HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի համայնքային ենթակայության հիմնարկներում փոփոխություններ կկատարվեն

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի 2014թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ համայնքային ենթակայության 13 հիմնարկների՝ նախակրթարանների, երաժշտական դպրոցների, մշակույթի տան, գրադարանների, մարզադպրոցի 322 աշխատակիցներ հիշեցման թերթիկներ են ստացել: Նրանց տեղեկացրել են «կազմակերպաիրավական տեսակի փոփոխությունների», դրա հետ կապված հաստիքների վերանայման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերի հնարավոր լուծարման մասին:

Քաղաքում աղբահանություն կազմակերպելու, փողոցները լվանալու, ձյունը, եզրառուները մաքրելու, գիշերային լուսավորության ցանցն սպասարկելու, թափառող շներին ոչնչացնելու եւ կոմունալ ոլորտում այլ աշխատանքներ իրականացնելու համար քաղաքապետարանի հիմնադրած «Գորիստնտ» ՓԲԸ-ի  արդյունավետ աշխատանքի ապահովման համար կազմակերպաիրավական փոփոխությանը քաղաքապետ Վաչագան Ադունցը անդրադարձել էր նաեւ իր նախընտրական ծրագրում: Վերջինս նշել էր, որ տարեկան տեղական բյուջեից  մոտ 35 մլն դրամ ֆինանսավորում ստացող ընկերությունում, բացի նոր ներդրումներ ներգրավելուց, տեխնիկական բազայի համալրումից, կառուցվածքային եւ վարչական փոփոխությունների անհրաժեշտության միջոցով է միայն հնարավոր բարելավել կոմունալ տնտեսության գործունեությունը: Այդ հիմքով ծանուցագրեր են ստացել նաեւ «Գորիստնտ» ՓԲԸ-ի  28 աշխատողները:

Համայնքի ղեկավարի այս որոշումները տարբեր քննարկումների թեմա են դարձել քաղաքում. ոմանց կարծիքով ծանուցագրեր ուղարկելու պատճառն այն է, որ հուլիսի 24-ից պաշտոնավարող նորընտիր քաղաքապետը նպատակ ունի կադրային կտրուկ փոփոխություններ իրականացնել համայնքային ենթակայության հիմնարկներում: Խոսակցություններ են պտտվում նաեւ տեղական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններում աշխատող կենսաթոշակառուներին հանգստի ուղարկելու՝ քաղաքապետի մտադրության մասին:

Վաչագան Ադունցի խոսքով` նշված ենթադրություններից իրականությանը համապատասխանում է միայն այն, որ իսկապես նպատակ ունեն 40-ից ավելի թոշակառուների մեծ մասին փոխարինել երիտասարդ կադրերով: «Թե ընդունելությունների եւ թե հանրային միջոցառումների ընթացքում շատերն են աշխատանքի ընդունվելու հարցով դիմում: Երիտասարդները բարձրագույն կրթություն են ստանում եւ ցանկություն հայտնում աշխատել իրենց համայնքում: Կարծում եմ, իշխանության պարտքը պետք է լինի հնարավորության դեպքում աջակցել, չէ՞ որ դրանով նաեւ արտագնա աշխատանքի գնացողների թիվը կկրճատվի»,- ասաց համայնքի ղեկավարը:

Ինչ վերաբերում է համայնքային ենթակայության որոշ հիմնարկների, բացի «Գորիստնտ» ՓԲԸ-ից, նաեւ մշակույթի տան իրավակառուցվածքային փոփոխությանը, ապա դա եւս, ըստ քաղաքապետի, իրականացվում է համայնքային ծառայությունների որակը բարելավելու նպատակով: «Մասնավորապես մշակութային հիմնարկներում պետք է աշխատեն միայն մասնագետներ, եւ մենք այդ գործընթացն ենք իրականացնում, անգամ, եթե դրա համար կրճատումներ լինեն»,-մեկնաբանում է Վաչագան Ադունցը:

Նա նաեւ նշում է, որ նախատեսվող փոփոխությունները կքննարկվեն ավագանիների հետ, որից հետո համայնքային ենթակայության հիմնարկների նոր կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնական դրույքաչափերին առնչվող այլ հարցեր կներկայացվեն ավագանու հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter