HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ մեդալներն ու ուսադիրները որոշիչ չեն. Սերգոն

Կարոտը, կարծես, ճյուղավորված լինի ազատամարտիկ Սերգոյի՝ Սերգեյ Սաղաթելյանի ներսում: Այդ ճյուղերի կարմրավուն բծերը տեսանելի են թվում, երբ մի քանի հարցերից հետո ներքև է նայում, լռում, հետո անշտապ բարձրացնում գլուխն ու ասում. «Սաղ կարոտ ա»:

58-ամյա Սերգեյ Սաղաթելյանին հանդիպեցինք Արցախի Ակնաբերդ գյուղում: Նրա տան դարպասի մոտ էինք, երբ կապույտ դույլով, մեջքն ուղիղ, իսկ քայլերը ծանրացած՝ մեզ ձայն տվեց: Աղբյուրից ջուր էր բերում, ասում է՝ այս ամռանը ջուրը քչություն է արել գյուղում: Լուսանկարիչ Հակոբին տեսնելով՝ ուրախացավ, ներս հրավիրեց: «Հինչըք օզում կիրիք, ես պատերազմի հետ գործ չոնիմ, է~, ես պատերազմում եղե՞լ եմ, Հակոբ»,- նայում է Հակոբին, հետո շարունակում է, թե ավելի լավ է՝ բարձրանանք տուն, մի կտոր հաց ուտենք: Հրաժարվում ենք, նա կտրուկ շրջվում է տուն տանող աստիճաններին, նայում է մեզ, թե «էդ դեպքում հորը՞ք յեկալ, քեցեք»: Սերգոյին հազիվ համոզում ենք, հետո քիչ անց ինքն էլ տեղի է տալիս՝ այն պայմանով, որ զրույցից հետո բարձրանանք տուն: Մենք տնից աթոռներ ենք իջեցնում այգի, որտեղ էլ սկսում ենք զրուցել:

Սերգոն

Սերգոն ծնվել է Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղում է և ապրել այնտեղ մինչ 1992 թ. հունիսի 13-ը, երբ հակառակորդը գրավեց ողջ շրջանը: Գյուղից դուրս գալուց հետո հիվանդացել է, ոտքերին վերքեր էին առաջացել, չէր կարողանում տեղաշարժվել: 5-6 ամիս բուժման նպատակով մնացել է Արարատում՝ բարեկամի տանը, որից հետո 1993-ին միացել է «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին ու մնացել մինչ պատերազմի վերջը: «Հինչըմ հիշում գյուղա՞ն... Ծնողս՝ մորս, կըրցրալըմ: Եկա Հաթերք, ախպորս, հորս գտա, մերս չէր երևում: Էդ օրը թորքերը 8-10 մեծ կանանց կոտորեցին Գյուլիստանի կողմերը՝ անտառի մեջ: 1992 թ.-ին էր, դուրս գալու ժամանակ էր»,- պատմում է Սերգոն:

Առհասարակ իր մասնակցության, մարտական գործողությունների մասին նախընտրում է չպատմել: Ասում է՝ 2-3 անգամ է «բոյի» մասնակցել՝ 93 թ.-ի դեկտեմբերին Եղակերում «4 սուտկա բոյ» էր գնում, իսկ 94-ին Մաղավուզում էր: Իսկ Դաստագիրի մարտի օրը իրեն չտարան, Արտատափում «պոստերն» էին պահում: Ասում է՝ իրենց հաջողություններից մեկը միախմբված լինելն էր: Երբ կռիվն սկսվել էր, զենք չունեին, համազգեստ գտնելը դժվար էր, «կասկայի» փոխարեն գլխարկ էին դնում: Իր համար, հիշում է, Երևանից եղբայրն էր զենք ուղարկել: «Գիտեինք, որ եթե մտել-կոտորում են, կոտորելով էլ պիտի գնային, դա էր ուժ տալիս, որ պիտի պաշտպանեինք: Մենք շատ բան էինք մտածում, չստացվեց: Մեր մտածմունքն էն էր, որ սաղս պիտի գնայինք մեր տները, բայց չստացվեց»,- նշում է զրուցակիցս:

1994 թ. 10 ընտանիք հաստատվել էին Ակնաբերդ գյուղում (ազատագրել են 1993 թ.-ին) : Իր երեխաներին փոխադրել էր գյուղ՝ մտածելով, որ հենց ազատագրեն Շահումյանը, այդտեղից կգնան տուն: Գիտի, որ գյուղում հիմա տուն չկա, ամեն ինչ քանդել են, ջուրն անտեր-անտիրական հոսում է, միայն գիպսի հանք է մնացել:

Պատերազմից տարիներ հետո իրեն զինվորական աստիճան են տվել՝ սկզբից լեյտենանտի, ապա՝ ավագ լեյնտենանտի, մեդալներ ունի, բայց չի էլ հիշում՝ ինչ մեդալներ են, ասում է` իրեն ոչ «զվանին» է պետք, ոչ էլ մեդալները, առանց դրանց էլ մարդիկ գիտեն, թե ով ինչ է արել պատերազմի դաշտում:

Այգու ցանկապատի մոտ մեզ բարևում է Սերգոյի կինը, սրտնեղում, թե բա ինչու ենք այգում նստել-խոսում: Քիչ անց նրա ձեռքում հավերից մեկն է հայտնվում, վախենում եմ, հայացքս շրջում եմ: Մի քանի րոպեից հեռվից երևում է գլխատված հավը:

Մեր զրույցի ընթացքում երեկոյի մուգ կապույտը մխրճվել է սաղարթների մեջ, դեմքերն ավելի խորհրդավոր են դարձել:

«Պատմում ենք, էլի, ինչ կըլխներավս անցել ա, լավն էլ ենք հիշում, վատն էլ»,- Սերգոյի ձայնն է: «Լույսը բացվում ա՝ իմ հողամասավըմ զբաղվում, մի կով ունեմ, մի 10 ոչխար, որ հերթս գալիս ա, գնում եմ [հովվության], երեխաներս ներքև են ապրում, գնում եմ օգնում: Ներքև-վերև եմ անում: 6 թոռնիկ ունեմ: Մեծացանք, էլի, ծերացանք»,- հոգոց է հանում, հետո բոլորս լռում ենք, լռում է նաև Հակոբի լուսանկարչական ապարատի չըխչըխկոցը:

Սերգոյի աչքերում կուտակված տխրությունը մթության հետ ավելի է խտանում: Ասում է՝ 17 տարեկանից հետո կյանքը փոխվել է՝ ուսանողություն, բանակ, հետո ընտանիք: «Մեր բարբառավ ասած՝ լուծը քցում են վեզդ»: Մենք երկար խոսում էինք կարոտի մասին, Սերգոն մերթընդմերթ ձեռքով մաքրում է աչքերն ու կրկնում. «Սաղին էլ կարոտում եմ, որ ընկերներիս չեմ տեսնում, ոչ մի տեղ չեմ գնում... Կօզիմ մի օր սաղ միասին ապրինք, հունց վըր առաջ լա: Սաղ կարոտ ա...»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Մհեր
Գլուխ ենք խոնարհում Ձեզ պես հերոսների առջև և խոստանում շարունակել Ձեր ուղին;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter