HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայտնի լրագրողը՝ հուլունքների հետևում. շատերը գիտեն նրա անունը, բայց ոչ դեմքը

Գանացի հետաքննող լրագրող Անաս Առիմիյաու Անասը (Anas Aremeyaw Anas), ով աշխատում է «The New Crusading Guide» թերթում, ասում է, որ իր գաղտնի հետաքննության հրապարկվելուց հետո մեկ ամսվա ընթացքում 200 մլն դոլար չմուծված հարկեր վճարվեցին երկրի պետբյուջե:

Ամեն ինչ սկսվեց, երբ այս տարի հայտնի ու մի շարք մրցանակների արժանացած լրագրողի բջջայինին զանգահարեց Գանայի նախագահ Ջոն Աթա Միլը:

Գանայի եկամուտերի մի զգալի մասը հավաքագրվում է նավահանգիստներում, և նախագահը Անասին ասում էր, որ նավահանգիստներում մաքսազերծման հետ կապված խնդիր կա, քանի որ պետբյուջե ճիշտ հարկեր վճարելու փոխարեն ապրանքներ ներկրող գործարարները ավելի փոքր կաշառքներ են վճարում:

Բոլորը գիտեին, որ պետական ինստիտուտները կոռումպացված են, քաղաքացիական հասարակությունը հաճախ էր նախագահի առջև կոռուպցիայի վերաբերյալ հարցադրումներ բարձրացնում: Սակայն ինստիտուտները պատասխանում էին. «Մենք չենք կարծում, որ կոռումպացված ենք, քանի որ ապացույց չկա: Եթե ասում եք, որ կոռումպացված ենք, ուրեմն մեզ ապացույցներ ցույց տվեք»:

«Ուստի, նախագահն ասաց. «Կարո՞ղ եք ինձ ցույց տալ նրանց կոռումպացված լինելու ապացույցներ»: Նախագահն ուզում էր, որ ես ու իմ թիմը գնանք ու տեսնենք, թե ովքեր են կաշառք վերցնողները»,- ասում է Անասը՝ հիշելով նախագահի հետ իր զրույցը:

Լրագրողը կերպարանափոխված՝ որպես մաքսազերծող աշխատակից, 3 ամիս աշխատեց բեռնափոխադրող մի մեծ ընկերությունում Տեմա նավահանգստում (Tema Harbour), որը ղեկավարում է նավահանգիստների ողջ գործունեությունը: Անասը ղեկավարում էր նույն թերթի 5 լրագրողից կազմված թիմը: Նրանք հետաքննություն սկսեցին և ականատես եղան, թե ինչպես են խոշոր գործարարները կաշառք վճարում՝ հարկերի փոխարեն: Լրագրողներն իրենց թաքնված տեսախցիկներով նկարեցին մեծ չափերի հասնող կոռուպցիայի դեպքերը:

Անասը պատրաստեց «Երկրի թշնամիները. Տեմա նավահանգստի մութ գաղտնիքները» վավերագրական ֆիլմը, որը ցուցադրեցին Գանայի բոլոր հեռուստաալիքները: Ֆիլմում բացահայտված կոռումպացված պաշտոնյաների դեմ կարգապահական վարույթ հարուցվեց, և նրանք անմիջապես պաշտոնանկ արվեցին: Նրանք բոլորը պետությանը հետ վճարեցին այն, ինչը գողացել էին տարիներ շարունակ:

Այն հարցին, թե արդյոք նախագահն իսկապես տեղյակ չէ՞ր, թե ով է կաշառք վերցնում, և ինքն էլ կոռուպցիոն շղթայի մասը չէ՞ր, գանացի լրագրողը պատասխանում է. «Հեշտ չէ ասել, թե որքան ազնիվ կամ որքան կոռումպացված է որևէ նախագահ: Բայց առնվազն նախագահն առաջին քայլն է անում՝ հայտարարելով, որ «ես կարծում եմ՝ կառավարությունում կոռուպցիա կա, եկեք և օգնեք ինձ մաքրել կառավարությունը»: Ուրեմն նման նախագահին մենք պետք է որոշակիորեն վստահենք ու հարգենք»:

Անասը հավելում է, որ Ջոն Աթա Միլը լեգիտիմ նախագահ է, և որ նա չի կեղծել ընտրությունները: Նա ընտրությունները հաղթեց՝ հավաքելով ձայների 51 %-ը: Նրա մրցակիցը ստացավ ձայների 49 %-ը: Չնայած հավաքած ձայների միջև փոքր տարբերությանը՝ «նրանք չպատերազմեցին»:

Լրագրողն այնպիսի զգացում չունի, թե նախագահն իր սեփական շահն էր հետապնդում և ուզում էր վրեժ լուծել այդ օլիգարխներից՝ անձնական պատճառներից ելնելով: Նա կարծում է, որ նախագահն իսկապես հետաքրքրված էր հանցանքը բացահայտելով, ինչի ապացույցն են նախագահի ձեռնարկած քայլերը:

«Սա անհրաժեշտ էր և պետք է տեղի ունենար երկրում: Եվ ես ուրախ էի, որ դա տեղի ունեցավ և տեղի ունեցավ ինձ հետ, և ողջ երկիրը շատ ուրախ էր դրա համար, քանի որ դա անդրադարձավ յուրաքանչյուր մարդու վրա»,- ասում է Անաս Անասը:

Նրա խոսքերով՝ 200 մլն դոլարը գուցե մեծ բան չէ ԱՄՆ-ի կամ Անգլիայի համար, բայց իր երկրի համար դա հսկայական գումար է, որը շատ բան կարող է անել Գանայի գյուղերում:

Լրագրողն ասում է, որ նախագահն աշխատանքն անելու համար ընտրեց իրեն և ոչ թե ոստիկանությանը կամ գաղտնի ծառայություններին, քանի որ այս ինստիտուտները լավ չեն աշխատում: Նախագահը կարող է վերահսկել ոստիկանությանն ու գաղտնի ծառայություններին, բայց «ո՞վ է հսկում հսկիչին»:

«Երբ դու խնդիր ունես ու չգիտես, թե ինչ անես, չկա մի տեղ, որտեղ գնալով՝ կարող ես վերացնել խնդիրը, ուրեմն դու փնտրում են մեթոդներ, որոնց մասին ոչ ոք չի կասկածում»,- այսպես է լրագրողը բացատրում իր օգնությանը դիմելու նախագահի որոշումը:

Անաս Առիմիյաու Անասը նմանատիպ մի քանի այլ ծածուկ հետաքննություններ ևս արել է: Նա կերպարանափոխված գնացել է հոգեբուժարան, Բանգկոկի բանտ՝ որպես կաթոլիկ քահանա: Նա նաև կերպարանափոխվել է՝ որպես փողոցային վաճառական, կնոջ կերպարանքով աշխատել է մանկատանը, որտեղ երեխաները մահանում էին վատ խնամքից, և ի վերջո բացահայտել մանկատանն առկա բոլոր թերությունները:

Անասը ծածկում է իր դեմքը 12 տարի՝ այն ժամանակից, ինչ սկսեց հետաքննող լրագրող աշխատել: Նա ասում է, որ միակ գանացի լրագրողն է, ով ծածկում է իր դեմքը:

«Կարծում եմ՝ ամեն մեկից էլ պոտենցիալ սպառնալիք կարող է գալ, երբ խոսքը վերաբերում է կերպարանափոխված հետաքննություններին: Բայց հարցն այն է, որ իմ ինքնությունը հայտնի չէ. անունը հայտնի է, բայց մարդիկ չգիտեն, թե ինչ դեմք կա այդ անվան տակ»,- ասում է Անասը:

Նա իր դեմքը ծածկում է ամեն անգամ, երբ տեսախցիկներ կան: Նա չունի լուսանկարներ, որոնցում իր դեմքը ծածկված չէ: Թեև մարդիկ գիտեն Անասի անունը, բայց չգիտեն, թե նա ինչ տեսք ունի:

Նա չի քողարկում իր դեմքը առօրյա կյանքում, երբ քայլում է փողոցում միայնակ, ընտանիքի կամ էլ ընկերների հետ:

Դեմքը հուլունքներով ծածկելը անհարմարություն չի պատճառում Անաս Անասին, քանի որ նա այդպես է անում երկար տարիներ: Նա հասկացավ, որ հուլունքները լավագույնն են՝ դեմքը քողարկելու համար այնպես, որ նաև արանքից կարողանաս տեսնել: Լրագրողն ասում է, որ հուլունքներ օգտագործելը գուցե իր հայտնագործությունն է, քանի որ որևէ մեկից դա չի կրկնօրինակել:

Օլիգարխները հաճախ են փորձել պարզել, թե ով է Անասը, ինչ տեսք ունի, բայց նա շատ ուժեղ ցանց ունի և հաջողել է «չբացահայտել իր ինքնությունը 12 տարի»:

«Երկրի թշնամիները. Տեմա նավահանգստի մութ գաղտնիքները» ֆիլմը կարելի է դիտել այստեղ:

Մեկնաբանություններ (4)

VAHAN
karcum em G. Shamshyan@ ,ete hancnararutyun stana, aznvoren kkatari u glux el khani.
DAVID
Hayastanin shtap Ganayic porci poxanakum e petk.
Վահագն
Լավ մեթոդ էր, բայց եթե մեր մոտ այդպիսի բան արվեր, արդյոք նման կերպ լրագրողը փողի կուրացնող լույսի ներքո չէր դառնա կաշառակեր, կամ կաշառակերությունը քողարկող: Որ մի լրագրողը կարա գարանտիա տա, որ ... էլ չեմ ասում: Մենակ չասեք, Հետք` դուք և ձեր բոլոր լրագրողները կանեին, ոնց որ պետք է:
Վահե-2
Դրամարկղային կտրոններով շահումները ձախողվեց, աքցիզային դրոշմակնիքները ոչ թե պետությունը այլ մաֆիան է հիմնականում թողարկում, հարկային կոչված հիմնարկության միջոցով թալանվում են պետական միջոցները իսկ սերժիկը չի կռահում զանգել ասենք Գագիկ Շամշյանին ու ասել - Այ տղա մեր երկիրը թալանում են, շտապ մեկնում էս Գանա, հուլունքներ էս ճարում, վերադառնում ու 200 մլն. կորած դոլլար գտնում: Գտած գումարի 50 տոկոսը քեզ պարգևավճար, հետո կկիսվենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter