HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների խախտումների թումանյանական մեկնաբանությունները

Սյունիքի դպրոցականները վերլուծել են մարդու իրավուքների խախտումները եւ նշել·  «Էսենց չի մնա···» 

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարի Թեւոսյանի կարծիքով` մեր օրերում «Թումանյանական ժամանակներից շատ բան չի փոխվել. ամեն քայլափոխի հանդիպում ես մարոների եւ կարոների, հառաչանքով լցված ծերունիների եւ գիքորների, դժբախտ անուշների եւ սկեսուրից հալածվող հարսների, միամիտ շների եւ խորամանկ կատուների»:

Այս մասին նա գրել է «Մարդու իրավունքների թեման Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում» խորագրով հայտարարված շարադրությունների մրցույթում, որը նախաձեռնել էր Գորիսի մամուլի ակումբը` նպատակ ունենալով Թումանյանի ստեղծագործությունների միջոցով դպրոցականներին իրազեկել մարդու իրավունքների  մասին:

Մրցույթին մասնակցող դպրոցականներից գրեթե բոլորն իրենց աշխատանքներում մտահոգություն են հայտնել մարդու իրավունքների հաճախակի խախտումների մասին: Շատերի կարծիքով՝ դեռ Թումանյանի ժամանակներից սկսած «մինն իր կամքին՝ ինչ ասես՝ անում է, մյուսը խոսելու իրավունք չունի»: Ներկայացված աշխատանքներում նշելով անարդարությունների, իրավունքների ոտնահարման մասին, հեղինակները համոզված են՝ «քանի  երկրում կա շահ  ու  գերի,  ստրուկ  ու  տեր, չի  լինելու  երկրի  վրա, ո՛չ   շիտակ  խոսք,  ոչ  կյանք  ոչ  սեր…»:

Շարադրություններում պատանիներն ավելի հաճախ անդրադարձել են Թումանյանի այն ստեղծագործություններին, որոնք վերաբերում են մարդկանց սոցիալական իրավունքի խախտմանը: «Ես կարծում եմ` քանի կան հարուստ ու աղքատ, չի կարող հավասարություն լինել մարդկանց միջեւ»,- նշում է հարժիսցի Նունեն: Ի հաստատումն իր ասածի՝ վերջինս մեջ է բերել Թումանյանի խոսքը.  «Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար, մյուսին՝ խավար …»:  

Վերլուծելով «Պարտքատերը գանգատ գընաց, քյոխվեն կըգա կծեծի, Տերտերն օրհնեց, անվարձ մնաց, կբարկանա, կանիծի ···» եւ նման այլ տողեր, երեխաներն ափսոսանք են հայտնել, որ մարդիկ այն ժամանակներում իրենց իրավունքները պաշտպանելու փոխարեն հույսները դրել են, թե «Մի մեծ ապի կա երկընքում, Նա շատ ունի այնտեղ հաց ···»:

Մեծ թվով աշակերտներ «Գիքորը» պատմվածքը վերլուծել են փոքրիկ տղայի իրավունքների ոտնահարման տեսանկյունից: Վերիշենի դպրոցի աշակերտուհի Կարինե Լալայանի կարծիքով՝ «Գիքորն անչափահասներին շահագործելու իրավունքի խախտման օրինակ է»: Նույն հերոսի մասին Որոտան գյուղից Վարսիկ Մարկոսյանը նշում է· «Մեր ժամանակներում դա կոչում են թրաֆիկինգ, առաջ կարեւոր չի, թե ինչ է կոչվել, գուցե ոչ մի անուն էլ չի ունեցել, բայց դրանից բովանդակությունը չի փոխվել, Գիքորը թրաֆիկինգի զոհ է»:

Տաթեւ գյուղի դպրոցից Գարեգին Հարությունյանը գրում է. «Գիքորը չէր գիտակցում իր իրավունքների մասին, բայց եթե գիտակցեր՝ ո՞ւմ պիտի բողոքեր, իրավունքն ու օրենքը դեռ էն ժամանակներից ուժեղների ձեռքում են»: Դրանով են երեխաները բացատրում նաեւ Գիքորի հոր վախը «խազեինների» հանդեպ, երբ Գիքորին  հանձնելով Բազազ Արտեմին, Համբոն խորհուրդ է տալիս որդուն՝ հնազանդվել խազեինին. «Շատ հաճախ իրանք կուտեն, քեզ տալ չեն…»:  «Ես էլ եմ Գիքոր, բայց ես կպայքարեմ»,- գրում է Գարեգինը:

Աշխատանքի իրավունքի խախտում է դիտարկվել նաեւ «Տերն ու ծառան» հեքիաթը, որտեղ ըստ դպրոցականների՝ «տերը հիմարացնելով անգրագետ գյուղացուն, աշխատացնում եւ չի վարձատրում»:

Մրցույթի մասնակից աշակերտներից մեկն իր շարադրության մեջ գրում է, թե «Թագավորն ու չարչին» բալլադում արտացոլված է խոսքի ազատության իրավունքի ոտնահարումը: «Ծերունին իր խոսքի համար վճարեց կյանքով»,- նշված է նրա աշխատանքում:

Խնձորեսկցի դպրոցական Ավետ Դիշունցի կարծիքով՝ «Չարի վերջը» ստեղծագործության մեջ իրավունքի ոտնահարման մի քանի օրինակներ կան, որոնցից մեկը սեփականության իրավունքի խախտումն է՝ «Էս ծառը իմն է, էս սարն իմն է ….»: Երկրորդ խախտումն,  ըստ պատանու, այն է, որ «կկուն ձագերին կորցնում է իր իրավունքների մասին անտեղյակ լինելու պատճառով»:

«Թումանյանի «Շունն ու կատուն» առաջին հայացքից պարզ, մանկական ստեղծագործություն է թվում, սակայն իրականում կատուն խաբում է շանը, «սեփականաշնորհում նրա գույքը», սակայն չի պատժվում օրենքով, ինչը տեղի է ունենում նաեւ մեր օրերում»,- գրում է մրցույթի մասնակիցներից մեկը: Ապա շարունակելով իր միտքը գրում է, որ Թումանյանի ստեղծագործություններից  յուրաքանչյուրում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել: Նա նաեւ անդրադառնում է «Անիծած հարսին»՝ գրելով, որ այն  կնոջը բռնության ենթարկելու դասական օրինակ է. «Սկեսուրը, կարծես թե, ստրկական կերպար է»,- նշում է դպրոցականը:

Հետաքրքիր է, որ Թումանյանի Մարոյի, Անուշի կերպարները վերլուծելիս աշակերտները դրանք դիտարկում են որպես գենդերային խտրականության օրինակներ: Նույն չափանիշով են գնահատում նաեւ Գիքորի մոր կերպարը. «Հայրն ուզում էր Գիքորին քաղաք տանի, կինը չէր համաձայնում: «Կինն իրավունք չուներ խոսելու. մի համարձակ հայացք, մի ավել բառ եւ ամուսնու ձեռքը կիջներ նրա դեմքին»,- գրում են երեխաները:

Մրցույթին ներկայացված աշխատանքներում, համեմատելով մարդու իրավունքների թեման Թումանյանի եւ մեր ժամանակների հետ, ավելի հաճախ գերակշռում է մռայլ տրամադրությունը, բայց նաեւ ուրախալի է, որ դպրոցականները հուսահատված չեն, վկայակոչում են Թումանյանի տողերը, թե՝ «Էսենց չի մնա»:

Խնձորեսկցի Անիին զարմացնում է, թե ինչու է Թումանյանը երազում «հեռու մի անկյան, մանկան արդար քնի, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մարդկության մասին»:  Նրա կարծիքով՝ դա հիմա էլ է հնարավոր, եթե օրենքի գերակայություն լինի:

Մեկ այլ աշակերտուհի անդրադառնալով «Հառաչանք» պոեմին, որտեղ նրա կարծիքով՝ իրավունքների խախտման բազմաթիվ օրինակներ կան, աշխատանքը եզրափակում է անուղղակի «մեսիջ» ուղարկելով հասակակիցներին.

                                                  Ո՞վ է մեղավոր: Միտք եմ անում, միտք,

                                                  Ու չեմ հասկանում ով է մեղավոր.

                                                  Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում-

                                                  Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր:

Մեկնաբանություններ (1)

Լոռեցի
Գեղեցիկ հոդված է: Երեխեքն էլ շատ ապրեն (գոնե մեզ նման!) Ափսոս, որ կարեւոր տողերին ուշադրություն չի դարձվել! Թումանյանը նաեւ գտնում էր, որ խախտված իրավունքները պիտի ամեն գնով պաշտպանվեն՝ - Երեկ իրիկուն էս կողքի սնից կախ էին արած երեք հրացան -

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter