HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Հայոց ցեղասպանության փորագիր վկան, սերունդներ կապող համրիչը

Աննա Բաբաջանյան

Երբ 1915 թվականին ոստիկանները լցվեցին պոլսեցի առեւտրական, թաղապետ Վարդերես Աթանասյանի տունը, վերջինիս կինը չէր կարող անգամ գուշակել, թե ինչ պետք է լսեր առաջիկա մի քանի րոպեների ընթացքում:

Ոստիկանների դուրս գալուց հետո նա իր հարեւանուհուն լաց լինելով  պատմել էր, որ ամուսնուն ապրիլին   ձերբակալել էին պոլսահայ մտավորականների հետ:  Անցել էր որոշ ժամանակ, նրանց այցելել էր մի կառապան, կնոջն ասել էր, որ ամուսինն իրեն խնդրել է ընտանիքին փոխանցել ինչ-որ իր, թողել էր այն կնոջ մոտ եւ հեռացել: Դրանից հետո ընտանիքը ոչինչ այլեւս չէր լսել Վարդերեսի մասին:

Այդ խորհրդավոր իրը, պարզվել էր, ընդամենը համրիչ էր՝ թզբեհ:

Ընտանիքի անդամները, այն մոտիկից զննելուց հետո  նոր միայն հասկացել էին, որ դա ավելին է, քան իրենց հորից ստացած հիշատակը. ուլունքաշարը  մասունք է իրենց ընտանիքի համար: Սակայն 50 տարի շարունակ համրիչի մասին ոչ ոք չէր իմացել, եւ Հայաստանում Հայոց ցեղասպանության 50-ամյակի առթիվ կայացած առաջին ցույցից հետո միայն Վարդերեսի դուստրը՝ Էժենի Աթանասյան-Գուլբոլյանը, խորապես գիտակցել էր, որ հոր թողած մասունքն արժեքավոր էր ոչ միայն իրենց ընտանիքի, այլեւ՝ ողջ հայ ազգի համար:  Եվ արդեն 1965-ին նա համրիչ-ուլունքաշարը նվիրել էր Հայաստանի պատմության թանգարանին: Այնտեղի աշխատակիցները պատկերացնել անգամ չէին կարող, որ իրենց ձեռքի տակ  աքսորյալի սովորական հիշատակ չէ, այլ՝ հայ ժողովրդի պատմության վավերագիր: 99 հատից բաղկացած համրիչ-ուլունքաշարի առաջին անհամաչափ հատին փորագրված է. «Չանղըրը 1915, Ապրիլ 11 Յիշատակ»:


Սա հակիրճ տեղեկատվություն է՝ Չանղըրի աքսորավայրից, ապրիլի 11-ը նոր տոմարով ապրիլի 24-ն է, այսինքն՝  համրիչը Հայոց  ցեղասպանության առաջին բացահայտ օրվա վկայագիրն է: Իսկ ամենաուշագրավն այն է, որ  99 հատերից  բաղկացած համրիչի ամեն հատի վրա  մի աքսորականի  անուն է փորագրված: Հատերից առաջինի վրա գրված է Կոմիտասի անունը, հինգերորդի վրա՝ Ռուբեն Սեւակինը, իսկ 40-րդ հատին կարդում ենք «Դանիել Վարուժան», ուլունքաշարը եզրափակում է Գրիգորիս ծայրագույն վադապետ Պալաքյանի անունը: Եվ քանի որ հատերից մեկի վրա փորագրված է երկու հոգու անուն, իսկ մյուսի վրա էլ՝ չորս, համրիչի շնորհիվ հավերժանում են 103 աքսորյալների անուններ: Եվ ահա հատերից 71-րդի վրա Վարդերես Աթանասյանը թողել է նաեւ իր անունը:

«Առհասարակ, Պոլսում թզբեհները շատ տարածված էին այդ ժամանակաշրջանում, ամեն մարդ էլ կարող էր դրանից ունենալ իր գրպանում: Ենթադրվում է, որ համրիչը եղել է այդ մարդու գրպանում, եւ ձերբակալության օրը, ըմբռնելով, թե ինչ է իրականում կատարվում եւ ինչ արհավիրք է սպասվում իր ժողովրդին, Վարդերեսն այդ իրի հատիկներին հենց Չանղըրիում փորագրել էր  ընկերների ազգանունները, երբեմն էլ՝ միայն անունները, եւ որքա՜ն համաչափ էր նա դա արել…Ի դեպ, չկար պոլսահայ, որ  այդ ժամանակ որեւէ արհեստի չտիրապետեր, եւ այս մարդն իր շնորհքն առավել քան ճիշտ ժամանակին եւ տեղում է օգտագործել՝ վկայություն տալով 103 աքսորյալների, ազգի պատմության, ցեղասպանության մասին…»,-«Հետքին» պատմեց հնագետ-պատմաբան, Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող Կարինե Ավագյանը՝ հավելելով, որ Վարդերեսը, հավանաբար, նահատակվել է Մեսքենեի ճանապարհին:

Համրիչ-ուլունքաշարը, որն իր մեջ կրում է մի ողջ ազգի հիշողությունը, զորեղ է գտնվել իր անվանակիրներին ու նրանց հետնորդներին միմյանց  կապելու հարցում:  Երբ հրապարակվել է  համրիչին փորագրված  աքսորյալների անվանացանկը, որոշ ժամանակ անց արձագանք է ստացվել 4-րդ, 30-րդ հատերի անվանակրերի թոռներից, 60-րդ հատի անվանակրի որդու ընկերոջից, 15-րդ-ի ծանոթից...Այսպիսով, մի առեւտրականի ձեռքով փորագրված համրիչ-ոլունքաշարը դարձել է մեր ազգի համար կարեւորագույն  ժամանակաշրջանի վկան, հետո այն դուրս  է եկել իր ժամանակից եւ շարունակում է հրաշքներ գործել մինչ օրս...

Հ.Գ.-1965-ին մասունքի՝ Հայաստանի պատմության թանգարան հանձնվելուց հետո՝ մինչեւ 1984 թվականը, ոչ ոք ձեռք չի տվել համրիչին: Այն ցուցադրվել է զարդարվեստի նմուշների ցուցափեղկում:  Կարինե Ավագյանի պրպտումների արդյունքում թանգարանային ցուցանմուշը  դարձել է  Հայոց ցեղասպանության անժխտելի վավերագիրը: 

Փաստական տեղեկությունները՝ Կարինե Ավագյանի

Լուսանկարները՝ «Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի» գրքից, Վահան Իշխանյանի բլոգից

Մեկնաբանություններ (1)

Լիլիա
Հիշում ենք և պահանջում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter