HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Քարակերտցիները սպասում են նախագահի նախընտրական խոստման կատարմանը

Արմավիրի շրջանի Քարակերտ գյուղի կենտրոնական ճանապարհը պետական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհ է։ Այն կառուցվել է մոտ 30 տարի առաջ և դրանից հետո այլևս չի վերանորոգվել։ Դեռևս 2013թ.-ի փետրվարի 7-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու, այժմ՝ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Քարակերտ։ Վերջինիս կոչ արած «բաց և պարզ երկխոսության» ժամանակ հնչած առաջին հարցը վերաբերում էր Քարակերտով անցնող միջպետական ճանապարհին։ «Դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին շատ խնդիրներ ունենք լուծելու»- ասել է Սերժ Սարգսյանն ու խոստացել կարճ ժամկետներում լուծել հարցը։

2015-ի փետրվարին կլրանա այս խոստման 2-րդ տարին։ Հիշեցնենք, որ նրա այցելության ժամանակ գյուղի կենտրոնական փողոցը կարմիր խճով՝ «շլակով» էին ծածկել` փոսերը հարթեցնելու համար։

Գյուղապետ Մհեր Հարթենյանը գյուղացիների հես փաստում է, որ «մի քիչ նեղվում են» ճանապարհներից։ «Էս 2 օրն է մի քիչ մաքրել եմ էդ ճանապարհները,- նշում է գյուղապետը,- մոտ 20 սմ կարմիր շլակ էր լցված նախագահի գալուց․բերեցին լցրեցին, էդ ամբողջը մաքրել եմ, հիմա վաղը կամ մյուս օրն էլ խճաքար կբերեմ կլցնեմ էդ փոսերը, էլի ոչինչ, յոլա կգնանք»։

Այս ամենն արվելու է գյուղապետարանի հաշվին, ծախսը կազմում է մոտ 800 000 դրամ։ Համայնքի տարեկան բյուջեն  70 մլն դրամ է: «Ես ընդամենը իրավունք ունեմ 16 մլն դրամ ծախսեմ տարեկան,- ասում  է Մ․Հարթենյանը,-  մնացած մեր բյուջեի գումարները գնում են մանկապարտեզների ու գյուղապետարանի՝ աշխատավարձ, կենսաթոշակ․․․»։

Միջպետական ճանապարհի գյուղով անցնող հատվածի («Մ1- Թալին-Քարակերտ -Թուրքիայի սահման») երկարությունը 2,3 կմ է։ Դրա հիմնանորոգման համար պահանջվող գումարը 3,5 անգամ ավել է ողջ համայնքի տարեկան բյուջեից․«Տրանսպորտի և կապի նախարարությունից եկան ինժիներները, հաշվեցին, չափեցին․ մոտ՝ 249 մլն դրամ գումար է պետք»,-նշում է գյուղապետը։

Վերջինս պաշտոնական գրությամբ որևէ պետական գերատեսչության չի դիմել․ «հույսով սպասում է» նախագահի խոստման կատարմանը։ Մասնավոր զրույցների ժամանակ իրեն ասել են՝ «սպասե՛ք, գումարի հարց է»․ «Ես հավատում եմ իրենց,-ասում է Հարթենյանը,- որովհետև մեր գյուղի հետ կապված ինչ խոստացել, արել են»։

2014թ․ի նոյեմբերի 4-ին ԱԺ  տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2015թ․ի բյուջեն։ Տրանսպորտի և կապի նախարարությունը «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացման համար նախատեսել է 4 մլրդ դրամ` 2014թ․ի 13 մլդ 238 մլն դրամի դիմաց։ Կներառվի՞ արդյոք  «Մ1- Թալին-Քարակերտ -Թուրքիայի սահման» ճանապարհը որևէ ծրագրում, դեռևս հայտնի չէ։ 

 

Մեկնաբանություններ (1)

ominac
Եթէ այդ ճամբան կարժէ սարքելը այն ժամանակ ժողովուրդը իր ուժերով շատոնց սարքած էր, միւս կողմէն, եթէ այս նախագահը քեզի չի գողնայ ուրախ պիտի ըլլաս, ուր մնաց ընտրութեան ժամանակ ըրած խոստումները կատարէ, վրան աւելցուր որ ով իրեն մանդատ տուած է ճամբայ շինելու, բոլոր ընելիքը կառավարութիւնը ժողովուրդին վիզէն հանել է։ Իսկ եթէ այդ ճամբան իրապէս հայաստանի տնտեսութեան եթէ կօգներ, վաղուց ժողովուրդը դրամը գտած եւ կառուցած կըլլար․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter