HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բազմազավակ մայր. «Երեխեն ոչ մի բանում մեղավոր չի, բայց տուժողը հենց ինքն ա»

Քարակերտի գյուղապետի աշխատասենյակի դռան դիմաց իր հերթին սպասողը վեց երեխաների մայր Սվետա Սիրեկանյանն է։ 

45 տարեկան այս կինը փոքրացել, կնճռոտվել և մի բուռ է դարձել։ Նա արդեն որերորդ անգամ գալիս է այստեղ՝ ստանալու հերթական դիմումների մերժումները․ տան վերակառուցման համար ո՛չ նախագահը, ո՛չ Ծառուկյանը ոչնչով օգնել չեն կարող։ Էլեկտրաէներգիայի 20.000 դրամ պարտքն էլ գյուղապետն է մարել։

Գյուղապետի մոտից դուրս է գալիս աչքերը թաց, ոչինչ չեմ հարցնում․ քարքարոտ, նեղլիկ ճանապարհով լուռ քայլում ենք դեպի Սվետայի տուն: «Մերժեցին նորից»,- լռությունը խախտում է Սվետան։ Տան դիմաց մեզ է դիմավորում Սվետայի երեխաներից ամենափոքրը ՝ 2,5 տարեկան Անգելը: Մորը տեսնելով՝ վազում է գիրկը, հարցնում է` «Կանֆետ բերե՞լ ես, մամա՛»։ «Չկա, Անգել ջան»,- հազիվ լսելի ձայնով պատասխանում է մայրը և շրջվելով դեպի ինձ՝ պարզաբանում․«Էսօր առավոտ զարթնեց՝ թե մամա, երազումս կանֆետ էի ուտում, կառնե՞ս, ասի՝ հա բալես, հիմի էդ ա հիշել»։ Անգելն ուշադրությամբ զննում է իրենց տուն եկած «օտար» մարդուն։

Ծանր դուռը բացելով` հայտնվում ենք Սվետայի տանը։ Այնտեղ սուրճով դիմավորում է մեծ աղջիկը՝ Մարգարիտան։ Նա 26 տարեկան է, վերջերս է ամուսնալուծվել և վերադարձել մոր մոտ։ Ցրտի պատճառով երկու երեխաներին ուղարկել է Երևան՝ ամուսնու մոտ։ Սվետայի աղջիկներից մյուսը՝ 20-ամյա Մարինեն, տեսնելով, որ տանը հյուրեր ունեն, շտապում է հեռանալ հարևանի տուն։ «Երևի ամաչում է»,- ասում է մայրը։

Սվետայի երկրորդ ամուսինը, ում հետ ապրել էր վեց տարի, արդեն մի ամիս է, ինչ լքել է նրանց և նորից ամուսնացել։ Բայց Սվետան դեռ սպասում է, որ հետ կգա․ «Մի անգամ արդեն գնացել է, էլի նորից հետ է եկել»։

«Տուն» համարվող այս սենյակում, որտեղ չկա ո՛չ բաղնիք, ո՛չ զուգարան, ապրում են չորսով:

Աղջիկներից մեկը՝ 24-ամյա Կարինեն, ամուսնացած է և ապրում է Երևանում, շուտով երեխա կունենա։ Տղաները՝ Կարենը և Միշան՝ 14 և 10 տարեկան, սովորում են Երևանի գիշերօթիկ դպրոցում և ապրում հանրակացարանի սենյակում, որը Սվետայի ասելով` անվճար տրամադրել է մի բարի ախալքալաքցի։ Հիմա, սակայն, վերջինս ցանկանում է այն վարձով տալ, և Սվետան դեռ չգիտի, թե ինչ պետք է անի։ Տան «եկամուտը» աղքատության նպաստն է ՝ 36.000 դրամ և որդու՝ 14-ամյա Կարենի 19.000 դրամ հաշմանդամության թոշակը։ Կարենը հիմա փոքր եղբոր՝ Միշայի հետ հաճախում է 5-րդ դասարան: Նա չէր կարողանում ժամանակին դպրոց գնալ, որովհետեւ մայրը աշխատում էր, եւ հաշմանդամություն ունեցող Կարենին դպրոց տանող չկար: Սվետան պատմում է, որ Կարենը սիրում է երգել և խնդրել է իր թոշակով իրեն նոութբուք գնել, որ կարողանա գոնե տանը մի բանով զբաղվել: «Բացատրում եմ, ասում եմ` Կարե՛ն ջան, էդ նոթբուքը որ առնեմ, բալես, հո սոված չե՞ս մնալու, տես՝ խանութից դրանով հաց եմ առնում, էս եմ առնում, էն եմ առնում, ասում է՝ ի՞նչ անեմ, չբերեիր»։

Սվետան առաջ Երևանի հացի փռում էր աշխատում, բայց առողջական խնդիրների պատճառով հիմա աշխատել չի կարողանում:

Տան եղած վերջին պարկ ալյուրը գնել է երեխաների վաստակած գումարով․ 3000 դրամ օրավարձով բերքահավաքի էին գնացել։ Հիմա Մարինեն, ով Երևանում վարսավիրություն է սովորել, գյուղում երբեմն 500 դրամով մազ է կտրում։ «Աշխատանք լինի՝ մեծ հաճույքով կգնանք, կաշխատենք, աշխատանքից չենք փախչում»,- ասում է Մարգարիտան։ Սվետան էլ հիշում է, թե ինչպես է փոքր որդին՝ Միշան, Երևանում հարևանին օգնել իրեր տեղափոխել և 500 դրամ վաստակել․ «Ուրախացած տվեց ինձ, ասեց՝ մամա՛, էսի ա՜ռ, քուրիկին բան կառնեք՝ սմետան ա, հաց ա»։ Իր անունը լսելով՝ մոտեցավ Անգելը՝ ցանկանալով ցույց տալ մոր գնած կապույտ հողաթափերը: «50 դրամով քրջի բազարից եմ առել,- արցունքները կուլ տալով՝ պատմեց Սվետան:- Մարդիկ են լինում, որ իրենց հին շորերից են բերում տալիս, չի եղնում իրանց երեխեքի հագը։ Էսպես գոնե գոյատևում ենք...»։

Ամուսիններից և ոչ մեկը գումարով չի աջակցում: Եվ չնայած երկրորդ ամուսնու աշխատած գումարն ինչ-որ կերպ թեթևացնում էր տան հոգսը, սակայն այդ գումարը չէ, որ հիմա պետք է Սվետային․ «Չեմ ուզում, իրա փողը պետք չի․ իմ երեխեն, որ ամեն անգամ լացում, պապա ա ուզում, էդ իմ համար շատ ցավ ա։ Ես շատ ցավ եմ ապրում»։

Տունը, որն այժմ ավելի շատ այրված կիսավեր շինություն է հիշեցնում, այսպիսին է դարձել Սվետայի առաջին ամուսնու «թեթև ձեռքով»․ «Իմ հերը որ փեջ էր վառում, ահավոր վիճակ էր․ ասենք՝ քանդում էր տան մեջ ինչ կարում էր ու վառում»,- հիշում է Մարգարիտան։ Սվետան էլ պատմում է, թե ինչպես էր «խմելու հետ սեր ունեցող» այդ նույն ամուսինը հայհոյում և ծեծում իրեն ու երեխաներին․ «Աղջիկս (խոսքը Մարինեի մասին է) պստիկ էր, ամուսինս խմել էր, սենց բկից բռնել էր, ուզում էր խեղդեր, հարևանն ա եկել, ձեռից վեկալել»։ Երեխաների ապահովության համար ստիպված գիշերօթիկ դպրոց է տանում, որպեսզի կարողանա աշխատել։

«Ինձ ասում էին՝ մանկատուն տար երեխեքիդ, վայ, ասում էի՝ մարմինս կծախեմ, ես կպահեմ, էլ իմ ապրելն ու՞մ ա պետք, ես իմ երեխեքին տանեմ, մանկատուն գցեմ»։

Սաղ էս երեխեքիս հոգեկանը խանգարված ա, որովհետև ապրում չեն ունեցել, մանկություն չեն ունեցել»,- ասում է Սվետան։

Ու թեև երեխաներին մեծ դժվարությամբ է պահել և մեծացրել, սակայն ոչ մի վայրկյան չի զղջացել վեց զավակ ունենալու համար․ «Ես ինքս ինձանից գոհ եմ, որ Աստծու դեմ մեղք չեմ գործել։ Երեխեն ոչ մի բանում մեղավոր չի, բայց տուժողը հենց ինքն ա։ Իմ միակ երազանքն էս տունը սարքեմ, որ իմ հիվանդ երեխես ապրելուց հանգիստ ապրի: Ես ոչ մի բան չեմ ուզում, մենակ ինձի ըլնի մեկը, օգնի, ես էս տունը կառուցեմ..․Կառուցեմ, որ հանգիստ մեռնեմ»։

ՀԳ․ Նախքան հրաժեշտ տալը Մարգարիտան և Անգելը գնում են դրսից հարևանի տված ցախը բերելու, որպեսզի վառարանը վառեն, Սվետան էլ ուղղում է պատուհանի ճեղքերը փակող ցելոֆանը, որ քամուց կրակը չմարի։

Մեկնաբանություններ (2)

Hetq
Hello Hagop....Thanks for considering to assist this family. Unfortunately, for legal/tax reasons Hetq cannot serve as a go-between. If you know Armenian, we can give you the family's phone number and you can talk to them directly. There might be some way to send cash via MoneyGram or some such service.
Hagop Koushakjian
Dear Hetq, thank you for bringing the stories of these tragic and desperate Armenian families to our attention. But as much as we would like to help these families, it is very difficult to get in touch with them directly. I am sure many of your readers, myself included, would like to help as much as we can. Would it be possible to forward funds for each specific family to you and you could in turn hand it to them?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter