HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մի՛ լքեք ապահովագրական պատահարի վայրը»

Ապահովագրական ընկերությունների այս խորհուրդը վերաբերում է վթարված մեքենաների վարորդներին: Այն ուղիղ իմաստով նշանակում է՝ սպասեք ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելուն, անուղղակի՝ դուք հարկադրված կլինեք երկար ժամանակ չլքել պատահարի վայրը, եթե ձեր կրած գույքային վնասի չափը գերազանցում է 200.000 դրամը: Այս դեպքում ընկերությունը չի պատրաստվում նույնքան հեշտությամբ փոխհատուցել ձեզ, որքան արագ եւ սեղմ ժամկետում ձեզնից գանձել է ապահովագրական գումարը:

Իմ պատմության հերոսին «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է պատահարից միայն 10 ամիս անց, փորձաքննությունների, գրագրության եւ բողոքարկումների երկարատեւ փուլն սպառելուց հետո:

Վթարը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերի 30-ին, մառախլապատ մի գիշեր, ժամը 00:30-ին· «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան երթեւեկել է միակողմանի ճանապարհով եւ բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով երկու մեքենաներն էլ վնասվել են: Դեպքի վայր մեկնած «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հետաքննիչ է հրավիրել:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) գործերով վարչական վարույթի իրականացման եւ վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ· Մարգարյանի 29.01.2014թ. ներկայացրած եզրակացության համաձայն՝ վթարի մեղավորը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան է եղել: «··· վարորդը թույլ է տվել ՀՀ ՃԵԱԱ մասին օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ ՃԵԿ-ի 65 կետի եւ ՃԵԿ-ի Ձեւ 1.4.1.4 կետի պահանջների խախտումներ, ինչով պայմանավորվել է տվյալ ընդհարումը եւ գույքի վնասի առաջացումը»: Օրինախախտ վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ ՎԻՎ օրենքի 124 -6 հոդվածի 2-րդ մասով:

Երկու մեքենաների վարորդների բացատրության հիման վրա կազմվել են արձանագրություններ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որն ապահովագրված է «ՌԵՍՈ» ընկերությունում, ընդունել է իր մեղավորությունը: «... Վթարի հետ կապված ընդունում եմ մեղավորությունս, քանի որ միակողմանի ճանապարհով երթեւեկել եմ հակառակ ուղղությամբ եւ ճանապարհը չեմ զիջել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, որի պատճառով այն վնասվել է»,- գրել է վարորդը:

Հետաքննիչի եզրակացությամբ՝ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տուժող է ճանաչվել, հետեւաբար «ՌԵՍՈ»-ն պետք է փոխհատուցեր նրա կրած վնասը: Սակայն, ընկերությունն օգտվել է բողոքարկելու իր իրավունքից եւ դիմել է Բյուրոյին՝ կրկնակի փորձաքննություն պատվիրելու համար: «ՌԵՍՈ»-ն իր որոշումը չի պատճառաբանել անգամ տուժող ճանաչված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Վերջինիս դիմումին՝ բացատրել կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը, «ՌԵՍՈ»-ն շատ հակիրճ է պատասխանել. «...Յուրաքանչյուր դեպքում ընկերությունն իրավունք ունի հայտով նշանակել կրկնակի փորձաքննություն»:

«Մենք այս տարի մեր կանոններում փոփոխություններ ենք կատարել եւ որոշել ենք, որ ապահովագրական ընկերությունները պարտավոր են հիմք ընդունել ՃՈ-ի եզրակացությունը որպես առաջնային փորձաքննություն»,- բացատրում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) սպառողների եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շողեր Բարսեղյանը: Վերջինս նշում է նաեւ, որ եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում ընկերությունները կարող են այն բողոքարկել՝ դիմել Բյուրոյին՝ կրկնակի փորձաքննություն պատվիրելու համար, կամ վիճարկել դատարանում:

Ապահովագրական ընկերությունները մեղավորներ են փնտրում

«ՌԵՍՈ»-ի պահանջով «Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը 2014թ. փետրվարի 26-ի Բ/SU-222 գրությամբ քննարկվող վթարի հետ կապված կրկնակի փորձաքննությունը պատվիրել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Փորձաքննությանն առաջադրվել են հետեւյալ հարցերը՝

1.  Պատահարում ներգրավված ավտոմեքենաների վարորդներից յուրաքանչյուրը պատահարի տվյալ հանգամանքներում ՃԵԿ-ի պահանջներին հակասող ի՞նչ գործողություններ է թույլ տվել, որոնցով պայմանավորել է ավտովթարի առաջացումը:

 2. Պատահարում ներգրավված ավտոմեքենաների վարորդներից յուրաքանչյուրը պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցե՞լ է, թե՞ ոչ:

 Փորձագետը երեք ամիս փաստաթղթերը տնտղելուց հետո այսպիսի հետեւության է հանգել. «Տեխնիկական տեսակետից, տվյալ կոնկրետ իրադրության պայմաններում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ՃԵԿ-ի առավելության նշաններ 2.1 «գլխավոր ճանապարհ» նշանի առկայության պայմաններում, երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար, ղեկավարվելով ՃԵԿ-ի 67 կետի պահանջներով, երթեւեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու՝ ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելը:

Տեխնիկական տեսակետից տվյալ կոնկրետ իրադրության պայմաններում «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդի կողմից ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորության հարցի պարզաբանումը հնարավոր չէ անհրաժեշտ ելակետային տվյալների բացակայության պատճառով»:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» վիճակագրական տվյալներով, որը մեզ ներկայացրեց Բյուրոյի սպառողների եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շողեր Բարսեղյանը, 2014թ. տարեսկզբից մինչ օրս ԱՊՊԱ պատահարում մեղավորության հետ կապված անհամաձայնությունների վերաբերյալ 171 բողոք է ստացվել: Բողոքաբերների 95%-ը ապահովագրական ընկերություններն են, որոնք հիմնականում չեն ընդունում ՃՈ-ի տրամադրած` մեղավորության վերաբերյալ եզրակացությունը: Ապահովագրական ընկերությունների դժգոհությունը բաժնի պետը բնական է համարում. «Նրանք կարող են ՃՈ-ի եզրակացության հետ չհաձայնել` շահերի բախում կա այստեղ»:

Կրկնակի փորձաքննության համար Բյուրոն ժամկետներ չի սահմանել, եւ սահմանելն էլ ճիշտ չէր լինի, քանի որ կրկնակի փորձաքննության հավաստիությունը կասկածի չենթարկելու համար, «Ավտոտրանսպորտային միջոցիների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն պատվիրվում է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին եւ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Տվյալ դեպքում փորձաքննությունը պատվիրվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, որն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, եւ տարիներ կարող է տեւել փորձաքննությունը: Հետեւաբար, զարմանալ պետք չէ, որ ՊՈԱԿ-ը դատաավտոտեխնիկական փորձաքննությունը սկսել է միայն պատվիրելուց 3 ամիս հետո՝ 2014թ. հունիսի 2-ին եւ ավարտել է մոտ երեք ամիս անց՝ օգոստոսի 21-ին: Այսինքն` ապահովագրական ընկերությունը մոտ վեց ամիս հետո է ստացել փորձաքննության եզրակացությունը:

 Ինչո՞ւ վճարել, եթե կարելի է չվճարել

Ապահովագրական ընկերությունները կրկնակի փորձաքննություն պահանջելով ձգտում են նվազեցնել վնասների չափը, դա անբնական չէ, սակայն Բյուրոյին ուղղված նրանց պահանջը պետք է հիմնավորված լինի: Առնվազն պետք է պատճառաբանվի, թե ինչու ընդունելի չէ ՃՈ-ի տված առաջնային եզրակացությունը: Իհարկե, մի երկրում, որտեղ ոստիկանությունը, մեղմ ասած, բարի համբավ չունի, կարելի է չվստահել նրա տված եզրակացությանը: Սակայն, այս դեպքում ՃՈ-ի հետ գործարքների գնալու հավանականությունը պատճառաբանությունների հիմքում դնելը հազիվ թե հավանական համարվի, որովհետեւ կողմերը երեքն են՝ պատահարի երկու մասնակիցները, որոնք հակադիր շահեր ունեն, եւ երրորդը՝ ՃՈ-ն:

Ոստիկանությունը տվյալ դեպքում պատահարի մասնակից կողմերից մեկի մեղավորությունը որոշել էր, եւ նա, համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցիների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի, զրկվում է իր կրած վնասի համար փոխհատուցման պահանջ ներկայացնելու իրավունքից: «Տվյալ ապահովագրական պատահարի ժամանակ տուժող չեն համարվում եւ ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չեն օգտվում՝ 1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը...» (հոդված 26):

Հետեւաբար, «ՌԵՍՈ»-ի նպատակը պատահարում տուժող ճանաչված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոխհատուցման չափը նվազեցնելն է եղել: Սակայն, ՊՈԱԿ-ի փորձագետին չի հաջողվել գնահատել՝ նա ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցե՞լ է, թե՞ ոչ: Եվ չնայած նրան, որ կրկնակի փորձաքննությունը որոշակիություն չի մտցրել այս հարցում, հետեւաբար չի հերքել առաջնային փորձաքննության` ՃՈ-ի տված եզրակացությունը, ըստ որի մեղավոր է «Մերսեդեսի» վարորդը, այնուամենայնիվ, «ՌԵՍՈ»-ն որոշել է, թե չի հստակեցվել պատահարի մեղավորը:

«Եթե հնարավոր չի լինում պարզել մեղավորին, այդ դեպքում Բյուրոն իր համապատասխան կանոններով է փորձում կարգավորել հարցը: Երկկողմանի մեղավորության դեպքում, եթե մեղքը բաշխվում է հավասարապես 50/50, ապա ապահովագրական ընկերությունները տուժող կողմերին գնահատված ընդհանուր վնասի չափի 50%-ով են փոխհատուցում»,- բացատրում է Շողեր Բարսեղյանը:

«ՌԵՍՈ»-ն Բյուրոյի այս կանոնն էլ է յուրովի մեկնաբանել եւ սկզբում գնահատված վնասի 50%-ն է տրամադրել պատահարից տուժածին: «Միցուբիշի» ավտոմեքենայի սեփականատիրոջ ներկայացրած բողոքից հետո է միայն Բյուրոն հստակեցրել փոխհատուցման չափը եւ մեկ ամիս հետո փոխանցել է չվճարված 50%-ի մյուս մասը:

Բյուրոյին ուղղված դիմում-բողոքներից 147-ը վերաբերում է փորձագետի գնահատած վնասի չափի հետ անհամաձայնություններին: Դրանից մոտ 102-ը վերաբերում է 200 հազար դրամից ավելի գնահատված վնասի չափերին, եւ այս հարցում բողոքաբերների 97%-ը քաղաքացիներն են: Վերանայման արդյունքում թե որքանով են փոփոխություն կրում որոշումները, դրանց քանի՞ տոկոսն է բավարարվում, Բյուրոյի սպառողների եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի մանրամասնում· «Պարտադիր չէ, որ փոփոխվի, բայց լինում է, որ պակասում է, լինում է, որ ավելանում է»:

Փոխհատուցման չափը նվազեցնելը, փոխհատուցումն ուշացնելը շահեկան է ապահովագրական ընկերության համար, բայց ոչ սպառողների: Փոխհատուցման գործընթացի տասն եւ ավելի ամիսներ ձգվելու դեպքում սեփականատերը զրկվում է իր գույքն օգտագործելու, ողջամիտ ժամկետներում փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Ուստի, կրկնակի փորձաքննության պահանջ ներկայացնելիս յուրաքանչյուր դեպքի համար ապահովագրական ընկերություններն առնվազն Բյուրոյին պետք է պատճառաբանեն, թե ինչու հիմք չեն ընդունում ՃՈ-ի եզրակացությունը, որ մասով ընդունելի չէ այն, ինչ հանգամանքներ չի գնահատել հետաքննիչը, որը հնարավոր է փոխվի կրկնակի փորձաքննության արդյունքում: Հակառակ դեպքում կրկնակի փորձաքննությունը ծառայեցվում է որպես տուժողներից ազատվելու, նրանց հիասթափեցնելու, հուսահատեցնելու եւ ապահովագրական ընկերության ցանկացած առաջարկի համակերպվելու միջոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter