HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տեխնոլոգիաների ներմուծումը չի փոփոխել համայնքապետերի աշխատաոճը

Սյունիքի մարզպետարանն ընթացիկ տարվա սեպտեմբերին վարչական հսկողություն է իրականացրել մարզի 9 համայնքում:

Վարչական հսկողության արդյունքներն ամփոփող արձանագրություններում ընդգրկված խախտումները  վերացնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, հանձնարարականներ են տրվել համայնքների ղեկավարներին: Վերջիններս կարող էին նաեւ իրենց առարկությունները ներկայացնել վարչական հսկողության արդյունքում արձանագրված խախտումների եւ վարչական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ, սակայն արձանագրություններում այդ մասին նշումներ չկան:

Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի խոսքով՝ համայնքի ղեկավարները, սովորաբար, առարկություններ չեն նշում: Հակառակ դրան, համայնքների ղեկավարների գնահատականը վարչական հսկողության շրջանակներում կիրառվող մեթոդների, քայլերի, նպատակների եւ արդյունքների մասին տարբեր են:

Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի վերաբերյալ, որը սահմանված է ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 33-րդ կետով, որոշումներ ընդունելն, այն ավագանու նիստում հաստատելն, անիմաստ է: Նրա ասելով՝ բնակիչներն այնքան անտարբեր են, որ նրանց համար միեւնույն է, թե ինչով են զբաղված տեղական իշխանությունները: «Մարդիկ միայն իրենց սոցիալական խնդիրների մասին են մտահոգվում, անգամ, երբ որեւէ հարց լուծելու համար համայնքը պարտավորվում է ներդրում ապահովել, շատերը խուսափում են, ասելով՝ ուզում ես՝ արա, չես ուզում՝ մի արա: Ի՞նչ իմաստ ունի հիմնականում ձեւական փաստաթուղթ կազմելը»,- ասում է համայնքապետը:

Նրա կարծիքով՝ նշված դիտարկումները միանշանակ չեն ոչ միայն իրենց համայնքի, այլ ընդհանուր ՏԻՄ գործառույթների իրականացման առումով: «Խոսում ենք նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին, էլեկտրոնային եղանակով տարբեր գրություններ ենք ստանում, պատասխանում, ընթացք տալիս, արդյոք տեղի՞ն է պահանջը, որ դրանց տպագիր օրինակները պարտավոր ենք պահպանել»,- ասում է համայնքապետը: Նա նաեւ անդրադառնում է համայնքի բնակիչների դիմումների համար առանձին մատյանների անհրաժեշտությանը, որը եւս տեղ է գտել Անգեղակոթում իրականացված վարչական հսկողության արձանագրության մեջ:

Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարի որոշմամբ աշխատակազմի գործավարության կարգի հաստատման,  համայնքի ղեկավարի ներկայացմամբ կամավոր լիազորությունների իրականացման կարգի ֆինանսական միջոցների վերաբերյալ որոշման առկայություն մասին դիտողություններ են արվել գրեթե բոլոր համայնքներում իրականացված վարչական հսկողությունն ամփոփող արձանագրություններում:  Հայտնաբերված խախտումները վերաբերում են նաեւ համայնքներում առեւտրի կետերում իրականացվող ստուգումներ անցկացնելուն: «Շատ դեպքերում ուղղակի որոշ փաստաթղթերի անհրաժեշտ ձեւանմուշներ չենք ունենում, այդ պատճառով թերացումներ են արձանագրվում»,- ասում է Սառնակունք համայնքի ղեկավար Մանուչար Մկրտչյանը, հավելով, որ իրենց գործառույթներում որոշ  պահանջներ հստակ ու կոնկրետ չեն:

Երկու համայնքում վարչական հսկողություններ են իրականացվել նաեւ ընդեքօգտագործման ոլորտում, սակայն այդ ուղղությամբ արդյունքների ամփոփման արձանագրություններում նշումներ չեն կատարվել: Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը նշում է, որ իրենց համայնքի տարածքում բազալտ քարի 3 հանք է գործում, որի համար փաստաթղթերն իրենք չեն պատրաստում, ուստի խնդիրներ չեն առաջանում: «Ես իմ հողի հարկի տերն եմ, իրենք էլ պայմանագիրը բերում են, ստորագրում եմ, ճիշտ կլինի, էլի»,- ասում է նա:

Հսկողության արդյունքում հայտնաբերված թերությունները, խախտումներն, ըստ որոշ համայնքապետերի, պայմանավորված են նաեւ աշխատակազմերի թույլ կարողություններով: Գյուղական համայնքային իշխանությունների աշխատակազմի կարողությունների խնդրի մասին իր մտահոգությունն է հայտնում նաեւ Սյունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը՝ նշելով, որ ՏԻՄ օրենքով աշխատակազմի ղեկավարը պետք է բարձրագույն կրթություն ունենա: Սակայն գյուղական համայնքներում հնարավոր չէր համապատասխան կադրեր գտնել, ուստի այս պարտադիր պայմանի կիրակումը հետաձգվել էր մինչեւ 2015 թվականը: Այժմ ժամկետը մոտ է լրանալուն, որից հետո դարձյալ կկանգնեն փաստի առաջ: «Այսօր Սյունիքի համայնքներում աշխատակազմի քարտուղարի 40-50 հաստիքի պահանջ կա, եւ եթե նախկին արտոնյալ ժամկետը չերկարացվի, պարտադրվի բարձրագույն կրթության ցենզը, ապա համայնքային իշխանությունների աշխատանքը կկազմալուծվի»,- նշում է նա:

Սալվարդ համանքի ղեկավար Վարդան Մեսրոպյանի խոսքով՝ այս խնդիրն ավելի ակնառու է փոքր համայնքներում: «Հենց որ մեկը որոշակի հմտություններ է ձեռք բերում կամ տեղափոխվում է, կամ արտագնա աշխատանքի է մեկնում: Պատճառներից մեկն էլ ցածր աշխատավարձն է, փոքր բյուջե ունեցող համայնքում ստիպված ենք ամբողջական դրույքով չվճարել»,- ասում է նա:

Համայնքի ղեկավարի կամավոր եւ պարտադիր լիազորությունների ոչ պատշաճ կատարումը, որի մասին նշվել է նաեւ սեպտեմբերին իրականացված հսկողության ընթացքում, ըստ Ախլաթյանի համայնքապետ Արմեն Բեգլարյանի,   պայմանավորված է նաեւ ավելորդ վարչարարությամբ: «Մի գրություն ենք ուղարկում, օրինակ, Կադաստրին՝ արոտները վարձակալության տալու համար, ասում են՝ սպասեք: Մինչեւ պատասխանն ստանում ենք, ավագանու նիստով կադաստրային արժեք որոշում, բավական երկար ժամանակ է տեւում»,- նշում է նա:

Վարչական հսկողության արդյունքների ամփոփման արձանագրությունների համաձայն՝ սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում «կարող են՝ ՀՀ  օրենսդրությանը համապատասխան բողաքարկվել դատական կարգով»: Սեյրան Ավետիսյանի խոսքով թե՛ նշված,  եւ թե՛ այլ համայնքներում, հայտնաբերված բացթողումների վերացման համար սահմանված ժամկետների խախտման հիմքով դատական հայցեր երբեւէ չեն ներկայացվել: Նրա ասելով՝ ստուգումներից հետո վարչության մասնագետները խորհրդատվություն են տրամադրում, դրանք շտկվում են: Ս· Ավետիսյանի պնդմամբ՝ արձանագրություններում նշված բոլոր խախտումներն արդեն վերացվել են, այդ մասին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մարզպետարան եւ տարածքային կառավարման նախարարություն:

Եթե ընդունենք, որ այս կարճ ժամանակում արդեն վերացվել են այն թերությունները, որոնք վերաբերվում են վերոնշյալ համայնքներում վարչական հսկողության արդյունքների հիման վրա արձանագրված դիտողություններին, ուրեմն երեք տարի հետո նշված համայնքներում արձանագրված խախտումները չպետք է կրկնվեն: Սակայն, ավելի քան 6 տարի է քննարկվում է տեղական իշխանությունների գործունեության հրապարակայնությունն ապահավելու հարցը եւ այդպես էլ ցանկալի արդյունքներ չեն արձանագրվում: Դժվար է պատկերացնել, որ Մուծք համայնքում, որտեղ եւս հսկողություն է իրականացվել, հնարավոր էր հասցնել վերացնել հսկողության արձանագրություններում նշված մեկ տասնյակից ավելի խախտումները, որոնք վերաբերում են համայնքի ղեկավարի որոշումների, ավագանու նիստերի արձանագրությունների հրապարակայնությանն ու պահպանմանը, գործավարական մատյանների առկայությանը, ավագանու նիստերից առաջ, սահմանված ժամկետում ավագանու անդամներին  ծանուցմանը, քառամյա ծրագրի, բյուջեի ընդունման հանրային քննարկմանը, սահմանված ժամկետում ավագանու նիստեր գումարելուն, անգամ տեղական տուրքերի, հարկերի սահմանված տեսակների եւ դրույքաչափեր սահմանելու վերաբերյալ որոշումներին եւ այլն:

Որքանո՞վ են արդյունավետ կարճ ժամանակամիջոցում մարզպետարանի՝ համայնքային իշխանությունների աշխատակազմերի կարողությունների բարձրացմանն ուղղված խորհրդատվական նախաձեռնությունները, դժվար է գնահատել: Կարծում ենք, իրավացի է Սառնակունքի համայնքապետը, երբ ասում է· «Ինչ կարում ենք, էն ենք անում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter