HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 անչափահասների մայրը չի հավատում, որ երազանքը կիրականանա

Իրիկվա բաց կապույտ մառախլապատ օդը «հոսում» է Երևանի կենտրոնական փողոցներից մեկին կից նեղլիկ ճանապարհով: Բակի փայտյա դռներից այն կողմ Կիրակոսյանների տունն է՝ 5 անչափահաս երեխաներով: Տան դուռն առանց ճռռոցի բացվում է. ոսկեգույն, կարճ մազերով մի երեխա է հայտնվում բակում, սկսում է վազել, երբեմն ծափ տալ, լեզուն հանել ու ծիծաղել: Դրսում դրված գիշերանոթին նստած է երեխաներից մյուսը: Մեզ տեսնելով՝ մի կողմ է հրում գիշերանոթն ու վազում դեպի տուն, նրան հետևում է ոսկեգույն մազերով աղջիկը՝ կանչելով. «Ինձ չնկարես, ինձ չնկարես»:

Պատուհանի մոտ դրված խունացած բազմոցը ծայրից ծայր լցվում է երեխաներով: «Ինձ չնկարես»,- շարքից լսվում է ոսկեգույնի ձայնն ու փռթկոցը: Ծիծաղը լցվում է սենյակ, ու, կարծես, չի հասցնում տարածվել սենյակում: Ես տեղ եմ փնտրում նստելու համար: Երեխաների մայրը՝ Արուս Նիկոյանը, սենյակի անկյունում դրված սեղանին է մոտենում, աթոռը քաշում, հետո աթոռից արագ-արագ մաքրում հացի փշրանքները: «Նստեք»,- դիմում է ինձ: Ոսկեգույն մազերովը 6-ամյա Ալվարդն է: Ես մեխանիկորեն նստում եմ աթոռին, Ալվարդը՝ ցեխոտ դեմքով, ձեռքերով ու արևոտ աչքերով նայում է ուղիղ աչքերիս: Լռում եմ, ինքը՝ ժպտում է: Կարմիր շապիկին նկարված կատվի հայացքին են ընկնում աչքերս, նորից բարձրացնում եմ գլուխս՝ Ալվարդը դեռ ինձ է նայում: Սկսում եմ ժպտալ, ինքը՝ ծիծաղել:

Արուսը տեղավորվում է սեղանի անկյունում դրված աթոռին՝ 2-ամյա Համեստին գրկած: Սեղանը փոխարինում է խոհանոցին: Փոքր ջեռուցիչին, որ դրված է սեղանին, սուրճն են պատրաստում, իսկ սենյակի կենտրոնում դրված վառարանին՝ ճաշը, թեյը, երեխաների լողանալու ջուրն են տաքացնում: Բաղնիք չունեն: Ամռանն էլ վառարանը բակում են վառում:

Արուսի հետ մեր խոսակցությունը կամաց-կամաց սոսնձվում է: Նա խոսում է ցածր, ձայնի մեջ նրբություն կա: Ասում է՝ շուտ է ամուսնացել՝ 15 տարեկանում փախել է: Երևանից է: Ամուսնու՝ Գրիգոր Կիրակոսյանի հետ մեկ շաբաթվա ընկերությունից հետո որոշել է փախչել: Ո՛չ իր, ո՛չ էլ ամուսնու ծնողները դեմ չեն եղել իրենց ամուսնությանը, ուղղակի «որոշել են փախչել»: Այսպես է ասում Արուսը:Արուսի հայացքում զսպվածությունը քարի պես է, թույլ չի տալիս խոսել իր ընտանիքի հոգսերից: Իսկ հոգսերն աճում են երեխաների մեծանալուն զուգահեռ, հոգսերը նույնիսկ սենյակի միզահոտ օդում են տարածվում, որ մտնողի քթից բռնում են: Անգամ այդ օդը քիչ անց սկսում ես չզգալ, չգիտեմ, գուցե հարմարվում ես, բայց Դանիելի, Ալվարդի, Համեստի, Աշոտի հայացքներն ուղղակի ստիպում են քեզ տեսնել օդում՝ մի մեծ պարկի մեջ հավաքված ծիծաղը, որը չի ձուլվում իրականությանը:

Բազմոցին երեխաներից միայն 9-ամյա Աշոտն է նստած, մյուսները վազվզվում են սենյակում: Աշոտն առաջին կարգի հաշմանդամ է: Մայրն ասում է՝ երեխայի պորտալարը վզին փաթաթված է ծնվել: Իսկ երբ ծննդաբերությունից հետո երեխային իր մոտ են բերել, բժիշկներն ասել են, որ նորմալ է ծնվել: «2-3 ամսական էր, խոսեցնում էինք, ռեակցիա չէր տալիս: 3 ամսականում տարել ենք հիվանդանոց, ասացին՝ ուղեղի բջիջները մահացել են, իրենք էլ չգիտեն՝ ինչ հիվանդություն է»,- նշում է Արուսը: Երեխան հաշմանդամության համար ստանում է ամսական 19.000 դրամ: «Աշոտիկը նույնիսկ սայլակ չունի, որ գոնե կարողանայինք ման տալ դրսում: Փամփերսն էլ չենք հասցնում: Դե հազիվ դեղն ենք հասցնում առնել՝ շատ թանկ դեղ ա՝ 8500 դրամ ա»,- ասում է 5 երեխաների մայրը: Երեխաների համար տրվող նպաստը ամսական 44.000 դրամ է. «Յոլա ենք գնում մինչև հասնենք հաջորդ նպաստին»:

Ընտանիքում հիմնականում աշխատում է ամուսնու մայրը. ամսական 10.000 դրամ է ստանում բանջարեղենի խանութից և օրական որոշ քանակի բանջարեղեն: Թոշակառու սկեսրայրն էլ, որ հիվանդ է, 25.000 դրամ թոշակ է ստանում: Իսկ Արուսի 30-ամյա ամուսինը՝ Գրիգորը, 2 տարի է՝ հիմնական աշխատանք չունի: Նա ապակիներ տեղադրելու ժամանակ վնասել է ձեռքը: Արուսն ասում է, որ վիրահատել են, բայց ձեռքի ափը չի կարողանում բացել, իսկ ձմռանն ավելի դժվար է լինում՝ ձեքը սառում է, սկսում բարակել: Չնայած այդ վիճակին՝ Գրիգորը երբեմն բանվորություն է անում: «Հանուն երեխաների այդ վիճակով էլ գնում աշխատում է»,- շեշտում է Արուսը:

Մենք լռում ենք: Երեխաներն սկսում են բարձրաձայն խոսել, այս ու այն կողմ են քշում փոքր, սև կատվին: «Տազիկն ա»,- ասում է Ալվարդը, հետո վերցնում դնում գլխին, գրկում, իսկ Տազիկը ձայն չի հանում:

«Երբ երեխա չունեի էն ժամանակ չէի մտածում, որ հետո դժվար կլինի: Բայց սա իմ կյանքն է»,- խոսում է Արուսը՝ նայելով երեխաներին՝ Աշոտը 9 տարեկան է, Ալվարդը՝ 6, Դանիելը՝ 4, Համեստը՝ 2, իսկ Արմանը 5 ամսական է: Նրանցից միայն Ալվարդն է դպրոցական՝ գիշերօթիկ դպրոցում է սվորում, Դանիելին ու Համեստին էլ մանկապարտեզ կտաներ, բայց, Արուսի ասելով, ոչ մի մանկապարտեզում տեղ չկար, հետաքրքրվել են:

«Հագուստը ո՞նց եք հասցնում լվանալ, լվացքի մեքենա ունե՞ք»,- հետաքրքրվում եմ: «Ունենք, անցյալ տարի ենք ապառկով վերցրել Արտաշատից, որովհետև մենակ էդտեղ են չաշխատողներին ապառիկով ապրանք տալիս: Կիսաավտոմատ մեքենա՝ 76.000 դրամ էր, ամսական 5.000 դրամ պիտի վճարեինք, բայց չկարողացանք: Հիմա չվճարելու պատճառով անձնագիրս ԴԱՀԿ-ում է: Ասում են՝ 110.000 դրամ պիտի վճարենք, որ անձնագիրս կարողանամ վերցնել»,- բացատրում է զրուցակիցս: Ասում է՝ եթե ԴԱՀԿ-ից նույնիսկ գան իրենց տուն՝ ինչ-որ իր առգրավելու համար, ոչ մի բան չեն կարող գտնել, որովհետև իրենք ոչինչ չունեն: Նույնիսկ ձմեռվա փայտ չունեն: Սկեսրայրն է ստվարաթղթե արկղեր բերում, որ գոնե մի քիչ տաքացնեն սենյակը: 2 ամիս առաջ Կենտրոնի թաղապետարան են դիմել՝ փայտ ստանալու համար, ասել են՝ դիմում գրեք-թողեք, բայց մինչ օրս արձագանք չեն ստացել:

Տան տանիքը խարխուլ է, անձրևների ժամանակ ջուրը թափվում է ներս: Արուսը որպես իր ասածի ապացույց առաստաղն է ցույց տալիս: Հետո հայացքը կախում է գետնին, գրկին նստած Համեստը դեռ նայում է վերև: Հարցնում եմ՝ երազանքներ ունի՞, թերևս, միակ պահն է, որ ժպտում է: «Երազանք ունեմ, բայց դժվար կատարվի: Իմ երազանքն էն ա, որ նորմալ տուն ունենամ, որ էրեխեքիս պահեմ, բայց չեմ հավատում, որ կլինի, հիմա ո՞վ կանի»:

Մեր զրույցից հետո սկսում եմ լուսանկարել երեխաներին: Արուսի ամուսնու քրոջ երեխաները ևս այստեղ էին: Մենք դուրս ենք գալիս բակ: Երեխաներն սկսում են աղմուկով վազվզել, Տազիկը հասնում է հարևանի դռան մոտ, հարևանը կանչում է Ալվարդին, որ կատվին հեռու պահի, թե չէ «ամեն անգամ դուռը բացելիս, ուզում է ներս գա»: Արուսին հարցնում եմ, թե իր հարազատներին չե՞ն օգնում իրեն: Ասում է՝ 3 քույր, 3 եղբայր են, բացի փոքր եղբորից (18 տարեկան է), որ իր հետ է բնակվում, բոլորն ամուսնացած են, իրենց հոգսերն ունեն: «Մայրս մահացել է Աշոտիկի ծնվելուց առաջ, դեռ չգիտեի էլ, որ հղի եմ: Ինսուլտից է մահացել: Միշտ ասում էր՝ Արուս, երանի քո էրեխուն տեսնեմ, իսկ հայրս էլ երկրորդ անգամ ամուսնացել է, Խարբերդում է ապրում»,- պատմում է երիտասարդ մայրը: Սա պատմելուն պես նրա ձայնն սկսում է թրթռալ, աչքերն ավելի հայելային են դառնում՝ այնտեղ կուտակված արցունքներից:

Դանիելն ու Ալվարդը բարձրահարկ շենքից վառարանի համար «սնունդ» են տանում: Դանիելն այս տարի Ձմեռ պապից փուչիկ է խնդրել, իսկ Ալվարդը՝ խաղալիքներ ու հոգևոր գիրք, չնայած տառերը չգիտի: Նա վերջում խնդրեց լուսանկարել իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter