HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ընդհատակից» մինչև «քրեակատարողական հիմնարկ»․ ամերիկաբնակ նկարչի հայաստանյան խրոնիկան

«Արմավիր» նորաբաց քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդեսը, որի համադրողը արվեստագետ Սամվել Սաղաթելյանն է։

Սաղաթելյանի այս ցուցահանդեսի մասին խոսելուց առաջ ուզում եմ մի փոքրիկ անդրադարձ կատարել վերջին երկու տարիների ընթացքում Սամվելի ստեղծագործական կենսագրության երկու հատկանշական իրադարձություններին, քանի որ անմիջապես տեսնում եմ այն կապը, որ հետաքրքիր կերպով հասցրել է նրան քրեակատարողական հիմնարկ, հանրայնացրել ստեղծելու երևույթը այլ իրականության մեջ և այլ ենթատեքստերով։

2013թ․ սեպտեմբերին մի քանի քառակուսի մետր տարածությունում՝ կինոգետ Շահանե Յուզբաշյանի տանը, տեղի ունեցավ Սամվելի «բնակարանային» ցուցահանդեսը՝ «Տրանս-Ռոմանսը» (համադրող Վիգեն Գալստյան): Երևանյան իրականության մեջ «տարօրինակ», «ընդհատակյա» ցուցահանդես որակված իրադարձությանը ներկա էին հիմնականում նեղ շրջանակի արվեստագետներ, նկարիչներ և մի քանի այլ անձիք, ովքեր հետաքրքրված էին Սամվելի աշխատանքներով։

Ցուցահանդեսի մասին շատ չգրվեց․ նրանք, ովքեր ներկա էին, մինչ ուշ գիշեր քննարկումների և մեկնաբանությունների հրաշալի առիթ ունեին բանավորության շրջանակներում։ Սակայն օրեր անց սոցիալական մեդիայի մի քանի խմբեր Սամվելի ցուցահանդեսի առիթով հատուկ դրսևորում ցուցաբերեցին։

Որոշ խմբերում վիրավորանքի եւ զրպարտության աստիճանի հասնող մեկնաբանությունների տարափ էր։ Այնուհետեւ թեման անմասն չմնաց  որակավորումներից, և հարցազրույցներից մեկում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, լրագրողից տեղեկանալով ցուցահանդեսի մասին, հետևյալ մեկնաբանությունն արեց․ «Կարծում եմ՝ այս դեպքում Էջմիածինը պետք է չլռի: Իրավապահ մարմինները պիտի զբաղվեն արդեն, իրավունքի ուժով է պետք սրանց հետ խոսել»․․․ Խոսքն այստեղ Սամվելի ավելի վաղ շրջանի մի աշխատանքի մասին է, որտեղ Էջմիածնի մայր տաճարը «փաթաթված» է երևութական ֆալոսներով։

Սամվելի ակտիվ ստեղծագործական բուն ընթացքը սկսվել է 80-ականների վերջից։ Այս շրջանի բոլոր մտահոգությունները (ավելի ուշ նկարիչը տեղափոխվել է Նահանգներ) Սամվելի աշխատանքներում դրսևորված են բրուտալ-գրոտեսքային ձևով, և այդ շարքի մեջ, որտեղ պատկերված է եկեղեցին, նույն կոնցեպտով նկարիչը «ֆալոսապատել» է ամերիկյան երկնաքերերը, Բրիտանիայի թագուհուն, ԱՄՆ նախագահներին․․․ Շարքի ընդհանուր դրսևորումը կարելի է բնութագրել որպես ինքնության և իշխանության (ոչ միայն լոկալ  եւ նեղ իմաստով) դեմ ընդվզում՝ ընդ որում ստեղծողին՝ ավելի շատ ինքնությունը և ազատ տարածք փնտրելու կարգավիճակում։

Ինչևէ․․․ Այս մանրամասները գուցե մեկնաբանողներից և վիրավորողներից շատերին հետաքրքիր էլ չէր, բայց «Տրանս-Ռոմանս» շարքից հետո Սամվելը մի քանի որակումներ գրավոր տեսքով (սոցիալական ցանցերի եւ մեդիայի միջոցով), այնուամենայնիվ, ստացավ․ «անդամասեր», «գենդերամոլ», «այլասերված», «մութ ուժերի կողմից ֆինանսավորվող», «ապազգային» և այլն։

2013թ․ «բնակարանային» ցուցահանդեսի քննադատական ալիքը որոշ առնչություններ ուներ նաև 2012թ․-ին Սամվելի՝ մեկ այլ տեսակի աղմուկ բարձրացրած գործողության հետ։

«Շուշի արտ փրոջեքթի» ընթացքում Սամվելը մերկացել էր մեկ այլ արվետագետի՝ Աշոտ Ավագյանի «Զոհաբերություն» փերֆորմանսի ժամանակ, որտեղ բացի շուշեցիներից և արվեստագետներից ներկա են եղել նաև լուսանկարիչներ։ Աշոտ Ավագյանի փերֆորմանսի կոնցեպտը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուրն, ով որևէ իր կամ մեկ այլ հատկանշական բան կապում է պատերազմի հետ, խորհրդանշական կրակի շուրջ մոգական պտույտից հետո ոչնչացնի։ Սամվելն սկսել էր մերկանալ և շեշտել, որ իր «մարմնի խոցելիությունն է», որ կարող է հանձել այդ կրակին։

Հոլանդացի լուսանկարիչ Անկե Կոկսը, ով նշված փերֆորմանսից լուսանկարներ էր արել, զգուշացվել էր դրանք չհրապարակելու մասին։ Թե հատկապես ով և ինչու էր նրան համոզել, որ նուդ-արտը (մերկարվեստը) Հայաստանում դատապարտվում է, այլևս կարևոր չէ (չնայած այստեղ նուդ-արտի մասին խոսք անգամ գնալ չէր կարող)։ Ամեն դեպքում հոլանդուհին մեկնել էր հայրենիք՝ հետը տանելով մի քանի լուսանկարներ, իսկ այստեղ թեժացել էին թեմայի շուրջ քննարկումները։

Այս երկու իրադարձությունները, որոնք հաջորդել են միմյանց Սամվել Սաղաթելյանի ստեղծագործական կյանքում, տեղի են ունեցել Նահանգներից վերադառնալուց հետո ։

Ամեն դեպքում, էքստրավագանդ, բարձրահասակ, նարնջագույն փայլփլուն գոտիով այս արվեստագետը շարունակում էր պտտվել երևանյան փողոցներում և կիսվել իր գաղափարներով։

Դեռ «Տրանս-Ռոմանս» շարքի ցուցադրությունից մեկ ամիս չէր անցել, երբ ասաց, որ մտադրություն ունի նախաձեռնել ցուցահանդես քրեակատարողական որևէ հիմնարկում՝ դատապարտյալների անմիջական մասնակցությամբ։ Այսօր արդեն այդ նույն Սամվել Սաղաթելյանը, շրջում է նեղ միջավայրի մեջ լայն ինֆորմացիայի մատուցման ձևը։

Երկու տարվա քննադատական մոտեցումները, դիալոգները՝ արվեստի քննադատության կոնտեքստում և դրանից դուրս, որոնք  թվում է՝ ժամանակի մեջ անցողիկ ազդեցությամբ անուղղակի հպումներ են, արվեստագետին դրեցին մեկ այլ հետաքրքիր իրադրության մեջ։

Այստեղ մեկնաբանել կարելի է երկու տեսանկյունից․նախ երևանյան ազատ տարածության մեջ` ընդամենը մի քանի քառակուսի մետրում, «բնակարանային» պայմաններում ցուցահանդեսի ստեղծողը, որը «մեղադրվեց» նաև «ապազգային» գործունեության մեջ, ընդամենը 1 տարի անց ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ ներկայացնում է «Սահմանային իրականություն» ցուցահանդեսը, այն էլ` քրեակատարողական հիմնարկում, այն էլ` այլ քրեակատարողական հիմնարկներից ներկա դատապարտյալների հետ համատեղ։

Դատապարտյալների օրագրային պատմությունները
և յուղաներկով աշխատանքը

Այս երևույթի ավելի լայն մեկնաբանությունը հանգեցնում է նրան, որ մեր իրականության պայմաններում նախ դիտարկվում է արվեստագետի «հարմարվողականությունն» ու «ժամանակային համընկնումը» (քրեակատարողական այս հիմնարկը նորակառույց է, ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորովկինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև մի քանի հեռուստատեսային լրագրողներ):

Մյուս տեսանկյունը, որն այս պարագայում, առավել կարևոր է, քան առաջինը, այն է, որ Սամվելը, չնայած կոնկրետ կառույցների հետ համագործակցության պայմաններում, չի դրսևորել այն «հարմարվողականությունը», որը սովորաբար կարելի է նկատել մշակութային բազմաթիվ այլ շերտերում։

Նա կարողացել է հստակ դուրս գալ իր իրականությունից (այս առումով ցուցահանդեսի խորագիրը՝ «Սահմանային իրականությունը», կարծում եմ, ուղղակիորեն դատապարտյալների ապրելակերպի այլ պայմանների մասին չէ․ այլ այն իրականության, որը թույլ է տալիս մարդուն դուրս գալիս սահմանված իր լայն տարածքներից և մտնել տարածական առումով ավելի նեղ, բայց իրողությունների ու շերտերի տեսանկյունից ավելի լայն, ուրիշ, փակ աշխարհ)։

Քրեակատարողական նորակառույց հիմնարկը, որտեղ դեռ դատապարտյալներ տեղակայված չեն, սիմետրիկ լայն միջանցքով քաշում է ներս։

«Կարտոֆիլային երջանկություն» ինստալացիան
նկարազարդել են դատապարտյալները

Ցուցահանդեսի բաղկացուցիչ մասերն էին՝ «Տեսակցություն» խորագիրը կրող դատապարտյալների դիմանկարների ցուցադրությունը, «Կարտոֆիլային երջանկություն» (արվեստագետի եւ դատապարտյալների կողմից նկարազարդված կարտոֆիլների ֆոտոշարք եւ ինստալացիա) և «Ժամանակահաշվարկաուղերձ» ինստալացիաները, ինչպես նաև դատապարտյալների եւ Սաղաթելյանի աշխատանքները։

Հետաքրքիրն այն է, որ Սամվելի, որպես արվեստագետ, ինքնության, իր ներքին սահմանների և այլ սահմանի հետ առնչության հարցը լուծվել է։

Դա պարզ երևում է նաև այն համադրությունից, որն արել է Սամվելը՝ իր աշխատանքերը թողնելով միայն քրեակատարողականի միջանցքի վերջին սենյակում, իսկ դատապարտյալների աշխատանքներն ու դիմանկարներն առաջ է մղել։

«Բանտարկվածությունը՝ լինի իրական, թե փոխաբերական, հանդիսանում է ծայրահեղ փորձառություն, որ կարող է դրդել մարդկանց դուրս գալ բոլոր սահմաններից ու գործել ռադիկալ ու այլընտրանքային՝ ազատության այդ ձգտումը դեպի արվեստ ուղղորդելու ճանապարհով»նշում է Սամվելը։ 

Այս իմաստով, կարծում եմ՝ «ռադիկալ» և «այլընտրանքային» եզրույթները կապված են նախ իր ստեղծագործական զարգացման հետ, որը բնութագրվում է նեղ ու լայն շրջանակների կողմից։

Դատապարտյալներից մեկի ձեռքի աշխատանքները

Վերնոշյալ երկու «այլընտրանքային» գործողությունները («Տրանս-Ռոմանս» ցուցահանդեսը և «Շուշի արթ փրոջեքթի» միջամտությունը) հանգեցրել են սահմաններից դուրս այս ցուցահանդեսին, որը կարելի է որակել  անսովոր եւ հասունացած, լոկալ «տարածության մեջ կարևոր իրադարձություն» արտահայտություններով։

Հ․Գ․ Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին, տևելու է 10 օր («Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ք․ Էջմիածին, Չոբանքարա)։

Ցուցահանդեսն իրականացվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Քրեակատարողական վարչության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ։

Գլխավոր լուսանկարը՝ Սամվել Սաղաթելյանի «Ժամանակահաշվարկաուղերձ» ինստալացիայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter