HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրեղեն ապացույցները` «Լուս Աստղ»-ի տոպրակներում

Պարբերաբար լինելով դատարաններում և ծանոթանալով ընթացիկ ու նաև ավարտված քրեական գործերի նյութերին` «Հետքը» նկատեց, որ այդ գործերով իրեղեն ապացույցները դատարան են ներկայացվում` տարբեր գրություններով պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված: Հայտնի է, որ հին գործերում իրեղեն ապացույցները պահպանված չեն: Սակայն որոշ քրեական գործերում կան իրեղեն ապացույցների նկարագրություններ` կատարված փորձաքննությունների ժամանակ: Ըստ կարգի, փորձագետները նշում են, թե ինչ փաթեթ բացվեց, ինչ գրություն կա փաթեթի վրա և այլն: Լուսանկարում մեր կողմից ուսումնասիրված քրեական գործերից մեկից մի հատված է ներկայացված, որտեղ իրեղեն ապացույցները փաթեթավորված են «Լուս Աստղ» գրությամբ պոլիէթիլենային դեղին պարկերով: 

Քրեական դատավարության օրենսգրքի «Ապացույցների տեսակները» գլխում կա 117-րդ հոդվածը, որի առաջին կետում գրված է. «Առարկաները պահելիս և փոխադրելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք զերծ մնան կորստից, վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց»: Իսկ դրա համար անհրաժեշտ է իրեղեն ապացույցները պահպանել ջերմային ու խոնավության համապատասխան ռեժիմով` թանգարանային նմուշների պես:

Հնարավո՞ր է իրեղեն ապացույցների պատշաճ պահպանումը ցելոֆանե տոպրակների մեջ

Պարզելու համար, թե ինչպես է իրականացվում իրեղեն ապացույցների փաթեթավորումը, որքան գումար է հատկացվում պետական բյուջեից փաթեթներ ձեռք բերելու համար, «Հետքը» դիմեց նախ ՀՀ դատական դեպարտամենտ, որտեղից մեզ ուղղորդեցին դեպի նախաքննական մարմիններ: ՀՀ Ոստիկանությանն ուղղված մեր հարցմանն ի պատասխան`  ոստիկանության հանրային կապերի և լրատվության բաժնից հայտնեցին հետևյալը. «Ըստ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից ներկայացված հայտերի՝ ոստիկանության տնտեսական վարչության կողմից մրցութային կարգով ձեռք են  բերվում տարբեր քանակի և չափերի պոլիէթիլենային փաթեթներ, թղթյա տարբեր չափերի ծրարներ, որոնք օգտագործվում են նաև իրեղեն ապացույցների փաթեթավորման նպատակով, այդ իսկ պատճառով հնարավոր չէ պատասխանել, թե ինչ քանակի և գումարի փաթեթներ, ծրարներ և թուղթ է օգտագործվում իրեղեն ապացույցների փաթեթավորման համար»:

Կան դեպքեր, երբ իրեղեն ապացույցները առհասարակ չեն փաթեթավորվում

2011 թ-ին, օրինակ, Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի բաժնի իրեղեն ապացույցների պահման սենյակում քաղաքացի Արգիշտ Սեդրակյանի գործի շրջանակներում տեղի է ունեցել ապրանքների զննություն, որը տեսաձայնագրվել է: Քննության տեսագրությունից երևում է, որ իրեղեն ապացույցների սենյակում որևէ իր փաթեթավորված ու կնքված չէ: Սակայն դրանք պիտի մանրակրկիտ նկարագրվեն, փաթեթավորվեն ու կնքվեն` ըստ օրենքի պահանջի: Առավել ևս, երբ խոսքը նաև թանկարժեք իրերի մասին է: Այս մասին դատարանում հայտարարել էր Սեդրակյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը:

Լուսանկարներ տեսագրությունից. իրեղեն ապացույցները փաթեթավորված չեն

Փաստաբան Մկրտչյանը դատարանին ներկայացրեց նաև, որ իրեղեն ապացույցների սենյակի դուռը ևս կնքված չէ: Տեսագրության մեջ այն բացում է անձ, ով չի ներկայանում, չկան ընթերականեր: Փաստաբանի պնդմամբ, ըստ օրենքի` պիտի հրավիրվեր մասնագետ, ով մասնագիտական աչքով կվկայեր, թե թանկարժեք իրերը ինչ նյութից են, ինչպիսի հարգ ունեն. «Մեկ էլ բերվում է տոպրակ, ասում են, որ իրեղեն ապացույցների այլ սենյակից է բերվել: Որքանով գիտեմ` քննչական բաժնում մեկ սենյակ կա իրեղեն ապացույցների համար»,- դատարանում հայտարարեց փաստաբանը:

Իրեղեն ապացույցների պահպանումը` որպես գործերի վերաբացման հնարավորություն

Իրեղեն ապացույցների պահպանությունը ևս կարգավորվում է քրեական դատավարության օրենսգրքով: Այն, ինչ անպետք է համարում դատարանը, դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ոչնչացվում է: Եվ դատավճիռների վերջում հաճախ կարդում ենք. «Իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը: Սակայն դրանց ոչնչացումը գործնականում գրեթե անհնար է դարձնում նոր տեխնոլոգիաների զարգացմամբ կամ ԴՆԹ թեսթով գործերի վերաբացման հավանականությունը: «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ն աշխարհի շուրջ 50 քրեագիտական կենտրոններ նամակներ է ուղարկել, սակայն պատասխանները կրկնում են իրար. «Անհրաժեշտ են իրեղեն ապացույցներ»: Թեպետ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում մեր առաջարկությամբ նոր դրույթ է սահմանվել, ըստ որի կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման, այդուհանդերձ քանի դեռ նախագիծը օրենքի ուժ չի ստացել, Հայաստանում դեռ շարունակում են ոչնչացնել իրեղեն ապացույցները: Մինչդեռ 1990-ականներից ԱՄՆ-ում և այլ երկրներում ԴՆԹ թեսթով վերաբացվում են տասնյակ տարիների քրեական գործեր: Մոտ 300 մարդ վերջին տարիներին ճանաչվել է անմեղ ու վերադարձել  ազատություն:

Քրեական գործ, որից պահպանվել է 5 հատոր, մոտ 20 հատոր պետությունը ոչնչացրել է

«Խեղված ճակատագրեր» հոդվածաշարում «Հետքը» բարձրաձայնում է, որ քրեական գործերով չեն պահպանվել իրեղեն ապացույցները, ու գիտության զարգացմամբ` այսօր հնարավոր չէ կատարել ԴՆԹ թեսթ՝ գործի վերաբացման համար: Սակայն կա մի գործ` «Վահան Հովհաննիսյան+30» գործն է, որտեղ չեն պահպանվել նույնիսկ հատորները: Եվ եթե այսօր այդ գործով նոր երևան եկած հանգամանքներ լինեն, ինչպե՞ս է հնարավոր դառնալու գործի վերանայումը: 

Դատարանների կենտրոնական արխիվում «Հետքը» ծանոթացավ «Վահան Հովհաննիսյան+30» գործին, ավելի ճիշտ գործի այն պատառիկներին, որը պահպանվել է: Բազմահատորանոց քրեական գործից մնացել են միայն 16-20 հատորները` 31 անձանց մեղադրական եզրակացությունները, մոտ 150 էջանոց դատավճիռը:

Ըստ Դատական դեպարտամենտի ներկայացրած պատասխանի` այս քրեական գործը ոչնչացվել է օրենքով սահմանած կարգով: Փնտրեցի  Կառավարության 351-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ցանկում, սակայն քրեական գործեր բաժնում հայտնաբերեցի, որ թե՛ կյանքի և առողջության, թե՛ հասարակության ու պետության անվտանգության դեմ ուղղված առավելապես ծանր հանցագործություններով քրեական գործերը ենթակա են մշտական պահպանման: Միայն պետական ծառայության դեմ ուղղված առավելապես ծանր հանցագործություններով գործերը ենթակա են պահպանության` 20 տարի ժամկետով: Կառավարության այս որոշումը շուրջ 8 տարվա պատմություն ունի, ստորագրվել է 2006 թ-ին` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Սակայն 2011 թ-ին ՔՕ փոփոխություններով որոշակի տարիների տեսքով առավելագույն պատժաչափը 15 տարուց փոխվել է 20 տարվա, համակցության դեպքում նաև՝ 25 տարվա: Սա ևս հիմք է, որ Կառավարությունը վերանայի իր որոշումը: Այսինքն` վերանայման կարիք ունեն քրեական գործերի պահպանման ժամկետները:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter