HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքը Կաճաճկուտում

Էմմա Պետրոսյան

«Արի՛ ստի, Արթու՛ր: Հեսա, 40 տարեկան ա դառել, կարում չենք նշանենք, ասում ա կնիկ բերեմ ինչո՞վ պահենք» ,- իր համագյուղացի երիտասարդին մատնանշում է Կաճաճկուտ գյուղի բնակիչ Էֆիկ Լալայանը:  

Վերջին հարսանիքը Կաճաճկուտում հենց նախորդ օրն է եղել, սակայն ոչ թե հարս են բերել այս գյուղ, այլ Կաճաճկուտից են աղջիկ տարել հարևան գյուղ: Էֆիկ Լալայանի խոսքով՝ վերջին տարիներին Կաճաճկուտում նոր ընտանիքներ չեն ձևավորվում, քանի որ գյուղի երիտասարդ տղաները խուսափում են ամուսնանալ. պատճառը ապրելակերպն է, ասում են՝ գյուղում ո́չ աշխատանք կա, ո́չ էլ ապագայի հեռանկար: Երիտասարդների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում, շատերը՝ Կաճաճկուտ չվերադառնալու մտադրությամբ:

14-ամյա Գարիկ Դալլաքյանը նախորդ տարի է ավարտել 9-ամյա կրթությունը: Ուսումը շարունակելու նպատակ չունի, ցանկանում է արտագնա աշխատանքի մեկնել: «Գնալու եմ գյուղից: Լավը չի էլի ստի, գործ չկա անելու: Փետ կրելով եմ զբաղվում, ոչ մի ուրիշ բան էլ ա չկա անելու: Կգնամ ուրիշ տեղ կաշխատեմ, Ռուսաստան եմ գնալու»,- ասում է Գարիկը: Իսկ Վազգեն Թամազյանի տղան արդեն քանի տարի է` աշխատում է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: «Ընդեղ կոպեկ ա աշխատում, ղարգում մեզ, որ կարենանք մենք ստի ապրենք: Հմի հենց ինքը գա, էն մի տղես ա գնալու խոպան: Սաղ գեղացիք գնացած են»,- ասում է Վազգենը:

Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքը 386 բնակիչ ունի: Գյուղապետ Մխիթար Թամազյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ բնակիչների թվի առանձնակի փոփոխություն չի նկատվել: Սակայն գյուղի բնակիչների մեծ մասը միջինից բարձր տարիքի մարդիկ են: Կաճաճկուտցիներից շատերն էլ ընտանիքներով են տեղափոխվել այլ բնակավայրեր:

Ալեքսանյանների ընտանիքը մոտ 4 տարի է` Երևանում է բնակվում: Անիչկա Ալեքսանյանը, սակայն, հաճախ է  գյուղ այցելում, այստեղ անգամ իր փոքրիկ տնամերձն է մշակում: Ասում է՝ լավ բերք ստանալուն խանգարել է այն հանգամանքը, որ քիչ է հետևել բերքին, բացի այդ՝ գյուղում ոռոգման ջուր չկա: Կաճաճկուտում ո́չ այգեգործության, ո́չ էլ անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններ չկան:  Ամուսինը՝ Շմավոն Ալեքսանյանն ասում է, որ ժամանակին ինքն էլ անասուն էր պահում, սակայն օգուտ առանձնապես չի ստացել:

«Կամ պետք ա ունենաս շատ՝ 10-15 հատ կով, որ օգուտ ունենաս, մի հատը, երկու հատը ոչ մի բան չեն նշանակում: Դրա համար` էնա, որ Երևան էլ գազելի վարորդի պահանջ կար, իսկ իմ տարիքն էլ էն ա, որ հողում չեմ կարա առավոդ-իրիգուն աշխատեմ, էնա որոշեցի գնամ: Շատը հնձի խաթեր եմ փախել-գնացել ստիան: Ա դե գործ ա էլի, յոլա եմ տանում, ի՞նչ ասեմ, ըտենց ենք աշխատում: Մարդ ու կնիկ ենք, կնիկս ստի ա գալի-գնում, ես էլ ընդի եմ շատ վախտ սուխոյ-մուխոյ, մինչև կնիկս գա ստիան գործը մի քիչ դզդզորի, էլի հետ գա»,- ասում է Շմավոն Ալեքսանյանը:

Վերջինիս հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքն է եղել, այդ պատճառով էլ հիմա շատ հեշտությամբ կարողանում է գյուղից դուրս ապրել: Իսկ կնոջ համար  դժվար է. տունն ու այգին նրան անընդհատ Կաճաճկուտ են բերում: «Ընդեղ էլ ենք ըլում, ստեղ էլ ենք ըլում, բայց որ աշխատանք չկա Կաճաճկուտում, էդ պատճառով էլ ընդեղ ենք: Ստեղ աշխատանք չունենք, ընչո՞վ ապրենք: Գյուղի հետ կապը պահում եմ, անպայման պահում եմ, չարչարվում եմ ես, ամուսինս չէ, ինքն իրան գործին ա, բայց ի՞նչ անեմ, գոնե բանջարեղենը չեմ առնում, ինձ հերիքացու ըլնում ա, իզուր փող չեմ տալի»,- ասում է Անիչկա Ալեքսանյանը:

Շմավոն Ալեքսանյանին գյուղում ոչինչ չի պահում. «Ի՞նչ կա էս չոլի կիսումը, որ ստի մնա ջահելը, լրիվ քաշված, գնացած, որը ամուսնացած, որը հլա չի ամուսնացել: Գյուղամեջը միշտ լիքն էր ըլում, մանավանդ էս ժամերին: Հմի մի երկու մարդ ա մնացել, իրա անասունով ա զբաղվում կամ էլ իմ պես գնացած ա: Մարդ չկա»:

Կաճաճկուտում տարեցտարի նվազում է նաև դպրոցի աշակերտների թիվը: Այս պահին Կաճաճկուտի հիմնական դպրոցը 38 աշակերտ ունի, նախորդ տարվա համեմատ՝ 2-ով պակաս:

Այս պահին դպրոցի դասարանների մեծ մասը երկկոմպլեկտ են, ինչն էլ իր հերթին ազդում է աշակերտների ուսման որակի վրա:

«Բացի այդ, 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտներից քչերն են ուսումը շարունակում,- ասում է դպրոցի տնօրեն Ղարիբ Պողոսյանը,- կան ծնողներ, որոնք միջոցներ չունեն, քաղաքում մնալու տեղ չունեն, հատկապես աղջիկ երեխանցը շատ չեն ուղարկում ուրիշ տեղ դպրոց, քանի որ տրանսպորտ էլ չկա, ոտքով են գնում կամ անհատական մեքենաներով, ինչը շատ թանկ ա»:

Գյուղի տարեկան բյուջեն 7,5 մլն դրամ է, որի մեծ մասը՝ մոտ 4 մլն-ը, ծախսվում է 6 անձից բաղկացած աշխատակազմի աշխատավարձերի վրա: Բյուջեն գյուղում մեծածավալ աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի տալիս: Տարիներ շարունակ Կաճաճկուտ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հարցերից մեկը ներհամայնքային, ինչպես նաև համայնք բերող ճանապարհների վերանորոգումն է: Ճանապարհների անբարեկարգ վիճակն ամեն կերպ դժվարացնում է կաճաճկուտցիների կյանքը, այստեղ երթուղային չի աշխատում, տաքսիների  վարորդներն էլ  կամ  հրաժարվում են կանչից,  կամ էլ մեծ գումար պահանջում` պատճառաբանելով ճանապարհի վատ վիճակը:

Գյուղապետ Մխիթար Թամազյանը նշում է, որ որևէ լուծում այդ ուղղությամբ չի նախատեսվում: Գյուղի  լուսարձակների սյուներն անգամ, որոնք շատ հին են, նորով փոխարինել չի հաջողվում: Այդ պատճառով էլ անգամ թեթև քամին գյուղում հոսանքազրկման պատճառ է դառնում: «Լույսի լարը հլա որդի ա կախ ելած: Էն մարդի խոտի վրա կախ ելած էր, փետով դենը բոթել են, որ պաժար չընկնի հանկարծ խոտը: Փողոցումը մի հատ լիս չկա: Օրվա մեջ մի քանի անգամ անջատվում ա լույսը»,- ասում է Լադիկ Թամազյանը:

Գյուղացիներն այն կարծիքին են, որ իրենց գյուղը կտրված է աշխարհից: Շատերն էլ այն մտավախությունն ունեն, թե գյուղը սողանքների պատճառով ուր որ է` հողին է հավասարվելու: «Մեր գեղը փլման տակ ա, մի վախտ հենց բարձրն էր, հմի ցձացել ա: Էս քանի օրը տելեվիզրովն եմ լսել, որ ասում են փլման տակ ա Կաճաճկուտը: Բայց դե որ ասում են՝ ի՞նչ: Ոչ տեր կա, ոչ տիրակալ»,- ասում է Էֆիկ Թամազյանը:

Որպես սողանքային գոտում ապրող բնակիչներ՝ տարիներ առաջ կաճաճկուտցիները կառավարության կողմից առաջարկ են ստացել տեղափոխվել Մեծ Այրում:  Առաջարկը, սակայն, մերժել են՝ իրենց համար ոչ ընդունելի պայմանների պատճառով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter