HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Լեննական առաջին «ԶԻՄ-12»-ը ես եմ քշել». Ռոբերտ Գրիգորյան

Գյումրեցի 75-ամյա վարպետ Ռուբիկի (Ռոբերտ Գրիգորյան) բակը ռետրո մեքենաների ու մոտոցիկլետների թանգարան է հիշեցնում: Արծաթագույն «Լինքոլն»-ից մինչեւ աչք շոյող կարմիր «Շեւրոլե» ու սպիտակ նժույգ հիշեցնող «Յավա» մոտոցիկլետ:

«Վաճառելու եմ,- մի տեսակ ափսոսանքով ասում է վարպետ Ռուբիկը՝ շոյելով բակում կայանած «Պոնտիակ»-ը,- հնաոճ 4 հատ մեքենա ունենք, բայց սա ու «Լինքոլն»-ն ուզում եմ վաճառել, որ հանկարծ երեխեքս ու թոռներս՝ Աստված չտա, իմ մահից հետո հանկարծ կռվեն ավտոների համար, հատկապես «Լինքոլնի» վրա աչք շատ կա: Չեմ ուզե, օր կռվախնձոր դառնա»:

Վարպետ Ռուբիկի «Ֆորդ Լինքոլն»-ն  ու «Պոնտիակ»-ը հոկտեմբերի 25-ին կայացած «Գյումրու օր» տոնակատարության ռետրո մեքենաների ցուցադրության մասնակիցն էին: «Լինքոլն»-ը բակից դուրս հանելիս` ջրմուղի փորած փոսը հաղթահարելու ընթացքում մեքենայի կողային թեւը դարպասի ձողին էր կպել ու վնասվել: Տրամադրությունը մի թեթեւ ընկել էր, սակայն տոնակատարությանը մասնակցելու մտքից վարպետը չէր հրաժարվել:

«Սիրուն միջոցառում էր: Առաջին անգամ էր անցկացվում ու առաջին անգամ սաղ քաղաքով ման եկել, մեզ նման կոլեկցիոներին գտել-հրավիրել էին: Ափսոս թոռս չհասցրեց էն կարմիր մեքենան ոտի հաներ, թե չէ երեք մեքենայով էինք մասնակցելու»,- ասում է զրուցակիցս ու հրավիրում տուն մտնել:

Ռոբերտ Գրիգորյանը 50 տարի մեքենա է վարում, իր ձեռքով հավաքում ու վերաձեւում ցանկացած մակնիշի տրանսպորտային միջոց: Առաջին մեքենան «ԶԻՄ»-ն («ԳԱԶ-12») էր: Խորհրդային Միությունում այս մեքենաների սերիական արտադրությունը սկսվել է 1950 թ.-ին: 1948 թ.-ին Գորկու անվան ավտոգործարանի աշխատակիցների առջեւ խնդիր էր դրվել ստեղծելու մի փոխադրամիջոց, որը կլիներ միջանկյալ տարբերակը «Պոբեդա»-ի եւ «ԶԻՍ-110»-ի միջեւ:

Նորաստեղծ «ԶԻՄ»-երը ծառայելու էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց տեղակալների կարիքներին: Երկու տարվա փորձարարական աշխատանքների արդյունքում ծնված 6-տեղանոց «ԶԻՄ»-ն իր դիզայնով նման էր ամերիկյան «Կադիլակ»-ին, իսկ սալոնի ոճավորման մեջ օգտագործված էին խորհրդային «Պոբեդա»-ին բնորոշ տարրեր:

«ԶԻՄ»-ն առել եմ 1967 թ.-ին,- հիշում է վարպետ Ռուբիկը,- այն ժամանակ դեռ վարորդական իրավունք էլ չունեի, մի 6 ամիս էդպես քշել եմ, մինչեւ վկայական ստանալս: Բերել եմ, ես իմ ձեռքով ռեմոնտ եմ էրել: Էդ թվերին դեռ Ամերիկան չուներ ավտոմատ բարձրացող-իջնող պատուհաններով մեքենաներ, ես իմ «ԶԻՄ»-ի համար սարքել էի: Էլեկտրոմատոռ էի դրել՝ «ԶԻՄ»-ի չորս ապակին էլ ավտոմատ բարձրանար-կիջներ: Լեննական առաջին «ԶԻՄ-12»-ը ես եմ քշել»,- զրուցակցիս աչքերում հպարտություն եմ նշմարում:

Հարցնում եմ. մասնագիտությամբ ավտոմեխանի՞կ եք: «Չէ՜, ինչ մեխանիկ,- վարպետ Ռուբիկը ծիծաղում է,- ես մի քանի մասնագիտություն ունեմ, բայց բարձրագույն կրթություն չեմ ստացել, սորվելու հետ հավես չունեի: Ես ինքնուս եմ: Ձեռքիցս ամեն ինչ գուկա՝ հատկապես, եթե հարցը կվերաբերի մեխանիզմներին»:

Պատմում է, որ Գյումրու գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում աշխատանքի անցնելուց 5 ամիս անց նորարարական մի գաղափար է առաջարկել, որ սկզբում զարմացրել, հետո սկանդալի առիթ է հանդիսացել: «Մինչեւ «չուլոչնին» աշխատելը, СКБ-ում (ինքնաշեն կոնստրուկտորների բյուրո) ռադիոմանտաժնիկ կաշխատեի, հետո տեղափոխվա չուլոչնի՝ «Կատո» մեքենաների վրա վարպետի աշակերտ էի, կանացի զուգագուլպաներ կարտադրեինք,- պատմում է վարպետ Ռուբիկը,- էղավ, օր նոր մեքենաներ ստացանք Գերմանիայից, գերմանացիք էլ եկել էին, օր հավաքեին-մոնտաժեին: Իրանց բերած մեքենաները կիսաավտոմատ էին, ես մե օրմ մտածեցի, գծեցի-գծագրեցի, որոշեցի առաջարկ ներկայացնել, oր դարձնեինք ավտոմատ: Առաջարկս տարա մեխանիկական ցեխ՝ ընդունեցին»:

Ռոբերտ Գրիգորյանի կողմից, ով այն ժամանակ ընդամենը 21 տարեկան էր, դա բավական համարձակ քայլ էր, եթե հաշվի առնենք խորհրդային տարիների բյուրոկրատիան ու ամեն ինչ «վերեւների» հետ նախօրոք համաձայնեցնելու խիստ կանոնակարգը:

«Էն ժամանակ ենթավարպետների ղեկավարը Շիլաջոնց Արամն էր: Ընձի կանչեց մոտը, թե էս ի՞նչ ես էրել, դու ընդամենը վեց ամսվա աշակերտ, առաջարկ ես ներկայացրել, մենք 25 տարի ըստեղ կաշխատինք, հեչ բան էրած չկանք, գոնե գայիր, մեզի նախօրոք ըսեիր, կտանեինք, մեր անունից կներկայացնեինք, փողն էլ կստանայինք քեզի կուդայինք»,- 50 տարվա վաղեմություն ունեցող պատմությունն այլեւս ցավ չի պատճառում զրուցակցիս, ու նա շարունակում է պատմությունը՝ փորձելով ամենայն մանրամասնությամբ հիշել տարիներ առաջ կատարվածը:

Շիլաջոնց Արամի հետ զրույցից հետո բավական խիստ խոսակցություն է լինում նաեւ երիտասարդ աշակերտի եւ մեկ այլ հերթափոխի վարպետի հետ, որ վերաճում է ծեծկռտուքի: «Ես իրան ծեծեցի, ինքն ընձի տվավ միլիցիա: Էս մարդուն դուր չէր եկել իմ առաջարկը, ինքը գուզեր էդ կիսաավտոմատ մեքենաները դարձներ ռուչնոյ (մեխանիկական)՝ սաղ առաջ կերթային, ինքը հետ կերթար: Բայց դե գործը ձերբակալության չհասավ»,- պատմում է վարպետ Ռուբիկը:

Ռոբերտ Գրիգորյանի պապենական տունը կաթոլիկների հին եկեղեցու հարեւանությամբ էր՝ նախկին 21 փողոցում, որ հետագայում վերանվանվեց Սվերդլով, ներկայում էլ կրում է Չերազ անունը: Սեփական տան բաղնիքը տաքացնելու համար քարածուխ էին օգտագործում: Երեկոյան հերթափոխից վերադառնալով՝ Ռոբերտը ցանկանում է լողանալ: Վառարանը քարածուխ լցնելու պահին շիկացած կտորներ են դուրս թռչում եւ լցվում հարեւանությամբ դրված բենզինով լի ապակե տարայի մեջ: Բռնկված հրդեհի հետեւանքով վարպետ Ռուբիկը խոր այրվածքներ է ստանում: Նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ ստիպված է լինում բուժում ստանալ մոտ երկու ամիս:

«Միլիցիայից եկել էին հիվանդանոց, չէին հավատա, օր էդքան ծանր էր վիճակս: Հետո, երբ լավացա, գնացի Ռուսաստան՝ կնոջս հայրենիք, այնտեղ տարի ու կես մնացի, վերադարձա ու որոշեցի իմ գաղափարները մենակ իմ համար իրագործել»,- զրուցակիցս ծիծաղում է՝ հավելելով, որ «Չուլոչնուց» իրեն բաժին հասած միակ դրականը կինն է՝ Լյուդմիլան, ում հետ արդեն 54 տարի է՝ հաշտ ու խաղաղ ապրում են:

Հարցնում եմ. կինդ հայերեն լեզվին վարժ տիրապետու՞մ է, ծիծաղում է. «ռուսերենը մոռացել է»: Հանդիպել են, սիրահարվել ու վեց ամիս անց ամուսնացել, ունեցել չորս զավակ՝ երեք տղա եւ մեկ աղջիկ: 2015 թ.-ին լրանում է ամուսնության 55 տարին: Տիկին Լյուդմիլան միշտ էլ հավանություն է տվել ամուսնու ձեռնարկներին, երբեք չեն վիճել հերթական մեքենան ձեռք բերելու հարցի շուրջ: Ամուսնու խենթ ու խելառ խառնվածքը, կովկասյան տաքարյունությունը՝ ահա թե ինչն էր գրավել հյուսիսցի աղջնակին:

Դեռ պահպանված ռուսական ակցենտով, բայց Գյումրվա բարբառով, տիկին Լյուդմիլան պատմում է իրենց հանդիպումն ու ամուսնությունը: Հիշում է նաեւ մոտոցիկլետով ամուսնու հետ շրջագայությունները: «Մե անգամըմ էլ գցել է,- 75-ամյա կինն աղջնակի ամոթխածությամբ ժպտում է,- բայց ինքը մեղավոր չէր, գետինը թաց էր, անձրեւ էր էկել ու հրապարակի վրա պտտվելուց չկրցավ պահեր՝ ընկանք»: Բայց դա արգելք չի հանդիսացել, որ տարիներ շարունակ մեծ վստահությամբ նստի այն բոլոր տրանսպորտային միջոցները, որ վարել է ամուսինը:

«ԶԻՄ»-ը վաճառելուց հետո 18 հատ մեքենա եմ ունեցել՝ խորհրդային արտադրության»,- ասում է վարպետ Ռուբիկը: «Զապորոժեց» ունեցե՞լ եք, հարցնում եմ: «Զապորոժե՞ց,- հարցս կրկնում է ու սկսում ծիծաղել,- «ԶԻՄ»-ից հետո ի՞նչ «Զապորոժեց», չէ, չեմ ունեցել»:

Արծաթագույն «Լինքոլն»-ը ձեռք  էր բերել1997 թ.-ին՝ փոխանակելով «Օպել Կոմանդոր» մեքենայի հետ: Վարպետ Ռուբիկն իր մեքենան տարել էր վաճառելու, կիրակնօրյա շուկան բազմամարդ էր ու իրեն մոտեցած անծանոթն առաջարկել էր փոխանակում կատարել: Համաձայնվել է, ու գնացել են երեւանյան հին բակերից մեկը: «Գնացի տեսա, ցնդա, երեխեքը մեջը պահմտոցի կխաղային, դռները-լուսամուտները բաց, տաս-տասնհինգ տարի կանգնած էր եղել: Տերն ելավ վրեն պարեց, կըսեմ իջի, հըմի կծռես, կըսե չէ, չի ծռվի նայե տես, օր դիմացկուն է: «Օպել»-ով գնացել եմ, ձմեռ օրով քաշել բերել եմ, վերանորոգել, ոտքի եմ հանել ու մինչեւ հըմի կքշեմ»:

Հաջորդը «Պոնտիակ»-ն էր: Մեքենան նախկինում պատկանել էր աշխարհահռչակ հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: Այս մեքենան եւս ամերիկյան է, որի սերիական արտադրությունը սկսվել է 1926 թ.-ին եւ դադարեցվել 2009 թ.-ին: «Պոնտիակ»-ը վարպետ Ռուբիկը հայտնաբերել է Էջմիածնի տարածաշրջանի գյուղերից մեկում՝ անօգտագործելի վիճակում: Տեղափոխել է Գյումրի ու անմիջապես ձեռնամուխ եղել վերականգնմանը: 1974 թ.-ի արտադրության «Ֆորդ ԼՏՏ»-ն, որ հիմա Արմեն որդին է վարում, ձեռք է բերել 2004 թ.-ին: Կարմիր «Շեւրոլե»-ն Գրիգորյանների բակում հայտնվել է որպես պահեստամաս:

«Բայց Լեւոն թոռս դեմ ընկավ, թե պապ տու ընձի, ես կսարքեմ: Տվել եմ իրան, մենակ մատոռն եմ հանել դրել «Պոնտիակ»-ի վրա: Ինքը հըմի «Շեւրոլե»-ի վրա գռուզավիկի մատոռ է դրել: Չորս ավտոն էլ նորմալ քշվող ավտոներ են, ասում է զրուցակիցս,- ու ամենակարեւորը՝ ապահով»:

Ռոբերտ Գրիգորյանն իր կեսդարյա վարորդական կյանքում շատ բան է տեսել, սակայն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ուր է այդպես շտապում ներկայիս սերունդը՝ նստած իրենց ոչ այնքան ապահով ու կարծես թղթից պատրաստված ամենագնացները:

«Ես միշտ կըսեմ, թե պատերազմի վախտ երեւի էսքան մարդի չի զոհվել, ինչքան օր էս վթարների ժամանակ,-զրուցակիցս մտահոգ տարուբերում է գլուխը,- ավարիայից հետո կնայես, ինչխոր ճմրթած թուղթ էղնին ավտոները, ապահովություն չկա ոչ վարորդի, ոչ ուղեւորի համար: Կնստին ղեկին առանց փորձի ու կքշեն, ու՞ր կքշեն, ու՞ր կվառզնան, մարդ չի հասկնա»:

Գուցե համակրանքը ամերիկյան արտադրության մեքենաների նկատմամբ պայմանավորված է հենց նրանց ամրությամբ ու ապահովությամբ, իհարկե, վերջին տեղում չէ նաեւ դիզայնը: «Էս հին մեքենաներն ավելի որակով են: Մետաղն ամուր է, քիթը բավական երկար է ավտոյի, եթե անգամ դեմից էլ խփեն, մինչեւ գա հասնի վարորդին… Մե խոսքով շատ ապահով են, թե դիմային, թե կողային հատվածներում: Կարող է ծախսատար են, բան չունիմ ըսելու, 100 կմ-ին 25 լիտր բենզին գուզե: Ասենք Երեւան կտանի էդքանով, բայց հետ չի բերե, բայց դե ես գազի բալոն եմ դրել, խնայողաբար կօգտագործեմ, մենակ տան կարիքների համար կքշեմ,- հետո ծիծաղում է,- միլիոնատերերը գաղտնի իրանց ջիպերին գազ կդնեն, ես ինչի՞ տեր եմ, օր «Լինքոլն»-ին գազ չդնեմ»:

Հրաժեշտից առաջ վարպետ Ռուբիկն առաջարկում է պտտվել ընդարձակ բակում, որի մի անկյունում կայանած են երկաթե նժույգները: Դրանք հիմնականում թոռն է քշում, Գյումրու բայկերական ակումբի անդամ է: Ափսոսաց, որ մեկնել է Ռուսաստան, այլապես կծանոթացներ: Հետո մատնացույց է անում տան նախամուտքի անկյունում համեստաբար տեղավորված կապույտ մոպեդը. «սրանով էլ խանութ եմ գնում գալիս, շատ հարմար է: Է՜հ, մեծացանք, էն երկու ավտոն որ ծախեմ, մի հատ պուճուր ավտո եմ առնելու արտասահմանյան, սովետական ավտո արդեն չեմ կռնա նստի, հետ եմ վարժվել»:

Մեկնաբանություններ (2)

yeprem
Բավական հոտաքրքրական պատմություն: Բայց ՍԽԱԼ կա - «Համաձայնվել է, ու գնացել են երեւանյան հին բակերից մեկը:» Պետք է՝ լինի - «Համաձայնել է» ոչ - Համաձայնվել:
Gagik
1962թ ից Լենինականում ԶԻՄ մեքենաներ վարել են Ուստա Ավոն, Զիմի Սերոժը, Սզու Վաղոն, Երկան Գևորը, Վզզ Վաղոն, Էլագիմը, Իսկ հարգարժան հերոսը 1967թ-ից....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter