ը (նույն ինքը` «ԳԱԶ-3221»-ը), որի քրաշ-թեսթերի արդյունքները, պարզապես սարսափեցնող են:

Հայստանում շահագործվող «ԳԱԶել»-ներից գրեթե ոչ մեկը չունի արգելակային սահքի դեմ նախատեսված ABS համակարգ: Անգամ ավելին, հայաստանցի ուղևորափոխադրողները վերակահավորում են այդ միկրոավտոբուսները, որպեսզի ավելի շատ մարդ տեղավորեն… բնականաբար, վերակահավորվելիս այդ մեքենաները դառնում են էլ ավելի վտանգավոր:

Հայաստանում բոլոր նպատակների համար շահագործվող «ԳԱԶել»-ները նախատեսված են բացառապես քաղաքային երթուղային տաքսու «տակ» ծառայելու համար:

Մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորափոխադրումների համար ստեղծվել է «ԳԱԶ-32211»-ը: Այդ մոդիֆիկացիայի բոլոր նստատեղերը կահավորված են ամրագոտիով, իսկ մեքենան, ըստ արտադրողի, առավել ամուր է: Սակայն այդ մեքենաները մի քիչ ավելի թանկ են, իսկ ուղևորափոխադրողները, որպես կանոն, ուղևորների անվտանգության համար պատրաստ չեն ավել վճարել:

Լույսերը

Երևի նկատել եք, որ նման ողբերգական պատահարները սովորաբար օրվա մութ ժամին են լինում: Եվ, անշուշտ նկատել եք, որ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հաճախ անջատած լուսարձակներով են երթևեկում (որ պոտենցիալ ուղևորը տեսնի գծի համարը):

Թեև միջքաղաքային ճանապարհին տեղի ունեցող վթարներին դա չի վերաբերվում, սակայն քաղաքներում այլ մեքենաների վարորդները չափազանց ուշ են նկատում «ԳԱԶել»-ին (անջատած լույսերի պատճառով)… Երբեմն, այնքան ուշ, որ ողբերգությունը արդեն անխուսափելի է:

Այստեղ խնդիրը օրենսդրության մեջ է: Օրենքը չի պարտադրում օրվա մութ ժամին միացնել լուսարձակները… Վարորդը պարտավոր է միացել միայն ենթալույսերը (подфарники): Իսկ ենթալույսերը չափազանց թույլ են:

Տեխզննությունը

Հաճախ, ավտովթարները վերածվում են ողբերգության գազի արտահոսքի և բոցավառման պատճառով: Իսկ երբեմն հենց խախտումով տեղադրված գազի բալոնն է մահվան պատճառ դառնում:

Երևանում եղել են նաև մահվան ելքով վթարներ, որոնց պատճառը շարքից դուս եկած ավտոբուսի արգելակներն են:

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ Հայաստանում ավտոմեքենաների տեխզննության ինստիտուտը, փաստացի, բացակայում է: Հակառակ պարագայում տեխզննությամբ կբացառվեր չափից մեծ գազի բալոնների տեղադրումը, գազի խողովակներն առավել խոցելի տեղով անցկացնելը և չաշխատող արգելակներով երթևեկելը:

Տեխզննության ինստիտուտն է, որ պետք է ստիպի վարորդներին մեքենաներում ունենալ կրակմարիչ (դա օրենքով պարտադիր է)… Հենց վթարված և շուրջը գտնվող մեքենաների կրակմարիչներն են, որ նման դեպքերում պետք է փրկեն այրվող ուղևորներին ու վարորդներին:

Սակայն Հայաստանում զրոյական է այն մեքենաների թիվը, որոնց բեռնախցիկում կգտնեք կրակմարիչ:  

Ճանապարհները

Շուրջ մեկ ամիս առաջ Երևան-Գյումրի մայրուղու վրա` Հոռոմ գյուղի մոտ գտնվող նույն այդ խաչմերուկում, նման իրավիճակում իրար բախվեցին «Օպել» մակնիշի մի մեքենա և ՌԴ ռազմաբազայի բեռնատար (որը երկրորդական ճանապարհից էր գալիս):

Ու թեև այդ դեպքն էլ էր արյունալի, սակայն ճանապարհային ոստիկանության և այլ իրավասու մարմինների պաշտոնյաները չարեցին անհրաժեշտ եզրակացություններ` կապված խաչմերուկից եկող վտանգներին:

Եթե առաջին դեպքից հետո խաչմերուկի մոտ ավելի ցածր արագության սահմանափակման նշան դրվեր, կամ մայրուղի մտնողների համար «կանգ» նշանը դրվեր, ապա, հնարավոր է, որ 7 կյանք խլած այս վթարը տեղի չունենար:

Սակայն, մի արյունալի վթարը, հավանաբար, քիչ է ճանապարհի վտանգավորությունը քննարկելու համար: Փոխարենը, արդեն տեղի ունեցած վթարի վայր են այցելում գեներալներ, նախարարներ, մարզպետեր… Պարզ չէ, թե ինչի համար...

Մեկնաբանություններ (1)

Արտակ
Ինչքան հասկացա,մեղավոր են բոլորը, բացի վարորդներից,թե եթե այդտեղ լիներ արագությունը սահմանափակող նշան,վարորդները հետևելու էին դրան?նրանք արդեն իսկ խախտել էին սահմանված արագությունը..տեղին չէ ասելը.բայց էն անեկդոտը հիշեցի,երբ տանտերն ասում է -լավ,գողը ոչ մի մեղք չուներ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter